Ռուս դասականներ. միով բանիվ Ըստ Ավագ Եփրեմյանի

Հեղինակ:

IMG_6922

 

Միխայիլ Լերմոնտով

* * *

Չեմ սիրում քեզ. բորբոքուն

Նախկին իմ կիրքը հանգավ,

Բայց պատկերըդ իմ հոգում

Ապրում է, թեպետ՝ անկար:

Ինձ գերեց ուրիշ տենչանք,

Հինն էլի մնաց անմեռ,

Լքված տաճարը – տաճար,

Խորտակ կուռքն – Աստված է դեռ:

 

Ալեքսանդր Բլոկ

* * *

Գիշեր, փողոց, ջահ, դեղատուն,

Անիմաստ ու ընդաղոտ լույս:

Եվս քառորդ դար պտույտ տուր –

Նույն ամենն է՝ առմիշտ անհույս:

 

Մեռնես – սկզբից կգաս կրկին,

Կկրկնվի ողջն անպատճառ.

Գիշեր, սառցե ծուփ ջրանցքի,

Դեղատուն մի, փողոց մի, ջահ:

 

Նիկոլայ Գումիլյով

***

Չար ոգի, կասկածանքի

Արքա, դու եկել ես՝ նոր,

Կրքերից հոգնահալած, ալեկոծ ու քնամած՝

Քո մեջ եմ գտել անդորր:

 

Հար կեցի՛ր տառապանքում, հոգեմաշ կասկածանքում –

Եթե ինքդ էլ ես զորեղ:

Ոչ մի բան չարարելով, ատել-արհամարհելով՝

Շողալով – բյուրեղ:

 

Ցածում տնքոցներ են լոկ, իսկ ես՝ ազատ ու նորոգ,

Քեզ, հաղթող ոչնչություն, մոռացել եմ հիմնիվեր.

Եվ, ժխտումը ճաշակած, ե՛մ արարումի արքա,

Շուրջս – մերժված շիրիմներ:

 

Աննա Ախմատովա

***

Թունավորեցիք ջրերը ջինջ

Եվ աղբ խառնեցիք հացիս – ինչո՞ւ,

Ազատության մեջ իմ այս վերջին

Ուզում եք՝ կենամ – ինչպես որջո՞ւմ:

Ինչո՞ւ… որ երբեք չայպանեցի՞

Իմ ընկերների մահերը դառն,

Թե՞ հավատարիմ որ մնացի

Իմ Հայրենիքին անմխիթար…

 

Թող: Առանց արնոտ կառափնատան

Պոետ չի լինի այս լուսնի տակ:

Մեր մոմը վառենք խորքում մթան՝

Ապաշխարենք ու ցավից ոռնանք:

 

Բորիս Պաստեռնակ

***

Փետրվար: Թանաք գտնել՝ լացել,

Գրել փետրվարն հեծկլտոցով,

Քանի դեռ թնդուն ջրկացեխն

Այրվում է գարնան սևաբոցով:

 

Կառք գտնել: Եվ վեց գրիվնայով,

Ավետման միջով, անվականչի,-

Տեղափոխվել՝ ուր տարափն այրող

Արցունք-թանաքից զիլ կհնչի:

 

Որտեղ հանց ածուխ կտրած տանձեր –

Հազար սերմնագռավ մերկ մորճերից

Լճեր կնետվեն ու փուլ կածեն

Չոր վիշտը՝ խորքում խոր աչերի:

 

Հալուտներն են անդ սևեր ցրել,

Ճիչեր են քամու դաշտն ակոսում,

Պատահմամբ – ուստի և անվրեպ –

Հեծկլտոց-բանատողն է հոսում:

 

Օսիպ Մանդելշտամ

***

Ինչո՞ւ է հոգին այսպես երգուն,

Թովիչ անուններն՝ այսքան սակավ,

Ակնթարթային ռիթմը՝ երգում

Դեպք-Աքվիլոն է հանկարծական:

 

Նա փոշու ամպ է վերև հանում,

Խշրտում՝ թղթով տերևափայլ

Եվ այլևս չի վերադառնում

Կամ հետ է գալու՝ լիովին այլ:

 

Օրփեոսի հո՛ղմ, արձակ վարգով,

Սուրա՛ դեպ ծովերն ազատերկիր,-

Եվ, փայփայելով աշխարհն անգո,

Ես մոռացել եմ  «Ես»-ն անհարկի:

 

Խաղալիք թավուտներում՝ անել,

Ես մի լազուրե անձավ ընկա…

Մի՞թե հիրավի իսկական եմ,

Եվ իսկապե՞ս էլ մահը կգա:

 

Վլադիմիր Նաբոկով

***

Դևը

Ո՞ր տեղերից: Այդ ի՞նչ ցավ է շնչած օդդ

շաղում, թռչող էակ: Շրթունքներդ դարձյալ՝

գունատ, իսկ թևերդ ինչո՞ւ ծովահոտ են:

 

Եվ դևն ի պատասխան. «Ջահել ես դու, քաղցյալ,

սակայն չես հագենա հնչյուններով: Հեռու

մնա այդ լարերից պրկած և այլաձայն:

 

Լռությունից բացի չիք մեղեդի վերում:

Լռության համար ես ստեղծված: Բուռն, ճանաչի՛ր

նրան՝ քարի վրա, սիրո և աստղերում»:

 

Չքվեց: Լույս է: Աստված ինձ պատվիրեց՝ հնչի՛ր:

 

 

Իոսիֆ Բրոդսկի

***

Աննա Ախմատովայի հարյուրամյակին

 

Էջը և կրակը, հատիկն ու ջաղացի

քարը, կտրած մազը, սակրի սայրը.

Աստված պահպանում է ամենն, ու առանձին –

խոսքը՝ ներման, սիրո, որպես իր իսկ ձայնը:

 

Ընդհատ զարկերակն է, ճռթճռթոցն է ոսկերց,

բահի զարկն է այնտեղ – և համաչափ, և ձույլ.

պարզ հնչում են ոչ թե միգում վերերկնամերձ,

այլ – զի կյանքը մեկն է – շուրթից մահկանացու:

 

Ողջո՜ւյն, որ դու նրանց գտար, ո՜վ մեծ հոգի,

քեզ և ունայն մասիդ՝ քնած մայր եզերքում,

որը քո շնորհիվ եղավ խոսքի

հասու՝ խուլուհամր Տիեզերքում:

 

Ալեքսանդր Պուշկին

***

Պոետին

Պոետ, ժողովրդյան սիրուն թանկ գին մի տուր,

Մարում է աղմուկը խանդավառված գովքի,

Աղխը ծիծաղում է և հիմարը՝ դատում,

Անդրդվելի եղիր՝ անքույթ, խոժոռ հոգի:

 

Դու արքա ես՝ ապրիր մենակ, վեհ մորմոքիդ

Ճամփան բռնիր՝ դեպի ազատություն,

Սիրելի խոկմանցդ լույսը պահիր արթուն,

Եվ վարձք չպահանջես ազնիվ քո սխրանքին:

 

Դու ես քո պարգևը, քո վերին կնիքը.

Գործդ բոլորից սթափ դատել գիտես ինքդ:

Գո՞հ ես, խստապահանջ արվեստարար:

 

Գո՞հ ես. ուրեմն թող նրանք՝ բիրտ ու անկիրթ,

Թքեն բագնին, որտեղ բոցն է քո կրակի

Մանկան զվարթությամբ ցնցում քո կասկարան:

 

Ֆեոդոր Տյուտչև

Silentium!

Լռիր, ծածկվիր, պահիր թաքուն

Երազանքներ, հույզ ու խոկում,

Միայն հոգո՛ւմ թող որ հնչեն,

Ելնեն ու մայր մտնեն՝ մնջեն,

Ինչպես աստղեր՝ գիշերում լի,

Սքանչացիր, տես ու լռիր:

 

Խորքը ինչպե՞ս արտահայտես,

Ուրիշն ինչպե՞ս հասկանա քեզ,

Ո՞նց իմանա՝ ի՞նչ կա սրտում,

Բարբառվում է միտքն ու ստվում,

Մի՛ վրդովիր ակն աղբյուրի,

Թող սնի քեզ, և դու լռիր:

 

Ինքդ քո մեջ միայն կեցիր,

Այնտեղ աշխարհ կա մի անծիր՝

Կախարդախոհ՝ հրաշահյուս,

Կչքանա՝ թե ելնի դուրս,

Ուղփը նրան գիրթ կցրի,-

Լսիր նրա երգն – ու լռիր:

 

Սերգեյ Եսենին

***

Գնում էր Տերը մարդկանց փորձելու,

Մուրացկի տեսքով մի բացատ մտավ.

Աղքատներ, կոճղին՝ մի սմքած ծերուկ

Իր չոր բլիթն էր լմում – անատամ:

Ծերը նկատեց այդ թափառական

Աղքատին՝ ցուպով, քայլքով երերուն…

Մտածեց՝ էլի՛ մի թշվառական,

Սոված է, հիվանդ, խեղճն է երևում:

Տերը մոտեցավ՝ ցավն իր թաքցրած.

Ո՞նց արթնացընես այսքան քնածի…

Ծերն իր բլիթը դեմ արեց նրան.

-Առ, ծամիր,- ասաց,- մի քիչ պնդացիր:

Անդին 8,2017

Կարծիքներ

կարծիք