Վահագնի ծնունդը. երգ այլմոլորակային ծագման մասին

DSC08452

«…Մեզանից միլիոնավոր կիլոմետրեր հեռու մոլորակների վրա չեղած մարդկություն ենք փնտրում ու մեր կողքի հարազատին, բարեկամին շատ ժամանակ մոռանում ենք…»:

Վազգեն Սարգսյան

 

Գուցե հեռու մոլորակների վրա և՞ս հարազատներ ունենք: Թեև այլմոլորակային կյանքի վերաբերյալ մինչ օրս լուրջ ապացույցներ չկան, այնուամենայնիվ հակափաստարկներն էլ թույլ են:

Լիովին չմերժելով կենսաբանական էվոլյուցիայի տեսությունը՝ չենք կարող ուշադրություն չդարձնել հնագույն աղբյուրներին, որոնց վկայությամբ՝ մարդկանց ստեղծել են երկնային ծագում ունեցող աստվածները: Բոլոր ժողովուրդներն են պաշտում ՙերկնքից եկած՚ աստվածներին, նույնիսկ այսօր էլ մենք աղոթում ենք՝ երկինք նայելով: Մարդկության զարգացման ընթացքում ակնհայտ է արտաքին՝ ոչ երկրային միջամտությունը, ինչն արտահայտված է հնագույն աղբյուրներում:

Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մոտ աստվածությունների անվանումները և հատկանիշները ոչ պատահականորեն հանդիպում են հայերենի արմատներում, իսկ արևային աստվածների և նրանց կողմից մարդկանց ստեղծման վերաբերյալ ամենահին աղբյուրները Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվածներն են և այստեղից հետագայում դեպի այլ շրջաններ փոխադրվածները:

Եգիպտոսում և Շումերում մոտ 5 հազար տարի առաջ գրված գաղափարագրերը դեռևս 10-15 հազար տարի առաջ կիրառվել են Սյունիքի ժայռապատկերներում: Մասնագետների համոզմամբ՝ դրանք ընթերցվում են բացառապես հայերենի միջոցով:

Այս և նման այլ հանգամանքներ հուշում են, որ մարդկության ծագման ու վաղնջական պատմության հետքերը պետք է փնտրել հենց հայկական արմատներ ունեցող աղբյուրներում: Ամենահին գրավոր-գաղափարագիր աղբյուրներում պատկերված Արևի աստծո մասին տեղեկությունները բազմազան են: Գիտենք, որ հայոց հնագույն հավատամքն արևապաշտությունն է եղել, իսկ արևը մարմնավորվել է հայոց նախնի-աստվածների ընդհանրական կերպարներում: Միաժամանակ, արևային ծագման հանգամանքն հուշում է, որ խոսքը ոչ թե երկինք-մթնոլորտային շերտի, այլ դրանից անդին՝ ավելի հեռվում գտնվող մոլորակների կամ աստղերի մասին է:

Համեմատելով մի շարք հնագույն քաղաքակրթությունների պատումները, բանավոր ու գրավոր հիշատակությունները՝ փորձենք հայկական իրականության մեջ գտնել դրանց նախասկզբի մասին հիշատակումներ:

Պատմահայր Մովսես Խորենացին գրի է առել երգը՝ նվիրված Վահագն աստծուն.

 

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնում էր և ծովը ծիրանի,

Երկունքը բռնել էր ծովում

Նաև կարմրիկ եղեգնիկին:

 

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,

Եղեգնի փողով բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում

Մի խարտյաշ պատանեկիկ:

 

Նա հուր մազեր ուներ, (ապա թե՝)

Բոց մորուք ուներ,

Եվ աչքերն էին արեգակներ :

Այս երգում ամփոփված է տիեզերական պատերազմում հաղթանակած Արևի աստծո Արև որդու մուտքը Երկիր: Ինչպե՞ս է ծնվում Վահագնը, և ո՞վ էր նա: Հայկական դիցարանում երրորդ աստվածությունն է Արամազդ-Արարիչ-Հայա գերագույն աստծուց և Անահիտ պտղաբերության աստվածուհուց հետո: Այս երեք աստվածությունները գլխավորում են հայոց դիցարանը (Հայա-Այա-Ար = Երկնքից եկած արական — տեղացի իգական ներկայացուցիչ — նրանց զավակ): Վահագնը նույն Ար-ն է, Վահագն=Վահ՝ աստված, ագն՝ կրակ, արև, հուր կամ ակն արմատից՝ աչք, լույս: Նրա խորհրդանիշն է նաև նուռը (իրականում՝ հուռ-հուր, օտարների կողմից՝ հայկական միրգ), որը հնագույն աղբյուրներում (10-15 հազար տարի առաջ) արևի նշանն է եղել (հետագայում արքայական թագերն են նռան տեսք ստացել՝ խորհրդանշելով ՙարևային ծագումը՚):

Շումերները, իրենց հետ Միջագետք բերելով Մայր հայրենիքում ձեռք բերած տեղեկատվությունը, լավագույնս նկարագրում են իրենց ծանոթ Արեգակնային համակարգը: Մասնավորապես, պատկերաքանդակներում մոլորակներն ունեն այն տեսքը, որը միայն վերջերս է աստղագիտությունը հայտնաբերել: Այդ աղբյուրների համաձայն՝ մարդկանց ստեղծել է Մարդուկ մոլորակից Երկիր եկած աստվածը, որի անունն է Հայ(ա): Հայա-ի մոլորակի բնակիչների համար, ըստ հնագույն վկայությունների, մեր մոլորակը տեխնոլոգիական զարգացման կամ գոյատևման աղբյուր է հանդիսացել. այստեղից «արտահանել» են ոսկի և ուրան: Մարդուկի բնակիչները ԴՆԹ-ի կիրառմամբ ստեղծել են «աշխատողների»՝ մարդկանց (մարդուկների)՝ իրենց նմանությամբ, որոնք պետք է արդյունահանեին բնական պաշարները: Նշենք, որ շումերական աղբյուրներում պատկերված է երկու գետերի (Եփրատ, Տիգրիս) ակունքում կանգնած Հայա աստծո կողմից մարդու ստեղծումը, գերազանց երևում են օձագալարների տեսքով արտահայտված ԴՆԹ-ները, իսկ Աստվածաշնչի համաձայն՝ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, այսինքն՝ իր գենից, երկրային և երկնային մասնիկներից:

Շումերական, ինկերի և եգիպտական հնագույն աղբյուրներում պատկերված ինքնաթիռները, հրթիռները, այլ թռչող սարքերը, սուզանավերը և այլնը փաստում են, որ Երկրի կառավարիչներն իսկապես տիրապետել են բարձր գիտության: Դրանց օգնությամբ են կառուցվել բուրգերը և մի քանի հարյուր տոննա կշռող քարերից այլ կառույցները (Եգիպտոս, Պերու, Չինաստան և այլն), աստղադիտարանները (Քարահունջ (ՀՀ), Քարնակ (Ֆրանսիա), Սթոունհենջ (սթոուն-քար, հենջ-հունչ կամ հունջ-ունչ-տակ (քարի տակ) (Մեծ Բրիտանիա), Արամու մուրու, Հայու Մարկա (Պերու)), որոնցից շատերի դեպքում էլ անզեն աչքով տեսանելի է, որ այդչափ հարթ կտրելը, ծակելը, բարձրացնելն ու տեղափոխելը հնարավոր էր միայն կատարյալ սարքերի միջոցով, իսկ այդ շինությունները ժամանակի գիտնականների համար ծառայել են որպես լաբորատորիաներ:

Հայտնի են գանգի հաջող վիրահատության դեպքեր՝ արված մոտ 12 հազար տարի առաջ (սա վկայում է առողջապահության զարգացած համակարգի և, դրա հետ, գենետիկայի վերաբերյալ խորը գիտելիքների առկայության մասին), գտնվել են անհայտ ծագման նյութերից անհայտ գործիքների օգնությամբ պատրաստված արձանիկներ և այլ պարագաներ, որոնց տարիքը 10 հազարից ավելի է: Այս ամենը ստեղծել են «աշխատողները»՝ աստվածների անմիջական աջակցությամբ, իսկ հետագայում՝ նրանցից ստացած գիտելիքների շնորհիվ:

Հայա-ի կողմից հայտնաբերված հարստություններին տիրանալու, Արեգակնային համակարգում գերիշխանության հասնելու համար սկսվել է տիեզերական դաժան պատերազմ երկնային գերզարգացած քաղաքակրթությունների միջև: Հզորագույն զինատեսակների կիրառմամբ ընթացող պատերազմների հետևանքով ոչնչացվել է կյանքը Մարսի վրա, վնասվել է Լուսինը, ատոմային ռմբակոծության հետքեր կան նաև Սահարա անապատում, հնադարյան մի շարք քաղաքներում (Մոհենջո Դարո):

Տիեզերքի տարբեր քաղաքակրթությունների միջև մղված մարտերի հետևանքով Մարսի և Յուպիտերի միջև գոյություն ունեցած Ֆայետոն (Հայետուն) մոլորակը պայթեցվել է: Այն վարկածը, որ այստեղ ժամանակին մոլորակ է եղել, առաջ է քաշվել դեռևս 18-րդ դարում (Տիցիուս-Բոդեի օրենքի համաձայն՝ բոլոր մոլորակներն իրարից որոշակի համաչափ հեռավորություն ունեն, իսկ Մարսի և Յուպիտերի միջև «սահմանված» տեղը դատարկ է):

Հետագայում երկու մոլորակների միջև հայտնաբերվեցին մեծ քանակությամբ աստերոիդներ, որոնք Ֆայետոնի մնացորդներն են, իսկ դրանցում ջրի առկայությունն արդեն փաստված է: Այնտեղից ստանալով հիմնարար գիտելիքները՝ երկրացիները, սկզբում դրանք նույնությամբ կիրառելով, հետզհետե յուրացրին, հարմարեցրին տեղի պայմաններին (բնակլիմայական, ժամանակային, երկնային տեսանելիության): Խորենացու մոտ մենք տեսնում ենք, որ մեր նախահայրերը մոտ 160-180 տարեկանում զավակներ են ունենում, ապրում են զգալիորեն երկար (մինչև 600 տարի): Խորենացին նշում է. «…Ղամեք կեցեալ ամս հարիւր ութսուն և ութ՝ ծնանի որդի և անուանէ զնա Նոյ» (Ղամեքը հարյուր ութսունութ տարեկանում սերում է մի որդի և անունը դնում է Նոյ): Գիտենք, որ ենթադրյալ Հայետուն մոլորակի մասը համարվող և այժմ աստերոիդների հիմնական գոտում գտնվող Օսիրիս աստերոիդը Արեգակի շուրջը պտտվում է 1388,59 երկրային օրում, այսինքն՝ տարին մոտ 3,8 անգամ երկար է Երկրի համեմատ: Եթե համարենք, որ հնագույն աստվածները հենց Հայետուն-Ֆայետոն մոլորակի բնակիչներն են, այնտեղից օրացուցային հաշվարկումները սկզբնական շրջանում կիրառվել են նաև Երկրում, կստացվի, որ Ղամեքն ընդամենը 49 տարեկանում է Նոյին ունեցել: Հայտնի է նաև, որ եգիպտական դիցարանի Օսիրիս աստվածը բուն եգիպտական աստված չէր, այլ եկել էր Միջագետքից, այսինքն՝ ուներ շումերական կամ հին հայկական ծագում, նշանակում է՝ աղերսն այդ մոլորակի և հայկական օրահաշվարկների հետ հնարավոր է:

Հետաքրքիր է, որ Խորենացին տիրապետում է նաև մինչջրհեղեղյան պատմության մի քանի դրվագների՝ մասնավորապես նշելով, որ մարդկության պատմությունը 36 հազար տարուց ավելի հին է: Ուստի հնարավոր է, որ Պատմահայրը մինչջրհեղեղյան որոշ իրադարձություններ վերագրած լինի հետջրհեղեղյան պատմաշրջանին (ինչպես Տիգրան Երվանդյանի և Տիգրան Մեծի վերաբերյալ տեղեկությունները). տիեզերական պատերազմների մասնակիցներին մարմնավորելով հին նախնիների կերպարներում՝ պատմիչը կխուսափեր քրիստոնեական «գրաքննությունից», բայց և տեղ կհասցներ արժեքավորը (ինչպես, ուսումնասիրողների համոզմամբ, Խորենացին վարվել է բազմաթիվ այլ դրվագներում): Պատմիչը մի քանի անգամ հիշատակում է «ուրիշ զենքով» կռվելու հանգամանքը՝ ամենայն հավանականությամբ չճանաչելով դրանց անվանումները, կառուցվածքը կամ պարզապես խուսափելով «բաց» տեքստով հանդես գալուց:

Ահա այս ուրիշ զենքերով մղված միջմոլորակային պատերազմների ֆոնին Երկիր է ժամանում Հայա աստծո (Արևի աստծո) որդին:

Երկնում էր երկինքը՝ երկնքում ծավալված պատերազմն է:

Տիեզերական մարտերում Ֆայետոնի և նրա հետ՝ Հայայի ոչնչացումից հետո երկրաբնակներին կործանումից փրկում է նրա որդին՝ Վահագնը՝ հսկիչ-Հսկաների-Տիտանների աջակցությամբ, և, տապալելով օտար աստվածներին, գալիս է Երկիր:

Հունական դիցաբանության մեջ տիտանները Ուրանոս-Երկնքի և Հեա-Երկրի ամուսնությունից ծնված ահեղ հսկաներ էին: Հնագույն ավանդապատումների համաձայն՝ երկնքից եկածներն ամուսնանում են տեղացի աղջիկների հետ, որոնցից էլ ծնվում են խառնածին կիսամարդ-կիսաաստված հսկաները (հսկիչը և հսկան նույն արմատն ունեն՝ ՀՍԿ-ՍԿ (Սկայորդի)): Հետևելով եգիպտական դիցարանին՝ կարելի է ենթադրել, որ Հայան ոչ թե զոհվել է, այլ տեղափոխվել կամ հեռացել է իր «թևավոր օղակով»՝ իշխանությունը Երկրում թողնելով որդուն:

Երկնում էր երկիրը՝ Վահագնն է՝ հավանաբար խոշորագույն թռչող (հնարավոր է և լողացող) օբյեկտով՝ շարժման ու նիստի ահեղ աղմուկով: Հիշեցնենք, որ շումերները Արևի աստծուն պատկերել են թևավոր օղակի վրա նստած/կանգնած: Հնագույն բնակիչները պատկերել են գերժամանակակից այլ սարքավորումներ, որոնց նրանք տեսել են, սակայն չեն հասկացել: Ուստի այդ թևավոր օղակը նույնպես կարող էր լինել տիեզերական թռչող սարք՝ ի զորու հաղթահարելու հսկայական տարածություններ:

Այստեղ ուշագրավ է Վիշապաքաղ կոչումը. չինական ավանդազրույցի համաձայն՝ վիշապները եկել են երկնքից և դարձել մարդիկ: Նկատենք, որ տիեզերագնացները կրում են հատուկ հագուստ և սաղավարտ, ինչն այն ժամանակի չինացուն անծանոթ էին. միջմոլորակային տարածությունն անցնելիս հնագույն    «տիեզերագնացները» ևս հատուկ համազգեստ են կրել: Այս տարբերակի դեպքում Վիշապաքաղը վիշապից ծնված է նշանակում (քաղ=սերունդ), այսինքն՝ վիշապի միջից դուրս եկած: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ վիշապը մեծ, խոշոր, հզոր իմաստն ունի, իսկ քաղը գաղափարագրերում այծի տեսքով է արտահայտվում, ինչը նշանակում է այծ=Ած=Աստված կամ այծ=դիգ – դիք=աստված, այսինքն՝ Մեծն Աստված:

Հնարավոր է, որ այս մականունն այլ իմաստ ունի. քաղը զսպելն է, սանձելը. վիշապը նաև ջրերի խորհրդանիշն է: Հայոց տոմարում ամսվա 27-րդ օրը կոչվել է Վահագնի անունով, միաժամանակ, Հին Կտակարանում հիշատակվում է, որ Նոյի՝ տապան մտնելուց հետո երկրորդ ամսվա 27-րդ օրը ժայթքում են ստորգետնյա աղբյուրները, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում:

Երկնում էր և ծով ծիրանի՝ Վահագնի ռազմանավը նստեց երկրագունդը պատած ջրերի մեջ: Երկնային հետպատերազմյան փոշու ամպերի միջից դուրս եկած Արևը ջրերին ծիրանագույն կհաղորդեր: Մենք գիտենք, որ 18-20 հազար տարի առաջ երկրագնդի մեծ մասը, այդ թվում Հայկական լեռնաշխարհի 2/3-ը ծածկված է եղել ջրով: Իսկ եթե Վահագնը իրական կերպար է եղել, ապա նա նույնպես այլ մոլորակից պիտի գար և իր տիեզերանավով իջներ ջրի մեջ կամ ջրի տակ չանցած լեռնային ջրամերձ տարածքում:

Համեմատության համար նշենք, որ եգիպտական արարիչ Ռա աստծո (ճիշտ ընթերցումը՝ Ա-Րա=ԱՐԱ) և նրա կնոջ Օսիրիս որդին, որը դարձավ Երկրի տիրակալը, նույնպես ծնվել է երեք երկունքներից, իսկ հունական Հերակլեսի արտաքինը համապատասխանում է Խորենացու նկարագրած Վահագնին, պարզապես վերջինս պատկերված է դեռևս 15 հազար տարի առաջ արված ժայռապատկերներում: Եվ ինչպես մյուս մշակույթներում կան բարի և չար աստվածներ, այնպես էլ այստեղ: Վահագնը ասոցացվել է պատերազմի, քաջության ու հաղթանակի, կայծակի ու ամպրոպի հետ (գերժամանակակից ռազմատեխնիկա կրելու համար) և միաժամանակ հանդիսացել խաղաղաբեր, փրկիչ, մարդկանց պաշտպան, պայքարել չարի դեմ:

Վահագնը, որպես իրական կերպար, հետագայում պատմության էջերում հանդիպում է միայն այլ մարմնավորումներում, մինչդեռ հենց նրա «իշխանության», ժառանգների մասին տեղեկություններ չեն պահպանվել: Եգիպտական դիցաբանությունում երեք երկունքներից ծնված Օսիրիսը իշխանությունը հանձնում է որդուն՝ Հորին (Հոր=Հուր=Գոռ=փարավոնների հովանավոր (ղեկավար), իսկ ինքը փակվում է Երկրի ներսում՝ դառնալով Անդրշիրիմյան աշխարհի տիրակալ:

Կարծիքներ կան, որ այս իրադարձությունները հորինվել են՝ նկարագրելու մոլորակների առաջացման, դասավորության, աստղագիտական որոշ առանձնահատկություններ: Բայց կա մեկ այլ հանգամանք. չբացառելով ինչպես այս, այնպես էլ գաղափարական աղերսները՝ հիշենք, որ աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մոտ նրանց կենսատարածքում (այդ թվում Հայկական լեռնաշխարհում) գոյություն ունեցող բազմաթիվ լեռների, լճերի և այլնի մասին պատմվում են լեգենդներ: Որպես օրինակ հայոց լեռների մասին պատմվող լեգենդն է, որ դրանք ժամանակին հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել… հետո քարացել և դարձել են լեռներ: Այսպիսի անթիվ լեգենդներում անձնավորված կերպարները հետագայում են միայն դառնում քարեր, ժայռեր, ջրեր: Ուստի ենթադրելի է, որ պատմական հնագույն շրջանում տեղի ունեցած իրադարձություններն իրենց անդրադարձն ունենային երկնքի նկարագրության և աստղագիտության ասպարեզում, երկնային մարմինները ստանային հերոսների անուններ, այլ ոչ թե հակառակը:

Այսպես՝ Վահագնը՝ Արևի աստվածը, արև-այլ մոլորակի ներկայացուցիչը, որն Արևի Հայր աստծո և երկրային նախաստեղծ կին բնակչի զավակն էր, գերունակություններով օժտված մարդ, տիեզերական պատերազմներում հաղթանակ տանելուց հետո հաստատվում է Երկրի վրա՝ ՀՍԿում մարդկանց անվտանգությունը՝ սկիզբ տալով ՀՍԿԱների ցեղին:

Որոշ մասնագետներ, չմերժելով Վահագնի ծննդին վերագրվող վերոնշյալ ֆիզիկական երևույթները, հիմնականում այն տեսնում են գաղափարական կոնտեքստում, ըստ որի մարդը, բնություն-երկիրն ու տիեզերքը մեկ ամբողջություն են և գոյություն ունեն ներդաշնակությամբ, և երգը կոչ է՝ այդ կառուցվածքը չխախտելու, որը կբերի համաշխարհային աղետների, ինչպիսիք եղել են նախկինում և դեռ կլինեն…

Անդին 8.2017

Կարծիքներ

կարծիք