Գրքաբուժություն

IMG_2365

Վերջերս երիտասարդ քննադատներից մեկը մամուլում առաջարկեց գրքեր վաճառել… դեղատներում:

Գաղափարն ինձ սկզբում արտառոց թվաց: Պատկերացնո՞ւմ եք, սաստիկ գլխացավով տառապող մարդը մտնում է դեղատուն, իսկ նրան ասպիրինի կամ պարացետամոլի փոխարեն պոետական ինկուբատորի հերթական հեղինակուհիներից մեկի գրքույկն են առաջարկում… Դու լինես այդ մարդու տեղը, հարգելի ընթերցող, ի՞նչ կանես…

Բայց երկար մտորելուց հետո այդ առաջարկի մեջ, ինչպես ասում են, ռացիոնալ հատիկ գտա:

Այո, դեղատներում, այո, վաճառել, բայց միանգամից հարց է ծագում. կարո՞ղ ենք արդյոք ամեն ինչ տանել ու դնել այնտեղ: Խնդիրը միայն տարածքը չէ, որ ինքնին արդեն բավական լուրջ է, այլ ի՞նչ, ինչպե՞ս և ինչո՞ւ հատկապես այդտեղ վաճառել:

Փորձեմ հարցս հարցով պարզեցնել: Օրինակ՝  ինչո՞ւ քննադատը չի առաջարկում գրքեր վաճառել ավտոպահեստամասերի կամ շինանյութերի խանութներում, որոնք վերջին ժամանակներս սնկի պես աճել են և հաճախելիությամբ չեն զիջում դեղատներին: Կամ, ասենք, կահույքի բազմաթիվ խանութներում, որտեղ, ի դեպ, ցուցադրության տարածքի խնդիր չկա, չասած այն մասին, որ «գիրք» և «կահույք» հասկացությունների միջև օրգանական կապ գոյություն ունի, ասենք՝  գրքերով լի պահարան: Հնարավո՞ր է ավելի լավ գովազդ պատկերացնել թե՛ գրքի, թե՛ պահարանի համար: Բայց քննադատը մի բան գիտեր, որ առաջարկում էր դեղատներում վաճառել գրքերը:

Եվ երկար մտածելուց հետո ես, կարծում եմ, հասկացա նրա առաջարկի թաքուն իմաստը:

Հանրահայտ է, որ աշխարհում բացարձակապես անվնաս դեղորայք չկա: Մի ցավը բուժում է (եթե իսկապես բուժում է), հետն էլ նոր ցավեր բերում, որոնց դեմ պայքարելու համար պիտի նոր դեղեր խմես և հետն էլ նոր ցավեր «վաստակես»: Ստացվում է, որ դեղերը մեզ ավելի շատ հիվանդացնում են, քան բուժում: Եվ խոսքը միայն քիմիական բաղադրություն ունեցող դեղերի մասին չէ: Վնասակար հետևանքներ կարող է ունենալ նաև անվնաս համարվող բուսաբուժությունը, գուցե ոչ նախորդի չափ, բայցևայնպես բացարձակապես անվնաս չէ: Ի վերջո, ինչ-որ բան է մտնում օրգանիզմդ՝  իր լավ ու վատ հատկություններով:

Մինչդեռ գրքաբուժության պարագայում կողմնակի հետևանքներն իսպա՛ռ բացառվում են: Չէ՞ որ գրքադեղը չես խմում, այլ կիրառում տարածության վրա:

Վերցնենք մեր նյարդային ժամանակների ամենատարածված հիվանդությունը՝  անքնությունը: Բժիշկները մի շարք զորավոր դեղամիջոցներ են առաջարկում այս ծանր ցավի դեմ, բայց ես խորհուրդ չէի տա դրանցից օգտվել, քանի որ հիվանդը սոսկալի կախվածության մեջ է ընկնում և մի նոր, առավել ծանր հիվանդությամբ տառապում:

Մինչդեռ այս ահագնացող և փաստորեն անբուժելի հիվանդությունը կարելի է կարճ ժամանակում և հիմնովին բուժել գրքերով:

Վերցնում ես վերջին տարիներին տպված և մամուլում փառաբանված վեպերից մեկը և անկողին մտնելուց առաջ (իսկ որոշ դեպքերում՝  արդեն անկողնում) սկսում կարդալ, մեկ-երկու էջ հաղթահարելուց հետո չես էլ նկատում, թե գլուխդ ինչպես հասած տանձի պես կախվեց և մանկան անո՜ւշ քուն մտար: Առավելագույնը մեկ շաբաթը բավական է, որպեսզի այս ծանրագույն հիվանդությունը վերջնականորեն բուժվի: Եվ առանց կողմնակի հետևանքների:

Բայց կարո՞ղ ենք արդյոք այդ բոլոր քնաբեր վեպերն առաջարկել:

Հավանաբար ոչ: Քանի որ վեպեր կան, որ իսկապես Մորփեոսի գիրկն են ուղարկում, բայց միաժամանակ պացիենտը ծանր ու տաժանելի երազներ է տեսնում, որոնք կարող են լրջորեն խախտել նրա հոգեկանը: Ուստի պետք է անվնաս երազահարույց վեպերը խստորեն զատել վնասակար երազահարույցներից և վերջիններիս վաճառքն արգելել դեղատներում:

Նշանակում է՝  պետք է գրաբժշկական մի հանձնաժողով ստեղծվի, որի խնդիրը կլինի անվնաս երազահարույցների ցուցակ կազմել և ուղարկել բոլոր դեղատներին առ ի կիրառություն: Իսկ ընդհանրապես ցանկալի է, որ մեր քնաբեր վեպերը երազներ և մանավանդ երազախաբություն չհարուցեն:

Հանձնախումբը պետք է կազմվի կամավոր սկզբունքներով, քանի որ անդամներն այդ վեպերը պիտի նախ իրենց վրա փորձեն, իսկ դա հղի է շատ ծանր հետևանքներով, և ամեն մարդ չի կարող անվնաս դուրս գալ այդ դաժան փորձությունից:

Գիտենք, թե ինչ ենք ասում. վերջերս մի ծանր հիվանդ էին բերել Աղի հանք: Մարդը պարզապես զառանցում էր: Հանրապետության լավագույն հոգեբույժներն իրար էին անցել, ոչ մի կերպ չէին կարողանում ախտորոշել, իսկ բուժման մասին ընդհանրապես վախենում էին խոսել: Հաշվի առնելով հիվանդի՝  օրեցօր վատթարացող վիճակը, միջազգային կոնսիլիում հրավիրեցին: Բայց, ավաղ, ապարդյուն:

Գործն այդ ժամանակ հանձնվեց ազգային ոստիկանությանը: Այստեղ կարճ ժամանակում կարողացան պարզել, որ հիվանդը՝  գրասեր մի ինժեներ, զոհ է դարձել իր ազնիվ, տարիների ընթացքում հաստատված սովորույթին՝  յուրաքանչյուր սկսած գիրք կարդալ մինչև վերջ: Նա սկսել է մեր ամենախրթին մոդեռնիստներից մեկի վեպը և չնայած բառացիորեն ոչինչ չէր հասկանում, կարդացել է մինչև վերջին նախադասությունը:

Տնեցիները, տեսնելով, թե իրենց հարազատի վիճակն ինչպես է ծանրանում րոպե առ րոպե, իսկույն շտապ օգնություն են կանչել:

Սակայն ախտորոշումը դեռ բավարար չէր: Մարդուն բուժել էր պետք: Մեր քաջահմուտ ոստիկաններն առաջարկեցին խնդրո առարկա բարդախրթինագույն վեպը, ինչպես ասում են, ՙթարս՚ կարդալ, այսինքն՝  հակառակ ծայրից: Եվ պարզվեց, որ դա հիսնական թվականներին գրված սոցիալիստական ռեալիզմի գագաթ համարվող հայկական վեպերից մեկն է՝  «թարս» շարադրված: Ավելին, պարզվեց, որ մոդեռնիզմի այդ վերջին ճիչը Հայաստանում, գուցեև ամբողջ աշխարհում, կարդացել էր ընդամենը մեկ հոգի՝  այդ խեղճ ինժեները…

Եվ այդ եղանակով մարդուն կարողացան բուժել: Նա շարունակում է իր կյանքն առաջվա պես, այն տարբերությամբ, որ այլևս գիրք չի կարդում: Եվ շատ ճիշտ է անում. արի ու իմացիր, թե հաջորդ վեպն ինչ կլինի և ինչպիսի հետևանքներ կլինեն…

Հիմա տեսնո՞ւմ եք, թե ինչ լավ է, որ մարդիկ դադարել են գիրք կարդալ, թե չէ երանահիշատակ տարիների պես ընթերցասեր զանգվածները պիտի հարձակվեին այդ վեպի վրա, և մենք այսօր առնվազն մեկ միլիոն խելագար կունենայինք, չնայած որ ճիշտն ասենք՝  միլիոն չէ, բայց… Չէ, ավելի լավ է չասենք:

Թվարկենք նաև ուրիշ հիվանդություններ, որոնք կարելի է բուժել գրքերի օգնությամբ: Օրինակ՝  փորկապությունը, որ շատ տարածված է տարիքավորների մոտ: Այս տհաճ երևույթից ազատվելու համար հիմնականում առաջարկում են սև սալոր ուտել, ինչը, ճիշտ է, արդյունավետ է, բայց բավական թանկ է, հատկապես թոշակառուների համար: Էժան դեղամիջոց է անգլիական աղը, որը դարձյալ քիմիա է՝  իր հնարավոր բացասական հետևանքներով: Այնինչ բանաստեղծություններ կան, որ սկսում ես կարդալ, և ստամոքսում օրերի մեջ ձևավորված պատնեշներն ակնթարթի մեջ քանդվում են և ստիպում անհապաղ մտնել պետքարան:

Հաշվի առնելով այս դեղամիջոցի բացառիկ արդյունավետությունը (գործում է տեղնուտեղը և անխափան), խորհուրդ է տրվում կտրականապես խուսափել այն հասարակական վայրերում գործածելուց: Դե, պատկերացրեք, աշխատանքային օրվա վերջում մետրոյով տուն եք գնում և որոշում եք մի քանի տող կարդալ հակափորկապային պոեզիայից: Եվ ի՞նչ… Հայտնվում եք մեր երիտասարդ արձակագրուհիներից մեկի վիճակում, որը (ինչպես ինքն է իր վիպակում ամենայն մանրամասնությամբ նկարագրել) Գյումրի-Երևան ավտոբուսում այդպիսի անդիմադրելի պահանջ ունեցավ «մեծ գործով» պետքարան մտնելու… Խե՜ղճ աղջիկ, և մանավանդ ավտոբուսի խե՜ղճ ուղևորներ… Թշնամիս չունենա…

Ուստի այդ խիստ արդյունավետ քերթվածները պետք է կարդալ բացառապես պետքարան մտնելուց, շալվարը, վարտիքը հանելուց և զուգարանակոնքին հարմար տեղավորվելուց հետո: Բարի վայելո՜՜՜ւմ…

Այս դեղամիջոցի կիրառման չափաբաժինը պետք է խստորեն սահմանի բժիշկը: Փորձը ցույց է տալիս, որ մի քանի տողը լիովին բավարար է, ծայրահեղ դեպքում մեկ-երկու բանաստեղծություն, սակայն ո՛չ ավելին, այլապես կարող է խրոնիկ լուծ հարուցել:

Գրքեր էլ կան, որ կարելի է գործածել որպես փսխեցուցիչ: Մարդ ես, անորակ սնունդ ես ուտում և անմիջապես պահանջ զգում փսխելու՝  հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար: Բոլորովին կարիք չկա ինչ-որ լուծույթներ խմել կամ, ավելի վատ, մատը բերանը տանել, կարդում ես մի քանի տող փսխահարույց գրքերից, և վե՛րջ, ստամոքսդ թեթևանում է:

Դարի մյուս հիվանդությունն է տղամարդկանց սեռական անզորությունը, այլ խոսքով՝  իմպոտենցիան: Շառլատանները հազար ու մի միջոց են առաջարկում, որոնցից ամենաարդյունավետը համարվում է «Վիագրա»-ն: Արդ, այսուհետ կարիք չկա այդ թանկ դեղորայքը գնելու, որոշ գրքեր կարող են ակնթարթի մեջ վերականգնել ձեր անհետացած առնականությունը: Կարդում եք այս կամ այն պոեզիան կամ արձակը, կամ նույնիսկ հոդվածները, և այն, ինչ քնած էր հավերժ, ընդոստ արթնանում է և ձեզանում բո՛ւռն, կատաղի՜ ցանկություն է առաջանում հեղինակի մորը կամ պարզապես հեղինակին «էն բանը» անելու: Տեղնուտեղը, անհապա՛ղ, ըստ որում՝  «թարս», քանի որ այդ աֆրոդիզիակ (ասել է թե սեռահարույց, կրքաբորբոք) հեղինակների մեծ մասն արական սեռի են:

Սակայն պետք չէ ձեր վերածնված սեռական էներգիան ծախսել այդպիսի անարժանների վրա:

…Երեկոյան, համեղ ու չափավոր ընթրիքից հետո, խորհրդավոր կիսախավարի մեջ, մեղմ ու հաճելի երաժշտություն եք միացնում, ձեր կնոջը (կամ սիրուհուն) հրավիրում պարի, ամուր գրկած, մեղմասահ շարժումներով մոտեցնում անկողնուն, համբուրում մոլեգին (կամ ձևացնում), սկսում մերկացնել, խնդրում, որ նա ինքը ավարտին հասցնի մերկանալու սրբազան գործը, իսկ դուք մի ընդունելի պատրվակով հեռանում եք հարևան սենյակ, մի քանի տող կարդում աֆրոդիզիակ բանաստեղծից և կրքոտ կապիկի պես հարձակվում ձեր կնոջ (կամ սիրուհու) վրա: Ձեր կինը (կամ սիրուհին) ապշած է այս անսպասելի շրջադարձից, նա հաճույքից նվաղում է, իսկ դուք պարզապես հոշոտում, բզկտում եք նրան, աներևակայելի կտղուցքի մեջ այնպես եք մոլեգնել, որ պատրաստ եք Հերակլեսի պես մի գիշերվա մեջ հիսուն աղջիկ կուսազրկել:

Ահա թե ինչ հրաշք կարող է արարել գիրքը: Եվ դեռ ուրիշ՝  անբուժելի համարվող հիվանդություններ կան, որ կարող է գիրքն ամոքել, սակայն գիտակցաբար չենք թվարկում, այսքանն էլ արդեն շատ էր, որպեսզի դեղատներն իրենց դռները փակեն գրքի առջև, չենք խոսում հարյուրավոր միլիարդների շահույթ ունեցող դեղագործական արդյունաբերության մասին: Հապա բժիշկների մաֆիան, Բժշկական համալսարանը, առողջապահության նախարարությո՜ւնը… Հապա սնխչիները, հեքիմներն ու թուղթուգիր անողները… Այնպես որ, գրքաբուժությանը ազնիվ, բայց չափազանց դժվարին պայքար է սպասվում:

Իսկ մեր գրչեղբայրներին խորհուրդ կտանք վերջապես թոթափվել պատրանքներից. իմացե՛ք, այլևս ոչ ոք գիրք չի գնում, առավել ևս՝  կարդում: Հիմա նույնիսկ քննադատները չեն կարդում իրենց իսկ կողմից գրախոսվող գիրքը: Մի երկու տարի առաջ ճանաչված դեմքերից մեկը գրախոսել էր մի վեպ՝  շփոթելով մեկ ուրիշ վեպի հետ: Ասենք, քննադատին թվում էր, թե ինքը գրախոսում է «Վարդանանքը», բայց փաստորեն գրում էր «Գևորգ Մարզպետունու» մասին: Հիմա կասեք, թե այդպիսի բան չի կարող լինել, ես էլ կասեմ, որ լիովին իրավացի եք: Բայց հայկական իրականության մեջ ամեն ինչ կարող է լինել:

Սակայն դառնանք մեր ոչխարներին: Հիմա իսկապես ստույգ միջոց կա, որպեսզի ընթերցողը դեմքով շուռ գա դեպի գիրքը, և ոչ միայն շուռ գա, այլև խլխլի, գիշերներ լուսացնի ձեր երկնած էջերի վրա: Ուրեմն, ձեր աստվածատուր տաղանդը նվիրեք գրքաբուժությանը, և ձեր գրքերը կսկսեն անցած ժամանակների պես տակից վաճառել՝  կրկնապատկված, եռապատկված գներով: Եվ այդպիսով հայ գրականության Նոր Ոսկեդարը կգա: Իսկ մենք մեր մեծ մատենագրի պես կասենք. «Սկսցուք, ուստի արժան է սկսել»:

Անդին 8, 2017

Share

Կարծիքներ

կարծիք