Մակուլատուրա

Հեղինակ:

ԱնրիԵրկիրը չի ընդունում ինձ, անընդհատ ուզում է դուրս թքել մարմինս, իսկ ես բռնում եմ նրա լեզվից, փորձում ընկնել ստամոքսը, որ ինձ էլ մարսի մյուսների հետ: Ես էստեղ չեմ ծնվել ու մեծացել: Հիմա եկել եմ, որ էստեղ ծնվեմ ու մեծանամ, բայց փակել են դեմս. մնացել եմ արգանդում: Փնտրում եմ, իսկ նրանք ամեն կողմից վրա են տալիս` գնա էստեղից. ոչինչ չես գտնի, փախիր, աքսորվիր, գաղթիր, գլուխդ ազատիր, հիմար տղա, թեթևամիտ տղա, անհեռատես տղա: Փողոցում քայլելիս բոլորը մատնացույց են անում ինձ` սա եկել է էստեղ ծնվելու ու մեծանալու համար, բայց չի հասկանում, որ էստեղ մարդ չի մնացել, ով կարող է ծնել իրեն:

Ամեն գիշեր աննկատ գալիս եմ փողոցի նույն փաբը` Մակուլատուրա: Բարմենը նման չի տեղացիներին: Տեսքն անհեթեթ է: Երևի կարծում է` ժամանակակից տղա է, իսկ ես կարծում եմ` նրա ժամանակը դեռ չի եկել: Փաբն իրենն է: Կարծեմ ռոք բենդ էլ ունի: Նվագում է, թե երգում` չգիտեմ: Ինձ հետ անընդհատ ռոքից է խոսում: Թաքցնում եմ, որ միայն տրանս եմ լսում: Հպարտանում է, որ եղել է SOAD-ի համերգին: Էդ մասին ասում է բոլոր նորեկներին: Հիմնականում` տուրիստներին: Ինձ էլ է տուրիստի տեղ դնում: Այս փաբում բոլորն են ինձ տուրիստի տեղ դնում: Սա միակ տեղն է, որտեղ ես ինձ տուրիստ եմ ներկայացնում, որտեղ իմ մայրենի լեզուն օտար լեզուն է, ու որտեղ իմ հայրենիքը Հոլանդիան է:

-Հոլա՜նդ, Հոլա՜նդ,- ասում է փիրսինգով աղջիկը:

-Ի՞նչ է անունդ,- հարցնում է մի տղա:

-Բեռնարդ,- ամեն անգամ նոր անուն եմ ասում` մոռանալով նախորդս: Փաբում վաղուց ուշադրություն չեն դարձնում իմ անթիվ անուններին:

-Ի՞նչ կա Հոլանդիայում

-Լիքը, լիքը մարիխուանա,- նետում եմ ու նայում բարմենին, մատնացույց անում առաստաղից կախված սպիտակ քողը:

-Սրանց հպարտությունը պլանն է,- քմծիծաղում է տղան:

-Հելոուինի օրվանից է մնացել,- ասում է բարմենը:

-Մա-մա մա-մա-րի-խուա-նա,- երգում է փիրսինգով աղջիկը:

-Ինչի՞ց ես ամենից շատ վախենում,- հարցնում է բարմենը:

-Հոլա՜նդ, Հոլա՜նդ,- փիրսինգով աղջիկը գրկում է ուսս:

Վախենում եմ, որ տնից դուրս գալուց հետո չեմ վերադառնա. փողոցներն էնքան կերկարեն, որ կմոլորեցնեն ու կկորցնեն ինձ, տունս ոչ մի տեղ չեմ գտնի, պատահական մարդկանց կպատմեմ, որ երկրի բոլոր անկյուններում անտուն եմ: Կսկսեմ կարգի բերել փողոցը: Բայց սկզբից տակնուվրա կանեմ նրա ծակուծուկերը: Կհամտեսեմ նրա ասֆալտն ու հողը: Ամեն տեղ կթողնեմ մազերս, մաշկս, եղունգներս, ձեռքերս, ոտքերս ու հացիս փշուրները: Ամեն տեղ կլինեմ ես: Ես վախենում եմ ամեն տեղ լինելուց: Ամեն տեղ լինելը ամեն տեղ բացակայելն է: Աստծու պես: Աստծուց էլ եմ վախենում: Նա կստիպի ինձ պատահական մարդկանցից հաց ու փող ուզել: Իսկ ես վախենում եմ նրանց բաժանել լավ ու վատի` տված կոպեկների ու հացի կտորների չափով: Վախենում եմ, որ կմտնեմ եկեղեցի` մուրալու, ու կվռնդեն ինձ: Նորից կթակեմ: Կպնդեմ, որ ես ու Աստված նույնն ենք տեսնում: Աչքերիս խնձորակների միջից կհանեմ Աստծուն ու կասեմ` նա չի կարող ապրել առանց ինձ, կկորչի` եթե լքեմ նրան, բայց մեզ մի կտոր հաց է պետք, որ միասին մնանք: Վախենում եմ, որ եկեղեցու դուռը լուռ կփակվի: Աստծուն կթողնեմ հենց էնտեղ` մնաս բարով, կասեմ, այսուհետ դու էլ ես թափառական, փնտրիր հացդ, փնտրիր քո նման մեկին: Կշրջվեմ, որ գնամ: Բայց Աստծու լռությունը հետ կբերի, կստիպի շալակել իրեն ու կորամեջք շարունակել ճամփաս:

-Տար ինձ ստեղից, խնդրում եմ,- ասում է փիրսինգով աղջիկն ու կծում ուսս,- տար ինձ Հոլանդիա` հեծանիվ քշելու, ձուկ բռնելու, գիրք կարդալու, ծերանալու, ինչ ուզես` կանեմ քեզ համար, միայն թե փրկիր ինձ ստեղից, Հոլ…

Ականջիս մեջ ինչ-որ բառեր է լցնում, որոնք խփում են քունքերիս: Բառերը Հոլանդիայի մասին են: Նա խենթի պես սիրում է հայրենիքս, որի մասին համարյա ոչինչ չգիտի: Բայց կսովորի: Ծերից ծեր անգիր կանի հայրենիքս: Դպրոցում նրա մասին ասում էին` ընդունակ աղջիկ է, ուղղակի հեշտ է տարվում կողմնակի բաներով ու տղաներով:

-Հոլանդացի տղերքին էլ կսիրեմ,- ասում է փիրսինգով աղջիկը,- չխանդես, Հոլ, միայն թե դու չխանդես:

Լեզուն մտցնում է ականջիս մեջ:

Մարմինս փշաքաղվում է:

Բարմենը օղի է լցնում ինձ:

-Ինչքան կարելի է խմել, Հոլ, վերջ չունի… Փորձիր խմել ծովը. կխմես, կխմես, վերջում ինքդ ծով կդառնաս, հետո մեծաբերան ձկները կխմեն քեզ… Բայց, չէ, դու չես հարբում, դու երբեք վերջին կաթիլին չես հասնում… Նա, ով չի հարբում, ուրեմն խմել չգիտի… Դու անտաղանդ ես, Հոլ,- քրքջում է փիրսինգով աղջիկը:

Ու մեկ էլ վախենում եմ, որ վերջում կխոստովանեմ` եղա ծխող, խմող, թմրամոլ, կնամոլ, կրոնամոլ ու էլի հազար ու մի բան, բայց հիմա հասկանում եմ, որ ոչ մեկն էի, ոչ էլ մյուսը: Չկարողացա լինել թե մեկը, թե մյուսը: Կամ էլ չսազեց ինձ լինել ոչ մեկը, ոչ մյուսը: Նույնիսկ հոլանդացի եղա, մի քանի անուն կրեցի, որոնք հեշտորեն մոռացա, ինչպես մոռանում են պոռնիկներին, դպրոցական անգիրներն ու ծոծրակին կպած երեկվա օրը:

-Հայրս ամեն օր սպասում է, թե երբ եմ տնից գնալու, Հոլ, երևի վախենում է, որ մի օր կծերանամ, իսկ ինքը դեռ ողջ կլինի,- ասում է փիրսինգով աղջիկն ու շուրթերով կախվում ալկոհոլի բաժակից:

Ալկոհոլի մեջ հայրն է: Ծիծաղելի տեսք ունի: Հոտից արդեն հարբել է: Ալկոհոլը նրան քաշում է ներքև: Մատը վեր է տնկում. ուզում է կախվել դստեր շրթունքից, իսկ նրա շուրթերը, բաժակի եզրը բռնած, չեն շարժվում, աչքերն էլ, չնայած նայում են հորը, բայց անտարբեր են, ինչպես արևը` ծովին նայելիս:

-Նա ինձ արգելում էր լամպի լույսի տակ կարդալ, Հոլ, ասում էր` կքոռանաս, բայց ինքը կարդում էր: Կրծում էի հացս ու նայում գրքից գիրք հերոսացող հորս. սեղանի վրայի գրքերը իրար հետևից պրծնում էին, ու հայրս կուրանում էր աչքիս առաջ:

Հայրը սպասում էր իր աղջկա ծնունդին, հետո` նրա մեծանալուն, հիմա էլ սպասում է, թե երբ է հեռանալու: Իսկ աղջիկն անընդհատ հետաձգում է գնալը: Ամեն անգամ մի պատճառ է բռնում: Հայրը թափահարում է մատը. արդեն մեծ աղջիկ ես, էսպես չի կարելի, պիտի գնաս, այսուհետ դու ինքդ քեզ պիտի մեծացնես, էստեղ` իմ տանը, իմ հայացքի տակ, դու միշտ նույնը կմնաս` միշտ փոքր: Աղջիկը ծիծաղում է. բայց ինքդ ես ասում` արդեն մեծ աղջիկ եմ: Հայրը ժպտում է. մեծ` ինձ լքելու համար: Ու հայացքը աղջկանից փախցնում է, տանում հեռու, որ աղջիկը չգտնի իր ներկայությունը, որ ինքն էլ չտեսնի աղջկա կապույտ աչքերը, որոնք մի ակնթարթում ցամաքած ու փոքրացած ծովեր են դառնում:

Ես ու փիրսինգով աղջիկը պարում ենք: Մեր գլխավերևում ալիքվում է սպիտակ քողը: Փիրսինգով աղջիկը կրքոտ սեղմվում է ինձ. ինձնից հոր հոտն է առնում: Նրա մեջքն էնքան բարակ է, եթե մի քիչ ուժեղ սեղմեմ` ողնաշարը կկոտրվի տերևի պոչիկի պես: Նա ձեռքերը կախել է ուսերիցս: Նրա ձեռքերը նման են կորցրած ձեռնոցների: Տակից է նայում ինձ: Նրա աչքերը ներկապնակի դատարկված փոսիկներ են: Ժպիտը վերքի պես բացվում է նրա բերանին:

-Ինչո՞ւ ես քթիդ օղ դրել,- հարցնում եմ:

-Որովհետև սիրում եմ քիթս,- ծիծաղում է, դեմքը թաքցնում կրծքիս մեջ, ատամներով պոկում վերնաշապիկիս կոճակը:

-Եթե մեռնես` կգրեմ քո մասին:

-Ինչո՞ւ պիտի մեռնեմ,- վախեցած նայում է ինձ:

-Էստեղ մարդիկ սիրում են մեռելներին: Ինձ կսիրեն, եթե գրեմ մի մահացած աղջկա մասին: Մեռած աղջկան էլ կսիրեն:

-Իմ մահը չի երևա, մահիս վրայով բոլորը կքայլեն-կանցնեն: Ստեղ կուշտ են մահից: Նույնիսկ հայրս է սպասում, որ գնամ: Ավելի լավ է` ողջ-առողջ աղջիկ ծնես նրանց համար:

Փիրսինգով աղջիկը տրորում է ոտքս, ժպտում է ու շշնջում ականջիս.

-Զուգարան եմ գնում, եթե ուշանամ` ուրեմն քեզ եմ սպասում:

Մոտենում եմ բարմենին ու օղի խնդրում:

Ամիսներ առաջ Մակուլատուրայից տուն գնալու ճանապարհին ծխախոտ խնդրեցին ինձնից: Ասացի` չունեմ: Նրանք ետևում մնացին: Մտածեցի` թեքվել են մյուս փողոցը: Կպցրեցի վերջին ծխախոտս: Վերջինը միշտ առաջինի համն է հիշեցնում: Ետևից քայլերն արագ մոտեցան ինձ: Ձեռքերը բռնեցին օձիքիցս ու ինձ քարշ տվեցին նրբանցքը: Ասում ես` չունեմ, բայց հրես` ունես: Գցեցին ինձ գետին ու սկսեցին ոտքերով խփել: Թքում էին վրաս: Թուքը խառնվում էր արյանս. երկրում ինչ-որ տեղ ես ու նրանք, գրկախառնվում ենք, իրար պաշտպանում փոթորիկներից ու թշնամիներից, հետո խելքներս կորցրած գոռում ենք, պատուհանից դատարկ շշեր նետում, մի քածի համար հերթ կանգնում, իրար կենացն ասում, անտանելի հարբած մեքենա քշում, մերկացած վազում կամրջի վրայով, սնանկացած հռհռում ամբողջ գիշեր: Ասֆալտի վրա արյանս մեջ թուքը բշտիկ էր դառնում. երկրում ինչ-որ տեղ ես ու նրանք, մի հայր ունենք, ում գրկում ենք, ում վրա թքում ու փսխում ենք, հետո իրարից խլում ենք նրան ու պինդ գրկում, թաքցնում մեր մեջ: Նրանցից մեկը սկսեց միզել վրաս: Մեզը վազում էր մեջքիս վրայով: Մեզը լցվում էր բաց վերքիս մեջ. երկրում ինչ-որ տեղ մենք թաքուն նայում ենք մեր հորը, որը միզում է մոշի թփերի մեջ, ծիծաղում ենք, իրար կմշտում ու հրմշտում. միզելիս մեր հայրը պոկում է մոշի հատիկները, գցում բերանն ու վերև նայում: Մենք միշտ թաքուն ենք նայում մեր հորը` լողանալիս, աղոթելիս ու հայհոյելիս: Անպայման թաքուն, որ նա ազատ զգա իրեն ու նմանվի մեզ: Մեզը այրում էր վերքս. երկրում ինչ-որ տեղ մենք գողանում ենք մեր հոր ծխախոտը, որը սովորաբար էնքան թունդ է լինում, որ ուղղակի փստացնում ենք` թաքուն, մոշի թփերի տակ:

Երբ նրանք հեռացան, նկատեցի ընկած ծխախոտս: Ծխախոտը խցկեցի շուրթերիս արանքն ու կպցրեցի: Մտածեցի, որ այսուհետ ինձ երբեք չեն ասի` հիմար տղա, անհեռատես տղա, միամիտ տղա, գնա, գլուխդ ազատիր, ի՞նչ ես կորցրել էստեղ, որ հիմա փնտրում ես, ամեն ինչ վաղուց գտել-տարել են, հիմա դու գտիր ինքդ քեզ ու տար էստեղից: Եթե նույնիսկ ասեն, ես էլ կասեմ` երկիրն արդեն համտեսեց, փորձեց ինձ. մնում եմ: Մի օր էլ Մակուլատուրա կմտնեմ իմ իսկական անվամբ, կհրաժարվեմ օտար լեզվից ու Հոլանդիայից: Ու բոլորը ստիպված կլինեն ընդունել ինձ, խմել ու հարբել ինձ հետ միասին, ինձ հավասար:

Բացեցի աչքերս, պառկած էի բազմոցին: Մի կին նստած էր ճոճաթոռին: Նրա ձեռքերից երկարում էին դեղին ու կանաչ թելերը: Հատակին ընկած թելի կծիկները խաղում էին ոտքերի մոտ կծկված սև կատվի աչքերի հետ: Իսկ հին մագնիտոֆոնից երգում էր Պիաֆը` մի տղայի մասին, ով անդադար խմում է բարի մոտ: Չէի ուզում, որ նրանցից մեկը նկատեր արթնանալս, ու փակեցի աչքերս: Կոպերիս տակ նույն կինն էր ճոճվում, նույն թելերն էին անհետանում նրա մատների մեջ, ու նույն կատուն էր հետաձգում իր հարձակումը թելի կծիկների վրա: Կինը, կատուն ու Պիաֆը միահյուսվում էին թելերին, դառնում մի օր:

-Շարֆ եմ գործում,- ասաց կինը,- արդեն հարյուրից ավել շարֆ ունեմ:

Գլուխը չբարձրացրեց գործվածքից: Թվում էր` շարֆն անսահման կերկարի, կնոջ խաղաղությունը` հետը, ու ես այլևս չեմ մտածի մահվան մասին:

-Հայրս ասում էր` ողջ մարդը մահվան մասին չի մտածելու:

-Պապս կռվել է, հայրս կռվել է, ես կռվել եմ, իսկ դու` չէ, ընդ որում` ոչինչ չի փոխվել,- մի օր ասաց հայրս:

-Ինչո՞ւ ես միշտ նույնը տեսնում:

-Ինչո՞ւ բռնկվեցիր, ի՞նչ ասացի,- հայրս հանգիստ շարունակեց սրբել իր գրքերը:

Հայրս շատ հանգիստ մի բան կասի, ու ես կորցնում եմ տեղս: Հետո երևի մոռանում է ասածը, բայց ես` երբեք: Միշտ կհիշեմ ու մարմնիս վրա կզգամ նրա ծանրությունը, ճակատիս վրա` ճակատի ծալքերը, դանդաղ-դանդաղ վրաս կիջնի-կպառկի հորս խաղաղությունը, հարյուրամյա մենության պես, սառը ձեռքերով կգրկի մարմինս:

Հայրս ամիսը մեկ սրբում է իր գրքերը: Առաջ նրան հետևում էի դռան անցքից: Գրքերը շարունակ աղմկում էին նրա ձեռքերի մեջ: Գրքից գիրք հայրս օտարանում էր ինձնից, գրքից գիրք` թաքուն ծերանում: Հայրս իր խաղաղությունը գտել է գրքերի մեջ: Ավելի ճիշտ` իր խաղաղությունն է տեղափոխել էնտեղ: Ու միշտ հայտնվում է մի գիրք, որին հայրս որդեգրում է, ով հավատարիմ է իրեն ու կռվում է իր փոխարեն:

Իսկ դու` չէ:

Երևի հայրս ուզում էր իմանալ, թե որտեղ է իմ գտած խաղաղությունը, թե ինչպես խախտվեց մեր ընտանիքի կռվող հայրերի լուռ հերթափոխը: Մի օր հայրս իր գրքերը կթողնի ինձ: Ամեն մեկի մեջ կգտնեմ ծպտված հորս, ով շատ հանգիստ մի բան կասի ինձ, ու ես նորից կկորցնեմ տեղս: Բայց էս անգամ ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի` ես կփակեմ գիրքն ու կդնեմ տեղը:

Պիտի գնամ: Երևի խանգարում եմ էս կնոջը: Երևի հազար ու մի գործ ունի, իսկ ես փռվել եմ նրա բազմոցին:

-Մնա, հիմա ճաշը կտաքացնեմ,- ասաց կինը` գլուխը չբարձրացնելով շարֆից:

Հաստատ գուշակ է:

-Երբեք չգնաս գուշակի մոտ, ինչ էլ ասի` հետո չես կարողանա փոխել:

-Ո՞նց հայտնվեցի էստեղ:

Կինը նայեց ինձ:

-Չեմ կարող հանգիստ քնել, երբ մեկը ծեծված ընկած է գետնին:

-Հիմա կգնամ:

-Կապաքինվես` կգնաս:

Պատկերացնում եմ փիրսինգով աղջկան Մակուլատուրայի անշուք զուգարանում ինձ սպասելիս: Նա փոքր անձրև է, որով անընդհատ ուզում եմ թրջվել:

Մտնում եմ:

Փիրսինգով աղջիկը կանգնած է հայելու առաջ: Նրա ձեռնափին կլոր թիթեղ է: Թիթեղի վրա` սպիտակ փոշի:

-Չանես,- ասում եմ նրան:

-Մի վախեցիր:

-Ես ոչ մի բանից չեմ վախենում:

-Արի մոտս:

Մոտենում եմ: Թիթեղը շուռ եմ տալիս լվացարանի մեջ ու բացում ջուրը:

Փիրսինգով աղջիկը ծեծում է կուրծքս ու հայհոյում ինձ:

Վերադառնում եմ ու նստում փաբի մութ անկյունում` ժանգոտ գնացքների պատկերի տակ:

Հիմա փիրսինգով աղջիկը կհավաքի ինքն իրեն հախճասալե հատակից, դուրս կքերի սեփական մնացորդները սալիկների արանքներից, մի կերպ կկցմցի իրար, ոտքի կկանգնի ու հայելու մեջ կհիանա ինքն իրենով, բայց կհասկանա, որ մի բան էն չի ու միշտ մի բան էն չի լինելու: Կգրկի զուգարանակոնքն ու դուրս կփսխի վտիտ թռչուններին ու թևատ թիթեռներին, կհաշվի բոլորին մեկ առ մեկ, կհամոզվի, որ ներսը վերջապես դատարկ է, ու կքաշի ջուրը: Կանգառում կսպասի ավտոբուսի: Հերթով բաց կթողնի բոլորը: Ոտքով ճամփա կընկնի: Կմտածի` ոտքերը տրված են թևերի փոխարեն, ու կսկսի ծիծաղել ինքն իր վրա` պարզունակ մտքերի համար: Տանն իրեն կդիմավորի հայրը, որը երբեք չի սպասում իրեն, բայց, միևնույն է, միշտ արթուն է: Մտքում կասի նրա անունը, հետո` նրա հոր անունը, կհասնի հայրերից նրան, ում անունը չի իմանա, ում անունը հայրն էլ չի իմանա: Ու կմտածի հայրերից նրա մասին, ով չի մտածել իր մասին, ուղղակի քնել է ինչ-որ կնոջ հետ, ամեն օր արթնացել ու մահացել նրա ծոցում:

Փիրսինգով աղջիկը քայլում է դեպի ինձ: Հասկանում եմ, որ սպասել եմ նրան: Փոքր անձրևը կանգնում է դիմացս: Փաթաթվել է առաստաղից քիչ առաջ ճոճվող սպիտակ քողի մեջ: Քողի տակ նրա մարմնի տհասությունն է, մարմնի սքանչելի մենությունը, մարմնի խաղաղությունը: Սպասում է` նշան տամ, որ միանգամից տեղա գլխիս վրա: Ժպտում եմ: Նստում է գիրկս ու ձեռքերով օղակում վիզս: Ինչ-որ բան եմ ասում, հետո իսկույն մոռանում: Ձեռքերն իջեցնում է ու զարմացած նայում ինձ:

-Դու խոսում ես իմ լեզվո՞վ:

-Քո լեզուն իմ լեզուն է,- պատասխանում եմ ու համբուրում:

Դեմքս ծածկում է ձեռնափերով: Նրա լռությունը տրոհվում է իրարահաջորդ սև-սպիտակ համր կադրերի: Հետո իրարից հեռացնում է մատները, բացում աչքս ու ասում.

-Մի քանի օր կմնամ մոտդ, որ հայրս փնտրի ինձ: Հենց զգա, որ լքել եմ իրեն` կսկսի փնտրել: Թող գտնի ինձ:

-Մոտերքում սենյակ եմ վարձել: Տանտիրուհին կատու է պահում ու շարֆեր գործում:

-Ափսոս հոլանդացի չես,- փիրսինգով աղջիկը կծում է ուսս:

-Արի դուրս գանք:

-Դու ինձ համար նույն Հոլն ես մնում:

-Թող էդպես լինի:

-Տեսնես ինչպիսի՞ն է Հոլանդիան:

-Մի օր կտեսնես: Դուրս գանք. շնչել եմ ուզում:

Փիրսինգով աղջիկը ժպտում է ու լեզու հանում: Լեզվի վրա վերնաշապիկիս կոճակն է:

Անդին 7, 2017

Share

Կարծիքներ

կարծիք