Բանաստեղծություններ

Դարիկո Խաչատարյան

Արևի վեցօրյա հարսանիք

Ինչո՞ւ հարաբերվել

խորտակված նավերի տանջանքին.

ծովերի, օվկիանների վրա,

նավահանգիստներում,

այնքա՜ն նավեր կան…

Կյանքի ինչ-որ շրջանում

կաթոլիկ սկեսուրս շաբաթվա

վեցերորդ օրը մեզ չարչարում էր`

բատրակներ որպես:

Ոչ մի աշխատանք չպետք է մնար

հանգստի օրվան,

ի՜նչ դժվար է եղել Արարչի

վեցերորդ օրվա գործը:

Հաջորդ օրը մենք հանգստանում էինք

փրկված նավաբեկյալների պես —

դեմքներս թաղած ավազի մեջ,

մարմիններս — քաղցրահամ ջրերի ձուկ,

տանջանքի ծավալն ընդարձակ էր,

բայց հանգստի հրճվանքը նման էր

ծովի հատակին ննջող

նավի գերեզմանի.

խորքում լի՜քը ձկնկիթներ…

Հույսի ճամփաները նկարում էին

արևի վեցօրյա հարսանիք,

մենք հրաշքված հոգով

հագուստներ էինք ընտրում`

հարսանիքի

յուրաքանչյուր օրվա համար…

 

Կտակ

Դարը կանցնի մերթ սողալով, մերթ ճախրելով անխորտակ,

Մերթ պարպելով խարխլումը ըմբռնումի երկնի տակ.

Մերթ պարպվելով ինքն իր մեջ կրակնահար, հուսահատ,

Մերթ էլ դեմքը թաքցնելով արհավիրքում կարծրածածկ:

Խաչքարերը կշատանան, խռով հողը կակոսվի,

Համբերության կույր աչքերը պայծառ լույսից կբացվի,

Հոգնած հոգսից աստեղային մի նրբամաշկ ընթերցող

Ձեռքը կառնի գիրքն իմ փոքրիկ ու կկարդա սրտադող…

Կտակում եմ քեզ աչքերս` անանուն, տաք աղբյուրներ,

Զգացմունքը աստվածային նրանց մեջ է բարուրվել,

Վարագույրներ, գաղջ դիմակներ չքանում են նրանց դեմ,

Եվ բարության քարավանն է անցնում աստղե նավերով:

Ծովը դուք եք,- օրն է ասում հերարձակ ու դարավոր,-

Արարչության նրբին գանձեր ձեր խորքում են արարվել,

Մոգականի խինդ ափերի նավահանգիստն եք դարձել,

Ու պարում են, ապրում ձեր մեջ անդավաճան եզերքներ…

Բայց պահում եմ թացն աչքերիս իմ այս դարի մշուշում.

Գիշերներս ջարդուփշուր, արցունքներս դառնաղի,

Թող ինձ մնան ու նրանց հետ փուշ հարցերը հայրենի,

Պետք չէ բնավ քեզ առագաստ, որն իր կայմը չի գրկի:

Դու քեզ գտիր իմ աչքերի անաղարտի սեղանին

Ու վայելիր նրանց թողած քաղցր հոգսերի գինին,

Երգեհոնի ձայնաշարի հնչյունները դյութագին,

Նրանց բերած մաքուր, ճերմակ անուրջները երկնային…

Կտակում եմ քեզ խոհերս ու մեծ Սերս երկրային,

Անդավաճան ներկայություն ցնծության և խոր մտքի,

Հայտնություններն առավոտի պոետական չափերով

Շոշափում են նրանց թևը աչքալուսանքում կյանքի:

Կատարյալը ընդարձակված զվարթության առվակում,

Նրա մեջ ծառ` գրպաններում պտուղներ առասպելի,

Շնչող մարմնի նախասկիզբներ, բարու ներգաղթ ու շատ տաք

Ողկույզներում ժամանակի տոնահանդեսներ անափ…

Ինչ-որ բուրմունք թափառում է արյան ձայների այգում,

Տեղաշարժ է գաղտնիքների ծաղկանց շուրթի աղբյուրում,

Շրջապտույտ խորաթափանց, լույսերի քայլք ու դարձյալ

Ներդաշնակի օրհնանքների արթնության պար ու քանքար:

Առավելի նուրբ նվագներ ոտնահետքերում հուշի,

Նրանց ընկեր ակնարկների առերևույթ բանալի,

Պատկերների կրքոտ փեշեր հոգու ճյուղը հոտոտող

Եվ մշտական կրկնություն հրճվանքների ծավալի…

Սրտիս բոլոր սենյակների արմատների նռնենին

Քեզ ուղեկցի հոգենյութի ճամփաներով ու լռին

Իմաստնանա, և նրանից թափվեն նռան հատիկներ,

Երջանկության, խաղաղության, արդարության անունով

Ու ճառագվեն աչքերիդ մեջ, խոհերիդ մեջ ու սիրուդ,

Առանց քծնանք, առանց որոմ, առանց չարի մի բջիջ

Եվ գոհանաս ոսկեհամբույր ճշմարտության խնջույքում…

 

Մի մոռացիր սերս

Երբ դադարեմ սիրել աչքերդ ծովի գույն,

Փողոցներում հոգուս շնագայլեր ոռնան,

Եվ քայլերս մաշվեն լաբիրինթում հզոր,

Բառերիս ծառերը լռեն ու քարանան,

Հոգնեն ու համրանան աստվածները բոլոր,

Խառնվեն փուշ և վարդ անուրջներում հավետ,

Գույների թրթուրը թիթեռներ չծնի`

Դարձյալ երգի՛ր երգս. «Սիրո՜ւմ եմ քեզ»…

Երբ դադարեմ սիրել մատներդ ասողիկ,

Տենչանքներս ըմպեն ստորջրյա մրուր,

Եզերքներին սիրո արցունքներ ծերանան,

Ծարավը հուսահատ աղմկի օրերում,

Եվ բարձրանա կեղծը, պտուղները չաճեն,

Թռչունները սողան, ամպերը հառաչեն,

Մոտալուտ հեղեղը սպառնա այս կյանքին`

Դարձյալ հիշի՜ր երգս. «Սիրո՜ւմ եմ քեզ»…

Երբ դադարեմ սիրել հոգուդ գույներն ամեն

Եվ ձկները խոսքիս թպրտան ավազին,

Մի ձեռք անվերջ կանչի խորխորատի խորքից,

Անտեր, մրսկան շներն էլ չնայեն երկնին,

Ագռավները կտցեն հնչյունները մաքուր,

Ժանտ մի մրրիկ պարի հին ծառուղում,

Ձիերը կանգ առնեն, վազքը` գոլորշանա`

Դու մրմնջա՜ երգս. «Սիրո՜ւմ եմ քեզ»…

Երբ դադարեմ սիրել ցավը հուզումներիդ,

Տխուր մեղեդիներ աշունները բերեն,

Տերևներն ընդունեն անկատարի խաղը.

Շուրթերը քաղցր, կուսական դառնան լեղի.

Եվ նավերը անթիվ մոլորվեն ծովերում,

Հոգու ճիչն օվկիանի լուսինը չլսի,

Պտտվի հորձանքը գորշ մտքի երազում`

Դու փայփայիր երգս. «Սիրո՜ւմ եմ քեզ»…

Երբ դադարեմ սիրել սերդ մաքրամաքուր,

Չարի շնչառության փոշիները դողան,

Եվ թալկանա արշալույսը հորիզոնի աչքին,

Եղեգնուտը սուլի չմշակված երգեր,

Ծաղկաստանների մեջ ճառագայթներ մեռնեն,

Կրակները լիզեն էջերն իմ անցյալի,

Եվ հոգնած համբույրի հեգնանքը քրքջա`

Մի՛ մոռացիր երգս.« Սիրո՜ւմ եմ քեզ»…

 

Եվա

Իմացության ճամփան

լեցուն է հիշողությամբ —

հրաշափայլից մինչև ներկան…

Պարտեզում ամեն ինչն էր սիրուն,

ամենապայծառը մերկությունն էր

առանց թզենու տերևի,

չորս գետերը — միջօրեականներ`

հավերժ կեցության վեճ ու սլացքով…

Հափշտակվածը պտուղի համով`

կին էր,

կյանք,

տիեզերք մի էգ:-

Իսկ ի՞նչ էր օձը`

է՞գ, ո՞րձ, թե՞ անսեռ:

Արուն չհարցրեց խաբված կնոջը,

ո՞ր սեռի օձը քեզ հունից հանեց…

Դողասարսուռից որձի մատների

փշաքաղվեց պտուղի ներսը`

անվստահ մեղքի ճշմարտությանը:

Կինը կամեցավ դժվարանցելին

երկրի տատասկոտ ճամփաների,

ցավը երկունքի,

որը ժամեր շարունակ կհարցականի

ապրելու ելքը`

ամրացնելով սրբազան կապը

մոր և մանուկի…

Ծածուկ սողացողից խաբվածը կին էր`

շուրթերի առաջին մրմունջով որդեկորույս,

մարդասպանի մոր

արցունքով հիասթափության.

հոգում ափսոսանք

ու անվերջ սկսված

ճիշտ ու սխալի կռիվ կողք կողքի…

 

Անի Տեր-Գուլանյանին

Մենք համբուրվեցինք բաց երկնքի տակ —

Աստծուց թաքուն…

Նեղ դռնով անցած մորմոքվող հոգիս

ստեղնաշար է` սև ու սպիտակ:

Ես որձաքարե իմ տունն եմ մտնում,

բանալու սպասման մինորն է թռչում

կողպեքի սիրտը կեղեքով պտտի

երեք հարյուր վաթսուն աստիճան, գուցե ավելի:

Օրն արեգական, բայց մութ է ներսը.

նեղ դուռ է ներսում. պատերով ամբողջ…

Նվագն է հնչում` սևեռակետով

համբույրարթնացման,

նորոգող ուժով առաջնորդելով

դեպի ելքերը բովանդակության:

Կորստախաբկանք ֆարս հնչյունները

դեն են շպրտվում — անլիարժեքի կենսագրականը

հարստացնելու իրենց սև արյամբ:

Տանս պատերը իմ ճամփաներն են,

որ չեն կողոպտվի միջնորդավորող,

ծանրումեծ կշռող բացահայտումի

հսկա թևերից…

Նեղ դռնով անցնող առինքնող հոգիս

մաժոր գամմա է վեհ ալեվետում,

լույսի խորագիր, որը գրված է

ինքնամաքրման աչքազարմանքին`

«Ներդաշնակության բանաստեղծաշար»,

ուր մեր համբույրը — Պոեզիա՜, անգի՜ն,

տեսե՛լ էր Աստված ու… ԲԱՌ է ժպտում…

 

Ինչու

Եկա ու ճանաչեցի ձեզ,

աչքերս բախվեցին ձեր գույնին

ու հակադիր լիցքերի պես ձգվեցին իրար`

վերադասավորելով

ճակատագրիս ծաղիկների ածուները…

Ծառե՜ր…

Ինչո՞ւ ինձ սովորեցրիք ապրել ձեզ նման…

Ամենախոսուններ,

ամենատանջվողներ,

ծարավներ ամենա,

ամենահրաշքներ,

խաչվողներ,

բեռնակիրներ, կրողներ,

շռայլողնե՜ր Մեծ, գրչիս տակ հուզմունքից

դողում է ձեր բջիջը…

Նույնիսկ ձմռանը,

երբ նայում եմ պատուհանից,

ձեր մորեմերկ կեցվածքների

գեղազարդ գրաֆիկայով

ցուցահանդես եք մատուցանում…

Ահա՛, Վան Գոգն է տեսել ծովը Սեն Մարիում

և սպասում է ազդակներին վերին,

որ ալիքվի ձկների հետ

ու համբուրի ջրահարսին,

Սիրանո դը Բերժերակն է խոկում սիրուց արբած,

քթին ծիտ է նստում`

հաստատելով սերերն անանց,

օթյակում տիկինն է լայնեզր գլխարկով,

քամելիազարդ,

ճամփա ընկել, խեցին է իր փնտրում,

որ ամփոփվի այնտեղ մարգարտակայծ,

Գոյայի «Մերկ մախան» է ճյուղերից կախ

ու դողդոջուն օտար աչքի փշում,

Մոնա Լիզան է կիսաժպտում —

ողջունելով Տիրամորը և Մանուկին,

հետո վանքեր շարված, սուրբ տաճարներ, եկեղեցի,

երկինք հառնած վառվող մոմեր առանց բոցի…

Ձեր սրտի բջիջն է գրչիս տակ հար ներկա,

ու տավիղն է ոթում հույզի արցունք`

հիշելով կամարները արքայական ոգու…

Անապատի փոշիներից ինձ գողացաք,

պարիսպ եղաք նեռից

ու փրկեցիք խեղդվելուց

տափաստանում անկապ…

Ես ժամանակ եմ — չորը վանող,

դալարը վերըստեղծող,

չը՛ — ջրվելով եմ պտղում անգամ,

ջարդվելով — վերընձյուղվում…

Ձեր սիրո բջիջն է իմ գրչի հետ պատմում…

 

Ընկերս կապույտ – մահս լուսաթև

Իմ բախտն ինձնից առաջ —

նախապատկերում սպասումի.

դաջված էր քո ձեռքի ափին:

Անցա տեղանքը տրված`

անմարմին, անձև,

հաղորդվեցի ընդհանուրի մտքին,

երբ մարմինս թեթև կազմավորվեց

ու երևաց թևս` բարակ ճյուղ.

քո աջ ձեռքով թևանցեցիր,

հիվանդ մորիցս ծածուկ,

թևանցեցիր ինձ, անդավաճա՜ն իմ,

և քայլ առ քայլ սկսեցինք բացել

բոլոր հարթությունները…

Քո անդավ ներկայությունը

դրսևորեց իրեն ասպետի պես`

չթողեց ուրիշինը լինեմ ու լինեմ մայր,

քեզ չպտղաբերած,

կուսական մարմինս էր հարկավոր

ու հոգիս` բազմապտուղ…

Ցնծացինք գոյի եղելություններով`

բխումով համադրական ու հազվադեպ,

իմացության խորհրդանիշերը

նվիրեցինք իմ հասած գագաթներին`

որպես հաստատում խոսքի…

Դու ինձ երբևէ չհարցրեցիր`

ուզո՞ւմ եմ բոլոր ջրերում լողալ,

կամ ոլորտներում առնչվել

անթիվ փորձությունների

ծավալումներին,

սուզվել անիմաստ փորը ունայնի

ու փրկվել մահճում վեհ — կատարյալի

և փրկել սկիզբ — մարդեղությունս

վերքերում կյանքի…

Դու ինձ երբևէ չհարցրեցիր`

Ո՞ւմ երեխան ես…

Կեցության խորքի բարուրաշորով

փաթաթելով ինձ`

մեկնում եմ առ քեզ…

 

Գունախաղերը ճառագում են

Հուսիկ Արային

Ողորմի՜ր կյանք,

զի ողորմել է արդեն Աստված

վերադարձը նրա…

Ոսկեցոլ աղբյուրների դիմաց նստած

Պենելոպե եմ ես,

շուրջբոլորս փեսացուներս են

թրևում, իսկ ես անցել եմ կյանքիս

երկրային ժամանակի կենտրոնը,-

այնքա՜ն կենարար է ջուրը,

որ մատներիցս ծառեր են աճել

ձուկ — տերևներով

ու անեզրություն հասցրել

մանկությանս ամենասիրելի խաղի

հինգ փոքրիկ գլաքարերը,

որոնց պեղել էի գետափի ավազում,

կրծոտած եղունգներ ունեցող

փափլիկ մատներով,

խե՜ղճ եղունգներ, որոնք զոհն էին

անթարթ վերև նայող

մտասևեռությանս…

Քարկտիկի քարերն այնտեղ

նոր մոլորակներ չեն հաստատ.

արբանյակներն են այն մոլորակի,

որի գունախաղերը ճառագում են`

սեր,

սպասման հատուցում,

ընդհանրական ամուր հիմք

և ժամանակի անժամանակը…

 

Անդին 6,2017

 

Share

Կարծիքներ

կարծիք