Զրույց մեկ բաժակ կոկտեյլի շուրջ

Հեղինակ:

 

DSC07915-400x301

Երբ ես ու մեր լուսանկարչուհի Մառամը հասանք Էնոտեկա գինետուն-սրճարան, ջազմեն Վահագն Հայրապետյանն արդեն մեզ այնտեղ սպասում էր: Ջազն իր բոլոր հնչյուններով այդ առավոտ արդեն Սայաթ-Նովա փողոցում էր և իր անկանոն իմպրովիզային ռիթմով համահնչում էր մեր զրույցին:

Ջազի իմ պատմությունը

Երաժիշտ ծնողներիս ազդեցությունն իմ հետաքրքրությունների և երաժշտական ճաշակի վրա շատ մեծ է եղել: Սակայն ջազային առաջին շունչս մայրս է փոխանցել: Այն տարիներին կեսգիշերին հեռարձակվող մի լավ ռադիոհաղորդում կար` Ուլիս Քոնովերի Ջազի ժամը: Ես գիշերը 12-ին արթնանում էի, որ բաց չթողնեմ հաղորդումը, տատիկս էլ ստալինյան ժամանակների վախով շարունակ ասում էր` պահի էդ ռադիոն, հեսա կգան մեզ կբռնեն:

Այն ժամանակ էլ էր հայաստանյան ջազային կյանքը շատ բուռն: Ջազի բազմաթիվ համաշխարհային աստղեր էին համերգներ տալիս Երևանում: Հիշում եմ` ութ, թե ինը տարեկան էի, որ ներկա եղա Բի Բի Քինգի համերգին: Հիմա եմ պատկերացնում, թե ինչ բախտ էր վիճակվել:

Կարծեմ 1979 թվականն էր. ես արդեն ՙհիվանդ՚ էի ջազով: Ընտանիքով Լեհաստանի Կրակով քաղաք էինք մեկնել` հանգստանալու: Այդ քաղաքում ջազ ակումբ կար, ուր ընտանիքով գնացինք լեհական ջազ լսելու: Այնտեղ էր, որ առաջին անգամ հանդիպեցի լեգենդար սաքսոֆոնահար Յանուշ Մունյակին: Համերգից հետո մեր բարեկամը, ով մեզ հրավիրել էր, Մունյակին ասաց` այստեղ մի երեխա կա, ջազ է նվագում, կուզեր նվագել Ձեզ հետ: Մունյակը` այդ լեգենդը, պատյանից հանեց սաքսոֆոնը և նվագեց ինձ հետ. այդ ժամանակ ես տասնմեկ տարեկան էի: Երբ վերջացրինք, ինձ ասաց` մինչև դու իսկական ջազմեն դառնաս, ես տարիքս արդեն առած կլինեմ: Շատ տարիներ հետո, երբ մի փառատոնի էի մասնակցում Լեհաստանում, նորից հանդիպեցի Յանուշ Մունյակին: Հիշեցրի այն փոքր տղայի մասին, հիշեցրի իր այդ խոսքերը: Ինձ հիշեց:

Այդ տարիներին ջազային ջեմ-սեյշներ էին կազմակերպվում. հավաքվում էին տարբեր երաժիշտներ և նվագում միևնույն թեմայի շրջանակներում: Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ Հայաստանում բեմ բարձրացա:

Երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ ես ջազը չեմ ընտրել, ջազն է ընտրել ինձ: Սա աշխատանք չէ, սա այն թելն է, որից հյուսված է կյանքդ: Դու ստեղծողն ես այս երաժշտության, ոչ միայն կատարողը:

25394294_891604137674034_263116097_nՀամաշխարհային ջազ-Երևան կամուրջը

Արտասահմանցի ջազմենները հայկական երաժշտությունը շատ են հավանում: Իմ լավ ընկեր նյույորքցի սաքսոֆոնահար Զեիդ Նասերը, որ պարբերաբար Հայաստան է գալիս մեր երկրի ու մշակույթի հանդեպ ունեցած իր մեծ սիրո հետքերով, իր վերջին ձայնասկավառակում արդեն երկու կատարում ունի Կոմիտասից, իսկ երրորդը Էդգար Հովհաննիսյանի Էրեբունի-Երևանն է:

Մշակութային Հայաստանի մասին

Ինչպե՞ս կարող եմ գոհ չլինել մեր մշակութային միջավայրից: Կարելի է խենթանալ, թե ինչքան շատ ու որակյալ մշակութային իրադարձություններ են տեղի ունենում Երևանում: Վերջերս մի հրաշալի համերգի ներկա եղա. Երևանյան հեռանկարներ փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում հանդես եկավ աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Նա աշխարհի հինգ լավագույն դաշնակահարներից մեկն է, իր ոտքով եկել է Երևան, ուրիշ որտե՞ղ հնարավորություն կունենայինք նրան ունկնդրելու:

Չեմ կարող ուրանալ այն, ինչ Հայաստանում արվում է ջազի համար: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բազմիցս աջակցել է մեր միջոցառումներին: Հովեր երգչախմբի հետ իմ երկու համերգներն էլ իրականություն դարձան մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո: Եվ այդ աջակցությունը իրականացվում է ոչ միայն Հայաստանի սահմաններում. մեր լավագույն գործերը նախարարությունը ներկայացնում է դրսում: Իհարկե, հույսը բացարձակապես պետական աջակցության վրա դնելը ճիշտ չէ, որովհետև արվեստագետն ինքն է իր ստեղծագործական ուղին անցնելու:

Հայկական կինոերաժշտության վերածնունդը

Հայֆիլմի հետ Էդուարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի և ուրիշների փայլուն համագործակցությունը ձևավորեց հայ կինոերաժշտության Ոսկեդարը:

Այսօր հայ կինոն արթնանում է: Վերջին ժամանակների լավագույն և ամենալուրջ ֆիլմերից մեկը, եթե ոչ հենց միակը, Կյանք ու կռիվն է: Լուրջ էր ու հաջողված ոչ միայն իր սցենարով ու դերասանական կազմով, այլ նաև երաժշտությամբ: Սա Հայֆիլմից հետո հայ կինոյի ընդհատված ճանապարհի շարունակությունն է:

Ինքս մի շարք  ֆիլմի երաժշտության հեղինակ եմ, որից Եթե բոլորը ֆիլմը բազմաթիվ մրցանակների արժանացավ Հայաստանում և Հայաստանից դուրս:

Այս տարվա Ոսկե ծիրան երևանյան կինոփառատոնը բացվեց Համո Բեկնազարյանի 1927 թ. նկարահանած Խասփուշ համր ֆիլմով, որի նոր կինոերաժշտության հեղինակը ես եմ: Փառատոնի բացման օրը ֆիլմի ցուցադրության ընթացքում հնչեց կենդանի նվագակցություն: Ոսկե ծիրանի հետ նման բեմադրությունն արդեն ավանդույթ է դարձել:

25395217_891603967674051_1747598409_nՎաղվա ջազը

Երիտասարդ երաժիշտների ջազային հնգյակ եմ ստեղծել և դրանից այնպես եմ հաճույք ստանում… Ես տեսնում եմ, որ գալիս է մի սերունդ, որը շարունակելու է հայկական ջազը` իր նոր ասելիքով:

Ռուբեն Հախվերդյանի հետ հետաքրքիր ձայնասկավառակ ենք ստեղծում, շուտով կավարտենք: Ասում եմ` հետաքրքիր, որովհետև իր արվեստի հարթության մեջ բոլորովին ուրիշ Ռուբեն Հախվերդյան է լինելու:

Շուտով Դոնի Ռոստովի ջազի փառատոնն է, որին ևս մասնակցելու ենք: Այս տարին մյուսների նման ևս համերգաշատ է: Հրավերները շատ են, երևի թե ստիպված եմ օրացույցս բացել, որպեսզի կարողանամ բոլորը թվարկել:

Երևանը ջազ լսո՞ւմ է…

կամ… Երևանը ջա՜զ է լսում

Մեր համերգները միշտ լեփ-լեցուն են: Վերջերս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգ ունեցանք: Առաջարկը Կոնստանտին Օրբելյանինն էր, և մաեստրոն էլ ղեկավարում էր նվագախումբը: Համերգից մի շաբաթ առաջ արդեն տոմսերը սպառվել էին: Այո՜, Երևանը ջազ է լսում: Համերգին հրավիրել էինք աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսին, ում հետ, ի դեպ, շուտով Մոսկվայում համերգ կունենամ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հրավերով այս ամռանը մեր երկրում էր ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մեյոն, նա համերգ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ Երևանում և երկրի մյուս քաղաքներում: Եվ իհարկե, ամեն տարի ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, Երևանում` Կասկադում, հավաքվում են Հայաստանի լավագույն ջազմենները, և քաղաքն իսկապես ջազ է լսում:

Զրույցը` Մարիա Լազարևայի

Անդին 7,2017

Կարծիքներ

կարծիք