Միայն թե չարթնանաս,սեր իմ

 

IMG_2767

 

 

Հիվանդ երեկոն ապակիների մշուշն է քամում

անձրևից դեղնած քնքշության վրա,

և մոխրացած հրեշտակներն արնաքամ են լինում

մենության կանաչ ակնախորշերին,

մազանոթներով հոսող տեսիլքները

սղագրում են թղթերին հպվող թանաքե զառանցանքը:

Մտքերը տրորում են մաշկիցս պլոկվող

տարիների ոսկրացած փոշին,

ու բորբ լույսից իջնող աստղային փաթիլները

մանտրաների նման քողարկում են

դատարկության մեջ կախված

աչքերի արցունքոտ սարսուռը:

Որսալով մոռացված ձայները`

բառերով լսում եմ լռությունը:

Պրկված նյարդերը հիշողություն են, սեր իմ:

Ծանր մի ձեռք փշրում է տրտմությունը ապակեձույլ,

և մթությունը հանդարտ շնչառությամբ

լողում է մաշկիդ փոսիկների մեջ:

 

Երբեմն ինձ թվում է`

Վան Գոգի ագռավները հանդարտ մոտենում են,

ու դու լսում ես ոսկե հասկերի վրա մեռնող

քամու տխուր հարմոնիան…

Երևանում աշուն է, սեր իմ:

Բթացնող տառապանքը քառատում է ինձ:

Ու նոր լուսացող այգաբացի պես

դու լցվում ես երակներիս մեջ:

Մկաններով սողացող անքնությունից

մագնիսացած բանաստեղծությունը

հորինում է քեզ,

դու հեռու ես,

Սեր իմ,

քաղաքի գորշ ուրվագծերն արնահոսում են

հորիզոնի փայտե ծանրությունից,

ու աղմուկը քերծում է ուղեղս:

Օրերն անկենդան խաչակնքվում են`

կրկնելով անունդ կապույտ մզկիթի գմբեթների մոտ:

Ո՞ւր ես,

ե՞րբ ես գալու…

Հարցականները անհույս ճչում են կոկորդների մեջ:

Կոպերս սեղմում եմ`

փորձելով խեղդել ներկայությունդ:

Արդեն քանի գիշեր

կրկնվող երազի նման տեսնում եմ քեզ,

կարոտում նոտաներդ,

լուսանցքում գրված հիերոգլիֆներդ,

ցողաթաթախ աչքերդ:

Դու վաղուց քնած ես, աղջիկս:

Ես քեզ մոտ եմ,

քո սենյակում,

անկողնուդ առջև:

Գլուխս կամաց հենում եմ մահճակալիդ

ու համբուրում ջութակի հնչյուններն իրենց մեջ կրող փխրուն ձեռքերդ:

Իմ Հրե աղջիկ,

հարկավոր է լսել բառի երազանքը,

զգալ,

տեսնել,

շոշափել հասունացող տեսիլքը,

հավաքել նրա բեկորները,

ճանկռոտվել տողերի ժայռոտ քարափներին բախվելուց,

պետք է անհետանալ,

հալչել

փոշիանալ:

Ձուլվել ունայնությանը,

զգալ ակնթարթը,

որովհետև Ժամանակը Ոչինչ է`

հեռվում ժայռացած Ոչինչ,

ուր մեկնում են,

բայց չեն վերադառնում,

այնտեղ` Արցունքների դղյակների երկրում,

ծովեզերքի խոնավ ավազները

հիշում են ոտնահետքերիդ թածխոտ լռությունը,

բացակա աշխարհի տատանվող հորձանքը,

Մենք,

ու վերադարձիդ հավերժ սպասումը:

Իմ Հրե աղջիկ,

դու քրմուհու նման վերծանում ես ելևէջների քայքայումը,

իսկ ես փորձում եմ անցնել տարրալուծվող բառերի մեջ ընկած տարածությունը:

Ուզում եմ կիսամութի մեջ հոշոտել

անշտապ մերկացող եթերային մարմինդ,

տեսնել հայելում արտացոլվող կատվային

ակնաբիբերիդ հուզմունքը,

ջրի կաթիլի պես ծորալ քներակիդ վրայով,

իջնել ցած`

դողացող շուրթերս սոսնձել թավշե ուսերիդ ոսկեփայլ թերթիկներին,

լեզվով շոյել մետաքսե կրծքերիդ տաք հոսանքը`

պատռելով իմ ու քո միջև ընկած կարոտի բաժանարար գիծը:

Ափերս դանդաղ սեպագրում են թրթռացող հեշտանքդ,

մատներս ծանր սնդիկների նման ակոսում են

կաթնագույն կոնքերիդ ալիքվող ցոլանքը:

Թաքուն գրկում եմ մեջքդ, այտով հպվում թիկունքիդ`

զգալով քո մեջ հնչող թափանցիկ սիմֆոնիան:

 

Միայն թե չարթնանաս, սեր իմ:

 

Փակիր աչքերդ,

թող ցավը խլացնի ներսիդ ոռնոցը,

լուսինը հպվի խավարի կնճռոտ խորանարդներին:

Եվ լքված սենյակում մարող արծաթե շշուկները հիպնոսանան`

սահելով լուսնոտ տողերիս մեջ:

Հետո,

դու կգնաս,

ու բիբերիս կիջնի անլույս տխրություն,

ես կորոնեմ դեմքդ մոռացված,

ու արցունքները կիսաձայն կընկնեն,

ուրվականները տխուր կսգան,

որ Հոգեվարք էր անունը նրա:

 

Միայն թե չարթնանաս, սեր իմ:

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք