Բանաստեղծություններ

 

IMG_6426                    Մեզանից յուրաքանչյուրը

առանձնահատուկ դեպք է:

                                         Ալբեր Քամյու, «Անկում»

Յուրաքանչյուր երկուսի միջև

Կան չեզոք գոտիներ,

Որից այն կողմ

Մտերմության խրամատներն են:

Մարմնացած փորձը սահմանապահ է

Ու դիտակետերից համբերության

Սառնորեն բառեր է կրակում,

Երբ առաջին հարձակվողը

Կրում է սեփական հողը

Դառնորեն լքելու կորուստ

Ու թափառում որպես ուրվական

Օտար մեկի հայրենիքում:

Կան չեզոք գոտիներ,

Ուր տարիներով

Տուն են կառուցում,

Եվ հանկարծ լքելով

Սեփական խրամատը`

Գտնում արկերով դատարկություն:

***

Մենք կուտակվող մերկություն ենք

Ու շտապում ենք

Հասնել մի անծանոթ տեղ,

Ուր փողոցում ոչ մի մեքենա

Ոչ մի ուղղությամբ չի սլանում:

Ես լավ խոհարար չեմ,

Ինչպես խառնում եմ

Տարբեր համեր ու հոտեր,

Վերջում աղբն եմ գցում,

Ուր մնաց մի կյանք եփեմ

Վառված կաթսայի մեջ:

Անկեղծ հավատում եմ,

Որ դինոզավրերը մեռան

Անդրդվելի ձանձրույթից,

Եթե մենք ստեղծել ենք

Սեփական կյանքը հաշվող

Անշնորհք օրացույցներ,

Ի՞նչն ենք փորձում գտնել:

Մենք ծածկում ենք

Պատուհաններն ու բառերը,

Աչքերն ու մարմինը,

Կարկատում հոգին,

Որ միշտ ծակվում է

Երկար քայլող կոշիկի պես:

***

Մի գնա, Էվելին,

Անձրևում է այնպես,

Երբ կործանվում է օրը,

Իսկ դու անձրևանոցն ես իմ:

Ես դեմ չեմ, գիտես,

Որ ձիերից կապած քարշ տան

Վերջին հավատս բյուրեղյա,

Որ կանգառներ տան սպասելու,

Ուր ոչ ոք չի ժամանում,

Բառեր տան քնքշության,

Երբ սառնարանում կրկին

Կիսաֆաբրիկատն է սիրո,

Դարակներ դնեն երազանքի,

Ուր կյանքը էջանշան ունի

Անստորագիր մոռացության,

Միայն ողջույնը սովորեցնեն,

Իսկ հաջողությունը թողնեն ապրել,

Միայն թե մի գնա, Էվելին…

Քեզնով ողողվելուց հետո

Անձրևանոց չունեմ:

***

Բոլորը սովորեցնում են

Ինչպես ճիշտ ապրել,

Իսկ իմ գրպանում

Կա չափիչ կշեռք

Ապրած ու չապրած օրերի:

Մարդուն կոչել են հոմո սափիենս,

Ես նրան կկոչեմ դատարկ տարա,

Թափանցիկ, անձև մի անոթ,

Որի ապրելու ընտրությունը

Ձգվում է ամեոբայից

Մինչև ժամանակից ռոբոտ,

Միայն թե բոլորն ունեն

Իրարից չտարբերվող լեզու,

Ու միմյանց քննելու մոլորությունը

Քսվում է տհասության շուրթերին:

Կան անշնորհք ցնցումներ,

Որ դիպչում են հոսանքի պես

Հոգուդ մրսկան լարերին,

Որից կախված է

Ատելության կիսաչոր լվացքը,

Մոռանում են հանկարծ,

Որ որդիները չեն ներում

Իրենց հայրերի թուլությունը

Եվ նրանց, որ գիտեն այդ մասին:

Բոլորը սովորեցնում են

Ինչպես ճիշտ ապրել,

Երբ դեռ փորձում ես ծնվել:

***

Փեշդ քաշիր դռան տակից,

Չեմ փնտրում ոչինչ, անտարբեր եմ,

Ինչպես անդադար նույնը ուտելիս

Լնդերդ արյուն են թքում:

Կանգնած եմ լռության խրամատում,

Ու զենքս անցյալի հանդիպումներն են,

Որ տանիքից կախված

Սառույցի են նման:

Ուր որ է կհալվի, թվում է,

Բայց իմ կիրքը ցուրտն է,

Որ հեծում է մոլորության ձորերում:

Օդում բառ շպրտելը

Դարձել է ամենօրյա սովորություն,

Ինչպես մեքենաները քշելիս

Դուրս են թողնում անձև գազ,

Եթե ստեղծվեինք առանց խոսքի,

Մենք կապրեինք սերը, հավատը,

Իրար գտնելու մոլուցքը,

Իսկ հիմա կարելի է լցնել

Բոլոր դատարկ տակառները,

Հետո դատարկել,

Ու այսպես շարունակ:

Փեշդ քաշիր դռան տակից,

Ես անհաղորդ ափ եմ,

Ուր չեն ալեկոծվում ծովերը,

Ինչպես նույն կաթսայով սարքելիս

Տիղմը մնում է պատերին,

Ուր էլ ոչինչ չեն եփում:

***

Գրելու ժամանակը

Ակնթարթ է ինքնակորստի,

Երբ հոգիդ Հիրոսիման է,

Ուր ինչ-որ Ամերիկա

Կրկին ատոմային ռումբ է գցում,

Հանկարծ հիշում եմ,

Որ մի հեռու երկրում

Ժամանեց ինքնաթիռը,

Իսկ ես դեռ այստեղ եմ,

Այս տարօրինակ կրկնության մեջ

Ինքս ինձ հետ,

Երբ ներսում սփռել են

Նոյեմբերյան մռայլ երկինքը,

Ու զորքերը պատերազմում են,

Եվ չկա խաղաղություն,

Եվ ապրելու ձևը կռիվն է,

Աչքերը պարիսպներ են,

Բառերը` խրամատներ,

Զարկերակն էլ` հարձակման շեփոր:

Գրելու ժամանակը

Տունդարձ է, դռան թակոց,

Երբ քեզ լուծում ես

Գիշերվա լողացող խավարին,

Ու լսում պայթյունները

Լինել թե չլինելը պատած հարցերի:

***

Չէ, քեզ չեմ հիշում,

Ուղղակի ծայրահեղ

Խելագարության կարիք եմ զգում,

Երևի խառնեմ

Տները, քաղաքները, աշխարհը,

Հետո կորցնեմ անունս,

Հիշողությունս կախեմ

Ամենաբարձր աշտարակից

Ու երբ լինեմ թափանցիկ,

Կգտնեմ լքված ցրտերը,

Կշարեմ վառարանի կողքին

Ու քեզ չեմ հիշի

Չլինելու աստիճան,

Կկարդամ անունս

Ծակծկված մագաղաթներում,

Խառնված քաղաքները

Փազլի պես կհավաքվեն,

Եվ ինձ կկնքեն Ցուրտ,

Եվ ես կփչեմ դռան ճեղքերից,

Մամռոտ հարցերից,

Կործանված բանաստեղծությունից,

Փոշոտ լռություններից,

Մի պահ ուշացողներից:

Չէ, ոչինչ չեմ ուզում,

Բևեռային բու կգնեմ,

Որ բևեռի մասին պատմի:

 

Անդին7,2017

Share

Կարծիքներ

կարծիք