7-րդ /է/ դարի որմնանկարներ Մաստարայի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Mastara_Church

Արագած լեռան փեշերին սփռված հայկական վաղ միջնադարյան եկեղեցիներում որմնանկարների ուսումնասիրության, դրանց մնացորդների հայտնաբերման ու հնարավորի սահմաններում մաքրման ու պահպանական վերականգնման ծրագրով վերականգնող ճարտարապետ, իտալաբնակ Արա Զարյանի ու որմնանկարի վերականգնող մասնագետ, իտալաբնակ, ազգությամբ բելգիուհի Քրիստին Լամուղէն անցյալ տարի ուսումնասիրություններ են կատարել Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Ուսումնասիրությունների ընթացքում տեղ-տեղ պահպանված ավազակրային սվաղի շերտի տակ հայտնաբերվեցին որմնանկարի մնացորդներ : Նկարչական հորինվածքի գունային մնացորդները ուսումնասիրելու ու դրանք պահպանելու, վերականգնելու միտումով 2016 թվականին հարցում արվեց ՀՀ մշակույթի նախարարություն ու Արագածոտն թեմի առաջնորդարան: Համապատասխան համաձայնություն ու թույլտվություն ստանալուց հետո այս տարի ամռանը վերականգնող մասնագետները գործի անցան: Որմնանկարի հետքերը գտնվում են եկեղեցու արևմտյան մուտքի վրա, 1930-ական թվականներին կառուցված փայտյա օթյակի հարավարևմտյան անկյան պատին : Տարեց մաստարացիների վկայությամբ՝  օթյակը հավանաբար երգչախմբի համար է կառուցվել գյումրեցի ֆրանկների կողմից Ի դարի սկզբներին: Օթյակը կառուցելու ժամանակ եկեղեցու ներսը ամբողջովին սվաղված է եղել, ուստի որմնանկարի հետքերը քողարկված էին: Այդ իսկ պատճառով օթյակը կառուցել են՝  որմնանկարի պատը մասնակի փչացնելով ու ծածկելով նկարազարդ մեծ հատվածը: Եկեղեցու որմնանկարված ու առանց որմնանկարի սվաղված բոլոր պատերը սուր գործիքով ծակոտվել են այնպես, որ նոր սվաղը ավելի կպչի պատին: Սվաղի վրա անցկացվել է տեղ-տեղ կապույտ և համատարած դեղին ներկաշերտ: Մաստարացիների վկայությամբ, 1992 թվականին, խորհրդային կարգերի կործանումից հետո եկեղեցու ներսը դատարկվել է նախկին պահեստի ապրանքներից ու պատերը մաքրելու նպատակով զանազան սուր գործիքներով (կացին, ուրագ, բրիչ) հեռացրել են սվաղը՝  կրկին փչացնելով ու նահատակելով արդեն վատ պահպանված որմնանկարների հետքերը և հին սվաղը. հոնքը շինելու տեղ աչքն էլ են հանել: Այսօրվա վիճակով գրեթե ամենուր պահպանվել է վերջին մոխրագույն սվաղի բարակ շերտը, որը քողարկում է եկեղեցու հին բնօրինակ սվաղը: Սվաղը քանդել են այնպիսի անփութությամբ, որ հին պատի զանազան հատվածներում տուֆե քարերը ծակծկել ու փչացրել են : Կենտրոնական գմբեթն ու թմբուկը պահպանում են դեռևս վերջին սվաղի ու ներկի ընդարձակ հատվածներ: Գմբեթը շուտափույթ վերանորոգման կարիք ունի, քանզի ներս թափանցող անձրևաջրեը պոկում են գմբեթի սվաղի հատվածները, որոնք հետզհետե ընկնում են եկեղեցու հատակին՝  վերացնելով պատմական հատվածի վկայությունները:

Մեզ հետաքրքրող որմնանկարի հատվածի մաքրման աշխատանքները սկսվեցին 2017 թվականի հուլիսին, ԺԹ դարի սկզբի սվաղի նայլոնի խոզանակով ու նշտարով հեռացման աշխատանքներով : Հասնելով որմնանկարի պահպանված հատվածին՝  այն մաքրվել է դեմիներալիզացված ջրի ու թեթև բազիկ լուծույթի թրջոցներով, մինչդեռ որմնանկարի թաղանթը պաշտպանվել է Palaroid B72 համապատասխան լուծույթի քսուկով: Աշխատանքների ընթացքում պարզվեց, որ որմնանկարը իրականացվել է կրկնակի սվաղի ծեփի վրա: 4-5 մմ հաստությամբ սվաղի առաջին շերտը իրականացվել է հղկված քարերին լավ սեղմված, իսկ նրա վրա անցկացված երկրորդը, որն ավելի բարակ է ու նուրբ, արվել է որմնանկարի բնական պիգմենտների ու հավանաբար օրգանական կապակցվող տարրը կլանելու համար: Նմուշի մասնիկը հանձնվել է Վիչենցայի «Պալլադիո» մասնագիտական կենտրոն՝  լաբորատոր անալիզների համար:

Մաքրելուց ու ամրակայելուց հետո որմնանկարի պահպանված հատվածը այնքան նահատակված ու կցկտուր էր, որ եկեղեցու հատակից կամ օթյակից նայելով՝  անընթեռնելի էր, ուստի որոշում կայացվեց լցակայել պակասող սվաղի հատվածները և ամբողջացնել նկարչական հորինվածքը ըստ պահպանված հատվածների այնպես, որ որմնանկարի պահպանված մասերը ստանան հստակ ու ընթեռնելի պատկերագրություն : Որմնանկարի բնական սվաղի կործանված հատվածներն ու անհավատ վայրագների խազերով փչացրած մասերը լցակայվեցին նույն հարթությամբ իրականացված և հնի որակին ու գույնին համապատասխան ավազակրային նոր սվաղով, լավ հարթեցնելով ու հղկելով այն փոքր ծեփիչով : Նկարչական հորինվածքը իրականացվել է բնական պիգմենտների միջոցով, որոնք անցկացվել են բարակ շղարշների տեսքով այնպես, որ լրացվի նկարչական մանրամասնի հորինվածքը, սակայն նոր մասը հնից տարբերվի ու ընթեռնելի մնա : Սև, զուգահեռ գծերի մեջ ամփոփված կարմիր ու սպիտակ շեղանկյունների երկրաչափական հորինվածքով շրջանակը ամբողջացվել ու վերականգնվել է այն հատվածներում, ուր այլևս չէր պահպանվել: Պահպանական վերականգնման ու ամբողջացման աշխատանքների ավարտին որմնանկարի ամբողջ մակերեսը պատվեց Palaroid B72 համապատասխան լուծույթի պաշտպանիչ շերտով:

Վերոհիշյալ միջամտությունները հնարավոր դարձրին բացահայտել որմնանկարում պատկերագրված կերպարը՝  թուրը պատյանի մեջ ամփոփած հեծյալ անձ, որ ամենայն հավանականությամբ պատկերագրում է Ս. Գևորգ զորավարին: Շատ վատ երևացող ու վայրագորեն վնասված որմնանկարի հերոսի դեմքը ամբողջովին ջախջախվել է, ձիու ոտքերը՝  խազվել ու վնասվել, ձիավորի մարմինը դարձել է անճանաչելի: Որմնանկարները վնասվել ու ավերվել են երկու անգամ. առաջինը՝  սվաղով ծածկելու ժամանակ, երկրորդը՝  այն հեռացնելու ժամանակ: Օթյակի հորիզոնական հենարանի գերանը ընկնում է որմնանկարի պատկերագրության ձիավոր հերոսի ձիու վզի վրա, իսկ օթյակ տանող աստիճանը, որ, բարեբախտաբար, միայն հենված է որմնանկարին, ծածկում է ձիու հետևի ոտքը  (ՀՀ մշակույթի նախարարությանը դիմել ենք աստիճանի այս հատվածը ձևափոխելու այնպես, որ որմնանկարը ամբողջությամբ ընկալելի ու տեսանելի լինի): Նկարիչը վարպետորեն և մանրամասն նկարազարդել է ձիավորի հագուստի ելևէջները, ձիու եզրագիծը իրականացրել կարմիր ներկով, զորավարի թուրը, կոթն ու պատյանը արված են շատ մանրամասն: Այս ամենը արտահայտիչ ու պատկերագրական է: Հետաքրքրական են ձիավորի թիկնոցի հատվածը, լայն տաբատի մանրամասները և գոտու նուրբ լուծումները :

Եկեղեցու ներսի պատերի այս հատվածի վրա աշխատելիս հարավարևմտյան տրոմպի տակի ուղղանկյուն պատի անկյունում՝  երկու լուսամուտների արանքում, նկատվեցին հնարավոր որմնանկարի այլ հետքեր : Մանրամասն ուսումնասիրելուց ու փորձնական «պեղումներից» հետո պարզ դարձավ մեկ այլ պատկերազարդման առկայություն հարավային անկյունի լուսամուտի մոտակայքում: Անկյան արևելյան հատվածում՝  սրբապատկերի աջակողմում, պահպանվել է հայատառ անվան մի մասը, որի վերակազմությունից հետո հնարավոր եղավ ընթերցել Ս. Գաբրիել հրեշտակապետ, որից քիչ հեռու մեկ այլ սրբի եզրագիծն է լուսապսակով հանդերձ : Այս երկու սրբապատկերների միայն եզրագիծն է պահպանվել՝  բացառությամբ Ս. Գաբրիել հրեշտակապետի գլխի գանգուրի փնջի հատվածը: Վերջինիս պատկերագրությունը Մաստարայի եկեղեցում պատահական չէ, քանզի Ղուկասի Ավետարանի համաձայն՝  Մկրտիչը որդին էր Եղիսաբեթի ու քահանա Զաքարիայի, որոնք պատկառելի հասակում են նրան ունենում: Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստանում է Աստծուց՝  Գաբրիել հրեշտակապետի միջոցով, տաճարում ծիսական խնկարկության ժամանակ: Այս հատվածի որմնապատկերները նահատակել ու կործանել են՝  առանց խնայելու նրանց գեղեցկությունն ու վսեմությունը: Նկարչական հատվածի ամբողջ մակերեսը ծածկված է խազերով ու փոսիկներով: Այս որմնանկարը նույնպես ունեցել է առաջին որմնանկարի հորինվածքով շրջանակ:

Եկեղեցու այս հատվածում որմնանկարների վնասված հետքերի վրա աշխատելու ընթացքում մտածեցինք, որ եկեղեցին չեր կարող ունենալ միայն այս որմնանկարված պատերի հատվածները, ու սկսեցինք փնտրել այլ հետքեր ներքին պատերի զանազան հատվածներում: Շուտով մեր ենթադրությունները ցանկալի արդյունք տվեցին, և եկեղեցու զանազան պատերին հայտնաբերվեցին որմնանկարի տարբեր մնացորդներ: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ ի սկզբանե եկեղեցին ամբողջությամբ որմնանկարված է եղել: Որմնանկարի այլ հետքեր կան գլխավոր խորանում, հարավարևելյան տրոմպատակ անկյան պատին, հարավային խորանի արևելյան պատին: Այս վերջինը մեծ հայտնագործություն էր, քանզի զետեղված լինելով հատակից մոտ 3 մ բարձրության վրա՝  եկեղեցու հատակից բոլորովին անտեսանելի էր ու մնացել էր սվաղի տակ : Այն իրենից ներկայացնում է երկու ֆիգուրների ներքևի հատվածները մինչև գոտկատեղ: Հետաքրքրականը այն է, որ այս երկու պատկերները նույնպես շրջանակված են առաջին որմնանկարի հորինվածքին համապատասխան շրջանակով՝  սև զուգահեռ գծերի մեջ ամփոփված կարմիր ու սպիտակ շեղանկյունների շարք: Այս հանգամանքը վկայում է նույն նկարչի ձեռքը և նույն ժամանակահատվածի կատարումը: Ձախ կողմի ֆիգուրը աշխարհիկ է, ոտքերին սանդալ, ոտքի եզրագիծը կարմիր է, հագին սպիտակ, երկար զգեստ է, իսկ աջ կողմինը բարձր հոգևորական է, ոտքերին տրեխներ ունեն ու վստահաբար ավելի կարևոր անձ է, քանզի հագուստը ավելի պաշտոնական է: Այս պատկերագրությունները նույնպես շատ վնասված են հարվածներից ու խազերից: Սրբապատկերների ներքևի հատվածում հայատառ արձանագրություն է պահպանվել, որի բովանդակությունը մեզ հայտնի չէ : Եկեղեցու այս հատվածի որմնանկարի վրա իրականացվել են նախորդի նման մաքրման, ամրակայման ու պահպանական-վերականգնման միջոցառումներ այնպես, որպեսզի շատ վատ պահպանված ու բազմիցս վնասված որմնանկարի հատվածը ընթեռնելի լինի եկեղեցու հատակից: Բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրվել ու վերականգնվել են՝  տարբերակվելով դրանք հին, անընթեռնելի փոքր հատվածներից:

Որմնանկարի հետքեր հայտնաբերվեցին նաև հարավարևելյան անկյունի պատին, որից հասկանալի է միայն մի սրբապատկերի լուսապսակի աղոտ հետագիծը: Այս հատվածում իրականացվել եմ միայն մաքրման ու ամրակայման աշխատանքներ:

Հակված ենք եզրակացնելու, որ հայ ճարտարապետության գլուխգործոց Մաստարայի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին տվյալ ժամանակաշրջանի հայկական եկեղեցիների շարքում մտահղացվել, նախագծվել, կառուցվել է՝  նկատի ունենալով նրա լուսավորության խորհրդավորությունն ու որմնանկարների հիասքանչ պատկերագրությունը որպես արվեստի կատարյալ պատկերի ամբողջական ու նախնական մտահղացումով կերտված գանձ, որն ավելի է արժեքավորում հայ վաղ քրիստոնեական գեղարվեստական աշխարհըմբռնումն ու տիեզերական մտահղացումը:

Քրիստոնյա հայ մարդը ձգտել է դեպի գմբեթ, դեպի կատարյալ պատկերագրություն ու հավերժություն: Սրա վկաներն են նույն ժամանակաշրջանին կառուցված և մեր կողմից վերականգնված Լմբատավանքի Ս. Ստեփանոս Նախավկա, Կարմրավորի Ս. Աստվածածին, Արթիկի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիների որմնանկարները:

Կարծիքներ

կարծիք