Պոեզիա

IMG_0832

* * *

Ահա գնաց, գնաց,

Բառը խփվեց պատին,

Բառը խփվեց պատին

Ու հետ եկավ սրտիս,

Ես դառնաղի լացի

Իմ սեփական լացից,

Ինքս իմ գրածից,

Իմ հարվածից՝ սրտիս:

 

* * *

Ոտքի վրա, թեթև, կմոգոնեմ ես քեզ,

Ոտքի վրա՝ ասես գրված չորս տող,

Ու կնայեմ կողքից մոգոնածին՝

Հենց նոր,

Չորս կողմերից ծագի,

Չորս կողմերից բոլոր:

 

Դու չես էլ նկատի,

Թե կյանք առար ուրիշ,

Թե կյանք առար ինձնից,

Թե կյանք առար լույսից,

Ես քեզ կմոգոնեմ առանց հետին մտքի,

Արձակ՝ ինչպես նկար միջնադարյան կույսի:

 

Ու վրձինով կանցնեմ քո ժպիտի վրա,

Թողած համբույրը իմ քո հոյակերտ շրթին,

Այդ ես եմ հորինել, հենց նոր՝ ոտքի վրա,

Չորս տողը մոգական՝ քո անձանձիր կյանքի:

 

Քո կյանք առած կյանքի, քո իրական կյանքի,

Ոչինչ, որ չորս տողից փոքրիկ շքերթը քո,

Դու չորս տողում ասես ոսկենկար վանքի

Կույսի նման անմեղ,

Կանցնես քեզ անծանոթ

Աշխարհ-արարումի հնչյունների ներքո:

 

Ագուցվեցիր թելին պատահմունքով վրձնի,

Եվ դա միակ ազնիվ արդարացումն է, որ

Ես քեզ մոգոնեցի ոտքի վրա մի օր

Եվ հավերժի նման պատկերդ թողեցի:

 

***

Եղել է այն, ինչ եղել է,

Ոչինչ պակաս կամ ավելի,

Անձրևն աշնան միշտ մաղել է

Մեր մեղքերին անքավելի:

 

Հիսուսն առավ երկրորդ ծնունդ,

Բախտը բերեց հոր զավակի,

Հիսուս չէինք. մահվան անդունդ

Գլորվեցինք հեշտ, շեշտակի:

 

Ձեռքդ բռնող չեղավ վերից,

Որդի չէիր, ի՛մ բարեկամ,

Թո՛ւյլ տուր ձեռքդ բռնեմ նորից՝

Ծնած հողիդ հայրենական:

 

Իրար օգնենք և ուս ուսի

Տանենք բաժին տանջանքը բութ,

Որ բեռն առած նույն Հիսուսի

Խաչելությամբ հասանք անդունդ:

 

Եղել է այն, ինչ եղել է,

Դարեր, դարեր անթիվ անցան,

Անձրևն առատ միշտ մաղել է

Բարձրից՝ հոգուն որբահեծան:

 

Բռնի՛ր ձեռքս՝ հառնեմ մահից,

Մահվան մահճից, ա՜խ, դեռ կենդան,

Ավաղ, Տերը մեզ հետ չունի,

Մեզ չի սիրում անապական…

 

Ոչ Հայր եղանք, ոչ էլ Որդի,

Այլ մարդ եղանք մարդավայել,

Այսօր ես եմ, շունշանորդի՛,

Օգնող Ձեռքը քթիդ պարզել…

 

 

* * *

 

Եթե Դուք, տիկի՛ն, այնքան եք հոգնել

Այս անեզրական վազքերից կյանքի,

Ձեզ հարկավոր է կարմիր շոր հագնել

Եվ դուրս գալ փողոց դանդաղ զբոսանքի:

 

Կարմիր շոր հագեք, տիկի՛ն, կարմիր շոր,

Եվ փողփողացե՛ք ծալքերում նրա,

Ոչինչ, որ միտքը զբաղված է ցայսօր

Կյանքից չմարված պարտքերի վրա:

 

Թքե՛ք անարդար կյանքի ճակատին,

Կարմիր շո՛ր հագեք, տիկի՛ն, կարմիր շո՛ր…

 

 

* * *

 

Մոռացվեցին ու խունացան

Գույներ ու խինդ, բերկրանք ու սեր,

Քեզ իր կյանքից շուտ հեռացած

Մի աղջիկ էր հանկարծ հիշել:

Հյուր էր՝ խոսեց նա անցյալից.

«Դու քրո՛ջ պես ինձ հետ վարվիր»:

Դեմքի վրա մի ցավալի

Պատմություն էր սիրահարի:

Քո՛ւյր իմ, դո՞ւ էիր արդյոք նման,

Թե՞ ուրիշն էր սոսկումով լի

Իր աչքերը հառել վրաս՝

Խոր հայացքով լուսնահարի:

Մի աղջիկ էր ինձ հյուր եկել՝

Քրոջս պես մեռած մի լույս,

Մի աղջիկ էր… սերն էր բեկել,

Ի՞մ, թե՞ նրա կյանքը անհույս:

Սերն էր բեկել, սերն էր տերը

Մեռած կնոջ կյանք ու մահի,

Չգիտեի, որ սոսկ սերը

Տերն է իմ, քո և աշխարհի:

Մի աղջիկ էր ինձ հյուր եկել,

Ա՜խ, քրոջս այնքան նման,

Մեռած մի կույս, լույս էր մեկնել,

Ափերի մեջ՝ անեզրական:

Ու խունացած ու մոռացված

Հուշապատիս մնաց մի հետք՝

Կնոջ, քրոջ, շուտ հեռացած

Այդ աղջկա պատկերը հեգ:

 

 

***

Պատի ետև պատ,

Պատի ետև պատ,

Պատեր ու պատեր

Իրարու ետև:

Այս կյանքը՝ մի պատ,

Որ ճաք է տվել

Մի ուրիշ պատից՝

Իրարու ետև:

Այս կյանքը՝ տկար,

Այս կյանքը՝ անկար,

Պատի բարձրությամբ և ոչ ավելի,

Պատի ետև պատ,

Պատի ետև պատ,

Ու դու կանգնած ես

Միշտ անդրդվելի:

Ասա՝ ե՞րբ դարձար

Պատի ետև պատ,

Պատի ետև պատ

Եվ դեռ ավելին,

Քո անդրդվելի

Համառության հետ

Պատի ետև՝ պատ անբեկանելի:

Այդ ե՞րբ թռիչքդ դեմ առավ պատին,

Ու դու քարացար պատեպատ կողին,

Պատի ետև պատ,

Պատի ետև պատ,

Ճաք տվեց սիրտս և հոսեց, հոսեց

Իմ փլված տողին:

 

***

Ամեն առավոտ լույսն իր հետ բերում,

Բախտ է շաղ տալիս աշխարհի գլխին,

Ու դու չգիտես, թե այնտեղ՝ վերում,

Ի՞նչ են քո համար որոշել կրկին:

Դու խմբագրում ես օրվա բերածը,

Քեզ հարմարեցնում ընտրովի մի կես,

Կոկում ես նորից շահած-պահածը,

Դեն նետում հինը մաշված լաթի պես:

Ամեն օրվա մեջ ընտրովի մի կես

Գալիս է բացը քո լրացնելու,

Բայց հարմար կեսին նետել ես երեկ,

Եվ հնար չունես ամբողջացնելու:

Այդպես ամեն օր, մինչ բախտի բերմամբ

Քո երկու կեսը հանդիպեն իրար,

Ծաղրում է կյանքը գուցե պատահմամբ,

Գուցե մտածված՝ վերում անիրավ:

Եվ խմբագրելով օրվա անցածը՝

Ափսոսանքի հետ կամ քամահրանքով,

Անցնում է կյանքը, օրվա դիպվածը՝

Քեզ քո ընտրության առջև թողնելով:

 

 

«Սոված ծաղիկ»

 

Ուրախ մի օր լիներ,

Սիրո մի տող լիներ,

Սիրտս սիրո խաղից

Քամվեր տողին արագ:

 

Ա՜խ, մի քիչ փող լիներ,

Խենթիս լսող լիներ,

Սոված սիրտս վախից

Չմլավեր բարակ:

Անդին 8,2017

Կարծիքներ

կարծիք