Ճանապարհորդություն դեպի Ստամբուլ

Հեղինակ:

 

4934cc8da635f61cbcadb1aac24a239a1

Ուշադրության առնելով, որ ամեն դիտում տուժում է դիտողի անձնական հատկանիշներից, այսինքն՝ որ հաճախ արտահայտում է նրա հոգեվիճակն ավելի, քան վիճակը զննվող իրականության, ամբողջ հետեւյալին հարկ է, կարծում եմ, վերաբերվել որոշակի սարկազմով, եթե ոչ՝ լրիվ անվստահությամբ: Միակ բանը, որ դիտողը կարող է այնուամենայնիվ ներկայացնել հօգուտ իր արդարացման, ահա. ինքն էլ իր հերթին որոշակի չափով իրականություն է՝ իր դիտած առարկային միմիայն ծավալով, բայց ոչ երբեք հատկանիշներով զիջող: Անաչառության նմանողությունը, հավանաբար, հասանելի է դիտումի պահին դիտողին լիովին ինքն իրեն հաշիվ տալու դեպքում միայն: Չեմ կարծում, թե ես ընդունակ եմ այդպիսի բանի, համենայն դեպս ես չեմ ձգտել դրան: Հուսով եմ սակայն, որ այդուհանդերձ բանն առանց դրա գլուխ չեկավ:

2

Ստամբուլ ընկնելու իմ ցանկությունը երբեք իսկական ցանկություն չի եղել: Վստահ չեմ նույնիսկ, թե այդ հասկացությունն առհասարակ այստեղ կիրառելու հարկը կա: Թեև դա քմահաճույք կամ ենթագիտակցական ձգտում նույնպես չես անվանի: Այնպես որ, թողնենք «ցանկությունը» և նկատենք, որ դա մասնակիորեն բացատրվում է հարազատ քաղաքս թողնելիս ինքս ինձ տված խոստումով. շրջել բնակեցված աշխարհը լայնությամբ ու երկայնությամբ (իմա՝ Պուլկովյան միջօրեականով), որոնց ցանցով նա պատված է: Լայնության առումով այսօր արդեն ամեն բան շատ թե քիչ կարգին է: Երկայնությանը վերաբերող գործերը, սակայն, ամենևին էլ բարեհաջող չեն: Իսկ Ստամբուլը գտնվում է նշյալ միջօրեականից ընդամենը մեկ-երկու աստիճան դեպի արևմուտք:

3

Վերը բերված պատճառն իր շինծուությամբ հազիվ թե տարբերվում է որոշ չափով ավելի լուրջ, ես կասեի՝ գլխավոր, պատճառից, որի մասին՝ քիչ հետո, և շարքից՝ բոլորովին արդեն թեթևամիտ ու երկրորդա-երրորդականների, որոնց մասին՝ անմիջապես (քանզի այնպիսին են, որ դրանց մասին՝ կամ այժմ, կամ երբեք). ա/ այնպես էր պատահել, որ այդ քաղաքում դարասկզբին կյանքի երկու որոշիչ տարիներն էր անցկացրել իմ սիրելի բանաստեղծ հույն Կավաֆիսը. բ/ ինձ, չգիտեմ ինչու, թվում էր, թե այստեղ՝ տներում ու սրճարաններում, պետք է պահպանված լինեին ամենուր անհետացող ոգին ու ներքին հարդարանքը. գ/ ես հույս ունեի, որ այստեղ, պատմությունից դուրս, կլսեմ այն «տարաշխարհիկ ճռճռոցը թուրքական ներքնակի», ինչը մի անգամ լավ լսեցի – թե՞ թվաց – գիշերով, Ղրիմում. դ/ կլսեմ նաև անձիս ուղղված «էֆենդին». ե/ բայց մտավախություն ունեմ, թե թվարկված այս անհեթեթ նկատառումներին այբուբենը չի հերիքի (թեև ավելի լավ է, եթե հատկապես անհեթեթությունն է ձեզ շարժման մղում, քանզի այդժամ հուսախաբությունն էլ քիչ է): Ուստի՝ անցնենք խոստացված «գլխավոր» պատճառին, նույնիսկ եթե նա շատերին արժանի է թվալու, լավագույն դեպքում, «զ»-ի կամ «է»-ի:

4

«Գլխավոր» այդ պատճառը շինծուության գագաթ է ներկայացնում: Էությունը սա է. մի քանի տարի առաջ իմ բարեկամ ամերիկացի բյուզանդագետի հետ զրույցի ժամանակ գլուխս մտավ, թե Մաքսենտիոսի դեմ տարած հաղթանակի նախօրյակին երազում Կայսր Կոստանդիանոսին հայտնված խաչը, որի շուրջը գրված էր  «Այսու հաղթեա», եղել է ոչ թե քրիստոնեական, այլ քաղաքաշինական խաչ, այսինքն՝ հիմնական տարրը հռոմեական ամեն մի բնակավայրի: Ըստ Եվսեբիոսի և մյուսների՝ այդ տեսիլքով ոգեշնչված Կոստանդիանոսն անմիջապես ճամփա է ընկել, ուղևորվել է դեպի Արևելք, որտեղ սկզբում Տրոյայում, իսկ հետո, Տրոյան հանկարծակի թողնելով, Բյուզանդիոնում հիմնել է Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաքը՝ Երկրորդ Հռոմը: Այդ տեղափոխությունն ունեցել է այնպիսի նշանակալի հետևանքներ, որ, անկախ նրանից՝ ճիշտ էի ես, թե սխալ, ուզում էի տեսնել այդ տեղը: Ի վերջո, ես ապրեցի երեսուներկու տարի Երրորդ Հռոմում, գրեթե մեկ տարու չափով՝ Առաջինում: Անհրաժեշտ էր հավաքածուն լրել – ավելացնել Երկրորդը:

Բայց՝ զբաղվենք այդ ամենով ըստ հերթականության, իցե թե մեր ուժը պատի:

5

Ես ժամանեցի այդ քաղաքը և հեռացա այդտեղից օդային ճանապարհով՝ այդ եղանակով մեկուսացնելով նրան իմ գիտակցության մեջ, որպես ինչ-որ բացիլ՝ մանրադիտակի տակ: Հաշվի առնելով մշակույթներին ներհատուկ համաճարակային բնույթը՝ համեմատությունն ինձ անպատասխանատու չի թվում: Կազմելով այս երկտողը Սունիոն ավանում՝ Ատտիկայի հարավ-արեւելյան ափին, Աթենքից 60 կմ հեռու, ուր ես վայրէջք կատարեցի չորս ժամ առաջ – «Էգեյան» հյուրանոցում ահա ես ինձ որոշակի վարակի տարածող եմ զգում, չնայած «դասական վարդի» անընդհատական պատվաստումներին, ինչին գիտակցաբար ենթարկվել եմ կյանքիս մեծ մասի ընթացքում: Տեսածիցս ինձ իսկապես մի թեթևակի տենդ է կպել. այստեղից՝ ամբողջ հետևյալի մի տեսակ կցկտուրությունը: Կարծում եմ, որ իմ հանրահայտ անվանակիցն էլ նման վիճակում է եղել՝ փորձելով մեկնել փարավոնի երազները: Բայց մի բան է սրբազան երազների բացատրությամբ զբաղվել թարմ, ստույգ՝ տաք հետքերով, այլ բան՝ մեկուկես հազարամյակ անց:

6

Երազների մասին: Այսօր առավոտյան կողմ «Բերա Պալասում» ինձ էլ լիովին հրեշավոր մի տեսիլք հայտնվեց: Դա շենք էր՝ ինչ-որ տեղ Լենինգրադի համալսարանի բանասիրության բաժնում, և ես աստիճաններով իջնում էի մեկի հետ, որ Դ. Ե. Մաքսիմովն էր կարծես, բայց արտաքինով ավելի շատ նման էր Լի Մարվինին: Չեմ հիշում՝ ինչի մասին էինք խոսում, բայց թե բանն էլ դա չէր: Ինձ գրավեց կատաղի եռանդը՝ ինչ-որ տեղ սանդղահարթակի մուգ դարչնագույն անկյունում – խիստ ցածր առաստաղով. ես տարբերեցի երեք կատուների, որ կռվում էին խոշոր, չափերով իրենց գերազանցող առնետի հետ: Ուսի վրայով նայելով՝ ես տեսա կատուներից մեկին՝ առնետից հոշոտված ու մահվան հոգեվարքի մեջ զարկվող, հատակին թպրտացող: Չսկսեցի հետևել, թե մարտն ինչով կվերջանա. հիշում եմ միայն՝ կատուն խաղաղվեց,– և, ինչ-որ կարծիք փոխանակելով Մաքսիմով-Մարվինի հետ, շարունակեցի իջնել սանդուղքով: Դեռևս չհասած նախասրահին՝ ես արթնացա:

Սկսել նրանից, որ ես պաշտում եմ կատուներին: Դրան ավելացնել, որ չեմ հանդուրժում ցածր առաստաղները: Որ մասնաշենքը ամենևին բանասիրության բաժինը չէր, ուր երկու հարկ կա ընդամենը: Որ գորշ ու մուգը գույնն էր Ստամբուլի գրեթե ամեն ճակատամասի ու ներսակողմի և, մասնավորաբար, մի քանի գրասենյակների, որտեղ ես եղա վերջին երեք օրերին: Որ փողոցներն այդ քաղաքում ծուռ են, կեղտոտ, սալարկված են գլաքարով ու լցված թափոններով, որոնց մեջ մշտապես քուջուջ են անում տեղի կատուները: Որ այդ քաղաքից – նրանում եղած ամեն ինչից – Աստրախանի ու Սամարղանդի շատ ուժեղ հոտ է փչում: Որ նախօրյակին որոշեցի մեկնել, բայց այդ մասին՝ ավելի ուշ: Ընդհանուր առմամբ՝ բավական բան, որպեսզի աղբոտի ենթագիտակցությունը:

7

Կոստանդիանոսը նախ և առաջ հռոմեական կայսր էր. գլուխը Արևմտյան Հռոմեական կայսրության, և «Այսու հաղթեա»-ն նրա համար առաջին հերթին նշանակում էր իր իշխանության, իր-անձնական-հսկողության տարածում ամբողջ Կայսրությունում: Աքաղաղի փորոտիքով գուշակությունը՝ նախօրյակին վճռական ճակատամարտի, կամ դրա հաջող ելքին նպաստող երկնային օժանդակության մասին հավաստումները, հասկանալի է, նոր բան չեն: Դե և տարածությունն էլ, անսահման պատվախնդրության ու խելահեղ բարեպաշտության միջև, որպես կանոն, մեծ չի լինում: Բայց եթե նա նույնիսկ հենց իսկական ու մոլի հավատացյալ էր (իսկ դրա վերաբերյալ տարաբնույթ կասկածներ կան. հատկապես եթե նկատենք, թե ինչպես է նա վարվել իր զավակների ու հարազատների հետ), «հաղթեա»-ն նրա համար պիտի որ հավասարազոր լիներ նվաճումներին, այսինքն՝ հենց բնակավայրերին ու սետլմենտներին: Իսկ յուրաքանչյուր հռոմեական սետլմենտի հատակագիծը հենց խաչն է. կենտրոնական մայրուղին՝ հյուսիսից-հարավ (ինչպես Կորսոն Հռոմում), հատվում է նույնպիսի մայրուղով՝ Արևելքից Արևմուտք գնացող: Լեպտիս մագնայից մինչև Կաստրիկումա, այսպիսով, Կայսրության քաղաքացին միշտ գիտեր, թե որտեղ է ինքը գտնվում մայր երկրի համեմատ:

Եթե նույնիսկ խաչը, որի մասին նա զրուցել է Եվսեբիոսի հետ, Փրկչի խաչն էր, ապա դրա բաղկացուցիչ մասը երազում-ենթագիտակցաբար կամ առանց-սետլմենտի հատակագծի սկզբունքն է եղել: Դրան ավելացնենք, որ  IV դարում խաչը դեռևս չէր համարվում Փրկչի խորհրդանիշը. դա ձուկն էր, Քրիստոսի անվան հունական անդրատառությունը: Խաչելության բուն գործիքն էլ, ասենք, ավելի ռուսական (նաև լատինական գլխատառ) T-ն էր հիշեցնում, քան՝ ինչը պատկերել է Միքելանջելոն կամ՝ ինչը մեզ է ներկայանում այսօր: Ինչ էլ նկատի ունեցած լիներ այնտեղ Կոստանդիանոսը, երազում իր ստացած հրահանգների իրականացումը նախ և առաջ Կայսրության տարածքների՝ դեպի արևելք ընդարձակման բնույթ առավ, և Երկրորդ Հռոմի հայտնությունը լիովին տրամաբանական հետևանքը եղավ այդ ընդարձակումի: Լինելով – տրամաբանությունը դրան է հանգեցնում – գործունյա անհատականություն՝ Կոստանդիանոսը որպես բացարձակ բնական բան է դիտում զավթողական քաղաքականությունը: Առավել ևս, եթե նա իրականում իսկապես հավատացյալ քրիստոնյա էր:

Այդպիսի՞ն էր նա, թե՞ ոչ: Անկախ ճիշտ պատասխանից՝ վերջին խոսքը միշտ պատկանում է գենոտիպին. ոչ այլ ոք, քան Հուլիանոս Ուրացողը Կոստանդիանոսի զարմիկը դուրս եկավ:

8

Հարթության վրայով որևէ տեղափոխություն, որը չի թելադրված ֆիզիկական անհրաժեշտությամբ, տարածական կերպն է ինքնահաստատման. կայսրաշինություն լինի, թե զբոսաշրջություն: Այդ իմաստով իմ հայտնվելը Ստամբուլում քիչ բանով է տարբերվում կոստանդիանոսականից: Հատկապես եթե նա իրոք դարձավ քրիստոնյա, այսինքն՝ դադարեց լինել հռոմեացի: Սակայն ես ավելի շատ հիմքեր ունեմ մակերեսայնության համար ինձ կշտամբելու, և հարթության վրայով իմ տեղափոխություններն էլ նվազ նշանակալի են: Ինձանից հետո ես չեմ թողնում նույնիսկ լուսանկարներ «ֆոնին», ուր մնաց պատերի տակ: Այս առումով ես զիջում եմ միայն ճապոնացիներին: (Չկա ավելի մղձավանջային բան, քան միջին ճապոնացու ընտանեկան ալբոմի մասին միտքը. ժպտացող կարճաոտ նա և նե՝ համայնապատկերի վրա այն ամենի, ինչ այս աշխարհում ուղղահայաց դրված կա. արձաններ-շատրվաններ-մզկիթներ-եկեղեցիներ-աշտարակներ-անտիկ տաճարների ճակատներ և նման բաներ. բուդդաներ ու մեհյաններ՝ ամենից քիչ): «Կոգիտո էրգո սումը» զիջում է «ֆոտոգրաֆիա էրգո սումին». այնպես, ինչպես «կոգիտոն» իր ժամանակին հաղթանակ տարավ «ստեղծում եմ»-ի հանդեպ: Այլ խոսքով՝ վաղանցիկությունն իմ ներկայության և շարժառիթների նվազ բացարձակ չէ, քան ֆիզիկական զգալիությունը Կոստանդիանոսի գործունեության և նրան վերագրվող (կամ իրական) նկատառումների:

9

Մ.թ.ա. I դարի հռոմեական եղերերգուները, հատկապես Պրոպերցիուսը և Օվիդիուսը, բացահայտորեն ծանակում են իրենց մեծ ժամանակակից Վերգիլիուսին ու նրա «Էնեականը»: Դա կարելի է, իհարկե, բացատրել անձնական մրցակցության ոգով, նախանձով՝ առ հաջողությունը, բանաստեղծությունն իբրև անձնականի, մասնավորի արվեստ ընկալման հակադրությամբ՝ նույն բանարվեստն իբրև պետական արվեստ – պետական քարոզչության կերպ – ընկալումին: Վերջինն ավելի մոտ է ճշմարտությանը, բայց ամենևին էլ ճշմարտությունը չէ, քանզի Վերգիլիուսը ոչ միայն «Էնեականի», այլ նաև «Բուկոլիկայի» և «Գեորգիկայի» հեղինակն էր: Ճշմարտությունը հավանաբար թվարկված նկատառումների գումարի մեջ է, որին հարկ է ավելացնել առաջին հերթին ոճաբանական դատումներ: Լիովին հնարավոր է, որ եղերերգուների հայեցակետից էպոսը՝ ամեն էպոս, այդ թվում և Վերգիլիուսինը, իբրև հետադիմական երևույթ է ներկայանում: Բոլոր նրանք, այսինքն՝ եղերերգուները, հետևորդներն էին ալեքսանդրյան բանաստեղծական դպրոցի, որը տվել էր ավանդույթը կարճ կամ քնարական բանաստեղծության՝ այն ծավալով, որով մենք այսօր գիտենք պոեզիան: Ալեքսանդրյանները, կարճ ասած, ստեղծեցին ժանրեր, որոնցից պոեզիան օգտվում է մինչև օրս:

Նախապատվությունը, որ ալեքսանդրյան ավանդույթը տալիս էր հակիրճությանը, սեղմությանը, մասնակիությանը, որոշակիությանը, գիտունակությանը, ուսուցողականությանը և նման բաներին, դատելով ամեն ինչից, հունական նրբագեղ բանահյուսության հակազդումն էր հունական հնագույն շրջանի գրականության հավելուրդային ձևերին՝ էպոսին, դրամային, միֆականացմանը, եթե ոչ՝ պարզապես միֆաստեղծությանը: Հակազդումը, եթե մտամուխ լինենք, բայց լավ է չանենք, Արիստոտելին: Ալեքսանդրյան ավանդույթը ներծծել է բոլոր այդ բաները և խստագույնս սեղմել դրանք մինչեւ էլեգիայի և էկլոգի սահմանները, մինչև երկխոսության հիերոգլիֆականություն՝ վերջինիս մեջ, մինչեւ միֆի լուսաբանողական (էքզեմփլա) գործառույթ՝ առաջինում: Մանրանկարայնացման-խտացման հայտնի միտումն է (թեկուզ և իբրև պոեզիայի՝ իրեն ավելի ու ավելի քիչ ուշադրության արժանացնող աշխարհում ողջ մնալու միջոց, եթե ոչ միջոց՝ ընթերցողի և ունկնդրի հոգիների ու մտքերի վրա անմիջականորեն և անմիջապես ազդեցություն գործելու). մեկ էլ հանկարծ, բարեհաճում եք արդյոք տեսնել, հայտնվում է Վերգիլիուսը՝ իր հսկայամեծ սոցիալական պատվերով ու իր հեքզամետրով:

Այստեղ ես կավելացնեի նաեւ, որ եղերերգուները, գրեթե բոլորն առանց բացառության, գործածում էին գլխավորապես էլեգիական դիստիքոսը և որ, կրկին գրեթե բոլորն՝ առանց բացառության, պոեզիա էին եկել հռետորական դպրոցներից, որտեղ հմտանում էին իրավաբանական (ադվոկատ-փաստարկող, հիմնավորող՝ ժամանակակից հասկացությամբ) մասնագիտության մեջ: Ոչինչ ավելի լավ չի համապատասխանում հռետորական մտածելակերպին, քան էլեգիական դիստիքոսն իր հեքզամետրական թեզով և յամբական անտիթեզով: Էլեգիական երկտողը, կարճ ասած, հնարավորություն էր տալիս արտահայտելու առնվազն երկու տեսակետ՝ չխոսելով արդեն արտասանական երանգավորման ամբողջ ներկապնակի մասին, որ ապահովվում էր հեքզամետրի դանդաղաշարժությամբ և գործառնությամբ պենտամետրի՝ սրա դաքտիլական, այսինքն՝ մասամբ հեծկլտացող, մասամբ ինքնաբացառվող երկրորդ կեսով:

Բայց այս ամենը՝ փակագծերում: Իսկ փակագծերից անդին՝ եղերերգուների՝ Վերգիլիուսին ուղղված պարսավանքները ոչ թե չափական, այլ բարոյագիտական բնույթի են: Հատկապես հետաքրքրական է այս առումով «Էնեականի» հեղինակին արտահայտչամիջոցներում ոչնչով չզիջող եւ հոգեբանորեն առավել նրբին – ո՜չ, օժտվա՜ծ – Օվիդիուսը: Իր «Հերոսուհիներից» մեկում – սիրային պոեզիայի հերոսուհիների՝ զոհված կամ իրենց լքած սիրեցյալներին հղված մտացածին ուղերձների ժողովածու – «Դիդոնեն՝ Էնեասին» նամակում կարթագենյան թագուհին կշտամբում է իրեն լքած Էնեասին մոտավորապես այսպես. «Ես դեռ կհասկանայի,-ասում է այդ կինը,- եթե դու ինձ լքեիր՝ որոշած լինելով վերադառնալ տուն, յուրայինների մոտ»: «Մինչդեռ դու ուղևորվում ես ով գիտի, թե ուր՝ դեպի նոր նպատակ, դեպի նոր, դեռևս գոյություն չունեցող մի քաղաք: Որպեսզի, հավանաբար, կոտրես ևս մի սիրտ»,- և այլն: Նա նույնիսկ ակնարկում է, որ Էնեասն իրեն հղի է թողել, և որ պատճառներից մեկն անձնասպանության, ինչին ինքը ձեռք է զարկելու, խայտառակության վախն է: Բայց դա արդեն գործին չի առնչվում:

Գործին առնչվում է հետևյալը. Վերգիլիուսի աչքին Էնեասը հերոս է, աստվածներին հետեւող: Օվիդիուսի աչքին Էնեասը, ըստ էության, անսկզբունք սրիկա է՝ իր վարքը – հարթության վրայով շարժումը – աստվածային նախախնամությամբ մեկնաբանող: (Այդ մասին ևս Դիդոնեն ունի որոշակի նպատակաբանական նկատառումներ, բայց այնուամենայնիվ բանն այդ չէ և ոչ էլ մեր կողմից արտակարգ հաճույքով ենթադրվող հակա-քաղաքացիականությունն Օվիդիուսի):

10

Ալեքսանդրյան ավանդույթը հունական ավանդույթ էր. ավանդույթը կարգ ու կանոնի (կոսմոսի), համամասնության, ներդաշնության, պատճառի և հետևանքի կրկնաբանության (էդիպոսյան պտույտ). ավանդույթը զուգաչափության ու փակ շրջանի: Եղերերգուներին ափերից հանում է Վերգիլիուսի հենց գծային շարժման համակարգը, գոյության գծային ըմբռնումը: Հույներին առանձնապես իդեալականացնել չարժե, բայց որ նրանց կյանքում կոսմոսի սկզբունքն ամենուր էր – երկնային լուսատուներից մինչև խոհանոցային սպասք – ժխտել չենք կարող:

Վերգիլիուսը, դատելով ամեն ինչից, առաջինն էր, համենայն դեպս՝ գրականության մեջ, որ առաջարկեց գծայինի սկզբունքը: Հնարավոր է՝ դա կախված էր օդում. ամենից հավանականը՝ թելադրված էր ընդարձակմամբ կայսրության – հասած մի ընդգրկումի,  որի առկայությամբ մարդկային տեղափոխությունն իսկապես էլ դառնում էր անվերադարձ: Այդ պատճառով է հենց, որ «Էնեականը» ավարտված չէ. նա պարզապես չպետք է լիներ – ավելի ստույգ՝ չէր կարող լինել – ավարտված: Եվ բանը բոլորովին հելլենական մշակույթին հատուկ «իգականությունը» չէ, ոչ էլ հռոմեական մշակույթի «արականությունը» – և ոչ էլ նույնիսկ հենց Վերգիլիուսի արվագիտությունը: Բանն այն է, որ գծայինի սկզբունքը, իրեն հաշիվ տալով անցյալի հանդեպ վերաբերմունքում հայտնի անպատասխանատվության զգացումի դիմաց, գծային այդ գոյությանը զուգակցված, ջանում է հավասարակշռել նույն զգացումը ապագայի մանրամասն մշակմամբ: Արդյունքը կամ «գուշակությունն է հետին թվով»՝ Վերգիլիական Անքիզեսի զրույցների նմանողությամբ, կամ սոցիալական ուտոպիզմը, կամ հավերժական կյանքի գաղափարը, այսինքն՝ Քրիստոնեությունը: Մեկը շատ էլ չի տարբերվում մյուսից ու երրորդից: Համենայն դեպս, հենց այդ նմանության առնչությամբ – և ոչ 4-րդ էկլոգի շնորհիվ – Վերգիլիուսին լիովին կարելի է առաջին քրիստոնեական պոետը համարել: Գրեի ես «Աստվածային կատակերգությունը», տվյալ հեղինակին կզետեղեի հենց Դրախտում: Երևելի նվաճումների համար՝ գծայինի սկզբունքն իր տրամաբանական ավարտին հասցնելու գործում:

11

Ցնորքն ու զարհուրանքն Արևելքի: Փոշե պատուհասն Ասիայի: Կանաչը՝ միայն Մարգարեի նշանակին: Այստեղ ոչինչ չի աճում՝ բացի բեխերից: Սևաչք, երեկոյան դեմ եռօրյա ցցամազով պատվող աշխարհամաս: Մեզով ողողված անկյուններ խարույկի: Այդ հո՜տը: Գարշելի ծխախոտի և քրտնքոտ օճառի խառնուրդով: Եվ տակաշորի՝ նրանց ազդրերի շուրջը փաթաթված, ինչպես չալմա: Ռասի՞զմ է: Բայց դա ընդամենը կերպ է մարդատյացության: Եվ ամենուր, նույնիսկ քաղաքում, մռութիդ թռչող այդ ավազը՝ աշխարհն աչքերիցդ հանող – դրա համար էլ եմ շնորհակալ: Ամենուրեքյան բետոն,  աթարի կազմություններ ու ասես տակնուվրա արված գերեզմանի գույներ: Օ, ամբողջ այդ անհեռատես ոչնչությո՜ւնը – Կորբյուզիե, Մոնդրիան, Գրոպիուս՝ աշխարհն այլանդակած ոչ ավելի վատ, քան ամեն Լյուֆտվաֆե: Սնոբի՞զմ է: Բայց դա լոկ կերպ է հուսահատության: Տեղի բնակչությունը՝ լրիվ ընդարմացած վիճակում աղքատ ճաշարաններում նստած, գլուխները տնկած – ինչպես թարս նամազում – հեռուստացույցի էկրանին, որտեղ մշտապես ինչ-որ մեկին ջարդում են: Կամ՝ միմյանց խաղաթղթեր նետող. այդ վալետներն ու տասնոցները միակ հասանելի վերացարկումն են, միակ միջոցը կենտրոնանալու: Մարդատյացությո՞ւն է, հուսահատությո՞ւն: Բայց կարելի՞ է այլ բան սպասել գծային սկզբունքի ապոթեոզն ապրածից. մարդուց, որ տեղ չունի վերադարձի: Մեծ աղտեղաբանից, սակրոֆագից և հեղինակից»Սադոմախիայի՚:

12

Զավակն իր դարի, այսինքն՝ IV դարի՝ մ.թ. — բայց ավելի լավ է՝ Վ.հ. – Վերգիլիուսից հետո – Կոստանդիանոսը՝ գործի մարդ հենց թեկուզ նրանով, որ կայսր է, արդեն կարող էր դիտել իրեն ոչ միայն որպես գոյության գծային սկզբունքի մարմնավորումի, այլ նաև որպես դրա գործիքի: Բյուզանդիան նրա համար ոչ միայն խորհրդանշական, այլև բառացիորեն խաչ էր – խաչմերուկ առևտրական ուղիների, քարավանային ճանապարհների և նման բաների. արևելքից արևմուտք ոչ պակաս, քան հյուսիսից հարավ: Հենց միմիայն դա կարող էր սևեռել նրա ուշադրությունը տեղանքին՝ մ. թ. ա VII դարում աշխարհին տված այնպիսի մի բան, որ բոլոր լեզուներով նույն նշանակությունն ունի՝ փող:

Իսկ փողը Կոստանդիանոսին հետաքրքրում էր ամենից շատ: Եթե նա փայլում էլ էր որոշակի հանճարով, ապա նախ և առաջ՝ ֆինանսական: Իշխանությունն այդպես էլ երբեք որևէ մեկի հետ բաժանել չսովորած Դիոկղետիանոսի այդ աշակերտին հաջողվեց այնուամենայնիվ հասնել այն բանին, ինչը ձախողեցին իր նախորդները. նա կայունացրեց, արտահայտվելով այսօրվա լեզվով, արժույթը: Նրա օրոք ներմուծված հռոմեական «սոլիդը» հետագա գրեթե յոթ դարերի ընթացքում խաղաց այսօրվա դոլարի դերը: Այդ իմաստով մայրաքաղաքի տեղափոխումը Բյուզանդիոն բանկի փոխադրումն էր դրամատուն, արժեթղթերով վճարումը՝ գաղափարի դիմաց, զավթումը՝ սկզբունքի:

Չի կարելի հավանաբար աչքաթող անել նաև, որ քրիստոնեական Եկեղեցու բարեգործական ու փոխօգնողական գործունեությունը տվյալ ժամանակաշրջանում եթե պետական տնտեսավարման այլընտրանք էլ չէր, ապա, համենայն դեպս, ելք էր դրությունից բնակչության ճնշող՝ չքավոր մասի համար: Քրիստոնեության համբավն այդ ժամանակ զգալի չափով հիմնվում էր ոչ այնքան Բարձրյալի առջև հոգիների հավասարության գաղափարի, որքան կարիքավորների կողմից շոշափելի՝ փոխօգնության կազմակերպված համակարգի պտուղների վրա: Դա քարտային կարգի ու կարմիր խաչի մի յուրահատուկ խառնուրդ էր: Ոչ Իզիդայի պաշտամունքը, ոչ նեոպլատոնականությունը նման որևէ բան չկազմակերպեցին: Դա էլ հենց նրանց սխալն էր:

Կարելի է միայն գուշակել, թե ինչ էր տեղի ունենում Քրիստոնեական հավատքին դեմ հանդիման կանգնած Կոստանդիանոսի հոգում ու մտքում, բայց նա Կայսր էր ու չէր կարող չգնահատել տվյալ եկեղեցու կազմակերպչական ու տնտեսական արդյունավետությունը:

Բացի դրանից, մայրաքաղաքի զետեղումը կայսրության ամենածայրում, կարծես թե, կենտրոն է դարձնում այդ ծայրը և ենթադրում հավասարամեծ տարածություն դեպի      «անդին» – սկսած կենտրոնից: Ինչը քարտեզի վրա համապատասխանում է Հնդկաստանին՝ կայսերական մեզ հայտնի բոլոր անուրջների առարկային – առաջ և հետո Քրիստոսի Ծննդից:

13

Փոշի՜ն: Այդ տարօրինակ էահիմքը՝ ձեր դեմքին թռչող: Նա արժանի է ուշադրության, նա չպետք է թաքնվի   «փոշի» բառի հետևում: Արդյոք դա պարզապես կե(՞)ղտ է՝ իր տեղը չգտնող, բայց աշխարհի այս մասի էությունը կազմող: Թե՞ նա Երկիրն է, որ փորձում է օդ բարձրանալ, պոկվել ինքն իրենից, ինչպես միտքը՝ մարմնից, ինչպես մարմինը – իր տեղը շոգին զիջող: Անձրևը մատնում է նրա էությունը, քանզի այդժամ ձեր ոտքերի տակ գալարվում են դարչնագունասև առվակներն այդ էահիմքի՝ մղված դեպի ետ – դեպի քարասալարկը, այդ ղշլաղ-նախատիպի սապատավոր զարկերակներով դեպի ներքև՝ չհասցնելով լճակ դառնալ, կամ իրենց հեծյալներին իրենց թվով գերազանցող անթիվ անիվ-ակերի տակից ցայտող և նրանց վրա կլակսոնների ճիչերի ներքո կամրջով դեպի ինչ-որ տեղ՝ Ասիա, Անատոլիա, Հոնիա, Տրապիզոն և Զմյուռնիա տարվող:

Ինչպես ամենուր Արևելքում, այստեղ էլ շատ կոշիկ մաքրողներ կան. բոլոր տարիքների, իրենց հիանալի պղնձապատ արկղերով՝ տարբեր գույների գուտալինի հավաքածուով՝ նույնպես պղնձյա, կլոր,«փոքրիկ չափի» բեռնամփոփների մեջ – գմբեթաձեւ կափարիչով փակված: Իսկական շարժական մզկիթներ, միայն թե՝ առանց մինարեթների: Այդ մասնագիտության մարդիկ շատ են, որովհետև շատ է կեղտը. շատ է փոշին, որ հինգ րոպե քայլքից հետո ձեր՝ քիչ առաջ ամբողջ աշխարհն արտացոլող կոշիկները պատում է գորշ, անթափանց պուդրեով: Ինչպես բոլոր կոշիկ մաքրողները, այդ մարդիկ մեծ փիլիսոփաներ են: Բայց ավելի լավ է ասել – բոլոր փիլիսոփաները հսկայամեծ կոշիկներ մաքրողներ են: Այդ է պատճառը, որ այնքան էլ կարեւոր չէ՝ թուրքերեն գիտեք, թե ոչ:

14

Ո՞վ է մեր ժամանակներում քարտեզին նայում, մակերևույթի պատկեր ուսումնասիրում, տարածություններ հաշվում մոտավոր: Ոչ ոք՝ բացի միայն արձակուրդի մեջ գտնվող ավտոյավորներից: Նույնիսկ զորականներն արդեն, կոճակի հայտնագործումից հետո, դա չեն անում: Ո՞վ է նամակ գրում – տեսարժան վայրերի, ապրած զգացումների մանրամասն թվարկումով ու վերլուծությամբ: Եվ ո՞վ է կարդում այդպիսի նամակները: Մեզանից հետո չի մնալու որևէ բան, որ արժանի լինի թղթակցություն անվանը: Նույնիսկ երիտասարդները, ովքեր, կարծես թե, լիուլի ժամանակ ունեն, բավարարվում են բացիկներով: Իմ տարիքի մարդիկ բացիկին դիմում են ամենից հաճախ կամ լրիվ հուսահատության պահին՝ իրենց համար օտար վայրում, կամ որ պարզապես սպանեն ժամանակը: Սակայն գոյություն ունեն վայրեր, որոնց զննումը քարտեզի օգնությամբ ինչ-որ ակնթարթ հարազատացնում է ձեզ Նախախնամության հետ: Կան վայրեր, որտեղ պատմությունն անխուսափելի է, ինչպես ճանապարհային պատահարը, վայրեր, որոնց աշխարհագրությունը պատմություն է կյանքի կոչում: Այդպիսին է Ստամբուլը, նույն ինքը Կոստանդինապոլիսը, նույն ինքը Բյուզանդիան: Խելքը թռցրած լուսանշան, որի երեք գույները վառվում են միաժամանակ: Ոչ թե՝ կարմիր-դեղին-կանաչ, այլ՝ սպիտակ-դեղին-դարչնագույն: Պլյուս, իհարկե, կապույտը, քանզի դա հենց ջուրն է Բոսֆոր-Մարմարա-Դարդանելի, որ բաժանում է Եվրոպան Ասիայից… Բաժանո՞ւմ է որ: Օ, այդ բնական սահմանները, նեղուցներն ու ուրալները: Ինչքա՜ն քիչ բան են նշանակել նրանք բանակների համար և մշակույթների – վերջինիս բացակայումի – համար՝ առավել ևս: Քոչվորների համար նույնիսկ, հավանաբար, մի փոքր ավելի, քան գծայինի սկզբունքով ոգեշնչված և ապագայի հրապուրիչ պատկերով կանխահայտորեն արդարացված Թագավորի համար:

Նպատակ տված լինելու շնորհիվ չէ՞ր, արդյոք, որ Քրիստոնեությունը հաղթանակեց. նպատակ, որ արդարացնում էր միջոցները, ասել է՝ իրականությունը. ինչը ժամանակավորապես – այսինքն՝ ամբողջ կյանքում – ազատում էր պատասխանատվությունից: Որ ամեն հաջորդ քայլը, ամեն ուղղությամբ, դառնում էր տրամաբանական: Հոգևոր իմաստով, համենայն դեպս, նա մարդաբանական արձագանքը չեղա՞վ քոչվորության. սրա մետաստազը՝ նստակյաց մարդու հոգեբանության մեջ: Կամ՝ ավելի լավ ասենք. նա չհամընկա՞վ, արդյոք, զուտ կայսերական կարիքներին: Քանզի միայն վարձատրմամբ լեգեոներին (որի կարիերայի իմաստը երկարամյա ծառայությունը, զորացրումն ու նստակեցությունն է) չես ստիպի ճամփա ընկնել: Նրան պիտի ոգեշնչես էլ: Այլապես լեգեոնները կերպափոխվում-դառնում են հենց այն նույն գայլը, որին, ականջներից բռնած, զսպել կարողանում էր միայն Տիբերիուսը:

Հետևանքը հազվադեպ է իր պատճառին հավանությամբ նայելու ընդունակ լինում: Էլ ավելի քիչ է նա ընդունակ թեկուզ ինչ-որ չափով կասկածի տակ առնելու պատճառը: Հետևանքի ու պատճառի հարաբերությունները, իբրև կանոն, զուրկ են բանական, վերլուծական տարրից: Որպես կանոն դրանք կրկնաբանական են և, լավագույն դեպքում, երանգավորված վերջինիս ոգեշնչվածությամբ առաջինի հանդեպ:

Այդ պատճառով էլ չպետք է մոռանալ, որ Քրիստոնեական կոչվող հավատքի համակարգը Արևելքից եկավ, և նույն պատճառով էլ չպետք է բացառել, որ Մաքսենտիուսի դեմ տարած հաղթանակից ու վերոհիշյալ տեսիլքից հետո Կոստանդիանոսին փոթորկած նկատառումներից մեկը ցանկությունն էր՝ զուտ ֆիզիկապես մոտենալու հաղթանակին այդ և այդ տեսիլքի ակունքին՝ Արևելքին: Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ Հրեաստանում, սակայն, համենայն դեպս, հասկանալի է, որ բազում խոչընդոտների բախվելու անհրաժեշտությունը կունենար Կոստանդիանոսը, եթե այնտեղ ուղևորվեր ցամաքով: Իսկ ծովից անդին մայրաքաղաքի հիմնումը հակասում էր տարրական առողջ բանականությանը: Եվ չպետք է բացառել նաև Կոստանդիանոսի լիովին հնարավոր անբարեհաճությունը հրեաների նկատմամբ:

Զվարճալի ու մի քիչ էլ երկյուղալի է, այնպես չէ՞, միտքը, թե Արևելքն իսկապես էլ մարդկության բնազանցական կենտրոնն է: Քրիստոնեությունը միայն մի, թեպետ և ամենաեռանդուն, հերձվածն էր նրանցից, որպիսիք Կայսրությունում իսկապես մեծ բազմություն էին կազմում: Կոստանդիանոսի թագավորության ժամանակներում Հռոմեական կայսրությունը, զգալի չափով, շնորհիվ հենց իր տարածքի, ներկայանում էր իբրև հավատալիքների մի իսկական տոնավաճառ, խայտաբղետ շուկա: Ղպտիների և Իզիդայի պաշտամունքի բացառությամբ սակայն առաջարկվող բոլոր հավատքների ու պաշտամունքների համակարգերի աղբյուրը հենց Արևելքն էր:

Արևմուտքը ոչինչ չէր առաջարկում: Արևմուտքն, ըստ էության, գնորդ էր: Ուրեմն՝ քնքշությամբ վերաբերվենք Արևմուտքին հենց այդ անհնարագիտության համար՝ իր վրա բավական թանկ նստած, ներառյալ՝ ավելորդ խոհամտության հասցեով նաև մինչև օրս հնչող նախատինքները: Վաճառողը դրանով չի՞ բարձրացնում, արդյոք, իր ապրանքի գինը: Եվ ո՞ւր է մեկնելու իր սնդուկները ճխտելուց հետո:

15

Եթե հռոմեական եղերերգուները թեկուզ չնչին չափով արտացոլել են իրենց հասարակության աշխարհազգացողությունը, ապա կարելի է ենթադրել, որ Կոստանդիանոսի ժամանակներում, այսինքն՝ չորս դար անց, իրենց ուժը կորցրել էին«Հայրենիքը վտանգի մեջ է»և «Pax Romana» կարգի փաստարկումները: Եվ եթե Եվսեբիոսի պնդումները ճիշտ են, ապա Կոստանդիանոսը, ոչ ավել, ոչ պակաս, առաջին խաչակիրը պիտի համարվի: Չպետք է աչքաթող անել, որ Կոստանդիանոսի Հռոմն արդեն Օգոստոսի Հռոմը չէ. դա արդեն քրիստոնեական Հռոմն է: Կոստանդիանոսի Բյուզանդիա բերածն արդեն դասական մշակույթ չէր նշանակում. դա արդեն նոր ժամանակի մշակույթն էր՝ միաստվածության գաղափարով թրմած. բազմաստվածությունը – ասել է՝ իր սեփական անցյալը, սրա օրենքների ու նման բաների ամբողջ ոգով – հավասարեցրած կռապաշտությանը: Դա արդեն առաջընթաց էր:

16

Այստեղ ես կուզեի նկատել, որ իմ պատկերացումներն անտիկ աշխարհի մասին հենց ինձ էլ մի քիչ արտասովոր են թվում: Բազմաստվածությունը ես հասկանում եմ բավական պարզունակ – և այդ պատճառով էլ, հավանաբար, կասկածելի կերպավորումով: Ինձ համար դա հոգևոր գոյության համակարգ է, ուր մարդկային գործունեության ամեն ձև, ձկնորսությունից մինչև աստղային երկնքի զննումը, սրբագործված է յուրահատուկ աստվածություններով: Այնպես որ, անհատը՝ որոշակի կամքի ու երևակայության առկայությամբ, ներունակ է տեսնելու այնտեղ, ինչով ինքը զբաղվում է, բնազանցային-անվերջական-աստառ: Այս կամ այն աստվածը կարող է, եթե նրա քմահաճ և ամպակուտակ խելքին փչի, ամեն վայրկյան այցելել մարդուն և ժամանակի ինչ-որ հատվածում բնակվել մարդու մեջ: Միակ բանը, որ վերջինից պահանջվում է – եթե դա իր՝ մարդու ցանկությունն է –«մաքրվելն» է, որպեսզի այդ այցելությունը դարձնի հնարավոր: Մաքրման (կատարսիսի) ընթացքը բավական բազմաբովանդակ է և կրում է ինչպես անհատական (զոհագործություն, ուխտագնացություն դեպի սրբազան վայրեր, այս կամ այն ուխտը), այնպես էլ զանգվածային (թատրոն, մարզական մրցումներ) բնույթ: Օջախը չի տարբերվում ամֆիթատրոնից, մարզադաշտը՝ զոհասեղանից, ղազանը՝ արձանից:

Նման աշխարհազգացողությունը հնարավոր է, ենթադրում եմ, միայն նստակեցության պայմաններում, երբ աստծուն հայտնի է ձեր հասցեն: Զարմանալի չէ, որ հունական կոչվող քաղաքակրթությունը ծագեց հենց կղզիներում: Զարմանալի չէ, որ նրա պտուղները հազարամյակներով հիպնոսեցին ամբողջ Միջերկրականը, ներառյալ Հռոմը: Եվ զարմանալի չէ, որ Կայսրության հզորացման հետ, ու նաև՝ կղզի լինելով, Հռոմն այդ քաղաքակրթությունից վերջին հաշվով խույս տվեց: Եվ փախուստն այդ սկսվեց հենց կեսարներից, բացարձակ իշխանության գաղափարից: Քանզի հույժ քաղաքական կյանքի ոլորտում բազմաստվածությունը նույնական է ժողովրդավարությանը: Բացարձակ իշխանությունը, ինքնակալությունը նույնական են, ավաղ, միաստվածությանը: Եթե միայն հնարավոր է պատկերացնել անկանխակալ մարդու, ապա նա, ընդամենը ինքնապահպանման բնազդից դրդվելով, բազմաստվածությունն անհամեմատ ավելի կգերադասի միաստվածությունից:

Այդպիսի մարդ չկա, նրան Դիոգենեսն էլ չէր գտնելու ցերեկվա իր ճրագով: Առավելապես հիշելով մշակույթը, մեր կողմից անտիկ կամ դասական համարվող, քան ելնելով վերոհիշյալ բնազդից՝ ես կարող եմ ասել միայն, որ ինչքան երկար եմ ապրում, այնքան ավելի գրավիչ է ինձ համար այդ կռապաշտությունը, այնքան ավելի վտանգավոր է ներկայանում ինձ միաստվածությունն իր մաքուր տեսքով: Չարժե, երևի, անվանել իրերն իրենց անուններով, բայց ժողովրդավարական պետությունն իրականում Քրիստոնեությանը պատմականորեն հաղթանակած կռապաշտությունն է:

17

Կոստանդիանոսը, բնականաբար, դա չէր կարող իմանալ: Ենթադրում եմ՝ նա գլխի էր ընկնում, որ Հռոմ այլևս չկա: Այդ կայսեր մեջ քրիստոնյան բնականորեն – ես կասեի՝ մարգարեաբար – զուգադրվում էր թագավորին: Նրա հենց այդ «Այսու հաղթեա»-ի մեջ լսելի է իշխանության պատվախնդրությունը: Եվ իրոք. հաղթեա՝ ավելի, քան նա նույնիսկ պատկերացնում էր, քանզի Քրիստոնեությունը Բյուզանդիայում գոյեց ևս տասը հարյուրամյակ: Բայց հաղթանակն այդ, վախենում եմ ասել, պյուռոսյան էր: Այդ հաղթանակի որակն էր, որ ստիպեց Արևմտյան Եկեղեցուն զատվել Արևելյանից: Այսինքն՝ աշխարհագրական Հռոմը հորինյալ Հռոմից՝ Բյուզանդիայից: Քրիստոսի հարս-Եկեղեցին՝ պետության կին-Եկեղեցուց: Դեպի Արևելք իր շարժի մեջ Կոստանդիանոսը, հնարավոր է, առաջնորդվում էր հենց այդ Արևելքի քաղաքական՝ իր սեփական դիրքին համահունչ ոգով – բռնակալություն առանց ժողովրդավարության փորձի: Աշխարհագրական Հռոմը, լավ թե վատ, դեռ պահպանում էր ինչ-որ հիշողություններ սենատի դերի մասին: Բյուզանդիան այդպիսի հիշողություններ չուներ:

18

Այսօր լրանում է քառասունհինգ տարիս: Մինչև գոտկատեղս մերկ՝ ես նստած եմ Աթենքի «Լիկաբեթ» հյուրանոցում, քրտինքով եմ ողողվում ու մեծ-մեծ կումերով կոկա-կոլա եմ կուլ տալիս: Այս քաղաքում ոչ մի հոգու չեմ ճանաչում: Երեկոյան դուրս եկա փողոց՝ փնտրելու համար մի տեղ, ուր կարող էի ընթրել, և հայտնվեցի ինչ-որ խառնիմաստություններ ճչացող չափազանց ոգեշնչված ամբոխի հոծության մեջ. ինչպես հասկանում եմ, նրանք այս քանի օրը ընտրությունների են մասնակցելու: Ես քարշ եկա ինչ-որ անծայր գլխավոր փողոցով – լեցուն ոռնացող կլակսոններով, մերթ մարդկանցով, մերթ տրանսպորտով խցված – չհասկացա ոչ մի բառ, և հանկարծ խելքս մտավ, թե սա հենց էն աշխարհն է, թե կյանքն ավարտվել է, բայց շարժումը շարունակվում է. ինչը և հենց հավերժությունն է:

Քառասունհինգ տարի առաջ իմ մայրն ինձ կյանք տվեց: Նա մահացավ նախանցյալ տարի: Անցյալ տարի վախճանվեց հայրս: Նրանց միակ երեխան՝ ես, քայլում է փողոցներով երեկոյան Աթենքի, որ նրանք երբեք չեն տեսել ու չեն տեսնի: Պտուղը նրանց սիրո, նրանց աղքատության, նրանց ստրկության, որի մեջ էլ մեռան, նրանց որդին – ազատ է: Եվ քանի որ նրանք ամբոխի մեջ չեն հանդիպում իրեն, գլխի է ընկնում, որ ճիշտ չէ ինքը, որ դա հավերժությունը չէ:

19

Ի՞նչ էր տեսնում և ի՞նչ չէր տեսնում Կոստանդիանոսը՝ նայելով Բյուզանդիայի քարտեզին: Նա տեսնում էր, մեղմ ասած, տաբուլա ռազա: Կայսրության ծայրամասը՝ բնակեցված հույներով, հրեաներով, պարսիկներով և այլն. մի հանրությամբ – իր կայսրության Արևելյան հատվածի համար տիպական հպատակներ – որի հետ գործ ունենալուն նա վաղուց էր վարժվել: Լեզուն հունարենն էր, բայց կրթված հռոմեացու համար դա նույնն էր, ինչ ֆրանսերենը XIX դարի ռուս ազնվականի համար: Նա տեսնում էր մի քաղաք՝ հրվանդանով խոր մտած Մարմարի ծովը, քաղաք, որը հեշտ էր պաշտպանել. հարկավոր էր միայն շրջափակել պարսպով: Նա տեսնում էր այդ քաղաքի բլուրները, մասամբ՝ ճիշտ ինչպես Հռոմում, և եթե նա մտմտում էր, ասենք, պալատ կամ եկեղեցի կառուցել այնտեղ, ապա տեսարանը պատուհաններից ցնցող էր լինելու. դեպի ամբողջ Ասիան, և ամբողջ Ասիան էր նայելու այդ եկեղեցին պսակող խաչերին: Կարելի է պատկերացնել նաև, թե նա ինչպես էր զվարճանում հռոմեացիների հետևում թողած այդ քաղաքի մուտքը հսկելու գաղափարով: Այստեղ հասնելու համար նրանք պիտի քարշ գային Ատտիկայով մեկ կամ լողալով շրջանցեին Պելոպոնեսը: «Սրան բաց կթողնեմ, իսկ սրան բաց չեմ թողնի»: Այսպես էր, երևի, մտածում նա երկրի վրա գլուխ բերած Դրախտի իր տարբերակի մասին: Օ՜, այդ մաքսային անուրջները: Եվ նա տեսնում էր՝ ինչպես է Բյուզանդիոնն ի դեմ իրեն ողջունում իր պաշտպանողին – Սասանյաններից և մեր ու ձեր, հարգարժան պարոնայք և հարգարժան տիկնայք, անդրԴանուբի նախնիներից, և թե ինչպես է նա՝ Բյուզանդիան, համբուրում խաչը:

Իսկ չէր տեսնում նա, որ գործ ունի Արևելքի հետ: Ճակատամարտել Արևելքի դեմ – կամ նույնիսկ ազատագրել Արևելքը – և ապրել Արևելքում՝ տարբեր բաներ են: Բյուզանդիան իր ամբողջ հունականությամբ պատկանում էր այլ աշխարհի՝ մարդկային գոյության արժեքի մասին բացարձակապես այլ պատկերացումներով, քան նրանք, որ հարգի էին Արևմուտքում և, որքան հեթանոսական էլ լիներ, Հռոմում: Արդեն թեկուզ և զուտ ռազմական հարաբերությամբ Պարսկաստանը, օրինակ, առավել իրական էր Բյուզանդիայի համար, քան Հելլադան: Իսկ իրականության աստիճանների տարբերությունը չէր կարող չարտացոլվել քրիստոնեական թագավորի այդ ապագա հպատակների աշխարհազգացողության մեջ: Եթե Աթենքում Սոկրատեսը մեղադրվել էր բաց դատարանով – հնարավորություն էր ունեցել ճառեր ասելու (ամբողջ երե՜ք հատ) ի պաշտպանություն իրեն, ապա Սպահանում կամ, ասենք, Բաղդադում այդպիսի Սոկրատեսին պարզապես ցից կհանեին կամ ողջ-ողջ կմաշկեին, և գործը կվերջանար, և դուք չէիք ունենա ոչ Պլատոնի երկխոսություններ, ոչ նեոպլատոնականություն, ոչ մնացյալը. նման բաներ իսկապես էլ չունեցավ Արևելքը. կլիներ միայն մենախոսություն Ղուրանի… Բյուզանդիան կամուրջ էր դեպի Ասիա, բայց ընթացքն այդ կամրջով հակառակ ուղղվածություն ուներ: Հասկանալի է, Բյուզանդիան ընդունեց Քրիստոնեություն, բայց Քրիստոնեությանը նրանում արևելացում էր վիճակված: Զգալիորեն նաև այդտեղ պետք է փնտրել Արևելյան Եկեղեցու հանդեպ Հռոմեական Եկեղեցու հետագա անբարեհաճության գաղտնիքը: Այո, խոսք չկա, Քրիստոնեությունն անվանապես գոյեց Բյուզանդիայում ևս հազար տարի, բայց ինչ Քրիստոնեություն էր դա և ինչ քրիստոնյաներ էին դրանք՝ այլ խնդիր է:

Չէր տեսնում – ստույգ՝ չէր կռահում – Կոստանդիանոսը նաև, որ Բյուզանդիայի աշխարհագրական դիրքից ստացած իր տպավորությունը բնական տպավորություն է: Որ նման տպավորություն Բյուզանդիան կարող է թողնել արևելյան իշխանավորների հոգում, եթե սրանք նույնպես քարտեզն աչքի անցկացնեն. ընդամենը: Ինչը և տեղի էր ունենում: Ոչ մեկ և ոչ երկու անգամ՝ Քրիստոնեության համար բավական տխուր հետևանքներով: Մինչեւ VI-VII դդ. Արևելքի և Արևմուտքի շփումները Բյուզանդիայում, ընդհանուր առմամբ, ունեին կանոնավոր, ես-քո-կաշին-կքերթեմ կարգի, ռազմական բնույթ և որոշվում էին զենքի ուժով՝ հաճախ Արևմուտքի օգտին: Ինչը, եթե չէր էլ մեծացնում խաչի համբավն Արևելքում, համենայն դեպս, հարգանք էր ներշնչում նրա հանդեպ: Բայց VII դարում արդեն ամբողջ Արևելքի վրա ծագում ու գահակալում է կիսալուսինը, այսինքն՝ Իսլամը: Այդ պահից ռազմական գործողություններն Արևմուտքի և Արևելքի միջև, անկախ նրանց ելքից, սկսում են վերածվել խաչի աստիճանական, անշեղ էրոզիայի, բյուզանդական աշխարհազգացողության ռելյատիվիզմի (հարաբերապաշտության) – իբրև հետևանք այդ երկու սրբազան նշանների չափազանց մերձ և չափազանց հաճախակի առնչումների: (Ո՞վ գիտե, իկոնոկլազմի վերջնական պարտությունը չի՞ բացատրվում, արդյոք, խաչի՝ որպես խորհրդանիշի անբավարարության գիտակցմամբ և իսլամի հակապատկերագրական արվեստի հետ տեսողական մրցակցության անհրաժեշտությամբ: Արաբական փակագրի զառանցանքը չէ՞ր, արդյոք, Հովհան Դամասկոսցուն քշողը):

Կոստանդիանոսը չէր կռահում. իսլամի հակաանհատապաշտությունը Բյուզանդիայում այնքան պարարտ հող կգտնի, որ IX դարում արդեն Քրիստոնեությունը պատրաստ կլինի փախչելու այդտեղից դեպի Հյուսիս: Նա, իհարկե, կասեր, որ դա փախուստ չէ, այլ Քրիստոնեության ընդարձակում, ինչի մասին ինքը, տեսականորեն, երազում էր: Եվ շատերը գլխով կանեն, իբրև համաձայնության նշան, թե՝ այո, ընդարձակում է: Սակայն Ռուսաստանի ընդունած Քրիստոնեությունն արդեն ոչ մի ընդհանուր բան չուներ Հռոմի հետ: Ռուսաստան եկած Քրիստոնեությունն անցյալ էր նետել ոչ միայն պատմուճաններն ու արձանները, այլ նաև Հուստինիանոսի մշակած Քաղաքացիական օրենսգիրքը: Երևի, որպեսզի թեթևացնի իր ճանապարհորդությունը:

20

Որոշելով Ստամբուլից մեկնել՝ ես սկսեցի որոնումներս Ստամբուլ-Աթենք կամ Ստամբուլ-Վենետիկ գիծը սպասարկող շոգենավային մի ընկերություն գտնելու հույսով: Եղա մի քանի գրասենյակներում, բայց, ինչպես միշտ Արևելքում, որքան դուք մոտ եք ձեր նպատակին, այնքան մառախլապատ են նրան հասնելու եղանակները: Ի վերջո ես պարզեցի, որ հունիսի սկզբից շուտ ո՛չ Ստամբուլից, ո՛չ Զմյուռնիայից դեպի Արևմուտք լողալ ինձ չի հաջողվի՝ ո՛չ մարդատարով, ո՛չ էլ բեռնատար կամ լցանավով: Գործակալություններից մեկում զանգվածեղ թրքուհին, զարհուրելի ծխախոտից մուխ արձակելով օվկիանոսային լայների հանգետ, խորհուրդ տվեց դիմել մի ընկերության գրասենյակի, որ կրում էր ավստրալիական, ինչպես սկզբում կարծեցի,«Բումերանգ» անվանումը:«Բումերանգը» ծխով լցված, կեղտոտ մի սենյակ դուրս եկավ՝ երկու սեղանով ու մի հեռախոսով, պատի վրայի – բնականաբար՝ աշխարհի – քարտեզով, մտածկոտ ու անգործությունից ընդարմացած վեց թխուհիներով: Միակ բանը, որ ինձ հաջողվեց դուրս կորզել դռանը մոտ նստածից՝«Բումերանգը» սպասարկում է սովետական շրջագայությունները Սև ու Միջերկրական ծովերով, բայց այս շաբաթ իրենք ոչինչ չունեն: Հետաքրքրական է, բնիկ որտեղացի էր Լյուբ(լ)յանկայի այն ավագ լեյտենանտը, որ հորինեց այդ անվանումը: Տուլայի՞ց, Չելյաբինսկի՞ց:

թարգմանությունը ռուսերենից՝

Ավագ Եփրեմյանի

շարունակելի

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք