Պոեզիա

Հեղինակ:

IMG_1945Պատմի՛ր նրա մասին

Նորից չէր ու չէր կրկին.

այդպես մեկ անգամ է լինում՝

առաջին և վերջին:

Գիշերվա ոտնահետքը ինձ տարավ

ուղիղ Աստծու մոտ,

ասացի՝ պատմի՛ր նրա մասին.

պատմեց՝ դեռ աշխարհի արարումից

խնամքով պահած բառեր,

բայց չէր այն մեկ վայրկյանը՝

նրա հայացքով, որ սպանում է ինձ,

և կյանքը նորից է ամեն անգամ:

 

Նույն ոտնահետքով՝ կես քայլ,

ու սատանային գտա,

ասացի՝ խոսի՛ր նրա մասին.

խոսեց՝ որպես առաջինը

երկրի վրա քայլած անմահ,

սակայն ոչինչ էր նրա համեմատ,

որ թեպետ մահկանացու,

հսկում է ժամանակը

իմ աշխարհներում երկու՝ լինել-չլինելու:

 

Մյուս հրեշտակներին էլ հասա,

ասացի՝ երգե՛ք նրա մասին.

երգեցին ամենասիրուն ձայնով,

որ երբևէ մարդը կարող է լսել․

մինչդեռ նրա շշունջն էր հնչում ուրիշ,

քանդուավեր, երբ կանչում է իմ անունը:

 

Բացեցի բոլոր բառարանները

ու գրքերի լեզուն լսեցի.

դեռ չի գրվել այն խոսքը,

որ նրան մեկնի զվարթ

և տոն լինեմ ես:

Փորձեցի ի՛նքս պատմել ինձ.

բառե՜ր, էլի՜ բառեր,

որ խեղճ էին ու կուչ եկած:

 

Քեզ չեն պատմում․

դու կայիր, բառը հետո եղավ:

 

Թեբեական

Նա իմ ննջարանը մտավ խարխափ ու անորոշ՝

որպես կեսգիշեր,

և հեռացավ առավոտի քայլերով՝ դեռ պաղլույս ու անարև:

 

Քաղա՛ք, միշտ մուտք ու վերադարձ,

ո՞ւր տարար առավոտս հենց նոր տեսած․

ես փնտրել եմ նրան ամբողջ մի կյանք,

սպասել բոլոր ժամերի մեջ՝

վստահելով այս հանդիպմանը առանց պայման:

 

Ամեն օր քո մեջ շրջած այգի,

չտեսա՞ր նրան․

իմ աչքերն ուներ,

իմ մարմնի գույնն ու

իմ հայացքով էր․

անհնար էր շփոթել:

 

Փողոցներ, որ խնամքով պահում եք ոտնահետքերս,

և կամուրջներ՝ կախված ջրանցքներին,

իմ խոսքն է նրա լեզուն,

իմ բառն է նրա շուրթերին,

և ամեն սեթևեթն իմ բանաստեղծությունն է․

չէիք կարող չճանաչել:

 

Նրա ափերի մեջ իմ սիրտն է,

իսկ մատների տակ բարակում է հոգիս,

և իմ սպասման կում-կում ծարավն է պարանոցին․

դուք պե՛տք է ետ պահեիք նրան,

ծառուղում ու նստարանին համբուրվող զույգեր:

 

Ի՜նչ ճամփաների հիմա դիմեմ ես՝

արևածա՞գ, թե՞ մայրամուտ,

որ մինչև օրը և ժամս վերջին տեղ հասնեմ:

 

Իսկ դու, քաղաքի դարպասը հսկող

թեբեական հայացքով կույր գուշակ,

ասում ես՝ քո ննջարանը գնա,

եթե նա է, կգա առավոտի քայլերով,

որ չի գնացել:

 

Չկաս

Քեզ հետ՝ մահ չկար,

առանց քեզ՝ կյանքը չկա:

 

Ինձ ապրեցնող գեղեցիկը սպանեց ինձ․

ու երկիրը սուզվել է մշուշի մեջ,

ինչպես սառցե ժամանակ էր:

 

Երկնքի բաց կապույտ երակներով

արագիլներ են չվում.

վերջին երամն է սպիտակ փետրավորների:

Տիեզերքի աշունն է՝ ծանր, ուշ,

ոտքերիս տակ տերևներ են՝ գույն-գույն մեռնող.

քաղաքի վերջին այգին է,

ուրիշ կանգառ չի լինելու:

 

Ծառը՝ տերևաթափ, հեռանում է,

տունը՝ ամայի, հեռանում է․

ինչ կար՝ հոգնած էր, հեռացել է:

Ջրերը կանգնել ու չեն հոսում,

հողը սմքել ու չի թրթռում,

անջերմություն, ցուրտ է արևի մեջ:

 

Քո շարժումները օդում են, դո՛ւ չկաս,

իմ հայացքը նույնն է, ե՛ս չկամ,

ամեն բան իր տեղում է, մե՛նք չկանք:

 

Ստվերդ առանց քեզ է, ու հեռու ես,

առանց քեզ է մարմինս, ու հեռու եմ.

ինձ հետ չի այն ժամանակը,

երբ մահ չկար:

 

Ձայն է գալիս

Քո մոտիկը հիմա շատ է հեռու․

ես գնում եմ ինձնից ու չեմ հասնում քեզ:

 

Կեսգիշերի այն կողմից

գալիս է ձայնը էլի՝

իմը չես լինի երբեք…

ու ժամանակը քեզնից հետո է:

 

Քեզ սիրեի նորից,

հոգ տանեի քո մասին,

թևերիս մեջ պինդ գրկեի սիրուն մարմինդ՝

պահեի հեռու էս գեշ ու անդուր աշխարհից:

Հետո կրակ կտրած

խառնեի խոպոպներդ խուճուճ-խուճուճ,

հոգիդ հանեի՝ ցույց տալով լեզու,

անհասկացող ու դեռահաս պատանու պես:

 

Մինչդեռ կեսգիշերից այս կողմ

գալիս է ձայնը քո մոտիկից՝

իմը չես լինի,

որ սև թելի նման

սրտիս միջով անցնի՝

իրագործվող մահապատիժ:

 

Ափս սեղմում է բաժակը դիպված,

որ քեզնով սովորական է արդեն.

ագռավների սևն է պատուհանի մեջ՝

երամ-երամ.

խուճապ են ու ցրիվ մոլորվելուց առաջ,

իսկ երկինքը խարխափում ու վստահ չէ:

 

Քո մոտիկը հիմա

համացանցում թափառող մի լուսանկար,

որ վրիպում է հայացքիս մեջ:

 

Ագռավների սևի հետ ես կմտնեմ դժոխք՝ երամ-երամ,

թե իմանամ քո հեռուն կդառնա մոտիկ վերջին անգամ:

Վերջ

Երկնքում չկա փրկություն ինձ համար,

ես սերն եմ ավերել երկրի վրա:

Կամաց ու քիչ քիչ գնա,լույսս

որ հեռացումիդ քայլերը զգամ հատ-հատ

և հասկանամ,

թե ինչպես են ապրում խավարի մեջ:

Երբ հեռու ես արդեն,

ես չունեմ մարմին,

չունեմ էություն

և երազ չունեմ .

անանցյալ եմ ու առանց ներկա

ժամանակը վրիպել է ինձ:

Իմ սիրտը կիսված է,

իմ հոգին մարել է,

իմ աշխարհը կորած է՝

հիմա,երբ օտար եմ մերձավորեիս:

Հեռու է իմ տունը,

խլված է իմ հողը,նվաճված է իմ երկիրը .

ինձնից հանել են քեզ,

ու չկամ ես:

Այդպես անդարձ մի՛ գնա,արևս .

իմ գարնան ծաղիկ,

իմ ամռան շողակ,

իմ աշնան թավիշ .

դադար տուր մի տեղ,

միայն ձմռան գիշերն է,

որ թողել ես ինձ .

մրսում է կյանքս:

Իմ լույսն ես դու՝

իմ աչքերը ավերած .

ու չեմ տեսնում քեզ

Սեր

Քո պատկերով չստեղծեցիր ինձ,

բայց քո տեսքն է հիմա իմ հայացքը, սեր:

Եկա,

որ ապրեմ քո ժամանակի մեջ,

տեսնեմ հրաշքդ

ու վկայեմ քեզ:

Իմ քաղաքը քեզ հասնելու տարածքն էր.

ամեն տեղ նշաններ կային քո անունով.

քեզ փնտրեցի, դո՛ւ գտար ինձ:

Երբ կանչեցիր,

նա քո ձայնն էր,

ու ես եկա.

քեզ գումարեցիր ինձ,

ինձ հանեցիր քեզնից,

մնաց նա:

Ինձ պատգամածը

քեզ վկայելն էր.

կատարեցի

ու գնում եմ հիմա:

Դիպուկահար սեր,

ամեն բան քո փամփուշտն է որոշում

այս երկրի վրա,

մինչդեռ մի աղջիկ էր նշանառությունդ

ու վրիպեցիր:

Պատմի՛ր նրան, գնչուհի

Ի՜նչ գեղեցիկ եմ ես,

երբ խոսում ես նրա մասին:

 

Ասա՛, գնչուհի,

ափս մի նայիր,

աչքերիս մեջ հրաշքը տես.

պատմի՛ր նրան մինչև վերջ,

որ ամենագեղեցիկը լինեմ ես:

 

Ասում ես՝ չհասնել նրան,

նույնն է թե կյանքում բան չես տեսել,

նրան չգտնել՝ հավասար է,

որ աշխարհում ամեն ինչ ես կորցրել.

այդ հրաշքը հասկանալու համար ես ծնվել, ասում ես,

և դրախտը այլ տեղ չփնտրեմ:

 

Նրա հայացքով լո՛ւյսը ես ուզեցի հատուցում,

ամենաթանկը՝ իբրև պարգև

մի ամբողջ կյանքի համար չստացված…

 

Խոսի՛ր, խոսի՛ր, իմ սև ու թուխ գնչուհի,

մոռանալու արվեստը սովորեցրու ինձ՝

անվերջ հիշեցնելով նրա մասին:

 

Ես լույս եմ տեսնում,

սպիտակ հայացքով առավոտ

և արևի մեջ քայլող երազներ.

մի ուրիշ աշխարհ,

որ դեռ չի եղել մեր կողմերում:

 

Պատմի՛ր, գնչուհի,

ես արդեն թևեր ունեմ,

հրեշտակ եմ ճեփ-ճերմակ,

որովհետև դու խոսում ես նրա մասին:

 

Այսպես պարզ

Ուրիշ երանության չեմ վստահում.

դրախտը քո ժամանակն է երկրի վրա,

որ հիմա ու իմն է:

 

Ես չեմ ավարտվի,

որովհետև դու միշտ ես:

Մի ժամանակ կա տիեզերքում՝

քո ներկան,

որ լցվում է իմ մեջ,

և ես առանցքն եմ ամեն պտույտի:

 

Ես ձուկ եմ ջրում,

թռչուն եմ երկնքում

և գազան՝ որս անելիս,

երբ իմ եսը դու ես:

 

Ոչ կքանիստ Բուդդա,

ոչ էլ ձիավոր Մուհամեդ,

երկմտում եմ Քրիստոսին անգամ․

դու ես իմ անքննելին,

և իմ հավատն ունեմ ես:

 

Այդպես ուղիղ թերևս ասում են՝

ես սիրում եմ քեզ,

և այդքան պարզ սերն է միայն,

որ փնտրում ենք բարդ ու խճողված:

 

Ու թողնում եմ կտակ

այս շատ նյութական օրերում․

բանաստեղծած իմ տողերով

քո մարմինը թող քանդակեն՝

որպես արձան խենթիս:

Անդին 8,2017

Կարծիքներ

կարծիք