… Եվ նրանց հույսը Հայաստանն է

 

26177456Ես գնում էի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի «Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում հանդիպելու թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության հետազոտող, իրավապաշտպան և մարդու իրավունքների ակտիվիստ Սաիթ Չաթինօղլիին: Ես հուզված էի, որովհետև ցեղասպանության մասին պիտի խոսեի թուրքի հետ՝ Արցախում: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ ես ազգությամբ թուրք մարդուն կդիտարկեի միանշանակ որպես թշնամու, այլ այն, թե մեզնից ով ում ավելի շատ հարցնելու բան կունենա:

Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ ցանկացած թուրքի արտասանած ներողությունը որևէ հայի ոչինչ չի տալիս և փոխարենն անչափելի հանգստություն է պատճառում հենց նրանց: Ես ուրախ եմ այդ մարդկանց համար: Ես նրան չասացի, որ իմ պապը Վանից էր, նրա ծնողներին սպանել էին, և նա միայն բարեկամների օգնությամբ էր հասել ամերիկյան որբանոց…

Ես չասեցի, որովհետև կարեկցանք և խղճահարություն չէի ուզում: Ես ուզում էի, որ նա այստեղից հայի հպարտություն տանի, հաստատակամություն և ուժ:

-Ո՞րն է Հայաստան այցելելու Ձեր նպատակը:

-Հայաստանը և հայ ժողովուրդն ու նրա հնագույն պատմությունն ինձ համար ընդհանրապես որպես մարդու և հատկապես որպես մեկի, ով հետաքրքրքված է Հայոց ցեղասպանությամբ, հարազատ է, և Հայաստան իմ այցելություններն այդ իմաստով պատահական չեն: Հիմնականում եկել եմ ՙԱրևմտահայերի ազգային համագումար՚ կազմակերպության և ՙՎերադարձ՚ հիմնադրամի հրավերով, և այս անգամ ևս մի նախաձեռնությամբ ենք եկել՝ հանդիպել տեղի մտավորականներին և հասարակ քաղաքացիներին և մեր երկու ժողովուրդների միջև հարաբերությունների նոր կամուրջներ գցել:

-Թուրքիայի բնակչությունը ի՞նչ գիտի ցեղասպանության մասին և արդյոք պատրա՞ստ է իրականությունն ընդունել:

-Թուրքիայի հասարակության մեծ մասը տեղյակ է Ցեղասպանությանը և գիտի, որ այն տեղի է ունեցել, սակայն միայն դա իմանալը իրականությունը չի փոխում: Երբ խոսք է լինում Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման մասին, նրանք բոլորովին այլ դիրքորոշում են դրսևորում: Այս ամենը ավելի լավ պատկերացնելու համար Ձեզ մի քանի փաստեր ասեմ.

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքը նախկինում պատկանել է Խանջյան ազգանունով մի հայի, նախկին վարչապետի նստավայրը՝ Քասաբյաններին: Նախագահի այժմյան նստավայրը, որ կոչվում է «Աթաթուրքի անտառային հողատարածք», նախկինում նույնպես քրիստոնյա ընտանիքի է պատկանել: Նմանատիպ յուրացումները միայն պետական մակարդակով չեն տեղի ունեցել, հասարակ բնակչությունը նույնպես դրան մասնակից է եղել, և հիմա ո՛չ նրանք են պատրաստ և ո՛չ էլ առավել ևս իշխանություններն են ուզում որևէ բան վերադարձնել:

Սևան Նշանյանը թուրք իրականության մեջ մի մարդ է, որ թուրքերենին ավելին է տվել, քան Թուրքիայի լեզվի տեսչությունը կամ որևէ ուսումնական հաստատություն: Նա մի մեծածավալ գիրք էր գրել քեմալական ռեժիմի մասին և Մուհամեդ մարգարեի մասին երեք տողանոց մի միտք էր արտահայտել, որի պատճառով տասներեք ու կես ամիս բանտարկության դատապարտվեց: Դա էլ նրանց չգոհացրեց և հայրենի գյուղում նրա կառուցած տունը համարեցին ապօրինի շինություն ու այդ հիմքով նրան 16 տարվա բանտարկության դատապարտեցին:

Եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա թուրքերի շինությունների կեսից ավելին ապօրինի են օգտագործվում, որովհետև դրանց տերերը հայեր են, որոնց նրանք սպանել են:

-Ինչպե՞ս եք պատկերացնում հայերի և թուրքերի ապագան:

-Մենք միայն կարող ենք ապավինել մեր երկրում մարդկության արժեհամակարգային ձեռքբերումների տարածվելուն: Այդ արժեքները զուտ բառեր չպիտի լինեն, դա իրական կարեկցանքի, զղջումի և ներում հայցելու պատրաստակամության դրսևորում պիտի լինի, ինչը ստիպելով տեղի չի ունենա: Մարդկությունը պիտի այդ արժեքները կիրառի այս տարածաշրջանում, իսկ մենք միայն կարող ենք հուսալ և մեր փոքր ներդրումն ունենալ մեր փոխադարձ այցերով, երկխոսություններով և բարիդրացիական փոխհարաբերություններով:

Ես մի բանաձևում ունեմ՝ 1915-ի բարոյականություն: Դա այն բարոյականությունն էր, որ թույլ տվեց մի ամբողջ ժողովրդի մորթել իր հարևանին և տիրանալ նրա տանը, կնոջը, աղջկան: Դա է այդ ազգի բարոյականությունը: Եվ ի՞նչ եք կարծում, նման զավթողական գաղափարներով և փաստացի արարքներով հիմնված ու առօրս սնվող հասարակությունից կարելի՞ է ակնկալել խղճի և բարի կամքի դրսևորում: Թուրքիայի 80 միլիոն բնակչությունից ընդամենը երեսուն հազարն ասաց ներողություն: Դա քիչ է, շատ քիչ:

-Ինչպե՞ս եք տեսնում Թուրքիայի ապագան, քրդերի հետ հակամարտությունը ինչպե՞ս կավարտվի:

-Իհարկե, կարող եմ կանխատեսել, որ իր որդեգրած գաղափարախոսությամբ մռայլ կլինի ապագան: Ոչ մի երաշխիք չկա, որ Անկարան ևս մի Բելգրադ չի դառնա, և երաշխիք չկա նաև, որ պատմական Հայաստանի տարածքը, որ այսօր Քուրդիստան են կոչում, մի նոր Կոսովո չի դառնա, սակայն արդյոք քրդերը արժանի՞ են դրան: Իհարկե ոչ:

-Ի՞նչ ուղերձ ունեք հայ ժողովրդին:

-Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառման գլխավոր բանախոսներից մեկը ես էի: Այդ միջոցառմանը ներկա էին աշխարհի տարբեր մասերից ժամանած մարդիկ, որոնք նման անիրավությանը զոհ դարձածների սերունդներ էին: Նրանց բոլորի հույսը Հայաստանն էր: Ես դա տեսա:

Ցեղասպանության ճանաչման և ընդունման պայքարում Հայաստանը աշխարհում օրինակելիներից է, եթե չասեմ՝ ամենաօրինակելին: Հայերն այդ պայքարի մեջ էին, երբ աշխարհում որևէ աջակցություն չունեին, բայց շարունակում էին, որովհետև ազնիվ էին, արդար և իրավացի:

Հայաստանի Հանրապետության վրա ծանր բեռ կա դրված: Հարյուր տարի է այդ բեռը կրում են և գուցե դեռ հարյուր տարի էլ կրեն, սակայն հայերի պայքարող աչքերին են նայում աշխարհի մյուս՝ ցեղասպանության միջով անցած ժողովուրդները, և նրանց հույսը Հայաստանն է:

Հարցազրույցը՝ Տաթև Աթանեսյանի

Անդին 8,2017

Կարծիքներ

կարծիք