Նիհաթ Օզդալ. ‹‹Կոճակներ››

Հեղինակ:

19228028_1715336485161116_3978389117787439104_n

Նիհաթ Օզդալ

Նիհաթ Օզդալը (Հալֆեթի, 1984 թ.) հայկական արմատներով ժամանակակից թուրք բանաստեղծ է: 2017 թ. արժանացել է ‹‹Ոսկե դափնի›› գրական մրցանակին:

Ստեղծագործել սկսել է 2000-ականներից: Բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով`  ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, քրդերեն, արաբերեն, սերբերեն և այլն: Տպագրվել է բազմաթիվ գրական ամսագրերում Թուրքիայում և նրա սահմաններից դուրս:

Օզդալը վիզուալ պոեզիայի (visual poetry) առաջամարտիկներից է Թուրքիայում: Գրողի առաջին գիրքը`  ‹‹Google-ից առաջ›› (Google’den Önce, 2010) դրա լավագույն դրսևորումներից էր: Այն յուրատեսակ հարգանքի տուրք է բոլոր այն բանաստեղծներին, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել երիտասարդ պոետի բանաստեղծական ճաշակի ձևավորման վրա: Հղումներ կատարելով այդ բանաստեղծներին`  նա փորձել է ստեղծել մի նոր լեզու, նոր արտահայտչամիջոց: 2010 թ. լույս տեսած այս ժողովածուն արժանացել է երիտասարդ բանաստեղծների Մեմեթ Ֆուաթ հեղինակավոր մրցանակին և Հոմերոս բանաստեղծական մրցանակին:

                Բանաստեղծը մշտապես հետևում է համաշխարհային պոեզիային և առհասարակ մշակութային զարգացումներին: Ժամանակակից արվեստի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ է պայմանավորված Օզդալի նախաձեռնությունը`  կազմակերպելու սեփական բանաստեղծությունների ցուցադրությունները, որ նորություն էր թուրքական գրականության մեջ: Դրան հաջորդում են նաև ինստալյացիա-մոնտաժները, որոնք մեծ ճանաչում են բերել Ն. Օզդալին Թուրքիայում և ողջ Մերձավոր Արևելքում: Պոետի մեծ հետաքրքրություն առաջացրած եռապատումը, որը բաղկացած է «Կոճակներե ու դեռևս անտիպ «Մաշկ» և  «Կորդինատներ» ժողովածուներից, արտացոլում է նաև Ն. Օզդալի`  տարբեր ցուցասրահներում և թանգարաններում աշխատանքային (կուրատոր-համակարգող) գործունեությունը:

                Ներկայացվող բանաստեղծություններն ընտրված են հեղինակի կողմից վերոնշյալ ժողովածուներից: Հայերեն թարգմանվում են առաջին անգամ, բնագրից:

Կոճակներ

առաջին կոճակ

Կոճակները չեն հանդուրժում տենչանքը թաքցնելու ընդունված կանոնները:

Պոկվածները մշուշոտ ու տձև ափսեներ են`

սարքված մեր`  նրանց դասակարգելու ջանքերից:

երկրորդ կոճակ

Ձմեռն այլևս ետ չի դառնալու.

վերնաշապկիդ կոճակներից կռահեցի…

վերջին կոճակը

կոճակները վերջանան`  դու կսկսվես…

 

Մաշկ

Մաշկի պատմությունը

 

Մաշկը չի զբաղվում մարդու աշխարհ գալու, հարկ եղածի պես ապրելու հարցերով:

Տաքանում է, որ նա իր գոյությունը կասկածի տակ դնել սովորի:

Իր իսկ խոտոր կասկածներից, ցավից ու ափսոսանքից հեռու է:

Եթե հետևես կտորի տակ սքողվածի պատճառին, անվերջ մի շղթայով

պիտի փնտրես, թե որն է մարդու իրական պատճառը:

 

Կենսաբանությունը և սերը սկսվում են մաշկի պատմությունից:

 

Կապ

Մաշկի հիմնական գործառույթը շաղկապվելն է:

Արյուն

Մաշկը հնարավոր է փրկել,

միայն թե աշխահիս հետ այն կապող կյանքը արևի տակ իր տեղը գտնի:

Հենց զատենք այս միտքն իր մարմնից, դուրս կհորդա արյունը, որ

շատ ավելի ծանր է, քան այն ներկելու մեր բոլոր ջանքերը:

 

 

Կորդինատներ

36՛52’16.4″N 10՛20’32.2″E

Արդեն գիտենք`  կապույտը գույն չէ:

Դռները ընկան երկնակամարից: Ձիերի հոգում մազերդ դեռ ծածանվում են քամուց:

 

41՛43’42.2″N 44՛47’54.7″E

Երբեք չմոռանաս այն ամենը, ինչ չկարողացա ասել: Պանիրը սեղանին իր արժանի տեղն ունի: Ես հասակ եմ առել մի գյուղում, ուր հովիվները բոլորից արագ են գտնում աշխարհիս երեսին արևանիստ  վայրերը: Երկար-բարակ չեն խոսում, տագնապելիս երգեր են ասում, թեպետ շատ բան կա, որոնց ուշադրություն չեն դարձնելու, մշտապես ետ են նայում…

Տեսա խամրող խոտեր, ծանոթ երամներ, կայարաններ: Երկաթգծերի վերջին ուղղության վրա խցիկում չզորեց խցկվել սապերավիի կարմիրը, հետ նայեցի.

 

Լույսը զարդարող ջերմությո՛ւնը,

երբ մեկը մյուսին էր հետևում խաղողներից առաջ:

Թե իմանայի`  երբ է վերջանալու խաղողի այգին, մեր երկուսի

ողկույզի համերը կպահեի…

 

33՛55’09.3″N 8՛08’50.2″E

Գոյությունը մարգագետիններն են:

Մինչդեռ ձայնիդ թռթռացող ելևէջները ծառ էի կարծել:

Հեռուները գնացի`  կարծելով, թե հետ չեմ դառնալու: Դյութիչ

հեքիաթ ունես դու մի, որին տենչում են մասնիկներս բոլոր:

Ինքն իրեն առաջ մղող, ետ քաշվող, անէացող: Նավերը

մեղավոր չեն, որ հեքիաթի հերոսները շուտ են մեռնում: Ամենքս էլ

ինչ-որ բան կորցնում ենք, առաջ շարժվելու համար

հարկ է ավելին`  զոհել, քան ձեռք բերել:

Կոշիկներդ չկորցրիր, նրանք չցանկացան ճամփա ընկնել: Երբեմն,

ինչ էլ որ լինի, կասես`  ինչքան տխուր է, ինչպիսին է աշխարհը, ինչպես են ոտքերդ:

 

Ես բազեի որսորդ դարձա պատահաբար: Հանդիպումները փոխում են թևի տեսքը:

Սեղանի վրա`  նստվածքնե՛րը հինայի և գուշակության: Կարո՞ղ ենք նորից

հավաքել արմավի կորիզները:

 

Սա բավական կլինի մեզանից միայն մեկի հեռանալու համար…

 

53՛55’34.5″N 14՛16’39.6″E

Թվում է`  լուսանը ուր որ է կթողնի այս թանձր լույսը:

Ես դանդաղ եմ, և

տեսանողը չի կարող հասնել ջրաղացին:

 

Մի իմաստուն հնարքո՛վ անգամ չի կարող զարմացնել,

երբ ամեն ինչ ավելի քան իրական է, երբ ջրերը ուղիղ և վերից են թափվում. քայլ

առ քայլ սուզվեցի ներսս մոլեգնած կորստի մեջ: Մատներս փլված աստիճանն են

հավաքում. գտնելով կծիկը`  առուն, որ հեղեղն էր իր եզերքով տանում,

մեզ, որ դեռ չէինք սկսել, չէինք գնացել, ծափ չէինք տվել,իսկ

զեփյուռը դեռ առաջին իսկ պատահած թևին չէր  հենվել, բաժանեց:

 

Ծովախեցին ականջիցս հեռացնելիս անգամ քարերի արանքում

ճզմվում է ցորենը:

 

Երեկո դրինք բոլոր մեռածների անունը:

Մշտապես միայնակ ապրել ցանկացողները, առաջինը նրանք են: Գայլերը նրա դեմքը

չեն կարողանում զատել, երբ շփոթելն է ձեռնտու:

Լիալուսինը նրանցից առաջ իմ թիակներում փշրվեց:

 

Թուրքերենից թարգմանեց

 Կարոլինա Սահակյանը

Անդին 7, 2017

 

Share

Կարծիքներ

կարծիք