Ռումբերով բացված ճանապարհ…

Գրքի հեղինակ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանի հետ զրույցը վարեց Վրեժ Սարուխանյան

Պայթյուններ Թուրքիայում ևոչ միայն» գիրքը հայերիս համար նույնպես պայթյուն է` շատ փակագծեր միանգամից բացելու, կարծրացած առանձին պատկերացումները հաղթահարելու և որոշ դեպքեր ու դեմքեր թե՛ հպարտությամբ և թե՛ դառնությամբ վերաարժևորելու առումով: Պարոն Վարդանյան, այս գիրքը գրելուց հետո, կարծում եմ, դու մի քիչ այլ աչքով ես արդեն նայում և՛ ինքդ քեզ, և՛ մեր պատմությանը: Անշուշտ, նաև շատերը: Երբևէ մտածե՞լ ես, թե ընթերցողը քո անհայտ հերոսին ինչքանով կվստահի: Սա զուտ իրապատո՞ւմ է և սկզբնաղբյո՞ւր, թե՞ ավելի շուտ գեղարվեստական գործ

 -Հերոսին վստահելու մասին մտածում կամ, ավելի շուտ, մտահոգվում էի գիրքը գրելիս: Իսկ հիմա կարող եմ վստահությամբ հայտարարել, որ ընթերցողը ոչ միայն վստահեց, այլև սիրեց ու ապավինեց նրան: Ապացույցը այն հարյուրավոր զանգերն ու այցելություններն են, որ եղել են գիրքը լույս տեսնելուց ընդամենը 10-15 օրերի ընթացքում: Խոստովանեմ` մեծագույն հպարտություն եմ ապրում, քանզի և դու, որ ինձ խոհակից ու սրտակից գրչեղբայր ես, և ընդհարապես գրական շրջանակները կարիք չունեն բացատրության, որ հաճախ իմ դառնությունը, դատողությունն ու մտահոգությունն եմ վերագրել հերոսիս: Այդ ամենը կարող էի անել առաջին դեմքով, բայց այդ դեպքում կստացվեր հրապարակախոսություն, ինչով այսօր ոչ ոքի չես զարմացնի և ոչ էլ ընթերցող կշահես: Իսկ երբ դա անում ես հերոսիդ բերանով, ով Գաղտնի բանակի մի շատ երևելի ներկայացուցիչն է, արդյունքը լինում է սպասածիցդ հազարապատիկ ավելի:

Ինչ վերաբերում է ժանրին, ես այն կոչել եմ «իրապատում վեպ», քանզի կա այդ խորհրդավոր անձնավորությունը իր աներևակայելի գործողություններով, որոնց մի չնչին մասն է վստահել ինձ: Եվ որպեսզի գիրքը գիրք ստացվի, նրա պատմություններին ավելացրել եմ տարիների ընթացքում իմ հավաքածը, որոնց աղբյուրները ևս իրական մարդիկ են` դեպքերին ականատես կամ մասնակից: Գրական-գեղարվեստական պայմանականություններն էլ նյութը հնարավորինս հետաքրքիր մատուցելու համար են: Հանուն դրա նույնիսկ ինձ որպես ծխամոլ և գինեմոլ եմ ներկայացրել, ինչպես սիրում էր անել, ասենք, մեր երևելի հայրենակից Սերգեյ Դովլաթովը:

Ցանկացած անհատի և կամ ժողովրդի նկատմամբ անարդարությունը, բռնությունը, առավել ևս ցեղասպանությունը ծնում է ատելություն և վրեժխնդրությունԵղեռնից հետո թուրք դահիճների նկատմամբ հայ վրիժառուների մահափորձերը, «Նեմեսիս»ը և ԱՍԱԼԱն մեր ժողովրդի արդար վրեժն են: Աշխարհը դեռ շատ երկար ժամանակ անարդար կլինի հայերիս ճակատագրի հանդեպ: Արդյոք ԱՍԱԼԱն իր ասելիքը չի՞ ավարտել, թե՞ մշտապես ուղեկցելու է մեզ: Իհարկե, Հայոց պետական բանակը ներսում է, իսկ դրսո՞ւմ

-ԱՍԱԼԱ-ն ամենից առաջ գաղափար է ու գաղափարախոսություն: Ընդ որում` հային հպարտություն ներշնչող, ուժեղ լինելու գիտակցությամբ համակող գաղափարախոսություն: Այդ մի բուռ տղաները անգնահատելի հեղաշրջում կատարեցին և՛ մեզ բնորոշիչ դարձած անպաշտպան զոհի գիտակցությունը, և՛ աշխարհի անտարբերությունը փշրելու առումով: Այն մեր բզկտված հոգին մի պահ սփոփած  «Նեմեսիս»-ի վրիժառուներից շատ ու շատ առաջ անցավ: Ահեղացավ ոչ թե պատժիչ-վրիժառու, այլ կորուսյալ հայրենիքի ազատագրության պահանջատեր: Նրա հետ ստիպված եղան հաշվի նստել, որովհետև խոսեց բիրտ ուժի դիրքերից:

Ինչ տեղին հիշատակեցիր պետական բանակը: Ուշադրություն դարձնենք, որ 1975-ին ընդամենը մի քանի երիտասարդներից և մտավորականներից ձևավորված խմբակը իրեն կոչեց Բանակ` Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ: Բանակը այդ տղաների համար բարձրագույն և բացարձակ արժեք էր, և երբևէ Ազգային Բանակ ունենալու տեսլականով նրանք ոտքի ելան: Մեր օրերում, երբ Ազգ-Բանակ հայեցակարգը մեծ ոգևորություն է առաջացրել հայության ամենալայն շրջանակներում, վստահ եմ, որ առաջին ողջունողները ԱՍԱԼԱ-ի բացահայտված և չբացահայտված անդամներն են, քանզի այդ ազգաշահ հայեցակարգի սկզբունքները դեռ չորս տասնամյակ առաջ արտացոլված էին Գաղտնի Բանակի գաղափարախոսության մեջ:

Քանի որ ԱՍԱԼԱի հիմնական նպատակը ոչ թե վրիժառութունն էր, այլ Հայրենիքի ազատագրումն ու հայրենասիրությունը, հետևաբար ո՞րն էր հայ մարտիկի առաջմղիչ, գերակա ուժը` թշնամու նկատմամբ ատելությունն ու վրե՞ժը, թե՞ հայրենասիրությունը: Պատկերավոր ասած` կյանքից ավելի թանկը:

-Երբ ես այդ հարցը տվեցի զրուցակից-հերոսիս, նա նկատելիորեն շփոթվեց: Ի վերջո պատասխանեց, որ իր և զինակից ընկերներից շատերի համար դրանք գրեթե նույն բանն են: Անկեղծ ասած, ինքս էլ այդպես եմ մտածում, որքան էլ գիտակցեմ, որ ատելությունն ու վրեժի մոլուցքը կործանարար զգացումներ են: Հայերիս մեջ վրիժառությունը լայն տարածում չունի, եթե նույնիսկ կա էլ` մեզ բնորոշ  «որակ» չէ, այլ «փոխառնված» է մեր հավիտենական թշնամուց: Այստեղ անպայման պիտի հաշվի առնենք, որ ԱՍԱԼԱ ձևավորած սփյուռքահայ տղաները ցեղասպանության ենթարկվածների երրորդ սերունդն էին, այսինքն` թոռները: Եթե մեր տատերն ու պապերը մեզ սնում էին ժողովրդական բարի ու հոգեպարար հեքիաթներով, ապա այդ տղաների լսած պատմությունները բացառապես ջարդերի զարհուրանքների մասին էին: Ցեղասպանությունից մազապուրծ եղած ամեն հայ, գիտակցված կամ ակամա, իր թոռանն էր փոխանցում ջարդերի սահմռկելի պատմությունները: Այդ սերունդը հասակ առավ այդ պատմությունների մղձավանջով, ասել է թե` խեղված-խաթարված հոգեբանությամբ: Պարզ չէ՞, որ այդ պատանիներն ու երիտասարդները պիտի ատելով ատեին թուրքին ու իրենց հայրենասիրությունը խարսխեին թշնամու հանդեպ տածած ատելությանը:

Ավելին ասեմ: Զրուցակիցս մի առիթով տրտնջաց, թե իր որդին իր չափ հայրենասեր չէ: Ես հարցիս «դավադիր» ձևակերպում տվեցի, հարցրի` նկատի ունես, որ քեզ նման չի՞ ատում թուրքին: Ասաց, որ եթե ինքը պարբերաբար չհիշեցնի որդուն թուրքերի գործած ոճրի մասին, որդին գուցե երբեք էլ չհիշի թուրքերին:

Մենք, թերևս, այդպիսին ենք: Ատելությունը երբեք տևական չի եղել մեզ համար, և պատրաստ ենք շատ արագ մոռանալ մեր հանդեպ կատարվածը: «Բարեբախտաբար» թուրքը երբևէ չի փոխվում, իր ամենօրյա նենգությամբ ու սպառնալիքներով մեզ շարունակ սթափ է պահում: Այլ խոսքով` մեզ հայրենասեր է պահում: Ասածս ամենևին էլ հեգնանք չէ: Ես չեմ էլ պատկերացնում` եթե մի օր թուրքը վերանա աշխարհից, ի՞նչ կմնա մեր հայրենասիրությունից:

Երբևէ երկմտե՞լ ես` արժե՞ր այս պահին փակագծերն այդքան բացել, առանձին կազմակերպությունների ու անհատների վարկանիշի բարոյական կորստի մասին նախապես մտածե՞լ էիր: Գուցե շատ թերահավատներ սկսեն կասկածել նաև ազգային ամենաբարձր արժեքներին: Շեքսպիրի Համլետի երկընտրանքի խոսքը մի փոքր փոխելով` Բացե՞լ, թե՞ չբացել. այս է խնդիրըՔեզ համար ո՞րն է հոգեպես ավելի ազնիվըՀամլետյան դիլեման մտքովդ անցե՞լ է

-Անմիջապես ասեմ, որ որևէ կազմակերպության կամ անհատի պսակազերծելու կամ պսակադրելու խնդիր չեմ դրել իմ առաջ: Եթե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը քողազերծվել է, դա ստացվել է ինքնաբերաբար` պայմանավորված գրքի թեմայով: Հասկանում եմ, նկատի ունես ազգային կուսակցություններին, որոնք ի սկզբանե ստանձնել են սփյուռքահայ համայնքների հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպումը բոլոր առումներով: Մի՞թե նրանք իմ քննադատության կամ պաշտպանության կարիքն ունեն: Նրանց ուղեգիծը անփոփոխ է արդեն քանի տասնամյակ, և երբեմնի շեն ու կենսունակ գաղթօջախների ողբալի նահանջին զուգահեռ, ազգային կուսակցություններն էլ անշեղորեն ընթանում են դեպի ինքնաոչնչացում: Ինչպե՞ս կարող էի նրանց շրջանցել, երբ ԱՍԱԼԱ-ի ստեղծման պատճառներից մեկն էլ այդ կուսակցությունների անատամ ու հաշտվողական վարքագիծն էր: ԱՍԱԼԱ-ի առաջին իսկ գործողությունները և դրանց հաջորդած հայտարարությունները մեծ անհանգստություն պատճառեցին մեր կուսակցություններին: Նրանց ազդեցության տիրույթներում գտնվող բազմաթիվ երիտասարդներ, ծածուկ կամ բացահայտ, ցնծություն էին ապրում, որ վերջապես ի հայտ է եկել մի ուժ, որի հետ աշխարհը սկսել է հաշվի նստել: Կուսակցությունների ոտքի տակ հողը երերաց: Որպեսզի իրենց կենսունակ զանգվածը, իրենց երիտասարդներին հեռու պահեն ԱՍԱԼԱ-ից, հենց սկզբից թշնամական դիրքորոշում որդեգրեցին կազմակերպության հանդեպ: Այդ դիրքորոշումն արտահայտվեց և՛ զրպարտություններով ու մատնություններով, և՛, ցավոք, արյունահեղ բախումներով: Կրկնում եմ, կուսակցությունները կարիք չունեն ներկայանալու և ներկայացվելու: Ներկայացվելու կարիք ունի ԱՍԱԼԱ-ն, ինչը և փորձել եմ անել այս գրքով: Այս կազմակերպության անվան գոնե լատինատառ հապավումը` ASALA, քաջ ծանոթ է և՛ հային, և՛ օտարին, բայց թե ինչ կար իրականում այդ անվան տակ, մինչ օրս հիմնականում առեղծված է: Իմ խնդիրը գոնե մասամբ այդ առեղծվածը բացելն է եղել:

Քո նշած «համլետյան դիլեման» ինձ երկար ժամանակ մտահոգել է մեր ազգային հերոսին` Մոնթե Մելքոնյանին նվիրված բաժինը շարադրելիս: Համաձայնեք, ամենից հեշտը կլիներ նրան շրջանցելն ու հնարավոր գլխացավանքներից զերծ մնալը: Բայց Մոնթեն մեր նորօրյա պայքարի ամենանվիրական խորհրդանիշներից է, և մենք պարտավոր ենք որոշակի պատկերացում ունենալու նրա կարճատև կյանքի կարևորագույն հանգրվանից` ասալայական շրջանից: 1983-ի հուլիսի ներկազմակերպական արյունալի բախումը, որի առանցքում կանգնած էր Մոնթեն, պետք չէ ընդունել որպես համազգային ողբերգություն: Մոնթեն լուսնից չէր իջել Մարտունի: Նա թրծվել էր ԱՍԱԼԱ-ի դարբնոցում, և մեր սերունդը իրավունք ունի ճանաչելու իր հերոսին բոլոր կողմերով: Միևնույն է, այս ամենի մասին երբևէ խոսվելու է, և ես խիստ մտահոգ եմ, թե ինչպես ու ինչ նկատառումներով է խոսվելու: Մենք մեր իրականությունը լավ գիտենք, պատվերով ու պետպատվերով պատմագրությունն էլ գիտենք: Խղճի մտոք մի քանի էջ նվիրվելով մեր անզուգական հերոսի անցյալին` ես կամեցել եմ նրա պայծառ հիշատակը զերծ պահել հնարավոր չարամիտ մեկնաբանություններից:

 —Ժամանակը չէ՞ ետեղեռնյան հայ վրիժառուների, «Նեմեսիս»ի և ԱՍԱԼԱի մասին հանգամանորեն անդրադառնալ հայ ժողովրդի պատմության հատորներում, ուսումնական դասագրքերում և զանազան ծրագրերում: Եթե ոչ նրանցով, ապա էլ ումո՞վ ենք ոգեշնչելու նոր սերնդին: Իրոք որ, բանակը սկսվում է դպրոցից: Իսկ մեր դպրոցը բանակին առավել մոտենալու խնդիր չունի՞:

-Վաղուց պիտի անեինք դա: Հիշո՞ւմ ես, մեզանից շուրջ կես դար պահանջվեց, մինչև հնարավոր եղավ փոքրիշատե խոսել ֆիդայական շարժման ու «Նեմեսիս»-ի մասին: Ճիշտ նույնքան ժամանակ է անցել ԱՍԱԼԱ-ի ստեղծման օրերից, բայց մենք դեռ ոչինչ չենք արել այդ կազմակերպությունը ճանաչելու ուղղությամբ:

Ճիշտ որ, Ազգային բանակը մեր նորագույն ժամանակների ամենանվիրական ձեռքբերումն է, մեր սրբության սրբոցը: Բայց մտածե՞լ ենք` ինչ հենքի ու փորձի վրա է ստեղծվել այն: Ի՞նչ ռազմական, ուժական փորձառություն է ունեցել պետություն չունեցած մեր ժողովուրդը վերջին 100-150 տարիներին: Չէ՞ որ այդ փորձառությունը արտահայտվել է հիմնականում ֆիդայական խմբերով, առանձին զորամասերով, «Նեմեսիս»-ի վրիժառուներով, ԱՍԱԼԱ-ով և Արցախյան ազատամարտը փառքով պսակած կամավորական ջոկատներով: Բանակաշինության այլ փորձառություն մենք չենք ունեցել և իրավունք չունենք մոռանալու և ուրանալու նրանց:

Գիրքը այլևս ընթերցողինն է, և ժամանակը արժանիորեն կգնահատի: Կարծում եմ` վերջին էջը ավարտելիս շատերն ակամա կհարցնեն` «Իսկ շարունակությունը լինելո՞ւ է»  

-Գրքիս հերոսը իր ապրածի ու իմացածի մի չնչին մասն է վստահել ինձ: Ես էլ տարիների ընթացքում իմ կուտակած տեղեկություններից ամենը չէ, որ հանձնել եմ թղթին: Եվ, ամենակարևորը, տարբեր երկրներում կան ԱՍԱԼԱ-ի մի շարք չբացահայտված անդամներ, որոնց գլխով շատ բան է անցել: Ո՞վ իմանա, գուցե մի օր էլ նրանք որոշեն ինչ-որ բաներ պատմել…

Անդին 6,2017

Share

Կարծիքներ

կարծիք