Բոլոր գեղեցիկ գործերը

DSC08537Անդինի հյուրն է «Սայաթ-Նովա»  աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, բանահավաք Թովմաս Պողոսյանը:

-Պարոն Պողոսյան, Դուք հետաքրքիր կրթություն եք ստացել բացի երգարվեստը: Հոգևոր ճեմարանում եք ուսանել և այսօր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եք: Գիտելիքների այդպիսի բազմազանությունն ինչպե՞ս է ձևավորել Թովմաս Պողոսյան մարդուն և արվեստագետին:

-Ճեմարանում ուսանել եմ մեկ տարի՝ 1972-73 ուստարում, բայց այն իմ կյանքում կարևոր և վճռական եղավ:

Այդ մեկ տարին անցկացրի Մայրավանքում, իսկ խորհրդային տարիներին այն բացառիկ ազգային միջավայր էր, մանավանդ որ դպրոցն ավարտել էի Թիֆլիսում և մեր ժողովրդի պատմությանը քաջածանոթ չէի:

Եվ այդ մի տարին էր, որ իմ առջև դռներ բացեց դեպի մեր գրականությունը, երաժշտությունը, պատմությունը և հոգևոր մշակույթն առհասարակ՝ հնարավորություն տալով ճանաչել ինձ, իմ արմատները, մեր ազգն ու նրա մաքառող մշակույթը:

-Դուք մոռացումից փրկում եք աշուղական երգարվեստի փշրանքները: Ի՞նչ պատկեր է Ձեր առջև: Աստիճանական և բովանդակային ի՞նչ փոփոխություններ է կրել ազգային երգը:

-Այն, ինչ սկսվել է հարյուր և ավելի տարի առաջ, այսինքն թե աշուղ Ջիվանիով, ով հայ աշուղական արվեստում հիմնեց ազգային հայրենասիրական երգի, մաքառումի թեման, շարունակվում է առ այսօր և շարունակվելու է մինչ մեր երազանքի իրականացումը, քանի դեռ մենք չենք մեկտեղվել որպես մի ազգ և մի հայրենիք:

-Նվիրյալի Ձեր աշխատանքի շնորհիվ վերականգնվեց աշուղների ձեռնադրման գեղեցիկ ավանդույթը: Ի՞նչ ակունքներ ուներ այդ ծեսը:

-Ձեռնադրությունը հնագույն ավանդույթ է՝ ծնված, թերևս, աշուղական արվեստի հետ: Աշուղական արվեստը ժողովրդական երգի պրոֆեսիոնալ տեսակն է: Եթե ժողովրդական երգը փոխանցվում է բերնեբերան և տեղայնացվում, ապա աշուղական երգը փոխանցվում է վարպետից իր սանին:

Այդ փոխանցման արդյունքը լինում էր այն, որ տարիներ հետո սանը տիրապետում էր աշուղական արվեստին և սկսում ինքնուրույն երգեր հորինել: Եվ մի օր նրա վարպետը հրավիրում էր հարևան բնակավայրերի իր ընկերներին, և նրանց ներկայությամբ երիտասարդը կատարում էր իր հորինած երգերը և պատասխանում աշուղական դասական տաղաչափության հարցերին: Եվ եթե երգերը և պատասխանները ներկաների կողմից հավանության էին արժանանում, վարպետը ապտակում էր սանին՝ ասելով Այսուհետ դու վարպետ ես, և տալիս նրան աշուղական անուն:

Ծեսն այսօր մասնակիորեն է վերականգնվել: Աշուղի ձեռնադրությունը տեղի է ունենում համերգրասրահում, բեմի վրա: «Սայաթ-Նովա» անսամբլը կատարում է նրա երգերը, և եթե դահլիճի արձագանքից պարզ է դառնում, որ նրա երգերը հավանության են արժանացել, ավագ մի աշուղ ձեռնադրում է իր կրտսեր ընկերոջը: Ծեսի վերականգնման օրից ցայսօր տասից ավելի աշուղ է ձեռնադրվել:

-Իսկ կա՞ն արդյոք այլ հետաքրքիր արարողություններ ու ծեսեր, որոնք հատկանշական են եղել հայ աշուղական արվեստին:

-Ամենաբնորոշ ավանդույթներից մեկը աշուղների մրցույթն է եղել, որը, մեր կարծիքով, իր դարն ապրել է: Մերօրյա խոսքով՝ այն շոու էր: Հարց ու պատասխան երգերի միջոցով հանդես էին գալիս աշուղները, իսկ հանդիսատեսը գնահատում էր նրանց: Այսօր դրա պահանջարկը, որպես այդպիսին, չկա:

-Ի դեպ, պահանջարկից խոսեցինք, և մի հարց ինձ հետաքրքրեց. այսօր երիտասարդ կատարողներից շատերը աշուղական երգերը ներկայացնում են նոր մոտեցմամբ՝ հիմնավորելով այն երիտասարդության պահանջով: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նորարարությանը:

-Ես ողջունում եմ ցանկացած նորարարություն, եթե այն կատարվում է արհեստավարժ մասնագետի կողմից: Անգամ եթե այդ նորարարության արդյունքում դառնալու է ակումբային, բայց որակյալ երգ: Սակայն այսօր այն, ինչ արվում է, պրոֆեսիոնալ չէ, արաբական ռիթմերով ու գործիքավորմամբ արված նորարարությունները ոչ մի առնչություն չունեն մեր ազգային երգամտածողության հետ:

-Ձեր հարցազրույցներից մի քանիսում Դուք շեշտում եք, որ ազգային մշակույթի տարածման համար պետք է լինի պետական ծրագիր: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ ծրագիրը, և արդյոք նման առաջարկ եղե՞լ է մշակույթի նախարարությանը:

-Պետական աջակցությունը ազգային մշակույթին օդ ու ջրի նման անհրաժեշտ է: Մենք հաճախ ենք դիմել և ստացել մշակույթի նախարարության աջակցությունը: Նախարարության աջակցությամբ նշվեցին բոլոր նշանավոր աշուղների հոբելյանները: Վերջին հոբելյանը, որ տոնեցինք Օպերային թատրոնում, Ջիվանու 170- ամյակն էր, իսկ մինչ այդ Նաղաշ Հովնաթանի 350-ամյակն էր, ինչպես նաև Հավասու, Շահենի, աշուղ Աշոտի հոբելյանները: Մի համերգ նվիրեցինք Օֆելյա Համբարձումյանին՝ բեմից հնչեցնելով նրա կատարած աշուղական երգերը:

Պետական աջակցությամբ հիմնվեց Ջիվանու անվան աշուղական դպրոցը, որտեղ շուրջ հարյուր հիսուն աշակերտ ունենք, որոնք սովորում են երեք բաժիններում՝ ստեղծագործական, աշուղական երգի և ազգային նվագարանների դասարաններում: Բոլոր թվարկածներս արդեն արված կարևոր գործեր են ազգային մշակույթի պահպանման և տարածման համար, սակայն նման քաղաքականությունը պիտի շարունակելի լինի և առավել մեծ շառավիղ ունենա:

-Ինձ հայտնի է, որ բազմաթիվ հայ աշուղների ձեռագրեր գտնվում են Բաքվում: Ինչպիսի՞ն է լինելու այդ ձեռագրերի ճակատագիրը, և ովքե՞ր են այդ աշուղները:

-Բանասիրական գիտությունների դոկտոր, աշուղագետ Շավիղ Գրիգորյանը մեզ հուշում է, որ ութ-ինը հարյուր երևելի հայ աշուղներ ունենք, որոնք ստեղծագործել են բացառապես թուրքերենով: Հակառակ մեր հարևանների կարծիքի՝ այդ աշուղներն իրենց թուրքերեն գրված երգերում բացահայտում են իրենց ով լինելը և հավատքը: Եվ նրանց գրվածքներն, անշուշտ, կարելի է փոխադրել հայերենի՝ պահպանելով բնօրինակները:

-Ի՞նչ ճանաչում ունեն նրանք Բաքվում:

-Ձևավորված ավանդույթ կար հայ աշուղական արվեստի միջավայրում կրել օտար անուններ՝ արաբական, պարսկական, երբեմն էլ թուրքական ծագման: Եվ այսօր, այդ անունների վրա հիմնվելով, թուրքերը հայտարարում են, որ նրանք իբր թե 19-րդ դարի թուրք աշուղներ են: Բայց գրագետ մարդն այդ գրվածքներից կարող է հասկանալ, որ հեղինակը թուրք չէ:

Սայաթ-Նովայի թուրքերեն երգերում կան նրա հավատի, Էջմիածնի մասին հիշատակումներ, բայց մեր հարևանների համար միևնույնն է, նրանք Սայաթ-Նովային էլ են թուրք համարում: Նույնիսկ տարիներ առաջ Մոսկվայում մեծ համաժողով էին կազմակերպել՝ նվիրված «թուրք մեծ աշուղ Սայաթ-Նովային»: Զարմանալի է, որ այդ համաժողովը տեղի էր ունեցել մեր բարեկամ Մոսկվայում:

-Իսկ ի՞նչ փուլում է այսօր սայաթնովայագիտությունը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:

-Ադրբեջանի «սայաթնովայագիտության» մասին արդեն ասացի, և ի տարբերություն նրանց՝ վրաց սայաթնովայագետները լուրջ են զբաղվել թեմայով: Սակայն ավելի մեծ աշխատանք է կատարվում այստեղ՝ Հայաստանում: Դեռևս 19-րդ դարում ցարական բանակի բժիշկ Գևորգ Ախվերդյանը հայտնաբերում է Սայաթ-Նովայի «Դավթարը» իր ընկերոջ՝ Սայաթ-Նովայի թոռ Տեր Մովսես քահանա Սայադյանի տանը և մի այնպիսի եռանդով է նվիրվում մեծ աշուղի կյանքին ու ստեղծագործությանը, որ թողնում է բժշկությունը: 1852 թ. Մոսկվայում տպագրում է «Գուսանք» մատենաշարի առաջին հատորը, որը կազմում էր Սայաթ-Նովայի՝ իր վերծանած հայերեն խաղերը: Ժողովածուին կցել էր նաև թիֆլիսյան բարբառի մասին առանձին ուսումնասիրություն:

Հետագայում արդեն Գարեգին Լևոնյանի, Նիկոլ Աղբալյանի, Պարույր Սևակի, իսկ այսօր էլ Հենրիկ Բախչինյանի և շատ ուրիշների՝ Սայաթ-Նովային նվիրված աշխատանքների շնորհիվ ունենք Մեծ աշուղին վերաբերող լուրջ աշխատություններ: Սակայն, ցավոք, սայաթնովայագիտությունն այսօր համակարգված չէ և առանձին ուղղություններով է զարգանում:

-Մի առիթով ասել եք, որ ժամանակն է Երևանում Սայաթ-Նովայի թանգարան ունենալու: Հասկանալի է, որ այդ գործում պետք է մեծ լինի հատկապես մշակույթի նախարարության դերը, սակայն կուզեի իմանալ, թե ինչ նմուշներ, բացառիկ առարկաներ են ցուցադրվելու թանգարանում:

-Առաջին խնդիրներից մեկը, որ կլուծի Սայաթ-Նովայի թանգարանը, հենց սայաթնովայագիտության համակարգումը կլինի: Իսկ Սայաթ-Նովան մեր մշակույթի այն երևելի դեմքերից է, ինչպիսին, օրինակ, Կոմիտասն է, և մենք պարտավոր ենք մեր հայրենիքում նրա համար այդ թանգարանը ստեղծել:

Սայաթ-Նովայի անձնական իրերից շատերն են այսօր պահպանվել: Աշուղի քամանչան պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, շատ արժեքավոր իրեր կան նաև մասնավոր հավաքածուներում: Երկար տարիներ Սայաթ-Նովայի արվեստի և անձնական իրերի մեծ հավաքածու է կազմում արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը:

-Դուք հիմնադրել եք նաև Հայաստանում Սայաթ-Նովայի հիշատակի օրը: Հայաստանում և Վրաստանում տոնը նո՞ւյն ժողովրդականությունն է վայելում:

-Սայաթ-Նովայի հիշատակի օրն առաջին անգամ Թիֆլիսում նշվեց 1914 թ. Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու կողմից Սուրբ Գևորգ եկեղեցու բակում՝ Սայաթ-Նովայի շիրիմի մոտ: Ամեն տարվա մայիսի վերջին կիրակին նշվող այդ գեղեցիկ տոնը դեռևս այդ ժամանակներից կոչվում է Սայաթնովյան վարդատոն, քանի որ մասնակիցները գալիս էին մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին:

Իսկ 2005 թվականից «Սայաթ-Նովա» մշակութային միությունը Վարդատոնի սկիզբը դրեց նաև Հայաստանում՝ նշելով այն թիֆլիսյան տոնակատարությունից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի նախավերջին կիրակին: Տոնը նշում ենք Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի, երևելի մտավորականների և բազում այլ հյուրերի մասնակցությամբ:

-Պարոն Պողոսյան, Ձեր հեղինակությամբ ի՞նչ աշխատություններ են սպասում իրենց լույսընծայմանը:

-1996 թվականից բազմաթիվ հրատարակություններ եմ իրագործել, սակայն դրանցից առավել նշանակալից են դեռևս 2012 թվականից Սայաթ-Նովայի 300-ամյակին ընդառաջ «Սայաթ-Նովա» մշակութային միության մշակույթի նախարարության հետ համատեղ հրատարակած «Գանձարան հայ աշուղական երգերի» ժողովածուի՝ Սայաթ-Նովային նվիրված երկու՝ «Սայաթ-Նովա» և «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ» հատորները: Վերջինում ընդգրկված է 1913-2013 թվականներին ստեղծագործած հիսուն աշուղի շուրջ վաթսուն երգ՝ նվիրված Սայաթ-Նովային:

DSC08562

Այժմ Գանձարանի դեռ չորս հատորներն են մեր սեղաններին. երրորդ հատորը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի նշանավոր աշուղ Սազայու՝ «Անիրավ աշխարհ» երգարանն է, իսկ չորրորդը՝ աշուղ Ջիվանու «Հոգսերով լի» երգարանը: Հիմա արդեն տպարանում է Հավասու «Վարդերի մեջ, դարդերի մեջ» ժողովածուն: Նախատեսում ենք լույս ընծայել «Գանձարանի…»՝ ընդհանուր թվով քսան հատոր:

-Իսկ Ջիվանու ջավախածին ուսուցիչները, ղարաբաղցի Միսկին Բուրջին, ապարանցի Մհուբի Գևորգը ընդգրկվա՞ծ են լինելու հատորներում:

-Ձեր թվարկած աշուղներն այնպիսի կարևոր տեղ են զբաղեցրել հայ աշուղական երգարվեստի պատմության մեջ, որ անհնար է նրանց շրջանցելը, ուստի հետագա հատորներում անպայման կներառվեն:

Թող Աստված հարատև խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը՝ հայոց աշխարհը, որպեսզի մենք կարողանանք իրագործել բոլոր գեղեցիկ ծրագրերը:

Անդին 8.2017

Կարծիքներ

կարծիք