Սեր և մտահոգություն առ մամուլն հայոց

DSC06278

Մամուլը պետության այն երակն է, որով պտտվում է տեղեկատվությունը՝ սնելով պետական տարբեր ինստիտուտների, կառույցների, հանրային ու սոցիալական խմբերի: Եվ պետության ներսում ցանկացած հանրային քննարկում տեղի է ունենում մամուլի միջոցով: Նախ բարձրացվում է խնդիրը, այնուհետև ձևակերպվում, կարծիքներ են առաջ քաշվում, քննարկվում, ապա որոշակի եզրակացությունների տեսքով մատակարարվում են որոշում կայացնող կառույցներին: Եզրակացություններ, որոնցում արտացոլվում են տարբեր խմբերի շահերը, բազմակարծությունը, ժողովրդավարությունը: Սա՝ որպեսզի ամրագրենք, թե որքան մեծ է մամուլի՝ անկախ մամուլի դերը հանրության համար: Այն, ի դեպ, եթե իրապես անկախ է, նաև վերահսկողություն է իրականացնում պետական մարմինների գործունեության նկատմամբ, ինչի շնորհիվ ստացել է ոչ անհայտ՝ չորրորդ իշխանություն անունը:

Բայց ահա մեր երկրում, ուր մամուլը չափից ավելի ազատ է, բայց անկախությունը, կարելի է ասել, հարցականի տակ է, ու այն աշխատում է հիմնականում պատվերներով՝ որոշակի քաղաքական շրջանակներում, մամուլը հանդիսանում է ոչ թե հանրության ձեռքում իշխանություններին վերահսկելու միջոց, այլ հակառակը՝ ժամանակավոր ազդեցիկ անհատների ձեռքին լրատվամիջոցները դարձել են հանրությանն ապակողմնորոշելու գործիք:

Այս ամենում հաջորդ դժբախտությունն այն է, որ խեղաթյուրվում է հանրային քննարկումների, մտքերի ու առաջարկների հավաքագրման ամենատարածված ու թափանցիկ հարթակի գործունեությունը: Չէ՞ որ ուղղորդվող մամուլը չի կարող ապահովել օբյեկտիվ ու նորարարական մտքերի մեկտեղումը, չի կարող ապահովել մասնավոր շահեր սպասարկող, հնացած ու կարծրացած մոտեցումների նկատմամբ սոցիումի կառավարման ներառական համակարգի անխուսափելի հաղթանակը:

Ստեղծված իրավիճակն ունի նաև իր օբյեկտիվ պատճառները. օրինակ՝ երկրի ու շուկայի փոքրությունը: Թեև մամուլն առաջին հայացքից հեռու է շուկայական հարաբերություններից ու տնտեսության մաս չի կազմում, միևնույն է, մամուլն էլ ունի իր գործունեության տնտեսական բաղադրիչը: Զրկված լինելով ինքնուրույն աշխատելու, տպաքանակի կամ գովազդների միջոցով ծախսածածկում իրականացնելու հնարավորությունից, լրատվամիջոցները հաճախ ստիպված են լինում փնտրել հովանավորներ ազդեցիկ անհատների կամ քաղաքական ուժերի շրջանում: Ու այստեղ ավարտվում ու մարում է անկախ մամուլի իդեան:

Երկրորդ՝ փոքրաթիվ ընթերցող զանգվածի, ինչպես նաև համեմատաբար փոքրաթիվ լրատվամիջոցների պարագայում յուրաքանչյուր միավոր լրատվամիջոց ավելի մեծ ազդեցություն է ունենում տվյալ լսարանի վրա, ինչը հնարավոր է դարձնում մեկ-երկու լրատվամիջոցի օգնությամբ հասարակական կարծիքի վրա էական ազդեցություն ունենալը: Մեր քաղաքական դաշտում այդ գայթակղությանը չեն դիմացել գրեթե բոլոր քաղաքական ուժերը կամ ազդեցիկ անհատները, ովքեր սովորաբար տիրապետում են որոշակի լրատվական էլեկտրոնային կամ տպագիր միջոցների:

Այս իրողությունները ցույց են տալիս, որ Հայաստանի լրատվական դաշտը, չնայած երբեմնի բարի ավանդույթներին և պետության ու օրենքի կողմից այսօր էլ նրան տրված ազատությանը, կա ու դեռ երկար ժամանակ մնալու է որոշակի կախյալ կարգավիճակում ու լիարժեքորեն չի իրականացնելու իր գործառույթները, որոնց մասին խոսեցինք վերևում: Ասել է թե՝ ազատ է, բայց ոչ անկախ:

Այլ հարց է, թե ինչ միջոցներ կարելի է մտածել առկա բացասական իրողությունները հաղթահարելու և մամուլի լիարժեք անկախությունն ապահովելու համար: Իսկ եթե այնպիսի մեխանիզմ օբյեկտիվորեն չի կարող լինել, որն ապահովի ամբողջ մամուլի անկախությունը, ապա գոնե պետք է մտածել ուղիներ՝ ստեղծելու համար թեկուզ փոքրաթիվ, բայց լիարժեք անկախ քննարկման հարթակներ, որոնք ամեն դեպքում հանրային կարծիքի ձևավորման վրա կունենան շոշափելի ազդեցություն:

Այս հարցում հույս դնել առանձին մարդկանց ազնվության ու բարոյականության վրա՝ անհույս գործ է, անշնորհակալ ու չարդարացված, քանի որ անձով պայմանավորված գործի ճակատագիրն էլ տվյալ անձի բարեհաճությունից ու Աստծո ողորմածությունից է կախված: Իսկ մի ամբողջ հասարակություն դրա հույսին թողնել չի կարելի: Մնում է ստեղծել համակարգ, որը կապահովի մամուլի կենսագործունեության անշահախնդիր ընթացքը, այսինքն՝ առանցքում կտեղադրի անկողմնակալ, անփոփոխ շահեր:

Հարցին փիլիսոփայորեն մոտենալու դեպքում պետք է արձանագրենք, որ եթե լրատվամիջոցի անկողմնակալության շահառուն հանրությունն է, ապա հենց ինքն էլ պետք է կազմակերպի ու հովանավորի այդ լրատվամիջոցի կայացումը: Իսկ ինչպե՞ս, դրամահավաքի ու ընտրությունների միջոցո՞վ: Կամ գուցե հասարակական կառույցների աջակցությա՞մբ: Բայց այս շերտը ևս Հայաստանում սովորաբար քաղաքական գործընթացների մաս է կազմում՝ ծառայելով այս կամ այն քաղաքական շահերին: Թե՞ ստեղծել լրատվամիջոց բաց բաժնետիրական ընկերության սկզբունքներով՝ ներառելով պրոֆեսիոնալ ղեկավարի ինստիտուտը և բազմաթիվ անձանց մասնակցությունը ընկերության կառավարման գործում: Գուցե բոլորը միասի՞ն՝ համադրել հկ-ների հասարակական կեցվածքը բիզնես փայատերերի շահերի հետ… Ու այս ամենը՝ տարատեսակ ազդեցություններից խուսափելու համար… Սույն հարցը, թերևս, երկար խորհելու առիթ է տալիս…

Ամեն ինչ այսքան մռայլ չէր լինի, եթե լրատվամիջոցները փորձեին որոշակի որակական հատկանիշներ պահպանել: Փաստ է, որ մեր իրականության մեջ աշխատանքի որակը հետաքրքրում է առանձին լրատվամիջոցների միայն: Երբ լրատվական հոսքերի հիմքը հանդիսանում են բամբասանքներն ու տեղեկատվական արտահոսքերը, քաղաքական ֆարսից խուսափելը դառնում է անհնարին: Երբ կեղծ տեղեկատվությունը դառնում է իշխանական ու ընդդիմադիր ճամբարների ներկայացուցիչների քնարկման առարկա, այն էլ լուրջ դեմքերով… երբ այդ կեղծիքի շուրջ ստղծվում է հասարակական հետաքրքրություն ու անուշադրության է մատնվում իրականությունը, այդ տեղեկատվությունը տարածողը դառնում է հակամամուլ: Այսինքն՝ լրատվական ինստիտուտ, որը վնասում է հանրային վերահսկողությանն ու նոր մտքերի հավաքագրմանը:

Այսպիսով, հակամամուլը ձևավորում է օրվա լրատվական օրակարգը, մարդկանց՝ հազարավոր մարդկանց հետաքրքրությունների շրջանակը: Իսկ այդ ամենն այդպես էլ դուրս չի գալիս օլիգարխների կերուխումների, շքեղ մեքենաների, թիկնապահների մասին կիսաճշմարիտ պատմությունների շրջանակներից…

Մի՞թե քաղաքականությունը հենց այս պատմություններն ու այս հարաբերություններն են: Մի՞թե օրվա մամուլը պատկերում է արդեն առկա իրողությունները: Կամ եթե իրականությունն այլ է, ապա, մատուցելով կեղծ իրականություն, հակամամուլը դա աստիճանաբար վերածում է իրականի: Երկու դեպքում էլ տուժում է պետությունը, որովհետև ԼՂ հակամարտություն, հայ-թուրքական չկարգավորված հարաբերություններ, շրջափակում ու սոցիալական լրջագույն խնդիրներ ունեցող հասարակությունը չպետք է այդպես վերաբերվի իր մամուլին ու իր հասարակությանը, չպետք է բռնաբարի մարդու տեղեկացված, այնուհետև իրացված լինելու իրավունքը:

Անդին 8,2017

Share

Կարծիքներ

կարծիք