Հայոց արքաների առեղծվածը

Հեղինակ:

IMG_9089Աղձք  – հայոց պետականության խորհրդանշան, հոգևոր ու աշխարհիկ սրբավայր: Աղձք — հայոց բախտի, քաջության և փառքի հանգրվան:

Աղձք – ու մարդ ակամա իրեն զգում է պատմության փոշոտ քառուղիներում, որտեղ ժամանակը կորցնում է անցյալից ներկայի միջոցով դեպի ապագան միտված բացարձակ մեծություն լինելու իր հատկությունը, և դիցաբանական միջավայրում իրականն ու հոգևորը, միախառնված, թակում են միտքդ, քրքրում հոգուդ ոլորտները, դիպչում սրտիդ լարերին:

Աղձք – այստեղ ջնջվում են տարածության ու ժամանակի սահմանները, և դու, անցնելով ժամանակների ծիրով, հայտվում ես 359 թվականի դեպքերի կիզակետում ու դառնում զինվոր: Հայրենիքի պարզ ու հասարակ զինվոր, որի ուսերին դրվել է Հայաստանի պատիվը և անարգ թշնամու սև կախարդանքից երկրի ապագան փրկելու առաքելությունը: Քանզի ասվել է` հայոց արքաների ոսկորների հետ երկիրը կլքեն հայոց քաջությունը, փառքը և բախտը: Ամոթի խարանը մաքրելու, հայոց արքաների դամբարանները պղծած նենգ ու կավատ ոսոխին պատժելու, Հայաստանի ներկան ու ապագան փրկելու համար դու մեկեն դառնում ես վրեժի մարմնացում ու հայտնվում անսանձ մոլուցքով սլացող Վասակ սպարապետի հեծելազորում ու, բարձրացնելով պողովատիկ սուրը, տասնյակ հազարավոր կոկորդներից բխող հզոր մարտակոչին խառնում քո ձայնը` Օ¯ն, անդր առաջ:

Աղձք: Օտար ականջի ու քիմքի համար դժվարըմբռնելի ու արտաբերելի այս մեկ հատիկ հնչեղ բառում որքան խորհուրդ կա անթեղված: …Ու խոսում են պատմիչները, 5-րդ դարի հայ պատմիչները` քերթողահայր Մովսեսն ու Փավստոս Բուզանդը: «Զի ասէին ըստ իւրեանց հեթանոսութեանն ըստ օրինացն, թէ վասն այսորիկ բարձեալ տանիմք զոսկերս թագաւորացն Հայոց աշխարհն մեր, զի փառք թագաւորացն և բախտքն և քաջութիւն աշխարհիս աստի գնացեալ ընդ ոսկերս թագաւորացն յաշխարհն մեր եկեսցեն»:

Իսկ օտար պատմիչները լռում են: Եվ այս հերոսապատումը եվրոպական քննադատական մտքի տեսանկյունից «կասկածելի» է, քանզի չունի արժանահավատ այլ փաստեր`  բացի ազգային պատմիչների վկայություններից: Եվ այստեղ, որպես ծանր հրետանի, միջամտում է հնագիտությունը իր առարկայական, իրեղեն հիմնավորումներով, ճշգրիտ գիտություններին հատուկ մեթոդաբանությամբ:

Աղձք գյուղաքաղաքի մասին կարևոր հաղորդումներ ունենք վաղ միջնադարում`  հայոց արքաների ոսկորներն այստեղ թաղելու դեպքերի կապակցությամբ: Աղձքում է ծնվել հայոց Կոմիտաս Շինարար կաթողիկոսը: Այնուհետև, զարգացած միջնադարում ավանի մասին ունենք կցկտուր վկայություններ, ու դրանից հետո Աղձքի պատմությունը թաղվում է ժամանակի խավարում:

Հայոց մշակույթի ոսկեդարի առավել ցցուն և հիացնող բնագավառներն են համարվել ճարտարապետությունը և գրականությունը: Աղձքում մի միասնական հոլովույթում են ներկայանում ճարտարապետությունը, արվեստը` բարձարքանդակներ և պատկերազարդ աղյուսներ, դիցաբանությունը, ավանդազրույցները:

Աղցքի արքայական դամբարանի շրջակայքում 2016 թ. կատարված պեղումները հայ հնագիտության կարևոր իրադարձություններից են: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուշագրավ հնագիտական գտածոներ` տարատեսակ և տարագույն, այդ թվում նաև ջնարակապատ խեցանոթներ, կենդանիների պատկերներով ու բուսական մոտիվներով վաղ միջնադարյան հարթաքանդակ աղյուսներ, դաջազարդ կարասներ, Չինաստանից ներկրված սելադոնե խեցատներ (սրանք Մետաքսի մեծ ճանապարհում Հայաստանի ընգրկված լինելու խոսուն վկայություններ են, քանզի 10-13-րդ դարերում եվրոպական արքունիքներում մեծ պահանջարկ վայելող խիստ բարձրորակ և թանկարժեք սելադոնե անոթներ արտադրվել են միայն Հարավային Կորեայում և Չինաստանում), 13-15-րդ դդ. թվագրվող դրամներ, զարդեր, զենքեր, գործիքներ և այլն, որոնք զուգորդվել են բազմաթիվ թաղումների ու վերջիններիս մարդաբանական տվյալների վերլուծությամբ:

Այժմ հստակ է, որ եկեղեցու շրջակայքում եղել է գյուղի գերեզմանոցը, որի խաչարձանների բեկորները սփռված էին գյուղի տարածքում: Շահ Աբասի հրամանով Արարատյան դաշտի մյուս բնակավայրերի օրինակով հայաթափվել էր նաև Աղձք ավանը: Մինչ այժմ ենթադրվում էր, որ հուշարձանի վերին շերտերի թաղումները պատկանել են հայերի բռնագաղթից հետո գյուղում հաստատված մահմեդականներին: Սակայն պեղումները բացահայտեցին, որ թաղումները կատարվել են քրիստոնեական ծեսով: Կան գլխատված կամ մասնատված կմախքներ` բռնի մահվան բազմաթիվ հետքերով, որոնք պետականությունից զուրկ հայերի այդ դաժան ժամանակներում` 15-17-րդ դդ. կրած անլուր տառապանքների անխոս վկաներն են: Բռնագաղթից հետո գյուղում հաստատված թուրքերն անխնա ջարդոտել էին խաչքարերը:

Զարգացած և ուշ միջնադարի թաղումների ներքո բացվեցին վաղ միջնադարյան տապանաքարեր: Դրանցից երկուսն արձանագիր են և ընդհանրական են Դվինի վաղ միջնադարյան տապանաքարերի ձևին, ոճին և տառաձևերին: Վաղ միջնադարի այս արձանագիր տապանաքարերը, ամենայն հավանականությամբ, թվագրվում են 5-րդ դարով և պահպանել են մաշտոցյան այբուբենով կատարված առաջին երկաթագիր տառերի ոճը: Դրանց ներքո ննջում են հայ բարձրաստիճան հոգևորականներ կամ իշխաններ, որոնք հավանաբար իրենց արժանի հետքն են թողել մեր պատմության մեջ:

Բազմաթիվ հայտնագործություններից կարելի է հատկապես առանձնացնել Հայոց արքաների մասունքներով լի երեք քարե արկղների հայտնաբերումը եկեղեցու խորանի հարևանությամբ, հին սալահատակի տակ: Դրանցից երրորդի բացումը կատարվել է 2016 թ. նոյեմբերի 12-ին հանդիսավոր պայմաններում` ՀՀ Ազգային ժողովի նախագահի և բազմաթիվ պատգամավորների, ՀՀ մշակույթի նախարարի, ՀՀ-ում Չինաստանի ու Բելառուսի դեսպանների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և հյուրերի, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայությամբ: Հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց թատերականացված ներկայացմամբ /ռեժ. Ժիրայր Դադասյան/:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Պավել Ավետիսյանի դիպուկ բնորոշմամբ` այս քարարկղները չեն կարող 4-րդ դարից ավելի ուշ շրջանի պատկանել: Դրանք իրենց տիպով նույնական են Երուսաղեմում բացված քարարկղին, որը համարվում է Հիսուսի եղբոր` Հակոբ Տյառնեղբոր գերեզմանը: Երուսաղեմյան հայտնագործությունը մեծ արձագանք է ստացել ողջ աշխարհում: Իսկ այստեղ` Աղձքում, մենք ունենք երեք նմանատիպ քարարկղ` մարդկային մասունքներով:

Մասունքատուփերի հայտնագործումը հիմք է Աղցից վանքի թվագրումը հիմնովին վերանայելուն: Ակադեմիական շրջանակներում մինչ այժմ այն կարծիքն է տիրում, որ եկեղեցին կառուցվել է ավելի ուշ, քան դամբարանը: Իր նախկին հրատարակություններում տողերիս հեղինակն առաջ էր քաշել վարկած, որ Հայոց թագավորների աճյուններն ինչ-որ պատահական վայրում չէին կարող ամփոփել: Այստեղ պետք է որ եղած լիներ հնագույն պաշտամունքային վայր և որ Աղցից վանքը, 359-364 թթ. հանրահայտ դեպքերից առաջ, արդեն պետք է կառուցված լիներ: Այսինքն` եկեղեցին պետք է հիմնադրված լիներ դեռևս 4-րդ դարի առաջին կեսին, որտեղ հաստատված հոգևորականները պետք է աղոթեին և շարականներ մատուցեին հայոց արքաների հոգիների փրկության համար:

Նորահայտ երեք քարարկղ-օսուարիաների` ոսկորները /օսկորները/ պահելու մասունքատուփերի հայտնաբերումը եկեղեցու ներսում` վաղ միջնադարյան սալահատակի ներքո, ի հեճուկս եվրոպական կասկածամտության, հիմնավորում է հայոց պատմիչների` Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի ճշմարտախոս լինելը: Ակնհայտ է, որ եկեղեցու ներսում, խորանի առջև ամփոփվելու պատվի կարող էին արժանացնել միայն բացառիկ անհատներին, սոցիալական բարձրագույն աստիճանին կանգնած մարդկանց: Հարց է ծագում` ինչո՞վ էր պայմանավորված Հայոց արքաների աճյունները եկեղեցում թաղելը քողարկված կերպով, հատուկ կերտած քարե սնդուկներում, որոնցից մեկի վրա հստակ նշմարվում է փորագիծ խաչ-կնիքը:

Պատերազմը շարունակվում էր, և աշխարհակալ Սասանյան կայսրությունը կարող էր նոր փորձ անել հայոց արքաների ոսկորները հափշտակելու համար, քանզի արքաների ոսկորները, ըստ հին հավատալիքների, օժտված էին գերագույն ուժով և հովանի էին Հայոց աշխարհին: Չի բացառվում, որ Աղձքի արքայական դամբարանը կառուցել են պարսիկներին ապակողմնորոշելու համար, իսկ քարարկղներում ամփոփված արքաների ոսկորները թաղել են եկեղեցու ներսում, ապա ծածկել սալահատակով:

Արտաշիսյան և Հայոց Արշակունի արքաների մասունքների հայտնաբերումն, իբրև տարվա ամենակարևոր և հասարակական մեծ հնչեղություն ստացած գիտական հայտնագործություն, ունի համազգային, համահայկական ու բարոյական մեծ նշանակություն: Այն փաստացի-առարկայական հաստատումն է 5-րդ դարի պատմիչներ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու հաղորդումների, որ Վասակ Մամիկոնյանը 359-364 թթ. միջակայքում ետ է խլել Անի-Կամախի ամրոցի դամբարաններից պարսիկների հափշտակած Հայոց արքաների մասունքները և վերաթաղել Արագածոտնի Աղցք գյուղում: Աղցքի դամբարանը` մասունքների երեք քարե արկղներով, Հայաստանում հայկական արքաների միակ հայտնի հանգրվանն է, մյուս թաղումները (Վահանավանքում և այլուր) պատկանում են զարգացած միջնադարի հայկական փոքր թագավորությունների արքայական տներին (Սյունիքի Բաղաց, Լոռվա Կյուրիկյան և այլն):

Այժմ անհրաժեշտ է այս բացառիկ գտածոների համակողմանի հետազոտումը ՀՀ և արտերկրի հեղինակավոր համալսարանների լաբորատորիաներում: Այս արկղների մեջ ամփոփված աճյունների համապարփակ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է պարզել արքայական տան անդամների տարիքը, սեռը, հիվանդությունները, մահվան հանգամանքները, ծննդավայրը, ինչու չէ, նաև գենետիկ առանձնահատկությունները և կապը ժամանակակից բնակչության հետ: Որքան հրապուրիչ է իմանալ, թե ում երակներով է այսօր հոսում արքայական արյուն:

Աղձքը դեռ նոր է սկսել բացել իր գաղտնիքները, որոնք ավելի քան մեկ և կես հազարամյակ խնամքով իր ընդերքում պահպանել է մայր հողը:

Խմբագրության կողմից

Աղձքն արդեն իսկ դարձել է զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը: Շաբաթ և կիրակի օրերին այստեղ հարյուրավոր ուխտագնացներ են գալիս Հայաստանից և սփյուռքից: Այն դեպքում, երբ դեռևս ձևավորված չեն զբոսաշրջությանը նպաստող նույնիսկ տարրական պայմաններ: Պետք է պետականորեն նպաստել Աղձքը զբոսաշրջության կենտրոն դարձնելուն, ընդարձակել հուշարձանի պահպանական գոտու սահմանները, ստեղծել ավտոկայանատեղի, իսկ արշավախմբի համար` բազա, որի հիման վրա հետագայում պետք է հիմնել «Հայոց պետականության թանգարան», որտեղ ի մի կբերվեն և կցուցադրվեն Ներքին և Վերին Նավերի բրոնզի դարի, ամենայն հավանականության Հայկազունիների և Աղձքի վաղ միջնադարյան` Արտաշիսյան և Արշակունյաց հայոց արքաների դամբարաններից հայտնաբերված բացառիկ ուշագրավ և դիտարժան գտածոները: Պետականության խորհրդանիշների նման կետրոնացումը ընդամենը 5 կմ շառավիղ ունեցող տարածքում բացառիկ պայմաններ է ստեղծում, որպեսզի հազարամյա պետականություն ունեցող Հայաստան երկիրը ցուցադրի իր հնագույն պատմությունն ու մշակույթը: Այս հարցերը պետք է լինեն ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և հայ բարերարների ուշադրության կենտրոնում, քանզի Հայոց արքաների մասունքների գյուտն արժևորելու, մարդաբանական հետազոտություններ կատարելու նպատակով անհրաժեշտ են համապատասխան դրամական ներդրումներ:

Անդին 6,2017

Share

Կարծիքներ

կարծիք