Մարլեն Դիտրիխ. կինը տղամարդկային արժանիքների խոշորացույցն է

11

Ներսը և դուրսը — դեմքն ու դիմակը

Մշակույթը զարդ է, որ մարդը դնում է ամենավերջում, իսկ հանում ամենաառաջինը: Հիմա նայեք այս նկարին, այս քրոնիկային, կնոջ այս դերին, որում փայլում են նրա դեմքն ու ժեստը, և կհասկանաք, որ նա աշխարհ է եկել առեղծված դառնալու համար: Եվ ոչ ոք չի կարող ոտնձգություն կատարել այս պահի վրա, որ հառնում է առօրեության և միջակության մոխիրներից:

Երկու հնչյունների միջև ընկած պահը երբեմն լինում է անհրաժեշտ դադար, երբեմն էլ պառակտություն այդ հնչյունների միջև, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում կողք կողքի հայտնվել, բայց ստիպված են, չնայած երգչի կամ երգչուհու կոկորդում շարունակում են անողոք պայքարել, ինչպես որ կռվում են դաշնակահարի մատների տակ և դաշնամուրի ստեղների վրա: Երբեմն երկու հնչյունների միջև ստեղծվում է փխրուն ըմբռնում, երբեմն՝ սեթևեթ լռություն կամ հնչյուններից մեկը գոռոզաբար է նայում մյուսին, և այդպիսի պահերին հնչյունը նորովի է բացահայտվում: Երբեմն հնչյունները ուշանում են կամ չափազանց վաղ են գալիս՝ շփոթմունքի մեջ դնելով փորձառու ունկնդիրների նուրբ լսողությունը: Պատահում է նաև, որ այս երկու հնչյունները պայքարում այնքան հեռուն են գնում, որ երաժշտության ենթատեքստից դուրս են հայտնվում, և այդ հակամարտությունն արդեն ծիծաղ ու տարակուսանք է հարուցում: Նման հակասությունները երբեմն ստիպում են մտածել կյանքի մանրուքների, երբմեն էլ ամենագլխավորի մասին, չնայած նրանց պայքարը դուրս է մնում թե՛ երաժշտի և թե՛ ունկնդրի ուշադրությունից:

Մի՞թե միայն այդպես է հնարավոր բացահայտել արդիականության մեղեդին: Չեմ կարծում… Ահավասիկ աստղերի միջև ընկած անհունությունը (ոմանք այն դատարկություն՝ վիհեր են անվանում). տիեզերքի անաղարտ հնչյունների միջև տարածվող այս դադարները հնարավորություն են տալիս տեսնելու և համեմատելու այդ աստղերի գեղեցկությունն ու ստեղծելու մեղեդիների աստղաբույլեր, համաստեղությունների քաոսը վերածել սիմֆոնիայի և աստղերի այդ զուգորդություններում, այդ զուգորդյալ բույլերում տեսնել փոքր-ինչ այլ բան, քան փոխըմբռնման անհունությունը կամ վիհը մարդկանց միջև, կնոջ և տղամարդու միջև…

Միևնույն ժամանակ, եթե այդ նույն երկնքին նայենք ավելի հզոր աստղադիտակով ապա այնտեղ ընդհանրապես սև խոռոչներ չենք նկատի: Համատարած լույս է տիեզերքում. Ահա թե ինչ կտեսնի նա, ով սովորական երկնքում աստղերին է հետևում: Միայն թե դրա համար պետք է ամենաուժեղ աստղադիտակը, տիեզերքին ուղղված ամենակատարյալ տեսանողությունը՝ Արարչի ամենատես աչքը:

Կապույտ հրեշտակը

Ես արթնացա ինչ-որ խոսակցության ձայնից. երկու տղամարդկանց բորբոքված երկխոսություն էր: Վաղ առավոտ էր: Վիթխարի լիալուսինը դանդաղ հեռանում է պատուհանի ուղղանկյունուց, և ասես սողացող թիկնոց՝ հեռանում է նաև նրա լույսը՝ իրերի մթությունը թողնելով ինձ ու հայելուն: Միայն մի քանի վայրկյան հետո եմ ես հասկանում, որ դրանք ոչ թե մարդկային ձայներ էին, այլ շների հաչոց… Երեք թափառական շների հաչոցը պատրանք էր ստեղծել, թե երկու տղամարդ խոսում են մի կնոջ մասին:

Նրա ձայնը երազիս մեջ չէի լսում, բայց հստակ տեսնում էի նրա ուրվապատկերը: ՆԱ էր: Նա կանգնած էր բեմին, և նրա զգլխիչ ու վստահ շարժումները առլեցուն էին հանդգնությամբ ու արժանապատվությամբ:

Ուրեմն հնարավոր է, որ երեք անտուն սոված շների ձայները վաղորդայնի շեմին հիշեցնեն երկու տղամարդկանց բորբոքված զրույց: Պատուհանից այն կողմ հօդս էին ցնդում խավարն ու գիշերը. հավերժական խավարը և հերթական գիշերը: Լուսնի սկավառակը լողում էր հսկա քաղաքի վրայով, և դիմացի պատից կախ հայելու մեջ, ասես սարսափի ծամածռություն, սահեց մի ստվեր:

Իսկ մեր բազմաբնակարան շենքի պատուհանների ապակիները դրսից ճանկռվում էին շների հեռացող հաչոցներից: Հաչոցն այնպես էր հեռանում, կարծես ինչ-որ մեկը, դիրիժորություն անելով, ղեկավարում էր այս սենյակի և արթնացող քաղաքի հոգեբանական լարումը: Հիրավի, ամենահանճարեղ ռեժիսորը ինքը՝ պատահականությունն է, որ երբեմն անվանում ենք տաղանդ, երբեմն էլ՝ գեղեցկություն կամ ներշնչանքի փնտրտուք:

Տղամարդն այդ ֆիլմում ծուղրուղու էր կանչում: Դա մի թուլակամ մարդ էր նրա սիրո դիմաց: Իսկ ինքը՝ կիրքն էր ինքնին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում: Ես պիտի գրեի Մառլենի մասին և հատկապես այս փայլուն ֆիլմում, որ շլացուցիչ հաջողություն բերեց նրան: Եվ ահա թե ինչու.

Այդ ֆիլմը բացահայտեց կնոջ լիովին նոր տեսակ, որը դեռ պիտի բացվեր աշխարհի և տղամարդու առաջ, որպեսզի դառնար 20-րդ դարի ողբերգական ժամանակի և տարածության խորհրդանիշը, ոճը և ժեստը: Բեռլինը պիտի Բեռլին դառնար (հաղթահարելով ժամանակի բոլոր փորձությունները), և այն նրա համար դարձավ այդպիսին ամենուր՝ ԱՄՆ-ում, այլ երկրներում, բոլոր աշխարհամասերում:

Մառլեն Դիտրիխը ամենուր ի ցույց է հանում գերմանական ազգի ոգին, այդ ոգու ուժեղ բնավորությունը, նրա վերլուծական զորությունը, որը հնարավորություն է ստեղծում տեսնելու ոչ միայն բարին, այլ նաև չարը: Նա ամենուր կտեսնի իր Բեռլինը, որը կարող էր նվաստացվել մոլագարների ձեռքով, որոնց երևակայության մեջ ազգային իրականության սխալները խեղափոխվել էին ազգային ամբարտավանության, և այդ ամբարտավանությունը վերափոխվել էր ազգային գերազանցության կպչուն գաղափարի, ուր քիչ չէր նաև միստիկ խելացնորքը: Էներգիայի ահռելի հորձանքներ էին ազատվում և հորդում՝ ծառայելու իշխանության դաժան համակարգին, իսկ այդ փխրուն կինը ողբերգական իրադարձությունների պայամաններում իր սեփական անկախությունն էր անզիջում պաշտպանում: Նա պաշտպանում էր ոչ միայն իր, այլև գերմանական ժողովրդի պատիվը, և նրա նման խիզախները քիչ չէին:

Սակայն ֆիմը նկարահանվել է 1930-ին, իսկ իրադարձությունները, որոնք ես փորձում եմ կապել նրա ճակատագրի և ոգու հետ, տեղի են ունեցել ավելի ուշ: Բայց հենց այդ ֆիլմի միջոցով կարելի է տեսնել, թե ո՞ւմ է նա սիրել և ո՞վ է նրան սիրել և ո՞րն էր այդ հակամարտ իրավիճակի գինը թափառական արտիստների թվացյալ աննշան, սակայն հույժ ուսանելի կյանքում:

Այդ ժամանակ նա պարտավոր էր հաղթահարել իր հպարտությունը, որպեսզի ձեռք բերեր վեհություն ու արժանապատվություն, քանզի նրա նրբազգացությունն ի բնե էր:

Նա միայն մի բան է կամեցել. հավատարիմ մնալ իր ինքնությանը, լինել մարդկային իրական հարաբերությունների մեջ, այնինչ ներանձնական խռովքը սոսկ տարակուսանք, զարմանք ու կարեկցանք կլիներ, վերացական հաղորդակցություն այլոց ճակատագրին:

Իսկ ստացվեց անհամեմատ ուժեղ, բազմաշերտ, դժվարագին: Չնայած այս ամենին, նա ամենուր գտնում էր ինքն իրեն: Նա ուրախանում էր, և ինքն էր այլոց ուրախությունը, նա ժպտում էր, և դա միլիոնների ժպիտն էր, նա արտասվում էր, և նրա նետ մեկտեղ լալիս էր մի ամբողջ դարաշրջան, նա պայքարում էր, և արդարությունը աջակից էր նրան:

Բայց ահա թե նա ինչ ուներ չափազանց շատ՝ նպատակասլացություն և չափի զգացում: Այդ գծերը սերտաճել էին նրա անզուգական գեղեցկության և ապշեցուցիչ հմայքի հետ, առանց որոնց այդ դարաշրջանը դադարում է ժամանակ լինել և դառնում է դադար և դատարկություն:

Նա նվիրաբերվել է արվեստին և չի թաքցրել ոչինչ, և նրա ձայնը քնքշանքի երանգներ է գտել այնտեղ, որտեղ ստեղծագործել են Նովալիսն ու Ռեմբոն: Այդ ձայնը ճախրում էր մեր գիտակցության մեջ, ինչպես վառվող մոմ, որ սևեռասույզ շարժվում է կեսգիշերային խավարում, երբ տան պատերից այն կողմ մոլեգնում է ձմռան քամին: Այդ ձայնը լի է կանացիությամբ և գեղեցկությամբ՝ հենց բառերի և ո՛չ թե պարզապես հնչյունների շնորհիվ, քանզի դա բառի ձայն է: Այդ ձայնը կանացի ողբերգության և կանացի նախասկզբի իմաստն է կրում որպես այդ հարաբերությունների քննության համար տղամարդկային գիտակցության բացարձակ անհասանելիություն: Բայց նա միաժամանակ տղամարդուն տղամարդ է դարձրել, ուժ տվել յուրաքանչյուրին: Նա դիմում էր տղամարդու դեռևս չամրապնդված զգացմունքերին և նրանց իմաստ էր հաղորդում, իսկ ամբարտավանությանը՝ կամքի արժանապատվություն: Նա ծերության օրերին էլ այնպիսին էր, ինչպես երիտասարդ տարիներին, չնայած հրեշավոր է նրա կյանքի մասին խոսել ժամանակների փոփոխականության տեսանկյունից: Նա կյանքը մի շնչով է ապրել, և կնճիռները նրա ազնվազարմ ու լուսածիր դեմքին նրա լուսավոր մտածումների, հիասթափությունների, լիարժեք և հույժ մարդկայնորեն ապրած կյանքի մանուկ հրեշտակներն էին:

Նրա կերպարի փայլը մտացածին խորհրդանիշ չէ, որի կերտման ճանապահին անտեսվել են կյանքի պատմության մութ էջերը: Այն իր ճանապարհին հանդիպած ամեն ինչի հավաքական պատկերն է:

Կնոջ ուղին արվեստ է, որն անկրկնելի է, իսկ դերասանուհու ուղին՝ կենդանի դիմակի կյանք…

Անդին 7, 2017

Share

Կարծիքներ

կարծիք