Նոբելյան — XXI Ալիս Անն Մոնրո

alice_munro.jpg.size-custom-crop.0x6502013 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Անն Մանրոն (Alice Ann Munro, անունն հնչում է նաև Էլիս Էնն Մանրո կամ Մունրո) կանադացի կին գրող է, կարճ պատմվածքի վարպետ: Նոբելյան մրցանակի արժանացած առաջին և միակ կանադացի գրողն է (Կանադայում ծնված, բայց ԱՄՆ-ում ապրած և ստեղծագործած Սոլ Բելլոուն հաշիվ չի), աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակի 13-րդ կին դափնեկիրը:

Ծնվել է Օնթարիոյի Ուինգեմ շրջանում, աղվեսների ու ջրաքիսների որսորդի և գյուղական ուսուցչուհու ընտանիքում: Գրել սկսել է դեռահասության տարիներին, 1949 թ. ընդունվել է Վեսթերն Օնթարիո hամալսարանի անգլերենի և լրագրության բաժինը: Առաջին անգամ տպագրվել է 1950 թ. («Ստվերի չափումները» պատմվածքը): 1951 թ. ընդհատել է ուսումը համակուրսեցու՝ Ջեյմս Մանրոյի հետ ամուսնանալու համար (Մանրոյի օրիորդական ազգանունը Լլոյդ է):

Այդ տարիներին աշխատել է որպես մատուցող, գրադարանավար, ծխախոտի պլանտացիայի բատրակ: Հետագայում ամուսնալուծվել է, կրկին ամուսնացել, վերստին բնակություն հաստատել Օնթարիոյում, ստացել իրավագիտության դոկտորի կոչում:

Ստեղծագործական երկար տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների (Բուքերյան, Կանադայի գեներալ-նահանգապետի մրցանակի եռակի դափնեկիր, Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակ, Գրողների վստահության Ռոջըրս մրցանակ և այլն):

Նրա պատմվածքների գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնթարիո նահանգի հարավ-արևմուտքում՝ Հուրոնի շրջանում: Մանրոն ասեղնագործող կնոջ մանրակրկիտությամբ ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ՝ դրանք ներկայացնելով պարզ, անպաճույճ արձակով: Դրա շնորհիվ նա ձեռք է բերել մեր ժամանակների լավագույն պատմվածքագիրներից մեկի համարում և արժանացել «Մեր ժամանակների Չեխով » պատվավոր տիտղոսին:

Գնահատում գտած առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Ուրախ ստվերների պարը»(1968 թ.), արժանացել է այդ ժամանակ Կանադայում ամենահեղինակավոր՝ Գեներալ-նահանգապետի մրցանակին: Դրան հաջորդել է պատմվածքների ևս երկու ժողովածու՝ «Աղջիկների և կանանց կյանքը»(1971) և «Ո՞վ ես դու»(1978): Վերջինս Մանրոյին բերել է երկրորդ Գեներալ-նահանգապետի մրցանակը: 1979-1982 թթ. Մանրոն շրջագայել է Ավստրալիայում, Չինաստանում և Սկանդինավիայում, մասնակցել է բաց հանդիպումների ու ընթերցումների: Նրա «Սարից գալիս է արջը» պատմվածքի հիման վրա 2006 թ. նկարահանվել է «Նրանից հեռու» ֆիլմը:

1980 թվականից սկսած՝ Մանրոն չորս տարին մեկ տպագրում է կարճ պատմվածքների ժողովածու (վերջինները լույս են տեսել 2001, 2004, 2006, 2009 և 2012 թթ.): Նրա գործերը տպագրվել են նաև բազմաթիվ հեղինակավոր պարբերականներում: Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում հայերեն (Աննա Դավթյանի թարգմանությամբ   «Կյանքի սիրույն»ժողովածուն, Անդինը նույնպես տպագրել է նրա պատմվածքներից մեկը):

Մանրոյի պատմվածքների գործողությունները սովորաբար տեղի են ունենում նույն վայրում, առկա է նաև ամենագետ պատմողը, որը փորձում է գլուխ հանել այս բարդ ու խճճված աշխարհից: Գործողության փոքր բնակավայրերի ընտրության համար նրա գործերը համեմատում են ԱՄՆ-ի գյուղական հարավը պատկերող գրականության հետ: Ինչպես Ուիլյամ Ֆոլքների և Ֆլանըրի Օքոնորի գործերում, Մանրոյի հերոսները նույնպես բախվում են կաղապարված սովորույթներին ու ավանդույթներին, բայց, ի տարբերություն հարավի գրողների կերպարների, Մանրոյի հերոսները նվազ լարվածությամբ են արձագանքում դրանց: Նրա տղամարդ հերոսները մեծ մասամբ հասարակ ու պարզ են, իսկ կանանց կերպարներն ավելի բարդ են:

Ասվեց, որ Մանրոյին հաճախ համեմատում են պատմվածքի մեծ վարպետների հետ: Ինչպես Չեխովի պատմվածքներում, Մանրոյի գործերում նույնպես սյուժեն երկրորդական պլան է մղվում, և գրեթե ոչինչ տեղի չի ունենում: Ըստ գրականագետ Գարան Հալքոմբի՝ «Ամեն ինչ հիմնված է էպիֆանիկ պահի՝ հանկարծակի պայծառացման վրա: Նրա գործերը պատմում են սիրո, աշխատանքի և ձախողումների մասին: Նա Չեխովի պես զգում է ժամանակի անցողիկության ահագնությունը և դրա անողոք ընթացքը հետաձգելու կամ կանխելու մարդու անկարողությունը»:

Հատկապես ստեղծագործական վաղ տարիներին Մանրոն հաճախ է անդրադարձել սեփական ընտանիքի ու հարազատ փոքրիկ քաղաքի հետ հաշտվել փորձող դեռահաս աղջկա առջև կանգնած բարդ խնդիրներին («Ատելություն, ընկերություն, սիրահետում, սեր, ամուսնություն», «Հեռու քշվածը» և այլն): Հետագայում Մանրոն սկսում է ավելի շատ ուշադրություն դարձնել միջին տարիքի դժվարություններին, գրել միայնակ կանանց ու ծերերի մասին:

Մանրոյի արձակը բացահայտում է կյանքի երկակիությունները, այստեղ միախառնված են երգիծականն ու լուրջը, բարեպաշտությունն ու երեսպաշտությունը, պատվախնդրությունն ու ապիկարությունը, իրականն ու երևակայականը: Մանրոյի ոճը այնպես է համադրում ֆանտաստիկը հասարակի հետ և փոխլրացնում միմյանց, որ հարթ ու սահուն կերպով արթնացնում է կյանքի վերհուշը:

Շատ գրաքննադատներ համարում են, որ Մանրոյի պատվածքներն ունեն վեպերին հատուկ հուզական ու գրական խորություն: Ոմանք անգամ հարցնում են՝ «Արդյոք նա պատմվածքնե՞ր է գրում, թե՞ կարճ վեպեր»:

Մանրոն հաճախ վերահրատարակում է իր պատմվածքների նոր, այլընտրանքային տարբերակները, և երբեմն երկրորդ տարբերակը լույս է ընծայում հենց նույն տարվա ընթացքում («Փրկել հնձվորին»  «Կիրք» ևայլն):

Շատ գործեր վերահրատարակվել են զգալի փոփոխություններով («Տուն», «Սիրո առաջընթացը», «Ինչո՞ւ ես ցանկանում իմանալ», «Երեխաները մնում են»,«Փրկել հնձվորին»,  «Սարից եկավ արջը», «Կիրք», «Տեսարան Ռոք ամրոցից», «Խոր անցքեր», «Ուենլոքի ծայրին»):    Մանրոյին բնորոշ է փոքր տարածության և փոքր ծավալների մեջ ժլատ գործողությունների միջոցով բազմաշերտ պատում ստեղծելը, որտեղ մի փոքր դրվագ, մի նուրբ ու հպանցիկ դետալ լույս է սփռում կյանքի անորոշության վրա: Էպիֆանիայի այս հնարքներն օգտագործելու համար Մանրոյին հաճախ համեմատում են Ջոյսի հետ, իսկ կերպարների առօրեականությունն ու սովորական լինելը ասոցացվում են չեխովյան ոճին:

Նրա վերջին՝ «Կյանքի սիրույն» ժողովածուն (2013), որն այդպես է վերնագրվել ըստ համանուն պատմվածքի, ավելի սուր է ի հայտ բերում նրա գործերում հաճախ հանդիպող թեմատիկ մի գիծ. կնոջ՝ անիմանալիից եկող վախերն ու անիմանալիի առջև անպաշտպան մնալը, որի ելքը հաճախ փախուստն է… կյանքի սիրույն:

Փոքրիկ բնակավայրերի մարդկանց աննշան կյանքերի դիպաշարերում հեղինակը տեսնում և ի ցույց է հանում մեծ ողբերգություններ, հոգեբանական խոշոր տեղաշարժեր, որոնք ցնցում են ընթերցողին, թվում է, թե դրանք պետք է փոխեն նաև հերոսների կյանքը, սակայն, ի վերջո, տեղի է ունենում «դարձ ի շրջանս յուր», գորշ առօրյան շարունակվում է, և կյանքի փոքրիկ «պայծառացումները» ի վերջո ընկալվում են որպես պատահականություն, ճակատագրի փոքրիկ խաղ, ինչը մեծ ցավ է պատճառում և խոր սպիներ թողնում թե՛ նրա կերպարների, թե՛ ընթերցողի հոգում:

Մանրոն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մեկնել Ստոկհոլմ և ներկա լինել մրցանակաբաշխությանը, բնականաբար, չի կարդացել նաև բանախոսություն: Մոնրոյին Նոբելյան մրցանակ շնորհելու հիմնավորումը երևի թե ամենահակիրճն է մրցանակի գոյության ողջ ընթացքում՝ « ժամանակակից կարճ պատմվածքի վարպետին»…

Անդին 7,2017

 

 

Կարծիքներ

կարծիք