Պոեզիա

IMG_2995 (2)

«Շվեյցարական նոթատետր»-ից

***

Կամուրջները նրա համար են,

որ միավորեն մարդկանց:

Ես դանդաղ քայլում եմ Մոնբլան կամրջով

ու փորձում հիշել, թե այդ երբ ստեղծվեց

կամրջի անհրաժեշտությունը մեր միջև:

Լեմանն ի պատասխան իր ալիքներն է թոթվում

ու ակնարկում, որ սա աշխարհի

ամենախաղաղ երկիրն է,

ամենափոքրը մեծ քաղաքներից,

ու դիմացիս մեծ ժամացույցը

ծաղիկներով է ժամը հուշում,

թե հարցնեն՝ ժամը քանի՞սն է,

կասեմ՝ ծաղկանց ծաղիկ րոպե,

ու ժամանակը կբուրի ծաղիկներով…

Չեմ շտապում քայլել կամուրջի վրայով՝

հուսով, որ հետզհետե կծաղկեն ժամերս,

չեմ վախենում կորչել այս քաղաքում

ոչ թե, որ աշխարհի ամենաապահով քաղաքն է,

այլ որովհետև թողել եմ ինձ տողերիս,

էջերիս արանքներում,

ուր ապահովն է ամենա,

ու թե հավաքեմ ինձ տողերիս միջից,

գուցե շտապեմ քայլել առաջ…

Կամուրջները նրա՞ համար են,

որ միավորեն…

 

***

ժնև: Լեման: Նավահանգիստ:

Երկինք խաղաղ:

Ես բերել եմ հեռուները.

ծանր է բեռը:

Դու կարծում ես՝ ես հեռո՞ւ եմ.

բոլորովի՛ն.

ահա իմ բեռը, ահա և ես:

Բայց՝ ոչ. չեզոք երկիր է սա.

կթողնեմ այստեղ իմ բեռը՝

չեզոք երկրում չեզոքանա:

Նավահանգիստ: Լեման: Ժնև:

Խաղաղ երկինք:

Ահա և վերջ:

***

Առավոտյան, երբ մարդ չկար,

շուրջս նայեցի գաղտագողի,

խոնարհվեցի, համբուրեցի վարդին,

բայց բռնացրեցի վրաս

հողի հայացքը տերևների արանքից:

Ժպտաց բազմանշանակ ու խոր,

սարսռացի.

«Մարդու չեմ ասի,

ու ոչ էլ ուրիշ վարդի,

բայց իմացի՛ր, ամեն բան գին ունի.

վարդի համբույրն ու բույրը, որ առար նոր,

ես եմ տվել, դու ինձ ես պարտական,

այսօրվանից սպասում եմ քեզ՝

պիտի տրվես ինձ

ընդմիշտ, մի օր…»:

 

***

Նորից: Դարձյալ:

Ու այսպես ամեն անգամ:

Երբ հեռվում եմ,

առավոտյան աչքերս փնտրում են

Արարատի բարի լույսը:

Սի՛րտ, հանգստացի՛ր,

նա իր տեղում է,

դու քե՛զ նայիր, որ չկորչես:

Նա իր ճամփորդությունը

վաղուց ավարտել է

ու հաստատվել բիբլիականում:

Գուցե նաև նրա համար,

որ իր հեռվից

օրդ օրհնի,

որ չկորչես

քո օրերի հեռվում օտար:

 

***

Հիմա, երբ համարյա չունեմ ժամանակ,

քայլերս արագ-արագ

ժամանակի գծով տանում են այնտեղ,

ուր առավոտյան վարդն է.

այնտեղ ապրելու մաքուր հայացք կա

ու ժամանակի դող…

տեսնես վարդին

ինչքա՞ն ժամանակ է պետք

թերթիկները բացելու համար…

***

ժնև: Ամառն է երգում իր վերջաբանը:

Մոխրագույն փողոցներն ու շենքերը վկայում են,

որ ամեն բան գալիս է հեռվից…

Օգոստոսն է հակվում էջերիս վրա,

փորձում մենության նոր էջ թերթել,

ես ամռանը մինչև վերջ կուղեկցեմ այստեղ,

քիչ արցունքոտ են աչքերը նրա.

թևանցուկ կանցնենք իր ճանապարհը,

ահա սահմանը. սառն է ամառը,

ճանապարհը տանում է հեռուներ,

հրաժեշտի անձրևն է սա.

այդ ե՞ս, թե՞ ամառն է երգում

իր վերջաբանը…

 

Ասք աղբանոցի

Երբ սիրտս տխրում է ցավերից

ու դավերից է դառնանում,

հանկարծ հիշում եմ այն ծաղիկը,

որ տեսա աղբանոցում…

Տեսի՞լք էր, աչքի՞ս էր երևում,

բայց դա չքնաղ մի ծաղիկ էր՝

բուսնած աղբանոցում…

Կեղտ, գարշահոտ, հանկարծ՝ ծաղիկ,

և սիրտս տրոփել սկսեց այնպես,

ասես մինչ այդ կյանքում երբեք

չէի տեսել ես գեղեցիկ…

Հաղթանակն էր նա մաքրության

ու վկայությունը գեղեցիկի,

ասես ձոն էր հերոսության

ու գովերգումը ազնիվի…

Երբ սիրտս տխրում է ցավերից

ու դավերից է դառնանում,

պիտի հիշեմ ես այն ծաղիկը,

որ աճել էր աղբանոցում…

***

Երկու օր չջրեցի ծաղիկս,

չորացավ:

Շրջում եմ մեղքի զգացումով.

Աստված, երևի, դրա համար էլ

ստեղծել էր ծաղիկը

որպես հիշեցում,

որ գեղեցկությունը պատրաստ է

մեռնել ամեն վայրկյան…

 

Բանաստեղծը

Բանաստեղծության տողերի միջև

նա գնում-գալիս է անհանգիստ,

բանաստեղծության տողերի միջև

չկա մուտք, չկա ելք:

Բանաստեղծության տողերի միջև

սիրտ է բաբախում ուժգին:

Նա ընտրում է ամենաբարձր տողը

ու այնտեղից ցած նետվում:

Նրան իր գիրկն է առնում ամենավերջին տողը,

ու չկա փրկություն,

(արդեն որերորդ անգամ)

բանաստեղծությունից նրան փրկում է

բանաստեղծությունը:

 

***

Ժպիտ

ու քամու սահք թեթև,

ժպիտ

ու ճերմակ ամպի քուլա,

ժպիտ

ու ծովի շուրթն է բացվում ալիքով,

ժպիտ

ու Մոնա Լիզա…

Աստված, երևի,

ժպիտով է արարել աշխարհը,

ու չգիտեմ՝ կյա՞նքն է

ավելի լայն ժպտում,

թե՞ մահը…

Անդին 9. 2017

 

Կարծիքներ

կարծիք