Ի տեղի խմբագրականի. Արքայազուրկ դրամների ժամանակը

Հեղինակ:

 

img_5243

…Եվ եկան ժամանակներ, որ ժողովրդի դրամների վրայից վերացան արքաները: Չունեի՞ն: Ունեցել են: Ժամանակին արքաները՝  վստահ իրենց ժողովրդի վրա, հենց իրենք էին իրենց պատկերով դրամ հատել: Իսկ երբ դրամ հատողն արդեն արքան չէր, ժողովրդավարությունը որոշեց, որ լավ է ունենալ հազար գրող ու նկարիչ, քան պատկերը դրամի արժանացրած մի թագավոր: Նա իր արքաներից միայն մի երկուսի դեմքն էր հիշում…

Եվ դրամը, որ պետականության խորհրդանիշ է (նորից հիշեցի, թե մենք ինչպես ենք թանգարանում ցուցադրում մեր Տիգրան Մեծի դրամ-խորհրդանիշը), մեր դեպքում ներկայացնում է հայրենյաց մտավորականներին և ոչ երբեք արքաներին. ասել է թե՝  մենք անցյալի փառքը էլ չենք ուզում հիշել, նորն ենք ուզում նշել: Բայց նորը, չգիտես ինչու, վրձին է ու գրիչ ու երբեք-երբեք պետական գործիչ: Ինչ-որ գուսանական ստացվեցին տողերս, բայց թղթադրամի փոփոխության այս անսպասելի շեմին ես հիշեցի, որ մի արքա այնուամենայնիվ կար, ում բախտ էր վիճակվել դրամի երեսին հայտնվել: Աբգար Ե-ն է. հայոց պատմության այս ու այն կողմից մի քիչ անհայտ արքա, որի անունը կապվում է ոչ թե պետականության, այլ քրիստոնեական կրոնի հետ: Եվ որպեսզի ժողովուրդը է՜լ ավելի քիչ ճանաչի արքայի դեմքը, նրան պատկերեցին հարյուրհազարանոց թղթադրամի վրա, մի փող, որը քչերն են գրպանում ունենում:

Նոր թղթադրամներում Աբգար Ե-ն այլևս չի լինի: Հարյուրհազարանոցից էլ, փաստորեն, լավ չճանաչեցինք Աբգարին: Գուցե փոխարինենք երկու Գրիգոր Լուսավորիչով: Պետական գործիչ չկա՞ր, չի՞ եղել…

Այս մտահոգությունս հիմնավորելու համար իբրև մի փոքր ուշացած ներածություն վերհիշեմ, թե այլ երկրներում ինչպես են վարվում թղթադրամների պատկերների հետ: Հեռու չգնանք. մեր հարևան վրացիները 20 լարի արժողությամբ թղթադրամի վրա պատկերել են արքա Վախթանգ Գորգասալին, իսկ 50 լարիի վրա՝  Թամար թագուհուն, ռուսական 500 ռուբլու վրա Պետրոս Առաջինն է, 5000-անոցի վրա՝  կոմս Նիկոլայ Մուրավյով-Ամուրսկին:

Մի ամբողջ պարբերություն կլրացնեն ամերիկյան դոլարի վրա պատկերված նախագահները՝  Ջորջ Վաշինգթոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Աբրահամ Լինքոլնը, Էնդրյու Ջեքսոնը, Ուլիսես Գրանտը և իհարկե մեզ քաջածանոթ Բենջամին Ֆրանկլինը: Չնայած, Միացյալ Նահանգներին կարելի է հասկանալ:

Սակայն ավելի հետաքրքիր են 1 եվրո արժույթով մետաղադրամները: Եվրամիությունը անդամ երկրներին ազատ է թողել մեկեվրոյանոցի երկու երեսներին պատկերել իրենց ազգային և պետական խորհրդանիշները՝  այդ կերպ, թերևս, հսկելով տուրիզմի շարժն ու առավելությունները: Բելգիական մեկեվրոյանոցի վրա Ֆիլիպ արքան է, Լյուքսեմբուրգի (ախր Հայաստանից փոքր պետություն է) մետաղադրամի վրա՝  դուքս Անրին, Մոնակոյի իշխան Ալբերտ II-ը ևս մեկեվրոյանոցի դիմերեսին է: Նիդեռլանդցիները Վիլհելմ-Ալեքսանդր արքային պատկերեցին 1 եվրոյի վրա, իսկ իսպանացիները՝  Ֆիլիպ IV արքային:

Ես երևի ազատեմ ընթերցողին երկուեվրոյանոց մետաղադրամների պատկերները թվարկելուց, որոնք, ի դեպ, ևս չեն խաթարում մեր կազմած վիճակագրական պատկերը: Իհարկե, կողմնակալ չթվալու համար ասեմ նաև, որ թվարկածս երկրների դրամների վրա կան նաև մշակութային երևելիներ, ինչպես Մոցարտի դիմանկարն է կամ Լեոնարդո դա Վինչիի Վիտրուվյան մարդը:

Արդ, աշխարհի այս օրինակներից ի՞նչ է հետևում. սկզբունքը, որ պետության խորհրդանիշը առաջին հերթին պետական գործիչն է և ապա նոր մշակութային անհատը՝  դասական է դրամահատության պատմության մեջ դեռևս անհիշելի ժամանակներից, երբ աշխարհիս երեսին առաջին դրամներն էին հատվում:

Ու երևի թե սխալ չէր լինի մեզ գոնե տեսողական առումով տրամադրեինք դրամների վրա առաջին հերթին պետություն, հետո միայն մշակույթ, դեռ ավելին՝  կրոն տեսնելուն, և գուցե այդ ժամանակ արդեն հայրենիքի զավակից կվերածվեինք պետության քաղաքացու:

…Եվ կգան ժամանակներ…

Անդին 6.2017

 

 

 

Կարծիքներ

կարծիք