Թանգարանային լռություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Հեղինակ:

Մարտիրոս Սարյան

Այն ժամանակից ի վեր, ինչ ստեղծեցինք մեր ամսագրի «Թանգարանային լռություն» խորագիրը, ուզում էի անպայման անդրադառնալ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին: Սակայն Սարյան 3 խորհրդանշական հասցեով տունը վերանորոգման մեջ էր, իսկ ցուցադրությունը ժամանակավորապես տեղափոխվել էր Մատենադարան: Մինչդեռ Սարյանին պետք էր հանդիպել իր տանը, այն սենյակներում, որտեղ ապրել էր, այն արվեստանոցում, որտեղ աշխատել էր, որտեղ իր բազում հյուրերին էր ընդունել:

1967 թվականն էր, երբ բացվեց Սարյանի տուն-թանգարանը: Եզակի երևույթ էր, որ արվեստագետի կենդանության օրոք բացվում էր նրա տուն-թանգարանը: Պատմում են, որ Սարյանը ցանկացել է, որ թանգարանի դռները միշտ բաց լինեն այցելուների համար, այսինքն՝ անվճար: Հետաքրքիր ավանդույթի սկիզբ էր դրել. հիսունհազարերորդ այցելուին, որը դպրոցական մի տղա էր, անձամբ մի գծանկար էր նվիրել և որոշել էր, որ այսուհետև ամեն տասհազարերորդ այցելուն նույնպես նվեր կստանա:

Թանգարանը փաստացի արդեն կար, բայց տան հատվածը, այսինքն`  հուշասենյակները, մինչև 2016 թվականը ցուցադրված չէին: Պատճառն այն էր, որ տունը դեռ բնակելի էր, մինչև 2013 թվականը այնտեղ ապրում էր Արաքսի Սարյանը` նկարչի որդու`  Ղազարոս Սարյանի տիկինը:

Երեք տարի տևած հիմնանորոգումից հետո 2016 թվականի նոյեմբերին թանգարանը վերաբացվեց. վերականգնված է հուշասենյակը, ճաշասենյակը, Ղազարոս Սարյանի աշխատասենյակը, մեկ ննջասենյակ: Շինությանն ավելացել է նաև նոր հարկաբաժին, որտեղ գործում են համերգասրահ (Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան) և Սարյան արվեստի կենտրոնը:

Մարտիրոս Սարյան.jpg 1

Այնուհանդերձ Սարյանի տուն-թանգարանում ոչ թանգարանային մի զգացողություն կա: Ասես Սարյանը հենց նոր է ցած դրել վրձինը կամ… չգիտեմ… նոր էին սուրճ խմում Շոստակովիչի հետ:

Արվեստանոցում զրուցում էինք աշխատակցուհի տիկին Վարդուհու հետ: Այս թանգարանում նա աշխատում է դեռևս 1989-ից: Ասում է` Սարյանին չի տեսել: Չեմ հավատում: Այնպես սարյանական է խոսում, այնպես է պատմում նրա մասին, ասես տեսել ու խոսել է հետը: Ասում է, թե ժամանակակիցների հուշերից գիտի նաև Սարյան մարդուն, քաղաքացուն, նրա ամբողջական նկարագիրը:

Սարյանը գեղեցիկ ծերունի էր` նկարելու պահին առյուծի նման, մենակության մեջ` մի խաղաղ այգեպան: Ձեռքերն ասես տաշել, քանդակել էին քամիներն ու հողմերը, իննսունամյա մարդու մատների մեջ ուժ, գեղեցկություն և կամք կար: Երևի Միքելանջելոյի ձեռքերն այդպիսին էին …

Այդպես է հիշում նրան արվեստաբան Մարտին Միքայելյանը, որը Սարյանի թանգարանում դեռևս Վարպետի կյանքի օրոք գիտաշխատող է եղել:

Արվեստանոցի պատերին Վարպետի սիրելի կտավներն են կախված: Տարբեր առիթներով իր անվանի հյուրերից ստացած հուշանվերներն են, որ մեզ ծանոթ են Վարպետի նատյուրմորտներից: Նկարչի աշխատանքային խալաթն է` աթոռի թիկնակին գցած: Նո՞ր է թողել: Նկարակալի վրա անստորագիր կտավ է: Չգիտեմ` անավարտ է, թե ոչ: Կամ առհասարակ ավարտուն լինո՞ւմ են նկարները:

Իննսունմեկ տարեկան էր արդեն (ու երևի Մարտին Միքայելյանի նկարագրած առյուծի նման), արվեստանոց դժվար էր բարձրանում: Երկրորդ հարկում է արվեստանոցը: Արվեստաբան Շահեն Խաչատրյանին ասում է. «Կտավ ձգիր, ուզում եմ նկարել»: Գալիս նստում է, խալաթը հագնում, վրձինը ձեռքն առնում ու նկարում… Հետո իջնում է ու այլևս չի վերադառնում… Հետագայում Շահեն Խաչատրյանը հարցնում է, թե ի՞նչ է նկարել Վարպետը կտավի աջ անկյունում: Սարյանը պատասխանում է. «Արև է, արև եմ նկարել հրեշտակի` նոր ծնված մանկան տեսքով»:

Մեծ բնապաշտ էր, հայկական մշակույթի մեծ ավանդների հետևորդ: Այս վերջին կտավում էլ, կարծես, հաստատել ու ամփոփել է իր աշխարհայացքը, էությունը, որ թերևս դեռ քսանհինգ տարեկանում էր գիտակցել` գրելով. «Ես ապրում եմ տիեզերքի մասին գիտակցումով, իմ հոգին տիեզերքում է»:

Ամենավերջին մատիտանկարներից մեկում պատկերել է երեք ծառ և վերնագրել` Կատյան, ես և Լուսիկը: Քրոջը` Կատյային ուղղված խոսքում գրում է. «…Երբ ծերանում ենք, նմանվում ենք մեր ծնողներին, ես՝ հորս, դու՝ մայրիկին, իսկ երբ ավելի ենք մեծանում, նմանվում ենք բնությանը, լեռներին, քարերին, երկնքին…»:

Լուսիկ Սարյանին, 1926, հունիսի 16, Մոսկվա

Ես իմ այս վերջին աշխատանքները, որ ուզում եմ կատարել Փարիզում, ամբողջովին նվիրելու եմ քեզ և իմ բալիկներին. Քեզ, որ դու քո փափագին հասնես, և բալիկներիս, որոնք դեռ փոքր են, հարմար թևի տակ, բայց հազար մի փորձանքներից անցնելով, պետք է մարդ և պիտանի քաղաքացի դառնան: Ես բաժանվել եմ իմ հարազատներից, սիրո կարոտով լցված մինչև սրտիս եզերքները մեծ արվեստի համար, որին ես նվիրվել եմ գժի նման, չգիտեմ ում հրամանով և մինչև վերջը մնալու եմ հավատարիմ, ըստ իմ հասկացողության:

Գրում է Սարյանը իր սիրելի կնոջը՝ Լուսիկին:

Վերադարձից հետո սպասում է, որ շոգենավով պիտի կտավները բերվեին Փարիզից: Ստամբուլի նավահանգստում, շոգենավի մեջ կտավները, դժբախտաբար, այրվում են: Սարյանը միշտ էլ մնում է այն համոզման, որ դա պատահականություն չէր, այլ միտումնավոր էր արված: Բայց, բարեբախտաբար, ուներ այդ գործերի սևանկարները ապակու վրա, որոնք մի քանի տարի հետո Մոսկվայում արտածվում են և այսօր ցուցադրվում են թանգարանում:

Թանգարանը գործունեությունն սկսել է հիսուն աշխատանքով, որոնք նվիրել էր ինքը` Սարյանը (30 գեղանկարչական, 20 գրաֆիկական աշխատանք): Այսօր, նվիրատվությունների ու գնումների շնորհիվ, հավաքածուն ընդգրկում է շուրջ երեք հարյուր նկար: Պատմում են, որ երբ 1980 թ. բանաստեղծ, նկարահավաք Կարիկ Պասմաճյանը Սարյանի «Լեռներ. Կոտայք» գեղանկարը նվիրում է թանգարանին, անվերջ երախտիքի ու շնորհակալական խոսքեր լսելուց հետո համեստորեն ասում է, թե երբ որդին որևէ բան տուն է բերում, ծնողը շնորհակալություն չի հայտնում: Որդին իր պարտքն է կատարում:

Հուշասենյակում մեզ ծանոթ իրեր են` եգիպտական դիմակ, պարսկական կոշիկներ, հայկական տրեխ… Մի կապտամանուշակագույն գործվածք էլ է ցուցադրված, որը տիկին Վարդուհին շտապում է հիշեցնել` Չարենցի դիմանկարում պատկերված գործվածքն է.

Պատմում են, որ 1923 թ. Սարյանը պատահաբար փողոցում հանդիպել է Չարենցին, միտք է ծագել դիմանկարել նրան: Պայմանավորվում են, Սարյանը գնում է Չարենցի տուն, իսկ բանաստեղծը դուռը բացում է զուգված-զարդարված, Սարյանի ասելով` իրեն ոչ նման: Հետո կնոջը` Լուսիկին, Սարյանը պատմում է. «Նկարում եմ, նկարում եմ, բայց չէ, չի փոխվում Չարենցը, այդպես մի քանի գիծ եմ քաշում, մի պատճառ բռնում ու չեմ նկարում»:

Օրեր անց Սարյանը անսպասելի գնում է Չարենցի տուն, երկար զրույցի ընթացքում Վարպետը նկարում է բանաստեղծին, ստացվում է այն հայտնի դիմանկարը, որն այժմ ցուցադրվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Չարենցը շատ է հավանում իր դիմանկարը, զարմանում է Սարյանի արագ աշխատելու ունակության վրա և խնդրում տասը տարի հետ նորից իր դիմանկարն անել: 1923 թվականն էր…

Հետագայում Սարյանն ասում է, որ իրեն հաճախ են հարցրել, թե ինչու է Չարենցի դիմանկարում եգիպտական դիմակ պատկերել: «Չեմ սիրում այդ մասին խոսել,- ասում է նկարիչը,- բայց պարտավոր եմ ի վերջո պատասխանել: Իմ արվեստում ես դիմակն ընդունեցի որպես անմահության, կյանքի հավերժության խորհրդանիշ»:

Սարյանին գրաքննությունը  արևելյան թեմաների, ձևապաշտության` ֆորմալիզմի մեջ, մասնավորապես դիմակների պատկերման պատճառով, անողոք մեղադրեց, քննադատեց: Տեղի տալով այդ անարդար մեղադրանքերին` նկարիչը մի օր զայրույթի պահին պատռում է «Եգիպտական դիմակներ» կտավը: Բարեբախտաբար կողքին է լինում նկարիչ Հովհաննես Զարդարյանը, որը վարպետի ձեռքից փրկում է կտավն ու վերականգնում և իր մոտ պահում է այնքան ժամանակ, քանի դեռ Սարյանի բարկությունը չէր անցել:

Եգիպտոսից բերված այդ դիմակներից մեկն է այսօր ցուցադրված Սարյանի տուն-թանգարանում: Մյուս չորսը նկարիչը նվիրել է Ազգային պատկերասրահին, որոնք այժմ ցուցադրվում են առանց այդ մասին հիշատակման:

Ես ու լուսանկարչուհին պատրաստվում ենք հեռանալ թանգարանից, որը ոչ մի կերպ թանգարան չեմ կարողանում անվանել: Ավելին է, քան թանգարանը, Տուն է, աշխատակիցներն էլ Սարյանի ընտանիքի անդամներն են (իսկապես, այսօր թանգարանի աշխատակիցների մեջ են նաև Սարյանի ժառանգները):

Մտածում եմ, որ տիկին Վարդուհուն չհարցրի Սարյանի` Հայաստանի, Հայոց ցեղասպանության թեմայով գործերի մասին: Հետո նորից դառնում եմ Մարտին Միքայելյանի հոդվածին.

Սարյանի պատկերներում եղեռնի թեման փնտրելը նման է խոշորացույցով «Մատյան ողբերգության» մեջ «հայ»  բառը որոնելուն:

Անդին 6,2017

Share

Կարծիքներ

կարծիք