Անհավատալի և տխուր պատմություն միամիտ Էրենդիրայի և նրա անգութ տատիկի մասին

 

40860711004440869Էրենդիրան տատիկին էր լողացնում, երբ փչեց նրա դժբախտության քամին: Անապատի ավազների մեջ կորած մեռելագորշ, կոպտասվաղ տունը քամու առաջին իսկ հարվածներից ցնցվեց մինչև հիմքերը: Բայց դիվական բնության քմահաճույքներին սովոր Էրենդիրան ու տատիկը, միանման սիրամարգերի եզրազարդով ու անպաճույճ խճանկարով հռոմեական ոճի լոգասենյակում այդ կարևոր գործով զբաղված, դժվար թե զգացին փոթորկաբեր հողմի պոռթկումը:

Հսկայամարմին մերկ պառավը, ասես վիթխարի չքնաղ սպիտակ կետաձուկ, ընկղմվել էր մարմարե խորունկ լոգարանի մեջ: Թոռնուհու տասնչորս տարին նոր-նոր էր լրացել, նա նրբիկ էր, կակուղ ոսկորներով և տարիքին անհամապատասխան հեզ ու խոնարհ և սակավախոս: Ինքնասույզ, ասես ծիսական արարողություն կատարելով, նա տատիկին ողողում էր ջրով, որի մեջ լողում էին եռջրով թրմած դեղաբույսերն ու բուրավետ խոտերի տերևները, որոնք կպչում էին տատիկի մսեղ մեջքին, մետաղալարի նման կոշտ վարսերին, կյանք տեսած նավազներից ավելի պերճախոս դաջվածքներով հզոր ուսերին:

-Երազ տեսա, թե նամակի եմ սպասում,- ասաց պառավը:

Լռակյաց Էրենդիրան, որը շուրթերը բացում էր միայն այն ժամանակ, երբ հենց իրեն էին դիմում, հարցրեց.

-Երազում ի՞նչ օր էր:

-Հինգշաբթի:

-Ուրեմն նամակը վատ լուր է բերում,- ասաց Էրենդիրան,- բայց մենք այն չենք ստանա:

Լողացնելուց հետո նա տատիկին առաջնորդեց ննջարան: Պառավն այնքան գեր էր, այնքան ծանրամարմին, որ կարողանում էր քայլել միայն Էրենդիրայի փխրուն ուսին կամ եպիսկոպոսական վեհատեսիլ գավազանին հենվելով, բայց նրա յուրաքանչյուր շարժումում, որ անում էր ճիգով, նշմարվում էր ուղնուծուծից բխող բնատուր վեհություն: Ողջ տան նման, առանց չափի զգացողության, նույն բարբաջագին ճոխությամբ հարդարված ընդարձակ անկողնախորշում Էրենդիրան երկու ժամ շարունակ հոգ էր տանում տատիկին. հյուս առ հյուս քանդում էր վարսերը, սանրում, օծանում, վրան քաշում էկզոտիկ նախշերով պաճուճված զգեստը, բոսոր շրթներկով կարմրեցնում շուրթերը, սուսրով վարդագունում այտերը, դեմքը շպարում սպիտակ դիմափոշով, կոպերին մուգ սուրմա դնում, եղունգները ծածկում սադափագույն լաքով, և երբ պառավն սկսեց նմանվել ոչ թե մարդու, այլ վիթխարի ներկված տիկնիկի, նրան առաջնորդեց զգեստը զարդարող ծաղիկներին հար և նման արհեստական ծաղիկներով զարդարուն հեղձաբույր պարտեզ և բազմեցնելով խորանիստ բազկաթոռին՝ թողեց, որ նա միայնակ ունկնդրի նվագարկչի մաշված ձայնապնակները:

Մինչ պառավը լողում էր իր անցյալի ստվերոտ ջրանցքներով, Էրենդիրան կարգի էր բերում տունը՝ մռայլ, խառնափնթոր, տարօրինակ կահույքով, երևակայական կայսրերի արձանիկներով, գիպսե հրեշտակներով, հախճապակե վիժանուտ ջահերով, ոսկեզօծ դաշնամուրով և ամենաանհավանական տեսքի ու չափի անթիվ ժամացույցներով լի մի կացարան: Բակի անկյունում հորած էր խորունկ մետաղատակառը, որտեղ վաղուց անտի պահվում էր հեռավոր աղբյուրից հնդկացի ծառայի շալակով բերած ջուրը: Մետաղատակառի ծանրանիստ կափարիչի օղակին կապված՝ թախծում էր քնձռոտ ջայլամը՝ միակ փետրավորը, որին հաջողվել էր ողջ մնալ այդ կործանարար կլիմայում: Տունը կանգնած էր ամայի անապատի ճիշտ կենտրոնում, խղճուկ, շիկացած, տաղտուկ փողոցներով ավանի մոտակայքում, ուր իրենց կյանքն էին սպանում ճերմակամորուս այծերը, երբ վրա հասավ դժբախտության տրտում հողմը:

Այդ տարօրինակ ապաստանը կառուցել էր պառավի ամուսինը՝ Ամադիս անվանյալ լեգենդար մաքսանենգը, որից նա որդի ծնեց և ամուսնու պատվին կոչեց նրա անունով՝ Ամադիս: Այդ երկրորդ Ամադիսն էլ Էրենդիրայի հայրն էր: Ոչ ոք հստակ չգիտեր, թե որտեղից և ինչու է այս կողմերում հայտնվել այդ ընտանիքը: Հնդկացիների միջավայրում համառ շշուկներ էին պտտվում, որ առաջին Ամադիսը, Անթիլյան կղզիներում մահացու դաշունահարելով ինչ-որ մեկին, գեղեցկուհի կնոջը փախցրել է հասարակաց տնից և նրա հետ թաքնվել է արդարադատության հանդեպ անտարբեր անապատի խորքերում: Երբ Ամադիսները վախճանվեցին՝ մեկը՝ հոգին քրքրող տենդախտից, մյուսը՝ մրցակցի հետ անհեթեթ վեճի գնդակներից բզկտված, պառավը երկուսին էլ թաղեց հենց բակում, քշեց բոկոտն տասնչորս սպասուհիներին, սակայն միայնակ տան մթնշաղերում այնուամենայնիվ հագուրդ էր տալիս իր իշխանատենչ մարմաջներին, որովհետև նրան անձնազոհաբար ծառայում էր Էրենդիրան՝ ապօրինի թոռնուհին, որին նա իր մոտ էր վերցրել լույս աշխարհ գալու առաջին իսկ օրերից:

Էրենդիրան օրվա կեսը վատնում էր միայն նրա վրա, որ լարի և համեմատի բոլոր ժամացույցները: Բայց այն ճակատագրական օրը, երբ սկսվեցին նրա դժբախտությունները, ստիպված չեղավ անել այդ ամենը. ժամացույցները լարված էին մինչև հաջորդ առավոտը, բայց փոխարենը նա լողացրեց ու հագցրեց տատիկին, լվաց հատակը, ճաշ եփեց և սրբեց ամբողջ հախճապակին: ժամը տասնմեկի մոտերքը, երբ նա փոխեց ջայլամի դույլի ջուրը և ջրեց իրար կողք պառկած Ամադիսների գերեզմանների դալուկ խոտը, քիչ էր մնում նրան տապալեր խելագար քամին, որը մոլեգին սուրում էր դեսուդեն, բայց նա դրա մեջ վատ նախանշան չտեսավ, չզգաց, որ դա իր դժբախտության քամին է: Կեսօրին, շամպայնի վերջին գավաթները սրբելով, Էրենդիրան հանկարծ առավ արգանակի հոտը և հրաշքով չկոտրելով վենետիկյան ապակին՝ գլխապատառ նետվեց խոհանոց:

Եվս մի պահ, և ամբողջ փրփուրը կաթսայից թափվելու էր օջախին: Կաթսան վերցնելով՝ Էրենդիրան մարմանդ կրակին դրեց նախապես պատրաստած միսը և, ազատ ակնթարթ որսալով, նստեց խոհանոցի աթոռակին: Նա փակեց աչքերն ու ակնթարթորեն էլ բացեց, բայց նրանց մեջ այլևս բնավ իսկ հոգնածություն չկար: Նա սկսեց արգանակը լցնել վիթխարի ապուրամանի մեջ, բայց դա արդեն անում էր ոչ թե արթմնի, այլ քնած:

Պառավը միայնակ բազմել էր տասներկու հոգու համար սպասքավորած և արծաթե մոմակալներով զարդարված հրավերքի հսկայական սեղանի գլխին: Զանգակն հազիվ էր հնչել, երբ Էրենդիրան գոլորշի արձակող ապուրամանը ձեռքին թռավ ճաշասենյակ: Մինչ նա ապուր էր լցնում, պառավը նկատեց, որ նա շարժվում է մոռացության թմբիրով պարուրված, ինչպես լուսնոտ, և ձեռքը, ասես անտես ապակի սրբելով, շարժեց նրա աչքերի առաջ, բայց աղջիկը չտեսավ տատիկի ձեռքը: Պառավը ակնդետ հետևում էր նրան, և երբ Էրենդիրան գնաց դեպի խոհանոց, կանչեց.

-Էրենդի՛րա:

Կտրուկ արթնանալով՝ Էրենդիրան ապուրամանը գցեց գորգին:

-Դատարկ բան է, փոքրիկս,- գրեթե փաղաքուշ ասաց պառավը,- դու պարզապես ոտքի վրա քնում ես:

-Իմ ամեն բջիջը կարծես ինձնից անկախ քնում է,- մեղավոր մրմնջաց Էրենդիրան: Նա վերցրեց ապուրամանը և, քնաբեր թմբիրից դժվարությամբ դուրս պրծնելով, սկսեց սրբել ճարպաբծերը:

-Վերջ տուր,- կարեկցեց պառավը,- իրիկունը կլվաս:

Ահա այդպես, ի հավելումն իրիկնային բոլոր գործերի, Էրենդիրան լվաց նաև գորգը և միևնույն ժամանակ խոհանոցի լվացքակոնքի մեջ թրջեց երկուշաբթվա լվացքի համար թողած ամբողջ սպիտակեղենը: Իսկ այդ ընթացքում քամին անդադար մոլեգնում ու պտտվում էր տան շուրջը՝ փորձելով ներթափանցելու որևէ ճեղք գտնել: Երեկոյի ընթացքում Էրենդիրան այնքան գործ արեց, որ չնկատեց անգամ, թե ինչպես մթնեց, և միայն այն ժամանակ, երբ վերջապես ճաշասենյակի հատակին փռեց լվացված գորգը, նոր միայն գլխի ընկավ, որ վաղուց քնելու ժամանակն է:

Օրվա երկրորդ կեսը պառավն ամբողջությամբ անցկացրեց իր հաճույքի համար դաշնամուր ծնգծնգացնելով, սուր, բարձր ձայնով երգելով իր երիտասարդության երգերը, և գորշ մուշկը հուզախռով արցունքներից լղոզվեց նրա այտերին: Բայց նա նոր էր նրբագույն մուսլինե գիշերաշապիկը հագին անկողին մտել, երբ կորուսյալ ժամանակների հիշողությունների ողջ դառնությունն իսկույն հօդս ցնդեց:

-Առավոտյան մի կես ժամ գտիր ու մաքրիր նախասենյակի գորգը,- ասաց նա Էրենդիրային,- արևի երես չի տեսել անհիշելի ժամանակներից:

-Լավ, տատիկ,- պատասխանեց աղջիկը:

Նա վերցրեց ջայլամի փետուրներից պատրաստված հովհարը և սկսեց հով անել անգութ վեհատես պառավին, իսկ նա, դանդաղ ընկղմվելով նինջի մեջ, հիշողությամբ սկսեց թվարկել իրիկնային գործերի ողջ ցուցակը:

-Չպառկես, մինչև ամբողջ սպիտակեղենը չարդուկես, այլապես քունը քուն չի լինի:

-Լավ, տատիկ:

-Լավ զննիր բոլոր զգեստապահարանները, ցեցը քամոտ գիշերներին շատ անկուշտ է դառնում:

-Լավ, տատիկ:

-ժամանակ կմնա՝ բակ հանիր ծաղիկները, թող օդ շնչեն:

-Լավ, տատիկ:

-Եվ կերակրիր ջայլամին:

Պառավն արդեն խոր քնի մեջ էր, բայց շարունակում էր հրահանգներ տալ: Թոռը հենց նրանից էլ ժառանգել էր միաժամանակ արթմնի և քնած լինելու հատկությունը: Ննջարանից դուրս սահելով՝ Էրենդիրան անցավ քնի մեջ պառավի տված հանձնարարությունները կատարելու:

-Ինչպես հարկն է ջրիր գերեզմանների ծաղիկները:

-Լավ, տատիկ:

-Քնելուց առաջ ամեն բան դասավորիր ըստ հարկի, իրերն օտար տեղերում վատ են քնում:

-Լավ, տատիկ:

-Ու եթե հանկարծ հայտնվեն Ամադիսները, զգուշացրու, թող չգիշերեն,- ասաց պառավը,- Գալանի հրոսախումբը ուզում է սպանել նրանց: Գլխի գցի՛ր:

Էրենդիրան չպատասխանեց՝ գիտենալով, որ պառավն արդեն զառանցում է, բայց անթերի կատարեց բոլոր հանձնարարությունները: Պատուհանների մղլակներն ստուգելով ու լույսերն հանգցնելով՝ նա ճաշասենյակից վերցրեց վառ մոմերով աշտանակը՝ քայլելիս ականջը պահելով տատիկի համաչափ, հզոր շնչառությանը, որը, երբ քամին հանդարտվեց, տարածվեց ողջ տնով մեկ:

Էրենդիրան ուներ փոքրիկ, զարդարուն, թեև ոչ այնպիսին, ինչպիսին տատիկինն էր, ննջարան, բայց փոխարենը լի ոչ հեռավոր մանկության տարիների պուրպիկներով ու լարովի խաղալիքներով: Օրվա ընթացքում մահու չափ ուժասպառ Էրենդիրան հանվելու ուժ չգտավ և աշտանակը դնելով գիշերասեղանին՝ ընկավ մահճակալին: Շատ չանցած նրա դժբախտությունների քամին կատաղած շների ոհմակի կաղկանձով խուժեց սենյակ և վառ մոմը շրջեց ուղիղ վարագույրի վրա:

Լուսաբացին, երբ քամին ի վերջո հանդարտվեց, սկսեցին տեղալ անձրևի խոշոր, ջրալի կաթիլները, որոնք հանգցրին մլմլացող ածուխները և հարթեցրին մոխիրը՝ այն ամենը, ինչ մնացել էր հսկայական հին տնից: Գյուղացիները, մեծ մասամբ հնդկացիներ, փորձելով տան մնացորդներից ինչ-որ բան փրկել, մի կույտի մեջ կիտեցին ինչ կարողացան՝ ջայլամի ածխացած դին, ոսկեզօծ դաշնամուրի շրջանակը և ինչ-որ արձանիկի իրան: Պառավը սգահար մղկտում էր իր հարստության խղճուկ մնացորդների վրա և ինքնասույզ հայացքը չէր կարողնում կտրել դրանցից: Էրենդիրան նստել էր Ամադիսների գերեզմանների միջև և այլևս չէր լալիս: Երբ պառավը վերջնականապես և անդառնալիորեն համոզվեց, որ վառված իրերի ածխակույտի մեջ պետքական ոչինչ չի մնացել, անկեղծ կարեկցանքով նայեց թոռնուհուն:

-Իմ խեղճ աղջիկ,- հառաչեց նա,- մինչև կյանքիդ վերջ չես կարողանա վճարել ինձ այս կորուստների համար:

Էրենդիրան վճարել սկսեց հենց նույն օրը, երբ պառավը անձրևի միալար աղմուկի ներքո նրան տարավ լղպոր, կնոջն անժամանակ կորցրած մանրավաճառի մոտ: Նրան անապատում լավ էին ճանաչում իբրև դեռևս մատղաշ ու անաղարտ աղջիկների մեծ որսորդի, որոնց համար նա վճարում էր ժլատություն չանելով: Պառավի անխռով հայացքի ներքո վաղահաս կնակորույսը գիտական խստապահանջությամբ զննեց Էրենդիրային, գնահատեց նրա տուտուզիկի առաձգականությունը, ծիծիկների մեծությունը, զիստիկների տրամագիծը: Եվ քանի դեռ մտքում չէր հաշվել, թե ինչ արժե նա, ոչ մի խոսք չասաց:

-Դեռ բոլորովին խակ է,- արտաբերեց նա,- պտուկները սուր են, ինչպես քած շանը:

Նա Էրենդիրային կանգնեցրեց կշեռքին, որպեսզի թվերն հաստատեն իր խոսքերի իրավացիությունը:

Աղջիկը կշռում էր քառասուներկու կիլոգրամ:

-Լավագույն գինը՝ հարյուր պեսո,- ասաց կնակորույսը:

Պառավը վրդովվեց:

-Հարյուր պեսո այսպիսի փչացած հավիկի համար,- հեգնեց նա:- Ախր դու, սիրելիս, պարզվում է՝ ոչ մի հարգանք չունես անաղարտության հանդեպ:

-Հարյուր հիսուն պեսո:

-Աղջիկը ավելի քան մեկ միլիոն պեսոյի վնաս է տվել ինձ,- հառաչեց պառավը:- Եթե այդպես գնա, պարտքը երկու հարյուր տարում էլ չի փակի:

-Ի բարեբախտություն նրա,- նկատեց մանրավաճառը,- նա դեռ շատ երիտասարդ է:

Փոթորիկն սպառնում էր հողմացրիվ անել տնակը, և առաստաղն այնքան անցք ուներ, որ քամին ձաղկում էր, ինչպես փողոցում: Կործանումների անհյուրընկալ աշխարհում պառավն իրեն լիովին միայնակ զգաց:

-Ավելացրու մինչև երեք հարյուր,- համառեց նա:

-Երկու հարյուր հիսուն:

Ի վերջո համաձայնեցին երկու հարյուր քսան պեսոյով, սեղանը՝ վրադիր:

Պառավը Էրենդիրային կարգադրեց գնալ մանրավաճառի մոտ, և սա նրա ձեռքը բռնած, ինչպես առաջին դասարանցու, տարավ պահեստ:

-Ես քեզ այստեղ կսպասեմ,- ասաց պառավը:

-Լավ, տատիկ,- շշնջաց Էրենդիրան:

Պահեստը այնքան էլ պահեստի նման չէր. աղյուսե չորս սյուների վրա կանգնած ծածկի նման մի բան՝ արմավենիների փտած տերևներ՝ շրջապատված մոտ մի մետր բարձրությամբ կավածեփ պարսպով, որը բնավ չէր փրկում վատ եղանակի քմահաճություններից: Աղյուսե ելուստներին դրված էին կակտուսներով և այլ փշաբույսերով տակառե թաղարներ: Քամուց ձկնորսական նավակի առագաստի նման փքվելով օրորվում էր երկու սյուներից կապած խունացած ճոճացանցը: Ամպրոպի որոտընդոստ շառաչի և տեղատարափի համատարած աղմուկի միջից լսվում էին խուլ ճիչեր, սրտաճմլիկ հառաչանք, աղեկտուր հեծեծանք, աղետի բազմաձայն աղաղակ:

Մտնելով այդ խղճուկ շինությունը՝ կնակորույսն ու Էրենդիրան հազիվ կարողացան ոտքի վրա մնալ անձրևախառն հողմի շեղակի հարվածներից, որը նրանց թրջեց մինչև վերջին թելը: Նրանք միմյանց չէին լսում, և նրանց շարժումները տարրալուծվում էին մոլեգին տարերքի ոռնոցի մեջ: Կնակորույս մանրավաճառի առաջին փորձից Էրենդիրան ոռնաց վիրավոր գազանիկի նման և մի կողմ նետվեց: Կնակորույսը նրա ձեռքերը լռելյայն ոլորեց մեջքին և քարշ տվեց դեպի ճոճացանցը: Անհավատալիորեն ճկվելով՝ Էրենդիրան ճանկռեց նրա երեսն ու սուզվեց անձայն ճիչի գիրկը: Իսկ մանրավաճառն ի պատասխան մի այնպիսի զորեղ ապտակ հասցրեց նրան, որ նա ասես կտրվեց գետնից, և երկար վարսերը ծածանվեցին օդում: Կնակորույսը բռնեց Էրենդիրայի անութներից և չթողնելով ոտքի կանգնել, կտրուկ հարվածով տապալեց ճոճացանցին, և այնպես սեղմեց ծնկով, որ նա թպրտալ իսկ չկարողացավ: Ահա այս պահին էլ նրան համակեց սարսափը, նա կորցրեց գիտակցությունը և մի տեսակ թմբիրի մեջ տեսավ ամպրոպաձայն երկնքում լողացող ձկնիկների վտառների լուսնային ցոլքեր: Իսկ կնակորույսն այդ ընթացքում պոկեց նրա հագուստը և բզկտեց ու նորածիլ խոտի նման ծվեն-ծվեն արեց, և այդ բարալիկ ծվենները, քամու բերանն ընկած, ասես բազմագույն ժապավեններ բարձրացան դեպի վեր:

Երբ գյուղում այլևս չմնաց տղամարդ, որը ցանկանար Էրենդիրայի սիրո դիմաց գոնե ամենաչնչին գումար իսկ վճարել, պառավը նրան բեռնատարով տարավ այն կողմերը, ուր տեր ու տնօրինություն էին անում մաքսանենգները: Նրանք, իրենց հետ վերցնելով նախկին պերճության մնացորդները՝ փոխարքայի մահճակալի գլխամասը, հրդեհից խանձված սուսերակիր հրեշտակը ու ևս մի քանի խառախուռա, տեղավորվեցին բաց թափքում, բրնձի պարկերի և ձիթայուղի ամանների արանքում: Սնդուկով, որի վրա ներկարարի վրձինով երկու խաչ էր պատկերված, նրանք տանում էին Ամադիսների ոսկորները:

Հնամաշ հովանոցի տակ կիզիչ արեգակից պատսպարվելով, ամբողջովին մածուցիկ քրտինքով ծածկված, պառավը խեղդվում էր տանջող փոշուց, սակայն նույնիսկ հիմա, հայտնվելով այդպիսի թշվառ վիճակում, իրեն պահում էր հաղթական արժանապատվությամբ: Ձիթայուղի ամանների ու բրնձի պարկերի պատի հետևում Էրենդիրան բեռնակրին վճարեց ճանապարհի և իրերը տեղափոխելու համար: Սկզբում նա մոլեգնաբար դիմադրում էր, ինչպես այն անգամ, երբ նրա վրա հարձակվեց երիտասարդ կնակորույսը: Սակայն բեռնակիրը բոլորովին այլ մոտեցում ուներ: Նա գործում էր առանց շտապելու և վարպետորեն նրան տիրեց փաղաքշանքով: Այնպես որ, երբ պառավը տեսավ, որ բոլոր չարչարանքներից ու տոթահարությունից հետո վերջապես մոտենում են առաջին բնակավայրին, Էրենդիրան քաղցր վայելքներից հետո երիտասարդ բեռնակրի հետ խաղաղ հանգստանում էր ձիթայուղի ամանների կույտի հետևում: Վարորդը բղավեց պառավին.

-Ահա այստեղ և սրանից այն կողմ մարդաբնակ է:

Պառավը հայացքը թերահավատորեն հածեց գյուղակի խղճուկ փողոցներով, որը, թերևս, մի քիչ էր մեծ այն բնակավայրից, որից ելել էին, բայց բացարձակապես նույնքան տրտում էր ու անշուք:

-Ինչ-որ չի զգացվում,- ասաց նա:

-Սա միսիոներների տարածքն է:

-Անձամբ ինձ պետք են մաքսանենգները և ոչ թե Աստծո պատվիրակները,- մռթմռթաց պառավը:

Նրանց խոսակցությանը ականջ դնելով՝ Էրենդիրան մատիկը մտցրեց բրնձի պարկի մեջ: Հանկարծ նրա մատի տակ թել ընկավ և, քաշելով, նա հանեց բնական մարգարիտների մի երկար մանյակ: Նա մանյակը պահել էր երկու մատով, ասես հոտած իժ, իսկ վարորդն այդ ընթացքում համոզում էր պառավին.

-Ի՞նչ առասպելներ են, սինյորա, այստեղ մաքսանենգի ստվեր իսկ չկա:

-Չէ մի չէ,- չարախնդաց պառավը,- գնա ուրիշներին պատմիր:

-Դե, փնտրեք, ձեր բախտից գուցե գտնեք,- բարեհոգի քրքջաց վարորդը:- Ով չի ալարում՝ խոսում է նրանց մասին, իսկ տեսնել՝ ոչ ոք չի տեսել:

Էրենդիրայի ձեռքին մանյակ տեսնելով՝ բեռնակիրը խլեց այն ու կրկին խցկեց բրնձի պարկի մեջ: Պառավը, որն ի վերջո որոշել էր մնալ խղճուկ ավանում, ձայն տվեց Էրենդիրային, որպեսզի նրա օգնությամբ իջնի բեռնատարից: Էրենդիրան հապճեպ, բայց կրքոտ և ինչպես հարկն է համբուրեց երիտասարդ բեռնակրին:

Անապատի մեջտեղում, գահին բազմած, պառավը հետևում էր, թե ինչպես են իջեցնում իր ունեցվածքը: Վերջինը իջեցրին Ամադիսների աճյունների սնդուկը:

-Համա թե ծանր է, մեջը հո հանգուցյալ չի՞,- քմծիծաղով ասաց վարորդը:

-Երկու հանգուցյալ,- կտրեց պառավը,- այնպես որ հարգանքով վարվիր նրանց հետ:

-Գրազ կգամ,- քրքջաց վարորդը,- որ այնտեղ մարմարե երկու արձանիկներ են:

Նա առանց դույզն-ինչ հարգանքի սնդուկը գցեց կիսաածխացած, ջարդոտված կահույքի կույտի մեջ, ապա ափը պարզեց պառավին.

-Իսկ ո՞ւր է հիսուն պեսոն:

Պառավը գլխով ցույց տվեց բեռնակրին:

-Աշխատողդ լիուլի վարձատրվել է:

Վարորդը մտահոգ նայեց երիտասարդին, և նա գլխով համաձայնության նշան արեց: Մի պահ լռելով՝ վարորդը բարձրացավ խցիկ, ուր նստած էր անտանելի տապից մղկտացող երեխան գրկին մի սգազգեստ կին: Եվ այդ պահին բեռնակիրը՝ խիստ վճռական և ինքնավստահ մի այր, ասաց.

-Էրենդիրան, Ձեր թույլտվությամբ, կգա ինձ հետ: Ամեն ինչ արդար կլինի:

Աղջիկը վախեցած մրմնջաց.

-Ես այդպիսի բան չեմ խնդրել…

-Ես եմ որոշել, դա իմ կամքն,- ասաց բեռնակիրը:

Պառավը ոտքից գլուխ չափեց նրան, բայց ոչ թե ոչնչացնող հայացքով, այլ ասես գնահատելով, թե ինչ արժե այդօրինակ վճռականությունը:

-Անձամբ ես որևէ առարկություն չունեմ,- հայտարարեց նա,- եթե, իհարկե, վճարես այն ամենի համար, ինչ կորցրել եմ նրա անփութության պատճառով… Ութ հարյուր յոթանասուներկու հազար տասնհինգ պեսո, հանած չորս հարյուր քսանը, որ նա արդեն վճարել է: Ուրեմն՝ ընդամենը ութ հարյուր յոթանասունմեկ հազար ութ հարյուր իննսունհինգ պեսո:

Բեռնատարը պոկվեց տեղից:

-Երդվում եմ, եթե ունենայի՝ կտայի այդ կույտով փողը,- լրջագույն տեսքով ասաց տղան,- աղջիկը դրան արժե:

Երիտասարդի առատաձեռնությունը պառավին դուր եկավ:

-Վերադարձիր, տղաս, երբ հարստանաս,- փաղաքուշ ասաց նա,- իսկ հիմա, աղավնյակս, չքվիր Աստծով: Եթե խղճով դատենք, դու ինձ տասը պեսո ես պարտք:

Բեռնակիրը ընթացքի ժամանակ ցատկեց թափք և ձեռքով արեց Էրենդիրային, բայց վերջինս վախից նույնիսկ չպատասխանեց:

Ամայի պարապուտում, ուր կանգ առավ բեռնատարը, նրանք արևելյան գորգերի մնացորդներով և ցինկե թիթեղներով վրանի նման մի բան կանգնեցրին: Գետնին երկու փոքր խսիր գցեցին և ողջ գիշեր քնեցին խորունկ, ոչ վատ, քան այն՝ լուսնի մեռյալ լույսով ողողված առանձնատանը, մինչև որ կացարանի ճեղքերից թափանցող արեգակի ճառագայթները սկսեցին վառել նրանց դեմքերը:

Այդ առավոտ, հակառակ բոլոր սովորություններին, պառավն ինքը սկսեց զբաղվել Էրենդիրայով: Առաջնորդվելով այն ճակատագրական, չարագույժ գեղեցկապաշտությամբ, որը մոդայիկ էր նրա երիտասարդության տարիներին, սնգուրեց Էրենդիրայի դեմքը, ապա արհեստական թարթիչներ կպցրեց և խոշոր թիթեռնիկ հիշեցնող վարդակապ դրեց մազերին:

-Դու վախենալու ես, ինչպես մահացու մեղքը,- մտախոհ ծոր տվեց պառավը,- բայց հենց դա էլ պետք է, որովհետև տղամարդիկ կնոջ գեղեցկությունից բան չեն հասկանում:

Նրանք նախ լսեցին, ապա ժամանակ անց տեսան, թե քարքարոտ ճանապարհով ինչպես են հոգնած գրաստներ գալիս: Էրենդիրան տատի հրամանով իսկույն պառկեց խսիրին՝ ընդունելով այնպիսի կեցվածք, ինչպիսին կընդուներ առաջնախաղի ելած երիտասարդ դերասանուհին վարագույրը բարձրացնելուց առաջ: Եվ այդժամ, եպիսկոպոսական գավազանին հենվելով, պառավը դուրս եկավ և, առաջին որսին սպասելով, բազմեց իր գահին:

Ճամփորդը փոստատարն էր: Նա հազիվ քսան տարեկան լիներ, բայց ավելի տարիքով էր երևում. այնուամենայնիվ պատկառելի պաշտոնի էր: Նա համազգեստով էր, ոտքերին՝ զանկապաններ, գլխին՝ խցանակեղև սաղավարտ, գոտու տակ՝ ատրճանակ: Հնազանդ ջորուն բազմած՝ նա սանձով քաշում էր պարկերով ծանրաբեռ, ոչ այդքան հնազանդ երկրորդ ջորուն:

Պառավին հավասարվելով՝ փոստատարը գլխի թեթև շարժումով ողջունեց նրան և ուզում էր առաջ անցնել: Բայց պառավը խորհրդավոր տեսքով աչքով արեց նրան, իբր կաց, հապա մի ներս նայիր: Փոստատարը կանգ առավ և տեսավ քանց հանգուցյալ սգո մանուշակագույն ժապավենով երիզված զգեստն հագին Էրենդիրային:

-Դո՞ւր է գալիս,- հարցրեց պառավը:

Տղան հանկարծ գլխի ընկավ, թե ինչ ապրանք են առաջարկում իրեն:

-Սովի ժամանակ կուտվի,- քմծիծաղեց փոստատարը:

-Հիսուն պեսո:

-Ֆյո՜ւթ,- շվվացրեց տղան:- Ի՞նչ է, նա մաքուր ոսկո՞ւց է: Ախր այդ փողով ես իմ քեֆին մի ամիս կֆռֆռամ:

-Ժլատություն մի արա,- ասաց պառավը:- Ձեզ մոտ՝ ավիափոստում, ավելի են վճարում, քան հոգևորականներին:

-Բայց ես հասարակ փոստ եմ տանում: Ավիափոստը բեռնատար ունի:

-Խոսիր, խոսիր, բայց առանց սիրո՝ ոնց որ առանց հացի,- վրա տվեց պառավը:

-Միայն սիրով չես կշտանա:

Եվ պառավը գլխի ընկավ, որ ուրիշի հույսերի հաշվին ապրողը ժամանակը չի ափսոսա, առևտուր կանի մինչև վերջ:

-Ինչքա՞ն ունես,- հարցրեց նա:

Փոստատարը ցատկեց գետնին, գրպանից դուրս քաշեց մի քանի ճմռթված, կեղտոտ թղթադրամ և ցույց տվեց պառավին:

-Ես գինը կիջեցնեմ,- ասաց պառավը,- բայց մի պայմանով. թող մեր մասին իմանան ամեն տեղ:

-Կիմանան նույնիսկ աշխարհի մյուս ծայրին, վստահ եղեք,- ասաց երիտասարդը,- կնկարագրեմ լավագույնս:

Էրենդիրան հանեց դնովի թարթիչները. դրանք խանգարում էին թարթել, և տեղափոխվեց խսիրի ծայրը՝ տեղ ազատելով սիրո հերթական որսորդի համար: Երիտասարդը հազիվ էր մտել ՙառագաստ՚, երբ պառավը նրա հետևից կտրուկ ծածկեց դռան տեղ ծառայող վարագույրը:

Գործարքը հույժ շահավետ դուրս եկավ: Փոստի ծառայողի պատմածներից ոգևորված՝ հեռու հեռուներից խուռներամ եկան տղամարդիկ, որպեսզի անձամբ համոզվեն Էրենդիրայի բարեմասնությունների մեջ: Առևտրականները նրանց հետքով բերեցին ուտեստի կրպակներ, հայտնվեցին վիճակախաղի սեղանիկներ, իսկ վերջինը հեծանվով սլացավ-եկավ լուսանկարիչը, որն այդ աղմկոտ հանգրվանում սգո ծածկոցի տակ կանգնեցրեց իր խցիկի հենարանը, իսկ քիչ այն կողմ փակցրեց թունակապույտ լճում վհատ լողացող կարապների պատկերով պաստառը:

Պառավը, իր գահին բազմած, հովհարն էր թափահարում, ասես այդ ողջ խառնաշփոթն իրեն բնավ չէր վերաբերում: Միակ բանը, որ նրան հետաքրքրում էր, հաճախորդների հերթի կարգուկանոնն էր ու գումարի ճշգրտությունը, որը նրանք վճարում էին Էրենդիրայի մոտ մտնելու համար: Սկզբում պառավը չափազանց խիստ էր և քիչ էր մնում մերժեր մի լավ հաճախորդի, որը սահմանվածից հինգ պեսո պակաս ուներ: Սակայն մեկ-երկու ամիս անց նա յուրացրեց դաժան իրականության դասերը, իսկ վերջ ի վերջո սկսեց որպես լրավճար ընդունել սրբապատկերներ, ընտանեկան մասունքներ, ամուսնական մատանիներ՝ մի խոսքով, ամենայն ոսկյա բան, որոնք, եթե չէին փայլում, ստուգում էր ատամով:

Ավանում անցկացրած ժամանակի ընթացքում պառավը բավական փող ետ գցեց և, մի գրաստ գնելով, ավելի եկամտաբեր վայր գտնելու հույսով խորացավ անապատի մեջ: Նա բազմել էր գրաստի մեջքին կապած պատգարակին և երկնքում քարացած արևից պաշտպանվում էր թեքադիր հովանոցով, որը նրա գլխավերևում պահում էր կողքից մանրաքայլ շորորացող Էրենդիրան: Նրանց հետքից գնում էին չորս հնդկացիներ, որոնք շալակած տանում էին այն ամենը, ինչ մնացել էր խենեշ հանգրվանից՝ քնելու խսիրներ, նորոգված գահը, գիպսե հրեշտակը և երկու Ամադիսների ոսկորների սնդուկը: Քարավանի հետքից հեծանվով ընթանում էր լուսանկարիչը, սակայն նա մնում էր պատկառելի հեռավորության վրա՝ ասես ցույց տալով, որ ինքը նրանց ճամփի ընկերը չէ:

Հրդեհից կես տարի անց պառավն արդեն որոշակի պատկերացում էր կազմել գործերի մասին:

-Եթե այսպես ընթանա,- ասաց նա Էրենդիրային,- դու պարտքերդ կփակես ութ տարի, յոթ ամիս և տասնմեկ օր հետո:

Նա ամեն բան հաշվեց մտքի մեջ՝ չդադարելով ծամել եգիպտացորենի հատիկները, որ բռերով հանում էր գոտուն կարած տոպրակից, որտեղ նաև փողերն էր պահում:

-Եվ նկատի ունեցիր, ես հաշվի չեմ առնում հնդկացիների և այլ մանր-մունր բաների վրա ծախսվածը:

Կիզիչ շոգից և թանձր փոշուց տանջահար Էրենդիրան, հազիվ հասնելով գրաստի ետևից, անտրտունջ լսում էր տատիկի դատողություններն ու հաշվարկները և հազիվ էր զսպում արցունքները:

-Ոսկորներս ապակու փշուրների պես խշրտում են,- ասաց Էրենդիրան:

-Աշխատիր քայլելիս քնել,- խորհուրդ տվեց պառավը:

-Լավ, տատիկ:

Էրենդիրան փակեց աչքերը, խոր ներշնչեց կիզիչ օդն ու շարունակեց քայլել քնի մեջ սուզվելով:

Թռչունների վանդակներով ծանրաբեռ ֆերմերական փոքրիկ բեռնատարը գլորվում էր ճանապարհով՝ խրտնեցնելով երկարամորուս այծերին, որոնք կորան ինչ-որ տեղ հեռվում, փոշու ամպերի մեջ, և թռչունների ժխորը Սուրբ Միքայել Անապատականի ավանը պարուրած կիրակնօրյա տոթի թմբիրի մեջ հնչում էր ինչպես թարմ ջրի կարկաչը: Ղեկին մի բարեհոգի հոլանդացի ֆերմեր էր՝ հողմածեծ մաշկով և նախահայրերից ժառանգած պղնձաշեկ բեղերով: Կողքին նրա ավագ որդի Ուլիսն էր՝ ոսկեհեր, ծովալիքագույն վերացած աչքերով, անկյալ հրեշտակի նմանվող մի նորատի երիտասարդ: Հոլանդացին անմիջապես նկատեց ճանապարհորդական վրանը, որի մոտ երկար հերթի էին շարվել տեղի կայազորի զինվորները: Շատերը նստել էին գետնին և միմյանց էին փոխանցում շիշը, որից մեկական կում էին անում: Զինվորների գլուխները ծածկված էին նշենու ճյուղերով, ասես նրանք դարան էին մտել վճռական մարտից առաջ:

Հոլանդացին իր անդրծովյան լեզվով հարցրեց.

-Ի՞նչ գրողի համար է այստեղ հերթը:

-Կնոջ համար,- պարզամտորեն պատասխանեց տղան,- նրան Էրենդիրա են կոչում:

-Դո՞ւ որտեղից գիտես:

-Անապատում բոլորը գիտեն դա:

Իջևանատան մոտ հոլանդացին դուրս եկավ մեքենայից, իսկ Ուլիսը, փոքր-ինչ հապաղելով, ճապուկ մատների արագ շարժումով բացեց նստատեղին անտեր մնացած հայրական պայուսակը, դուրս քաշեց փողի մի տրցակ և արագ խցկեց գրպանները: Նույն գիշեր, երբ հայրը խորունկ մրափում էր, նա դուրս սահեց պատուհանից և վազքով հասնելով Էրենդիրայի վրանին՝ տեղ գրավեց հերթում:

Շուրջբոլորը մոլեգին խրախճանք էր: Լուլ հարբած նորակոչիկները պարում էին միմյանց հետ, որպեսզի անտեղի չկորչի ձրի երաժտությունը, իսկ անխոնջ լուսանկարիչը, գիշերային խավարը փարատելով մագնեզիումի բռնկումներով, շխկացնում էր բոլոր ցանկացողներին: Զգոն հետևելով հերթին՝ պառավը փողերը գցում էր գոգնոցի մեջ, ապա դարսում հավասար տրցակներով և թաքցնում զամբյուղում: Ընդամենը մոտ մի դյուժին զինվոր էր մնացել, բայց փոխարենը ավելացել էին քաղաքացիականները: Ուլիսը վերջինն էր: Հենց մուտքի մոտ անհամբեր դոփում էր մռայլ դեմքով մի զինվոր:

-Ոչ, սիրելիս,- ասաց պառավը,- դու ոչ մի գնով չես մտնի: Դու ընկած ես:

Զինվորը հեռավոր վայրերից էր, ուստի չհասկացավ:

-Ո՞նց:

-Դու փչացած ես, դեմքիդ է գրված:

Պառավը վռնդեց նրան՝ նույնիսկ ձեռք չկպցնելով:

-Դու արի, սերժանտիկ,- բարեհոգի քմծիծաղով դարձավ նա հաջորդին:- Եվ առանձնապես չձգձգես, հայրենիքը քեզ է սպասում:

Սերժանտը ներս մտավ, բայց արագորեն էլ դուրս եկավ, որովհետև Էրենդիրան աղաչել էր կանչել տատիկին: Պառավը դաստակին անցկացրեց փողերի զամբյուղը և անհետացավ վրանում, որտեղ նեղվածք էր, բայց հարմարավետ ու մաքուր: Խորքում ծալովի մահճակալին մեռելի պես պառկած էր զինվորների քրտինքով շաղախված տանջահար Էրենդիրան: Նա դողում էր:

-Տատիկ,- հեծեծաց նա,- մեռնում եմ:

Պառավը շոշափեց թոռան ճակատը և համոզվելով, որ նա ջերմություն չունի, սկսեց մխիթարել նրան.

-Այնտեղ բան էլ չի մնացել, ընդամենը մի տասը զինվորիկ,- ասաց նա:

Էրենդիրան լաց եղավ, ոչ, չլացեց, այլ բառաչեց, ինչպես սպանդանոց քշված կենդանի, և այդժամ պառավը, կռահելով, որ աղջիկը հաղթահարել է վախի սահմանը, սկսեց շոյել նրա գլուխը՝ շշնջալով.

-Դե լավ, լավ… ամբողջ դժբախտությունն այն է, որ դու դեռ դիմացկուն չես,- ասաց նա:- Լաց մի լինիր, ավելի լավ է՝ լվացվիր եղեսպակի թուրմով, արյունդ կթարմացնի:

Երբ Էրենդիրան հանդարտվեց, պառավը դուրս եկավ և սերժանտիկին վերադարձրեց փողերը:

-Այսօր վերջ, տղաներ,- բղավեց նա:- Վաղը ժամը իննին սիրահոժար համեցեք, խնդրեմ:

Զինվորները և քաղաքացիականները, հերթը խառնելով, սկսեցին սպառնալիքներ տեղալ, բայց պառավը, գավազանը ճոճելով, վճռական հակահարված տվեց:

-Ախ դուք, ճիվաղներ: Իժի ծնունդներ, — ճղավեց նա:- Ի՞նչ է, կարծում եք նա երկաթյա՞ է: Բա որ դուք լինեիք նրա տեղը: Հուդաներ: Այրք շնաբարո: Շան քածեր:

Ի պատասխան հնչեց ավելի թունդ հայհոյանք, բայց պառավը, ապավինելով ահեղ գավազանին, կարողացավ իշխել խռովարարների վրա և անառիկ պահել վրանը՝ հետևելով, թե առևտրականներն ինչպես են տանում տապակած փորոտիքով լի սկուտեղներն ու վիճակախաղի սեղանիկները: Պառավն արդեն դեպի դուռն էր գնում, երբ հանկարծ տեսավ Ուլիսին միայնակ կանգնած մթան մեջ, ուր մի քանի րոպե առաջ ոռնում էր մոլեգնած տղամարդկանց ամբոխը: Պատանին ողողված էր ճաճանչվող լուսապսակով և գիշերային մռայլ խավարից կարծես զատվում էր յուր դյութիչ գեղեցկությամբ:

-Հը, ի՞նչ ես կանգնել,- հարցրեց պառավը,- իսկ ո՞ւր են թևերդ:

-Թևեր պապիկս ուներ,- իրեն բնորոշ անմիջականությամբ պատասխանեց պատանին,- միայն թե ոչ ոք չի հավատում:

Պառավը նրան նայում էր հմայված, ակնապիշ հայացքով:

-Անձամբ ես հավատում եմ,- ասաց պառավը,- առավոտ նրանցով արի:

Նա անհետացավ վրանում՝ դրսում թողնելով հուզախռով Ուլիսին: Էրենդիրան եղեսպակից հետո ավելի լավ էր զգում: Նա կարճլիկ հյուսկեն վերնաշապիկ էր հագել, բայց մազերը չորացնելիս քիչ էր մնում կրկին ընկղմվեր արցունքների գիրկը: Իսկ այդ ընթացքում պառավն արդեն խորունկ քուն էր մտել:

Էրենդիրայի անկողնուց դանդաղ ծլեց Ուլիսի գլուխը: Աղջիկը տեսավ նրա բոցավառ, վճիտ աչքերը, բայց մինչ խոսք ասելը սրբիչով մաքրեց դեմքը, որպեսզի համոզվի, որ տեսածը ուրվական չէ: Երբ Ուլիսը թարթեց աչքերը, Էրենդիրան հազիվ լսելի հարցրեց.

-Դու ո՞վ ես:

Ուլիսը փոքր-ինչ բարձրացավ:

-Իմ անունը Ուլիս է,- շշնջաց նա և նրան պարզելով գողացած թղթադրամները՝ ավելացրեց,- ահա փողը:

Էրենդիրան երկու ձեռքով հենվեց մահճակալին, դեմքը մոտեցրեց Ուլիսի դեմքին և խոսեց այնպես, ասես մանկական չարաճճի խաղ էին խաղում:

-Տես՝ ինչպիսին է: Հապա գնա հերթ կանգնիր,- ասաց նա:

-Ես կանգնել եմ ամբողջ գիշեր,- մրմնջաց Ուլիսը:

-Հա՞, ուրեմն սպասիր մինչև լույս,- ասաց Էրենդիրան,- գիտե՞ս ինչ վատ եմ զգում: Ասես երիկամներս քարծեծ են արել:

Այդ պահին քնի մեջ խոսեց պառավը:

-Արդեն քսան տարի է՝ անձրև չի եկել,- մռթմռթաց նա,- իսկ այն ժամանակ այնպիսի ամպրոպ էր, որ հեղեղը խառնվեց ծովի ջրերին, և առավոտյան, երբ մենք արթնացանք, տունը լի էր ձկներով ու ոստրեներով, և քո պապ Ամադիսը, երկնային արքայություն նրան, իր աչքերով տեսավ, թե ինչպես է օդում լողալով անցնում լուսածիր ծովահրեշը:

Ուլիսը նորից թաքնվեց մահճակալի տակ: Բայց Էրենդիրան չարաճճի ժպտաց:

-Բան չկա, մի վախեցիր,- ասաց նա:- Տատիկս երազում խոսում է, մտքերը խառնվում են, չի արթնանա, եթե անգամ երկիրը փուլ գա:

Ուլիսը կրկին ծլեց: Էրենդիրան նրան նայեց զվարթ, հազիվ նկատելի փաղաքշական ու խորամանկ ժպիտով և անկողնուց վերցրեց օգտագործված սավանը:

-Հապա,- ասաց նա,- օգնիր սպիտակեղենը փոխել:

Եվ Ուլիսը համարձակորեն ելավ մահճակալի տակից ու բռնեց սավանի երկու ծայրերը: Սավանը հարկ եղածից անհամեմատ լայն էր, և Էրենդիրան Ուլիսի հետ հարկադրված էր այն ծալել մի քանի տակ: Ծալելով՝ նրանք անընդհատ մոտենում էին իրար:

-Ես մահու չափ ուզում էի քեզ տեսնել,- հանկարծ ասաց Ուլիսը:- Բոլորն ասում են, որ դու անպատմելի գեղեցիկ ես, և դա այդպես է:

-Բայց ես շուտով կմահանամ,- հառաչեց Էրենդիրան:

-Մայրս ասում է, թե նրանք, ովքեր անապատում են մահանում, ընկնում են ծով և բնավ ոչ երկինք:

Էրենդիրան մի կողմ դրեց կեղտոտ սավանը և փռեց նորը, արդուկածը:

-Իսկ ես երբեք ծով չեմ տեսել… Ինչպիսի՞ն է:

-Ոնց որ անապատը: Բայց ավազի փոխարեն ջուր է:

-Ուրեմն նրա վրայով անհնա՞ր է քայլել:

-Հայրս ճանաչել է մի մարդու, որը կարողանում էր քայլել ջրերի վրայով,- ասաց Ուլիսը:- Միայն թե դա եղել է վաղուց, շատ վաղուց:

Էրենդիրան լսում էր հմայվածի պես, բայց նրա քունը տանում էր:

-Արի վաղ առավոտյան և կլինես առաջինը,- առաջարկեց Էրենդիրան:

-Լուսաբացին, վաղ, մենք հայրիկի հետ մեկնում ենք,- ասաց Ուլիսը:

-Ու էլ չե՞ք վերադառնա:

-Ինչ իմանամ,- պատասխանեց Ուլիսը:- Այստեղ պատահաբար ենք հայտնվել: Պարզապես սահմանի մոտ մոլորվել ենք ճանապարհից:

Էրենդիրան մտախոհ նայեց տատիկին:

-Լավ,- վճռեց նա,- փողը տուր:

Ուլիսը նրան պարզեց բոլոր թղթադրամները: Էրենդիրան պառկեց մահճակալին, սակայն Ուլիսը տեղից չշարժվեց, ամենապատասխանատու պահին նա ամաչեց: Էրենդիրան քաշեց նրա ձեռքից, իբր շտապիր, բայց այդ պահին էլ նկատեց նրա շփոթմունքը: Նրան լավ ծանոթ էր այդ վախը:

-Դու առաջին անգա՞մն ես,- հարցրեց նա:

Ուլիսը չպատասխանեց, այլ լոկ ժպտաց մոլորյալ և մեղավոր:

-Շնչիր դանդաղ,- ասաց Էրենդիրան,- այդպես լինում է սկզբում, հետո՝ ոնց որ ձուկը ջրում:

Նա պատանուն պառկեցրեց կողքին և, հանվելով, հանգստացնում էր հանդարտ, մայրաբար:

-Անունդ ի՞նչ է:

-Ուլիս:

-Մեր անուններին

 

Անդին 7,2017

 

Share

Կարծիքներ

կարծիք