Բանաստեղծություն

Հեղինակ:

Հասմիկէ

«Կին» շարքից

Կյանքը սարդոստայն է, Եվա՜,

ես և դու` իգական սարդեր,

սանրի՛ ր մազերս`

ոռնալով այն գայլի նման,

որ թաքնվում է վարագույրի տակ

ու կրծում տառապանքի

թնջուկը միայնակ…

Իմ հոգին արցունքների

մենաստան է,

ուր կարող ես խաչվել

առանց գինու.

ես ատում եմ մեռոնված

կարոտները, Եվա՜,

ու սիրտս ծամում

օրերի մաղձով…

Դու եդեմավտար Կի՜ն`

հոգեխնձորներ կերած,

գտի՛ ր հակադարձումը

ճակատագրի

ու ճչա այն մասին,

ինչ Աստված լռեց…

Ես կպատռեմ

գլխաշորս, Եվա՜,

բայց կացին չունեմ

այն ծառի համար,

որ կոչվում է կյանք…

փախուստը մթի

կիսամերկ կանգնած

օրորում է ինձ,

որ անտառապահ

հույսերի միջից

ես ասեղնագործեմ

կապույտ սարդոստայն.

Գրկի՛ ր ինձ, Եվա՜ ,

դու թաց եդեմի

վերջին սարդ ու Կին…

 

* * *

Դուրս արի՛  խցիցդ, Կի՛ ն,

պատռելով մենության գլխաշորը,

քեզ բոլորը լքեցին,

դու լքեցիր ինքդ քեզ`

հագնելով զսպաշապիկը

նռնագույն տառապանքի,

որ աղոթում էր մեղքեր

ու խմում` պատվիրաններ

չշնչված…

դու խելագար ես, Կի՛ ն,

ու փշրված` աշխարհների միջև,

որ չունեն ճակատագիր,

դու նկարեցիր քեզ

ճերմակ շրթներկով

թիթեռասպան…

հագուստներդ

կախվեցին առաստաղից

ու չհասան աստղերին,

որ փնտրում էին երկինք…

դու չգտար քեզ, Կի՛ ն,

ու կաթկթեցիր հույսի

կապույտ երակներից,

որովհետև,

որովհետև քո հուդաները

քեզանից էին սնվել….

 

 

«Երկիր և Երկրիս» շարքից

 

Երկրիս

 

Օրորոց, իմ Երկի՛ ր,

նռնաերկինք արևներում

խրամատված,

դու ծնվեցիր

մագաղաթյա տողից,

որ հայ ինքնության-

հոգեերգը շարականես…

Մարգարե, իմ Երկի՛ ր,

աստվածաշնչված,

բայց և հեթանոս

ծուռ լեռների մեջ,

ուր արծվաքիթ

անցաթուղթը իմ

քարկապվել է քեզ…

Աստվածանամակ,

անհասցե Երկի՛ ր,

Աստծո շուրթերից

դու մակագրված

Եդեմի աղոթք,

ես կշնչեմ քեզ

մամռոտ վանքերի

պատերին մաշված

մատնահետքերով,

ուր երակներս

չեն կրճատվելու,

հոսելու են հար

Եղիցի Երկի՜ր

ու Եղիցի Հայ…

 

* * *

Լավաշե Երկի՛ ր` ՝

փշրահան հույսի

հանապազօրյա

աղոթք կուլ տված,

մենք խաչեցինք քեզ…

ու հոգեվարքի

թաց թոնիրներում

այրվեցին ամեն

երակները քո,

որ չունեին

էլ մեզ`

հուդայաերես

հոգեծախներիս,

որ մեր ծակ մորթին

կարելու համար

գնդասեղեցինք

լույսդ լեռնային…

Գողգոթա Երկի՛ ր,

անկորի՛ զ, անսե՛ ռ,

բայց ծիրանահամ,

չներես դու մեզ`

հուդայահամբույր

թոքաբորբերիս,

որ հոգեխնջույք

ընթրիքից հետո

հազացինք լոկ քեզ

նռնակիրակի

շնչելու համար…

Մեռոնե Երկի՛ ր,

քամվի՛ ր դու մեր մեջ,

զի մեր հոգեճեղք

խորաններից ներս

դու պիտի երգվես…

Անդին 7,2017

Share

Կարծիքներ

կարծիք