Ֆրիտյոֆ Նանսեն. Մերձավորի հանդեպ սիրո վերածնունդը

 

250px-Fridtjof_Nansen_LOC_03377u

Եզակի և անկրկնելի, Աստծո և նախախնամության կամքով աշխարհ եկած մարդկանց մի տեսակ կա, որոնց կյանքը հավասարազոր է մեծագործության, որոնց մասին խոսելիս, մտածելիս, գնահատելիս, երազելիս կամա-ակամա դիմում ես «Մեծ»՝ շաբլոն ու միաժամանակ անփոխարինելի բառի օգնությանը:

Ահա Նանսենը. նիհար, բարձրահասակ, բեղավոր, լուրջ, չարաճճի ու միաժամանակ անհավատալիորեն, սարսափելի թախծոտ. այս վիկինգի անվան կողքին ահա արդեն հարյուր և ավելի տարի դրվում է «Մեծ» մասնիկը. Մեծ բևեռախույզ, Մեծ գիտնական, Մեծ հումանիստ, Մեծ, հայասեր, Մեծ մարդ… Հոժարակամ, ուրախությամբ և ցնծությամբ ընդունենք գնահատումը, որն անցել է ժամանակի փորձության միջով: Մեր կողմից ավելացնենք միայն մեկ բան. այս կամ այն բնագավառում «Մեծ» լինելու համար անհրաժեշտ է անպայման բավարարել մեկ նախապայման. լինել «Մեծ» որպես մարդ: Նանսենը նախ և առաջ այդպիսին էր: Վկա՝ նրա աճյունասափորն ու հուշաքարը Ծիծեռնակաբերդի Հիշատակի պատի պահարաններում. այստեղ միայն Մեծ մարդիկ են, նրանք, ովքեր ի ծնե անդամ են նանսենյան՝ «Մերձավորի հանդեպ սիրո վերածննդի»  ուխտին:

Մենք՝ հայերս, լավ գիտենք Ֆրիտյոֆ Նանսենի կյանքն ու գործը: Այնուամենայնիվ վերհիշենք փոքր-ինչ.

Ֆրիտյոֆ Նանսենը դանիացի հոր և նորվեգուհի մոր զավակ է, ծնվել է 1861 թվականին Քրիստիանիայի (Օսլո) մոտ գտնվող Լյուսակեր դաստակերտում (ի դեպ, հետագայում հատուկ անվան է արժանանում նաև նրա առանձնատունը. բարեկամներից մեկը այն կատակով անվանել է «Պուլհյոգդա», ինչը, չնչին փոփոխությամբ, վերածվում է բառախաղի. բանն այն է, որ մոտավորապես այսպես է հնչում և այն միջօրեականը, որին հասել էր Նանսենը Հյուսիսային բևեռում (86,14), և վիսկին՝ սոդայաջրով. այս վերջինը չափազանց հարգի էր «Պուլհյոգդայում» մինչ… Նանսենի ծանոթությունը հայկական կոնյակին):

Նա ավարտել է ռեալական ուսումնարան, ապա, բնականաբար, համալսարան: Ապագա նշանավոր ճանապարհորդը, բևեռախույզը, օվկիանոսագետը, գիտնականը, հումանիստը, հասարակական գործիչը, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրը և այլն, և այլն, մասնագիտությամբ բնագետ էր: Նրա առաջին գիտական աշխատության անվանումը չափազանց բարդ է ըստ իս («Նյութեր միզոստոմների անատոմիայի և հիստոլոգիայի մասին»), և հիշողությունը սրանով ծանրաբեռնելու կարիք չկա: Հիշենք թերևս ավելի կարևոր բան. այս աշխատության համար նորատի գիտնականն արժանանում է ոսկե մեդալի և առաջարկում ոսկու փոխարեն իրեն տալ… պղնձե մեդալ՝ ոսկու արժեքը տրամադրելով հետագա ուսումնառությանն ու գիտական գործունեությանը:

Այս նախնական փաստը, ինչ խոսք, վկայում է չափազանց ինքնատիպ և նպատակասլաց, նաև ճղճիմ նյութից (խոսքը վերաբերում է ոչ միայն ոսկուն) վեր կանգնած հոգեկերտվածք. Մեծ մարդ Ֆրիտյոֆ Նանսենը անում է առաջին քայլն այն ճանապարհի, որը նրան բևեռային սառույցների միջով տարավ դեպի Լյառն Արարատ և հասցրեց… անմահության:

Նանսենն սկսում է զբաղվել գիտական աշխատանքով: Սակայն վիկինգի անհանգիստ արյունը դադար չի տալիս նրան. դանի սառնասիրտ հետևողականությունը և նորվեգի խենթ որոնումը նրան մղում են ուղևորության և հետազոտության: 1882 թվականին՝ քսաներկու տարեկան հասակում, նա առաջին անգամ մասնակցում է արկտիկական արշավի: Նավը, ինչպես կռահում եք,«Վիկինգն» էր: Այդ ժամանակներից ի վեր նրա մեջ բույն է դնում բևեռախույզի անդադրում ոգին, ոգի, որին նա նվիրաբերվում է ինքնատիպ խիզախումով և… շռինդով:

1893 թվականին Նանսենը ձեռնարկում է իր հռչակավոր ուղևորությունը «Ֆրամ» («Առաջ») նավով: Նրա մտահղացումը առավել քան խելահեղ էր. հասնել դրեյֆող սառույցներին և նրանց հոսանքի հետ ուղևորվել դեպի Հյուսիսային բևեռ. այն, ինչ խանգարում էր բևեռախույզներին, Նանսենի մտահղացմամբ, պետք է օգներ նրանց:

Սակայն այս ձեռնարկը «փոքր-ինչ» ավելին էր, քան անսանձ մտքի թռիչքը: Այն մարտահրավեր էր անհայտությանը: Անհայտի միջոցով հայտնագործության հասնելու փիլիսոփայություն: Ինքնասպանության հավասարազոր խենթություն:

Սկզբում, Նորվեգիայի հյուսիսում գտնվող Վարդյո նավահանգստից դուրս գալով, «Ֆրամը» ուղևորվում է արևելք, անցնում Բարենցի, Կարայի, Լապտևների ծովերը, հասնում Նորսիբիրյան կղզիներ, տրվում դրեյֆող սառույցներին և ինքն էլ իբրև մի դրեյֆող հույս նրանց հոսանքով շարժվում դեպի հյուսիս և արևմուտք: Դա 1894 թվականն էր: 1895 թվականի մարտին «Ֆրամը» հասնում է 86,5 լայնության: Բայց զգալով, որ խորջրյա հոսանքները նավը տանում են դեպի հարավ, Նանսենը դիմում է էլ ավելի խելահեղ քայլի. թողնում է նավն ու լեյտենանտ Յոհանսենի հետ շնասահնակներով, դահուկներով ուղևորվում դեպի հյուսիս: Գերմարդկային ջանքերի գնով նրանք հասնում են 86,14 լայնության: Դա առավելագույնն էր, ինչ տրված էր նրանց: Մարդկային հնարավորությունը շատ հաճախ անզոր է հասնել մտքի թռիչքի ու երազանքի հետևից: Ուժասպառ, տանջահար, սառցակալած և սովահար՝ նրանք ի վերջո ուղևորվում են դեպի հարավ՝ Ֆրանց Իոսիֆ կղզի, և ձմեռում այնտեղ: Սակայն սա էլ փրկություն չէր: Սպառվում էին բևեռախույզների վերջին ուժերը: Աստված գիտի, թե ինչ կպատահեր նրանց, եթե ժամանակին չհասներ, ավելի ճիշտ՝ պատահաբար նրանց չգտներ անգլիացի Ջեքսոնի արշավախումբը: Նանսենը մայրցամաք է վերադառնում 1896 թվականի օգոստոսին՝ ՙՖրամից՚ հեռանալուց տասնյոթ ամիս և ուղևորության սկզբից ավելի քան երեք տարի անց:

Որպեսզի ավելի հստակ պատկերացում տանք Նանսենի գործունեության այս ոլորտի մասին, դիմենք «Հայկական սովետական հանրագիտարանի» 8-րդ հատորի 178-179 էջերի օգնությանը. «Հաջողությամբ է ավարտվել Նանսենի տիտանական սխրանքը, և մեծացել է նրա համաշխարհային հռչակը: Նրա առաջ, գրել է ժամանակակիցներից մեկը, խոնարհվել է Փարիզը, Բեռլինը զգաստ է կանգնել, Պետերբուրգը տոնում էր, Լոնդոնը՝ ծափահարում, Նյու Յորքը՝ փոթորկվում…»:

Նանսենը 1900-ին մասնակցել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հոսանքներն ուսումնասիրող գիտական արշավախմբին, 1902-ին հիմնել է օվկիանոսագիտության լաբորատորիա (Քրիստիանիա), Ծովերի ուսումնասիրման միջազգային խորհրդի (Կոպենհագեն) կազմակերպիչներից էր, դրան զուգահեռ ստեղծել է նաև սարքավորումներ՝ բարոմետր և ճշգրիտ աերոմետր:

Այս թեման կարելի է շարունակել երևի անվերջ: Սակայն անդրադառնանք Նանսենի գործունեության առավել ծանր ու դժվարին ոլորտին, երբ նա, Արկտիկայի սառույցներն հաղթահարելուց հետո, փորձեց հաղթահարել մարդկային սրտերի սառույցը:

Սա, իհարկե, անհամեմատ ծանր ու դժվարին աշխատանք էր: Երբեմն՝ անհույս: Սակայն այստեղ էլ Նանսենը վիթխարի արդյունքների հասավ: Թերևս միակ ձախողվածը նրա հայկական ծրագրերն էին… ինչպես չկարողացավ հասնել Հյուսիսային բևեռ, այնպես էլ չկարողացավ հասնել Հայկական բևեռ, չկարողացավ իրագործել հայությանն առնչվող իր ծրագրերը: Սա, իհարկե, բնավ չի նսեմացնում Նանսենի ջանքն ու ներդրումը: Գուցե ընդհակառակը…

1918 թվականին ավարտվեց մարդկության հերթական դիվային խրախճանքներից մեկը՝ Առաջին համաշխարհային պատերազմը: Եվրոպայում կարծես սկսեցին մարդկային ձայներ լսվել:

Այս ընթացքում Նանսենը կյանքի կոչեց երեք վիթխարի գործ: Լինելով նորաստեղծ Ազգերի լիգայի կոմիսար (գլխավոր, տարբեր ժամանակներում, տարբեր հարցերի գծով)՝ նա կազմակերպեց ռազմագերիների փոխանակումը, գաղթականների տեղափոխումն ու վերադարձը, սովից փրկեց Պովոլժիեի սովյալներին՝ ավելի քան վեց միլիոն մարդու:

Պատկերացրեք, որ այն ժամանակ Եվրոպայում կար մոտ երեք միլիոն գաղթական ու վտարանդի, մեծ մասը՝ հույներ, ռուսներ, հայեր: Ավելի քան մեկուկես միլիոն ռազմագերի՝ Խաղաղ օվկիանոսի ափերից մինչև Ատլանտյան օվկիանոս: Այդքան ճակատագիր: Այդքան ողբերգություն: Եվ բոլորը մի մարդու՝ Նանսենի հույսին:

Այս ժամանակաշրջանում են ի հայտ գալիս փրկարար Նանսենյան անձնագրերը:

Գաղթականները, վտարանդիներն ու փախստականները, որոնք մի բառով կոչվում էին «ապատրիդներ», չունեին քաղաքացիություն: Այդ անհայրենիք, թշվառության և անտերության մատնված մարդիկ ասես… գոյություն չունեին: Անձնագիր չունենալ՝ նշանակում էր չլինել և չունենալ որևէ իրավունք: Չլինել մարդ: Նանսենը նրանց վերադարձրեց այդ իրավունքը: Գուցե նաև ինչ-որ չափով վերականգնեց սասանված հավատը մարդկության և մարդկայնության հանդեպ:

Նրա առաջարկով Ազգերի լիգան հաստատեց վկայագրեր՝ Նանսենի ստորագրությամբ, գերբի փոխարեն՝ Նանսենի դիմանկարով դրոշմանիշ: Այս էր Նանսենյան անձնագիրը: Այն անցնում էր հիսուներկու երկրում: Արևմտահայերի ազգային պատվիրակության ջանքերի շնորհիվ Նանսենյան անձնագրեր ստացան նաև հայ գաղթականներ. շուրջ 320 հազար մարդ:

Սա 1922 թվականն էր: Իսկ երկու տարի անց՝ 1924-ին, նույն պատվիրակության նախաձեռնությամբ Ազգերի լիգան դիմում է Նանսենին՝ առաջարկելով ստանձնել հայ գաղթականներին Հայաստան վերադարձնելու գործը: Գործ, որը, ինչպես պարզվեց, վեր էր նույնիսկ Նանսենի ուժերից:

Նանսենը սկզբում հրաժարվում է Ազգերի լիգայի առաջարկից: Գաղթականների և ռազմագերիների հարցերով զբաղվելիս և մանավանդ Պովոլժիեի սովյալներին օգնություն ցուցաբերելիս նա այնքան էր բախվել պետությունների մորթապաշտությանը, շահախնդրությանը և խարդավանքներին, որ զզվել էր պարզապես: Բայց կան մարդիկ, ովքեր չունեն անձնական կյանք. նրանց անձնական կյանքը այլոց կյանքով ապրելն է: Իսկ Հայոց հարցը բարդ էր, ինչպես միշտ: Ինչպես հետագայում պարզվեց, իրոք անլուծելի՝ Արևմտյան տերությունների խարդավանքների և Խորհրդային Միության դեմագոգիայի պատճառով:

Բոլշևիկներն արդեն կերտել էին թշնամի Արևմուտքի կարծր ու անփոփոխ կերպարը և վարում էին միայն իրենց բնորոշ ֆանտաստիկ հետևողական քաղաքականություն: Սրա առաջին զոհերից մեկը Նանսենյան առաքելության ձախողումն էր:

Նանսենյան առաքելությունը ենթադրում էր Հայաստանում ստեղծել ոռոգելի, բնակության համար պիտանի տարածք և այնտեղ տեղափոխել հայ գաղթականների որոշակի բազմություն՝ մոտ 50000 մարդ:

Բայց ամեն գործ ծախս է պահանջում: Արևմուտքը խոստացավ, բայց այլևայլ պատրվակներով չտրամադրեց դրամական օժանդակություն: Բոլշևիկները խոստացան, բայց ի վերջո դեմագոգիկ կերպով մերժեցին Ազգերի լիգայի և Նանսենյան առաքելության առաջարկները:

Այնուամենայնիվ Նանսենը Նանսեն չէր լինի, եթե անարձագանք թողներ իրեն ուղղված օգնության կանչը: Հիշում եմ, մեր մանկության տարիներին ցուցադրվում էր Նանսենին նվիրված մի կինոնկար: Դրվագներից մեկում էկրանին հայտնվում են մի խումբ մարդիկ, և դու, որ դեռ չգիտես Նանսենի կենսագրությունը, այդ մարդկանց տեսնելիս առաջին իսկ հայացքից արդեն գիտես, որ նրանք հայեր են, իսկ ֆիլմի հերոսը որոշակի կապ ունի քո անձնական ճակատագրի հետ: «Դուք Նանսենն եք, Դուք կօգնեք մեզ»,- ասում է հավերժական տխրությունը աչքերի խորքում թաքցրած մի կին, և ոչ միայն մենք՝ միամիտ երեխաներս, այլև Նանսենն ինքը հավատում է, որ, իրոք, կարող է օգնել մեզ…

Նա հանձն է առնում այդ դժվարին առաքելությունը: Բայց նախ և առաջ հավաստիացումներ է ստանում Ազգերի լիգայից, սա իր հերթին՝ Արևմտյան տերություններից, որ կտրամադրվի գումար՝ փոխառության կամ այլ տեսքով: Սակայն այս ծրագիրը՝ Հայաստանում ոռոգելի դարձնել որոշակի տարածք և այն բնակեցնել գաղթականներով (ի դեպ, ծրագիրն առաջ էին քաշել Սփյուռքի կազմակերպությունները), կարծես ի սկզբանե դատապարտված էր անհաջողության: Չնայած Նանսենի ջանքերին ու հեղինակությանը: Չնայած Արևմուտքի և Խորհրդային Միության խոստումներին և հավաստիացումներին: Չնայած սփյուռքահայ կազմակերպությունների և բարերարների պատրաստակամությանը՝ հանգանակության և նվիրատվության միջոցով հայթայթել որոշ գումար: Չնայած Հայաստանի կառավարության ցնծագին համաձայնությանը: Մոգական, կախարդական, անանցանելի շրջան էր: Բայց ողջ միստիկան, ինչպես ասվեց, այլ տեղ էր:

Այնուամենայնիվ: Նանսենը հանձն է առնում օգնել հայությանը: Ազգերի լիգայի տնօրինությամբ ստեղծվում է հատուկ հանձնախումբ: Սկսվում են բանակցություններ: Հայաստան են գալիս հանձնախմբի անդամներ, մասնագետներ: Սակայն ինչպես այլ դեպքերում, այս անգամ էլ Նանսենը ցանկանում է իր աչքով տեսնել իրադրությունը, անձամբ ներկա լինել ու մասնակցել գործին: Ծրագրվում է նրա այցը Հայաստան: Բացի գործնականից Նանսենը հետապնդում էր նաև այլ նպատակ. լինել քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկում, ծանոթանալ հայ ժողովրդի և մշակույթի հետ:

1925 թվականի հունիսին Նանսենը մեկնում է Հունաստան, ապա՝ Պոլիս, ծանոթանում այնտեղ գտնվող հայերի վիճակին: Պարզ է՝ այն ողբալի էր: Նանսենը, որը ժամանակին դատապարտել էր և՛ Աբդուլ Համիդի արյունարբու քաղաքականությունը, և՛ երիտասարդ թուրքերի գազանաբարո վարքն ու Մեծ եղեռնը, վերստին համոզվում է, որ հայությանը կարող է օգնել միայն մի բան՝ վերադարձը Հայրենիք (քննարկվում է նույնիսկ Թուրքիայի տարածքում «Հայկական օջախ» ստեղծելու տարբերակը. Թուրքիայի տարածքում՝ հայկական օջախ…): Պոլսից նա նավով ուղևորվում է Բաթում, ծովափնյա քաղաքներում տեսնում թուրքական սպանդի հետքերը: Բաթումից նրա պատվիրակությունը գնացքով ուղևորվում է Հայաստան՝ Երևան:

Երևանում նրան դիմավորում են պատրաստակամությամբ, հարգանքով, պատկառանքով և ցնծությամբ: Նանսենը շրջում է Հայաստանով մեկ, ծանոթանում հայ մշակույթին, որը նրա վրա թողնում է վիթխարի տպավորություն, ծանոթանում է հայ մարդու անզուգական հոգուն, ձեռք բերում բարեկամներ, լինում է Էջմիածնում, տեսնում ձեռագիր մատյանները, լինում է նաև Ալեքսանդրապոլում, տեսնում աշխարհի ամենամեծ որբանոցը, մասնակցում Շիրկանալի բացմանը և այնքան ոգևորվում բազմության ցնծությամբ, որ իր լայնեզր, եվրոպական գլխարկը նետում է ջուրը՝ տեղացիների գդակներին ի ընկերակցություն:

Բնականաբար, նրա ծրագրերը ենթարկվում են լրջագույն քննարկման:

Սկզբում քննարկվում է Սարդարապատի տարածքը յուրացնելու տարբերակը: Սակայն արդեն պարզ էր, որ դրա համար անհրաժեշտ գումարը՝ մոտ 9 միլիոն ռուբլի (6-ը՝ ոռոգման և յուրացման, 3-ը՝ գաղթականների տեղափոխման, կացարանների և այլ ծախսերի համար), անիրականալի երազանք էր, Նաիրյան ցնորք:

Քննարկվում են այլ տարբերակներ (Ղռեր, Քանաքեռ, Գառնի, Զանգվի ափեր, Դվին, Սև ջուր, Զանգիբասար…): Կարծես գալիս են ընդհանուր հայտարարի, կանգ առնում որոշակի տարբերակի վրա, հրաժարվում 45-50 հազար գաղթական տեղավորելու մտքից, համակերպվում ընդամենը 15 հազարին օգնելու մտքի հետ: Այս ծրագրի համար արդեն անհրաժեշտ էր ոչ թե 9, այլ 5 միլիոն ռուբլի: Նանսենի հանձնախումբը հանձն է առնում ձեռք բերել փոխառություն, օգտագործել սփյուռքահայ կազմակերպությունների և նվիրատուների միջոցները, կազմակերպել գաղթականների տեղափոխումը և այլն: Հայաստանի կառավարությունը հանձն է առնում երաշխավորել փոխառության մարումը և այլն:

Բայց Երևանը որոշում է, Մոսկվան՝ տնօրինում: Թեև Երևանում ստորագրվում է հուշագիր, սակայն հետո՝ Ազգերի լիգայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, Հայաստանի պատվիրակը փայլուն է կատարում Մոսկվայի հանձնարարությունն ու փաստորեն վիժեցնում և՛ բանակցությունները, և՛ բուն ծրագիրը:

Սա՝ հետո: Բայց մինչ այդ՝ Հայաստանում եղած ժամանակ, Նանսենյան առաքելությունը կարծես գալիս է ընդհանուր և վերջնական եզրահանգման: Ճիշտ է, ոչ այն չափով, ինչ նախատեսվում էր ի սկզբանե, բայց գաղթականներին օգնելու, օժանդակելու, փրկելու ինչ-ինչ իրական հնարավորություններ կարծես ի հայտ են գալիս:

Հուլիսի 1-ին Նանսենը հրաժեշտ է տալիս Հայաստանին, մեկնում Թիֆլիս, այստեղից՝ Կասպից ծովով, Պովոլժիե, այցելում իր ջանքերով սովամահությունից փրկված վայրեր, անցնում Մոսկվա, հանդիպում Չիչերինին, հավաստիանում, որ ԽՍՀՄ պետբանկը պատրաստ է երաշխավորել փոխառությունը, ապա վերադառնում է Եվրոպա՝ Ազգերի լիգա…

Այստեղ, ինչպես ասվեց, ամեն ինչ շրջվում է գլխիվայր: Արևմուտքը Նանսենի ծրագիրը դիտում է որպես օգնություն Սովետներին: Խորհրդային Միությունը այն դիտում է որպես իր ներքին գործերին միջազգային իմպերիալիզմի միջամտելու փորձ: Անգլիան, Չերչիլի բերանով, հրաժարվում է փոխառության իր բաժինը հատկացնելուց, մյուս երկրները տատանվում են: Խորհրդային Միությունը հրաժարվում է փոխառության հստակ երաշխիքներ տալուց:

Նանսենը չի հանձնվում, մաքառում է մարդկային հոգու սառույցների դեմ այնպես, ինչպես ժամանակին մաքառել էր բևեռային սառույցների դեմ: Թեև նա փորձում է համաձայնության եզրեր գտնել կողմերի միջև, հասնում է զիջումների, դիմում է հասարակական կարծիքին, տպագրում ՙՀայ ժողովուրդը՚, ՙՀայաստանի տառապյալ պատմությունը՚ հոդվածները, դիմում Եվրոպայի խղճին՝ կոչ անելով բաց չթողնել հայ ժողովրդի հանդեպ մեղքը գոնե մասամբ քավելու հնարավորությունը… Բայց սայլը տեղից չի շարժվում:

Նանսենը փորձում է որպես կռվան օգտագործել հայկական միությունների նվիրատվությունները, կազմակերպել հանգանակություն, ինչպես Պովոլժիեի սովյալներին օգնելիս էր տրամադրել իր Նոբելյան մրցանակը, այնպես էլ հիմա գործին ընթացք տալ իր անձնական միջոցներով, բայց…

Սկսվում են երկարատև, անպտուղ բանակցություններ, անիմաստ քննարկումներ, անվերջանալի թղթարարություն: Գործը մտնում է փակուղի:

Դառնացած Նանսենը դիմում է հուսաբեկ քայլի: 1929 թվականի սեպտեմբերին, ելույթ ունենալով Ազգերի լիգայի ընդհանուր ժողովում, նա առաջարկում է դադարեցնել հայ գաղթականներին Հայաստանում բնակեցնելու հարցի քննարկումը, հարցը հանել Ազգերի լիգայից:

Դա նրա վերջին ելույթն էր Ազգերի լիգայում՝ լի դառնությամբ, վրդովմունքով, ցավով ու ցասումով. «Տիկնայք և պարոնայք, ես պետք է խոստովանեմ, որ այս զեկուցագիրը ձեզ եմ ներկայացնում արյունաթոր սրտով»,- ի լուր աշխարհի հայտարարում Մեծ մարդը և հեռանում:

Որպեսզի պատկերացում կազմենք Նանսենի ծանր ապրումների մասին, դիմենք նրա կենսագիրների օգնությանը.

Լ. Հոկկերը գրում է. «Նանսենը արյունաշաղախ սրտով Ազգերի լիգայի ամբիոնից հայտարարեց, որ իր կողմից Հայկական հարցի հետամտումը ներկա իրադրության մեջ թվում է անհուսալի, և նա առաջարկում է Հայկական հարցը հանել Ազգերի լիգայի օրակարգից»:

Ն. Հոել-Բեկկերն իր հերթին հավելում է, որ դա Նանսենի ամենածանր ժամն էր: Նա գրում է.«Խոստացված փոխառությունը մերժվեց բացառապես քաղաքական պատճառներով: Դա Նանսենի մեջ առաջացրեց խոր հիասթափություն մինչև մահը… Նա խոր հարգանք էր տածում դեպի հայերը և հիանում էր նրանցով: Նա դառն ամոթ էր զգում, որ չկատարվեցին Արևմտյան տերությունների շատ խոստումներ»:

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ այն բոլոր անձինք, ովքեր հայությանն օգնելու և օժանդակելու ջանք են գործադրել, իհարկե, այդ ամենը արել են իրենց մեծ սրտի մղումից: Բայց և գնահատելով հայ ժողովրդին, գնահատելով և սիրելով մեր տեսակը, մշակույթը, անուրանալի ներդրումը համաշխահային քաղաքակրթության մեջ, այն տիտանական ջանքն ու տառապանքը, որ հայը նվիրաբերել է՝ մարդկությանը Մարդ և Երկիր մոլորակը՝ Մարդկանց Երկիր դարձնելու ճանապարհին:

Ծանոթանանք նաև ֆրանսիացի գործիչ Ռ. Ռիստելուեբերի խոսքերին. ՙՆանսենը Հայկական հարցին նվիրաբերելով իր հոգին ու մարմինը՝ իրեն կրկնակի պարտավորված էր զգում: Առաջինը անկասկած այն պատճառով, որ նա, ելնելով մարդասիրական խոր զգացմունքներից, ակամայից նետվում էր դժբախտների պաշտպանությանը: Երկրորդը գուցե այն պատճառով, որ այդ դժբախտները հենց հայերն էին՝ տաղանդավոր և աշխատասեր մի ժողովուրդ, որը հրաշքներ է գործել պատմության մեջ, բայց և ապրել ահավոր ողբերգություն: Այս աշխարհից հեռանալիս Նանսենի ամենամեծ վիշտն այն էր, որ առաջին անգամ նրան չհաջողվեց հասնել իր նպատակին»:

Ինքը՝ Նանսենը, վերը հիշատակված ելույթում շեշտել է, որ «հայ ազգը ունի նշանավոր պատմություն և կարևոր ներդրում քաղաքակրթության մեջ: Բայց նրան բաժին են ընկել նաև ահավոր տառապանք ու կոտորած: Դա հատկապես զգացվեց վերջին պատերազմի ժամանակ, երբ թուրքերը գազանաբար հոշոտեցին հայերին: Մեծ պետությունների հորդորանքով բազմաթիվ հայեր կռվեցին նրանց բանակներում, բայց դաշնակիցները չկատարեցին իրենց հայանպաստ խոստումները: Ես համոզված եմ, որ համաշխարհային պատմության մեջ ոչ մի ժողովուրդ չի ենթարկվել այնպիսի վատ վերաբերմունքի, ինչպես հայ ժողովուրդը: Եվ ոչ մի ժողովուրդ չի տառապել այդպես դաժանորեն»:

Նանսենի ծրագիրը ձախողվեց: Բայց մնաց սերը: Նրա սերը հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ եթե խոսենք գնահատումներով, ապա պետք է ասել, որ Նանսենը անգնահատելի ծառայություն մատուցեց հայ ժողովրդին իր ՙՀայաստանում՚ աշխատությամբ (հիշատակենք, որ այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և հրատարակվել տարբեր անվանումներով: Ի մասնավորի՝ գերմաներեն և հայերեն հրատարակությունները կրում են «Խաբված ժողովուրդ» անվանումը): Այստեղ Նանսենը մանրամասնորեն ներկայացնում է իր Առաքելության ծրագիրն ու ձախողման պատճառները: Բայց գիրքն ունի նաև այլ՝ նույնպես վիթխարի արժանիք: Նանսենը երկու ծավալուն գլուխ նվիրել է հայ ժողովրդի և Հայաստանի պատմությանը: Ավելորդ է ասել, թե ինչ ազդեցություն են գործել Նանսենի ստորագրությամբ հրապարակված այդ վկայությունները:

…Նրա համեստ շիրմաքարը հանգչում է իր առանձնատան բակում: Այն ուխտատեղի է: Նրա համեստ հուշաքարը հանգչում է Ծիծեռնակաբերդի Հիշատակի պատի վրա: Հուշաքարին գրված է. «Ֆրիտյոֆ Նանսեն. 1861-1930»: Ընդամենը: Բայց այն նույնպես ուխտատեղի է: Եթե ոչ բոլորի, ապա գոնե նրանց համար, ովքեր հավատում են մերձավորի նկատմամբ սիրո վերածննդին: Եվ արդարության հաղթանակին: Եվ մարդկությանը: Եվ հայությանը: Իր վեհ ու գեղեցիկ կյանքի ընթացքում Նանսենը բազմաթիվ մեծագործություններ է իրականացրել: Բայց նրա ամենամեծ գործը, ըստ իս, Մերձավորի հանդեպ սիրո վերածննդի հավատամքն էր, որը կյանքի կոչեց նա և ապրեց՝ նվիրաբերվելով նրան:

ՎԿԱՅԱՐԱՆ

Ֆրիտյոֆ Նանսենը Մեծ եղեռնի մասին

Երիտթուրքերի ծրագիրն էր ստեղծել ինչ-որ «մեծ Թուրքիա» թրքախոս և բացառապես թրքական վարչակազմով: Անգամ արաբներն էին հեռացված լինելու հասարակական գործերից: Ինչ վերաբերում է քրիստոնյաներին, հատկապես հայերին, ապա պետք էր նրանց ստիպել մեկընդմիշտ լռել…

Հայերին հալածելու երիտթուրքերի և հին թուրքերի քաղաքականության մեջ եղած միակ տարբերությունն այն էր, որ առաջինները հետևում էին լավ կազմակերպված ծրագրի և այդ պատճառով էլ շատ ավելի վտանգավոր էին…

Երիտթուրքերի պարագլուխները ծրագրել էին ամբողջությամբ բնաջնջել այդ «խառնամբոխին»: 1915 թվականի փետրվարի 18-ի թվակիր նամակում, որը «պատասխանատու իշխանությունների հրամանով» գրել էր երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից մեկը և հասցեագրված էր պատերազմի տարիներին Սիրիայի բռնապետ Ջեմալ բեյին, իրոք հայտարարված էր, որ կոմիտեն որոշել է թուրքական հայրենիքը մաքրել «այդ անիծյալ ազգից՝ հայրենասիրական մղումներով իր վրա վերցնելով պատասխանատվությունը այն խայտառակության համար, որը սև բիծ կնետի օսմանյան պատմության վրա: Կոմիտեն… որոշեց կոտորել Թուրքիայում ապրող բոլոր հայերին՝ չխնայելով ոչ մի հոգու, և անսահմանափակ լիազորություններ ընձեռեց կառավարությանը, որը նահանգապետներին և բանակային հրամանատարներին անհրաժեշտ կարգադրություններ կանի կոտորածը կազմակերպելու համար»…

Թուրքերը որոշել էին օգտվել առիթից, որպեսզի մեկընդմիշտ վերջ տան այն ամենին, ինչը հայկական էր…

Դժբախտներին հսկայական շարասյուներով լեռներով քշում էին դեպի Արաբիայի անապատները… ոճրագործների նպատակների մեջ մտնում էր սովամահ անել նրանց, ովքեր չէին սպանվել կամ դեռևս չէին մահացել հյուծվածությունից…

Բազմաթիվ փաստաթղթերը ոչ միայն ցույց են տալիս դահիճների անմարդկայնությունը, այլև լիուլի ապացուցում, որ ամեն ինչ արվել էր երիտթուրքերի պարագլուխների ու նրանց կոմիտեի մանրակրկիտ նախապատրաստած ծրագրի համապատասխան…

1915 թվականի օգոստոսի 31-ին Թալեաթ բեյը գերմանացի դիվանագետներին հայտարարեց, թե «Հայկական հարց այլևս գոյություն չունի»: Նա իրավացի էր, քանի որ այդ ժամանակ տեղահանությունը ավարտված էր: Մնում էր միայն ազատվել հազվադեպ զոհերից, որոնք հրաշքով էին փրկվել մահվան ճամփաներով քայլելիս…

Սովի և հոգեվարքի այդ տեսարանների մեզ հասած նկարագրությունները իսկական մղձավանջի տպավորություն են ստեղծում: Դա դժոխք էր: Իսկ թուրքական իշխանությունները ամեն բան արել էին, որ խանգարեն նրանց, ովքեր փորձում էին օգնել այդ տարաբախտ մարդկանց…

Հայերի թշնամիները ապացույցներ էին փնտրում՝ նրանց նվաստացնելու այն բանի համար, որ լինելով այդքան բազմաթիվ՝ նրանք առանց դիմադրության թույլ տվեցին, որ իրենց քշեն սպանդի, թեև այդ կշտամբանքը հակասում է թուրքերի մեղադրանքին, որոնք ցանկանում էին իրենց զոհերին ներկայացնել իբրև վտանգավոր խռովարարների:

Նրանք (հայերը) ինչպե՞ս կարող էին պաշտպանվել ընդդեմ զինված ժանդարմների, զինվորների և «կամավորների» բազմաթիվ հրոսակախմբերի, եթե աշխատունակ տղամարդկանց մեծամասնությունն արդեն հավաքագրված էր զինվորական ծառայություն կրելու, իսկ ամբողջ բնակչությունը պարբերաբար զինաթափվում էր:

Սակայն ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր, հայերն արիաբար դիմադրում էին, երբեմն որոշակի հաջողությամբ, ինչպես դա եղավ Վանում և Կիլիկիայի լեռներում՝ Սուեդիայի մոտ: Ուրֆայում հայերը զոհվեցին հուսահատ պայքարից հետո: Ասենք, այն ժողովուրդը, որը մարտնչում է հանուն գործի, որը արդար է համարում… կարող է արհամարհանքով վերաբերվել երկչոտության բոլոր մեղադրանքներին…

Այդ գազանությունները իրենց չափերով ու նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմության մեջ հայտնի բոլոր վայրագությունները…

Գերմանիայի դեսպանի ներկայացուցիչներին Էնվեր փաշան պատասխանել էր, որ լիովին իր վրա է վերցնում պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ կատարվել է Անատոլիայում: Այդպիսով, նա և կառավարության մյուս անդամներն են իրենց վրա կրում ամբողջ խայտառակությունը այն բանի համար, որ թուրքական արյունոտ պատմությանը ավելացավ այնպիսի մի ահավոր գլուխ, որը ստվերի տակ է թողնում բոլոր նախորդները…

Հակոբ Սողոմոնյան

Անդին 8.2017

 

 

 

Կարծիքներ

կարծիք