Անահիտ Թոփչյան. Ներքին շարժման բովանդակությունը

Հեղինակ:

1Արվեստագետի, գրողի, դերասանի անհատականության շեշտված մի տեսակ կա, որ կյանքի ինչ հանգամանքներով, ուր էլ լինի, ինչ դաշտում էլ իրագործի ստեղծագործական իր գաղափարները, ինչ մետամորֆոզների միջով էլ անցնի, առաջադեմ և անգամ համարձակ, իր մարդկային արժանապատվության և սեփական դիմագիծն անխաթար պահելու շնորհիվ մշտապես նախ ազգային արժեք է: Իմ խորին համոզմամբ`  ա՛յս արժեքի մեջ է Անահիտ Թոփչյանը: Մագնիսացնող հմայքի տեր դերասանուհի, անշփոթելի ձայնով, անմոռաց խաղով, թատրոնի և կինոյի հարյուրից ավելի կերպարներում` իր առաջին բեմական Եվայից` եվա, և ամենատարբեր եվաների հոգեբանության ամենանուրբ բացահայտումների հեղինակ` ինքնատիպ արձակագիր, որի հերոսուհիները գալիս են համալրելու դերերի հարուստ արտիստական պատկերասրահը, իսկ գրքերն արժանիորեն գնահատվում ու սիրվում են ոչ միայն իր հայրենիքում:

Պայքար հանուն ինքնության, աշխարհով մեկ օրախնդիր դարձած` արմատից տեղահանված, անհասցե մարդու, ամեն կերպ սեփական դիմագիծը պահելու` տևական, ջլատող ու անզիջում պայքարի խառնարանում են ծնվել Անահիտ Թոփչյանի նախ` «Լեդի SDF»-ը և ապա` «Հայելի» գրքի պատմվածքները: Այս խմորից է ծնվել նրա «Անհետացում»  վեպը, ախտահարված հանրության մեջ աստիճանաբար ինքնամեկուսացող անհատի ողբերգության ներքին կոնֆլիկտից, ուր անգամ արտաքինի պլաստիկ, անճանաչելի փոփոխությունը մոռացության հնար չի տալիս` անտեսելու արժեքները, խզելու անցյալի հետ կապը, իր ժառանգականությունը, սերերն ու ատելությունները, երկիրը, ազգը, սեփական հիշողությունը…

Իսկ Երկիր, Ազգ արժեքների անտրոհելիության հանդեպ, մանավանդ աշխարհի լայնությունների վրա ազատ ելումուտ անողներից, այսօր քանի՞սն ունեն այսքան անսակարկելի, միևնույն ժամանակ թե՛ սթափ և թե՛ մարդկային վսեմ վերաբերմունք, որը համոզմունք դառնալով` ազնվական հայերեն տեքստ է ստեղծում հենց լեզվի մեջ` խոսքային փաստով մնայուն պահելու համար սեփական ինքնությունը:

Անահիտ Թոփչյանն իր գրի լեզվի մեջ է, խոսքային ճկուն կառույցներով` գրական ամեն նոր ստեղծագործության հետ մշտապես նորոգվող իր ամրություններում, այն դեպքում, երբ նրա լեզուն որքան օրգանական, այնքան էլ հարաշարժ է, միշտ պատշաճող կոնկրետ պատումի իրավիճակին. երբ պետք է` զավեշտալի է, երբ պետք է` աբսուրդային, գրոտեսկային է, ողբերգական, սարկաստիկ-հումորային, հեգնող ու վճռական, էրոտիկ-խաղարկային և մշտապես կենդանի ու համեմված, զուսպ ու շքեղ: Նա միաժամանակ բնական է. իր տեքստի հետ ոչ մի կերպ չշաղկապվող բառեր արհեստականորեն չի ներմուծում, ինչպես որ բնական է իր կենդանի խոսքը խոսելիս:

Ի դեպ, երբ լեզվի ու գեղագիտության տարածքում հեղինակն իր խնդիրը կատարած է լինում, և առկա է գաղափարական հիմնավոր ասելիք, ինձ համար վերջին չափանիշը հետևյալն է` իսկ որքանով է գրողը համոզիչ իր տեքստի ամենաանհավանական իրավիճակում: Այս մասին խոսելու առիթ ունեցա Անահիտ Թոփչյանի  «Տագնապ» վեպն ընթերցելիս, և որպեսզի հիմա փոխանցեմ խոսքիս առաջնային անմիջականությունը, մեջբերեմ մեր նամակագրության` իմ նամակից մի հատված, որը թարմ տպավորությամբ եմ գրել:

«Սիրելի Անահիտ, սիրով կարդացի Ձեր նոր վեպը և շատ տպավորված եմ: Ճանաչողության այն կերպը, որով օժտված եք Դուք` մարդկային թաքնաթաքուր հոգեբանության շերտերը թափանցելու կարողությամբ, զգայականության կենսափորձով, թե երևակայությամբ, արտիստական, թե գրողական տաղանդով, Ձեր հերոսուհուն ևս հնար է տվել իր բաժին օրերն ապրել բոլոր գույներով, նույնքան անկեղծ մնալ փորձության մեջ և ուժ գտնել որպես կյանքի մի դրվագ, անգամ իբրև արկած հաղթահարելու իրեն բաժին հասած փորձությունը — բացճակատ հատուցելու պատուհասի դիմաց, տեր կանգնելու գործած մեղքին, սիրելի մարդուն ներելու կարողությամբ` ներելու և հաղթահարելու նաև ինքն իր մեղքը: Անգամ անհավանական թվացող իրավիճակները Ձեր վեպում օրգանական են, զգայական պատկերները` ներազդուն, թրթռուն ու կենսունակ: Էրոտիզմը չի գռեհկանում, արհեստական զսպվածություն չկա` կա չափի զգացում, իրապես սա վսեմ զգացմունքներին հետամտող գայթակղությունների, փորձությունների ու փորձանքի մասին է: Եզրակացություններ անելու համար այնքան կարևոր դրվագներ կան: Այսօրինակ վեպերին ռուսները женский роман են անվանում, Ձեր վեպը գուցե հենց ա՛յս ժանրին է պատկանում և մեր գրականության մեջ այս իմաստով առանձնակի է: Շնորհավորում եմ Ձեր տաղանդի դրսևորման նաև այս փաստը»:

***

1990-ին Սորբոն ընդունված դստերը Փարիզ ուղեկցող Անահիտ Թոփչյանը 70-ականների սկզբից շողացող անուն էր Հայաստանում, թեև դեռ չէր բացահայտվել գրելու իր այսօրինակ տաղանդով, որը 2011-ին ևս ինձ առիթ է տվել գրավոր խոսքի: Տարածությունն ու ժամանակը ամեն կերպ կարող էին աշխատել Անահիտ Թոփչյանի մեկնելուց հետո, և դժվար պիտի լիներ կանխատեսել դերասանուհու ապագան առնվազն հայաստանյան իրականության համար: Իսկ այդ իրականության մեջ նա արդեն անուն էր, և այսօր նրա ծննդյան հոբելյանի առիթով արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը, ում ճաշակը, մասնագիտական չափանիշներն ու խստապահանջությունը թե՛ թատրոնի ու թատերագիտության ասպարեզում, թե՛ ընդհանրապես, միշտ էլ նպատակ են ունեցել պահելու արժեհամակարգի մի վերին սահման, մեր մի կարճ զրույցում, հենց այն տարիների Դրամատիկական թատրոնի դերերից հիշելով, ահա այսպես բնութագրեց դերասանուհուն:

«Գրագետ, զուսպ արտահայտչաձևերի դերասանուհի է, ներքին կուլտուրա ունեցող, միտք ունեցող: Շատերը արտահայտիչ լինելու համար կարծում են, որ շատ բան պիտի անեն, մինչդեռ շատ բան անել բեմում պետք չէ, պետք է ուղղակի մի քիչ շատ բան մտածել. Անահիտ Թոփչյանը դերասանի ա՛յդ տեսակն է, նրա մասին կարող եմ ասել նույնիսկ` ներքին ձևի դերասանուհի է: Շատ կարևոր է դերասանի բեմական հմայքը: Նա այդ հմայքը ունի և միշտ էլ հանդիսատեսին տրամադրել է` շատ դեպքերում անգամ խոսք չասելով: Կան այդպիսի դերասաններ. բեմ են գալիս, և հետաքրքիր է նրանց ներկայությունը, Անահիտ Թոփչյանը լռության մեջ էլ իր վրա ուշադրություն հրավիրում է` առանց միտումի, իր զսպվածության մեջ, չափի զգացման մեջ»:

Ուրեմն, կարևորելով չափի այդ կարևոր զգացումը նաև գրավոր խոսքում, նորանոր արարումներ մաղթելով Արվեստագետին և մշտապես սիրված լինելու բերկրանք` ազնվազարմ Կնոջը, ամփոփեմ խոսքս` բանաստեղծիս նվերը փոխանցելով սիրելի հոբելյարին…

— 1990-

Փարիզն այդ տարի շահեց մարգարիտ,

իսկ Երևանի աչքերում սառած

կարոտը մնաց` անունն Անահիտ,

և` անդարձորեն մեկնելու կասկած…

 

Բայց հետո լուրեր եկան Փարիզից,

թե մեր Փառանձեմ թագուհին շքեղ

Լիոնից Մարսել, Մարսելից Փարիզ

բեմերից ո՜նց է նվաճում սրտեր:

 

Իսկ վերադարձի ամեն հանդիպում

մի նոր թագուհի բերեց Հայաստան.-

անհետացումից ծնվեցին վեպեր`

անհայտությա՛նը իբրև պատասխան:

 

Ու գեղեցիկը` կայծը հանճարի,

որ գանձ է բեմին, գանձով իրական`

ահա՛ տաղանդով նաև գրողի,

հնչում է հնչե՛ղ — Անահիտ Թոփչյան…

Անդին 6,2017

Share

Կարծիքներ

կարծիք