Գույն

Հեղինակ:

IMG_3893Արտասվելու օրը նե ծովն էր. նավերից նայողները չեն տեսնի ներա ճանապարհը (ներա աննշան շարժը ես զգում էի). նե արտասվելուց շատանում մեծանում է, երբեմն ցնդում ու ափերն է ողողում, նավերը շրջում, հասնում տներն էր ավերում, որովհետև նրան էր փնտրում. նա հեռավոր, գուցե լեռնոտ երկրում, որտեղ ծով չկա, ջրի համից, նույնիսկ հորանջաջրերից իր համն է առնում, վերջը կհասնի բարձր լեռանը, տարիներով գագաթին կապրի՝  նե կնկատի, կարտասվի շատանալով ու քաոսելով շուրջը՝  սլանալու է դեպի չոր ցամաքի՝  այլևս կորցրած մարդը:

Վերակենդանացման բաժանմունքում կնոջ խոսք էր լսվում, հստակ, անխինդ, անլաց՝ «առանց» բառով երկար բացականչություններ: Բարեկամս ասաց՝  ուշքի է եկել, իմացել, որ ավտովթարից ջահել ամուսինը մահացել է: Օրվա տասնվեց ժամը առանց բառով թվարկում ու բացասում է աշխարհի տակ ամեն բան, ոտուգլուխ խոսքերի միջև իմաստային աններդաշնակություն է:

Մոտեցա ներա հիվանդասենյակին, նե ասում է՝  առանց արև, առանց լույս, առանց երկինք, առանց ծառ, առանց ծնկներ, առանց հագուստ…

Վերադառնում եմ, մտերիմս ծիծաղելով շարունակում է, որ իր սենյակի առարկաներից սկզբնավորվելով՝  անցել է գլխի փչոցներն ասելուն: Ընկերս իրեն խնամող բժշկուհու հետ գրազ էր եկել, թե մի օրում կսպառվի կնոջ բառապաշարը, ու կխաղաղվի:

-Պարտվեցի,- ասում է,- բժշկուհին կին է, երևի զգացել է ներա ցավի տևողությունը: Մինչև քնաբեր չեն սրսկում՝  չի լռում, նույնիսկ գիշերվա կեսին զարթնում՝  գլուխներս տանում է:

Ես ականջ եմ դնում, նե ասում է՝  առանց դուռ, առանց անձրև, առանց ասեղ, առանց երես, առանց թիկունք, առանց երազ, առանց վազք, առանց շուն, առանց…

Նե ջնջելով հիվանդասենյակի կահ-կարասին ու սենյակում առաջացող երևույթները սենյակի չափերի ներսում ամայացնելով՝  անցնում է հիշողություններին, անցնում է արարված յուրաքանչյուր բանի:

Ինձ ստիպելով էի հիվանդատեսության գնացել, այդպես էլ չկարողացա ուշադրության դրսևորումներ ունենալ, վերմակդ բացվել է՝  կմրսես-ի նման բաներ: Չհաշված անհոգատարի թերությանս, շարունակեցի վրա-վրա այցելել: Բարեկամիս ասացի պատճառը. ցանկանում էի լսել կնոջ խոսքերը, նրա սիրտը շահելու համար հետը գրազ եկա, որ կինը շուտով լռելու է:

Ժամերով սսկվում՝  ականջ ենք դնում կողքի սենյակի մաղումներին, հետզհետե մեր շուրջը զտվում է, մենք մաղի մեջ ենք, ընկերս չի դիմանում՝  բարձը ծալում է գլխին, սեղմում ականջներին. կնոջ կարճ ընդհատումներում ես եմ շարունակում ներա խոսքն ու մտովի ժխտում եմ բարձը, սրա բմբուլները, սրանք կրող հավերին, սրանց տերերին արտադրում եմ լեռնոտ գյուղում ու անմիջապես ջնջում եմ:

Նե հասել էր անցյալին, ներկային, հետզհետե նաև ապագային՝  առանց վաղվա, առանց շաբաթվա առանց եկող կիրակի, առանց մեզ սպասող քաղաքների…

Ներան քնեցնում են: Հարմար առիթը գտնելով՝  պոկվում եմ հիվանդանոցից, գնում եմ թանգարան, աչքի եմ անցկացնում քաղաքի հին հատակագծերը, ինձ հարկավոր է նորակառույց շենքերի տեղում մոռացված ամայությունը տեսնել և ինչ-որ կերպ հասկանալ անսովոր տառապանքը: Հիվանդանոցին չհասած՝  նայում եմ կառույցին ու ասում՝  առանց շենքի, բայց շենքը կա, հատկապես դժվարանում է նրան ջնջելու աշխատանքս, քանի որ մինչ կառույցը այս տարածքում հյուրատուն է եղել, եթե նույնիսկ վերջինն էլ բացառում՝  մինևնույն է ընկնում եմ հողին, կարևոր է նաև հողը վերացնելու ջանքը, ճիշտ է, կարող եմ այսքան չմանրանալ, փոխարենը զրկել երկիրն ու ընկնել բաց տարածություն, սակայն ինքս չունեմ ներա կորցրածը: Եթե արթնացման առաջին օրից ներան լսեի, գուցե ստացվեր որևէ ճամփի դուրս գալ՝  ներա ոտնահետքին կանգնել ու իմանալ, թե ուր է գնում: Ներա փնտրածը անհայտացել է, շուտով փտելու է վերանա. նե բացառում է իր շուրջը, որպեսզի հայտնվի իրենից հեռացած մարդու մոտ, որն այլևս որդերի բաժին մնալով զրկվում է ականջներից, շուրթերից, մազերից, ոտնաթաթերից ու ցնդում է, այս կինը ոչնչացնելով ամենը՝  ցանկանում է հասնել չեղածին, այլևս ազատված անգոյությանը, որտեղ չեն մնա դրախտային եղանակներ, արև կամ լուսնոտ գիշեր, վերջում միայն նրան կմտածի մասնիկ առ մասնիկ, իսկ օրվա պատկերներն ու վերջինիս որովայնային առարկաները իր սերը հիշողության են վերածում. աթոռները նրա թիկունքն են ձևանում, անկողինը նրա մարմնափոսն է կեղծում, սրանք իր չունեցածն են նմանակում, փշրում՝  բաժանում են իրենց մեջ, մինչև իսկ կերպարանակցում, որ ընդամենը հուշ դարձնեն:

Վերջին այցելությանս կնոջը դուրս էին գրել: Բարեկամն ասաց՝  առավոտից հեծկլտում էր՝  աչք չփակեցի, չէր թողում գոնե սրսկեին:

Կարծում եմ՝  նե բացառել է հնարավորինս ամեն ինչ և այն ամենը, ինչ ծնում է երևակայությունը, բացվող օրվա հետ ներա շուրջը առարկաներով էր լցվում՝  ներան սեղմում էին օղակի մեջ, նե կրկին ընդդիմանում ու նորից սկսում էր իր շուրջն ազատել: Նույնիսկ մտորելու եղանակները խառնելով՝  թրջված հագուստի պես ծալծլում մզում էր, այսինքն՝  նախադասության վերջից բռնել-ջնջելով՝  թողել էր առանց քեզ-ը, իմ այցելության օրերին քեզ-ն էլ անջատելով՝  միայն առանց-ով էր միտքը քամում:

Ուրեմն, լացելու օրը նե հասել էր ամայության, որտեղ այլևս բռնվելու շարժապատկեր չկա. ներան պահում կամ նե հայտնվում է Աստծո, թող լինի աթեիստների, ոչնչության ափում ու սրան նույնպես բացառում է: Այնուհետև թե ո՞ւր է ընկնում կամ ելնում՝  չեմ կարող ասել, հենց այստեղ է արտասվում՝  գիտակցելով իր կորուստը, իր մենությունը, որովհետև նե այլևս անմակերես սողանքում է. հայացքը բռնող-կշռող կառույցներ չկան:

Անդին 7,2017

 

Կարծիքներ

կարծիք