Կրակի տրված ու չայրված հայկական գորգը

Մանան Առաքելյան

Իմ գորգը մի նախշուն երկինք է, գույնզգույն աստղերով լեցուն,

Շնորհքն երկինքն է տվել, փառք տամ երկնքին, Աստծուն.

…Աշխարհն եմ ես այստեղ դրել, Մասիսն ու սիրտս վրան,

Ամեն մի նախշի, թելի մեջ Հայաստան անունն եմ դրել…

(գորգագործուհի Սոֆիայի հորինած երգից)  

Խավավոր գործվածքները`  գորգերը, հնուց ի վեր հայտնի են եղել արևելյան և արևմտյան այն մշակույթներին անգամ, որոնք չեն զբաղվել դրանց արտադրությամբ: Այսօր բազմաթիվ ժողովուրդներ ամեն կերպ ձգտում են աշխարհին ի ցույց դնել գորգագործական ավանդույթներով հարուստ իրենց մշակույթը`  այս ճանապարհին հաճախ անտեսելով և աղավաղելով պատմական հստակ ճշմարտություններ: Այդ ձգտումը բոլորովին զարմանալի չէ, քանի որ կատարելագործվելով և արևելյան ժողովուրդներից տարածվելով ամբողջ աշխարհում`  գորգը դարձել է հարստության և շքեղության ցուցիչ:

Արժե նշել, որ ամբողջ աշխարհում գորգերը հայտնի են մեկ անվամբ`  կարպետ: Հայերենի կարպետ բառի տարածումը ամբողջ աշխարհում ցույց է տալիս, որ ոչ միայն հայ վաճառականներն են զբաղվել գորգի առևտուրով, այլև այն, որ հենց հայերն են այն հնագույն ժողովուրդը, ում հայտնի է եղել գորգագործական արվեստը:

Տերմինների մասին

Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատի արձանագրություններից մեկում (1242-1243 թթ): Հայագետներ Ղափանցյանն ու Ջահուկյանը համարում են, որ գորգ բառը պատկանում է խեթերենի բառաֆոնդին, ուր և հիշատակվումէ kurka ձևով: Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին ուղղակիորեն գրում է, որ գորգ բառը հայկական ծագում ունի: Գորգի հոմանիշն է նաև ձորձը:

Արաբ ժամանակագիրներից Աբդար Ռաշիդ ալ Բակուվին, Յակուտալ Համավին վկայում են, որ կալի, խալի, համհալի բառը ծագել է Կարին քաղաքի անվանումից, իսկ Կարինը ինքնին արհեստների, հատկապես գորգագործության խոշոր կենտրոն էր: Արաբներն այն հարմարեցնելով Կարնո քաղաք անվան հետ`  կոչել են Քալիքալա:

Ամբողջ աշխարհում բոլորի կողմից գորգին տրվող անվանումը`  կարպետը, հայերենի գրաբարյան կապերտ բառի միջին հայերեն ձևն է: Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ անվանումներ`  միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները`  ոչ:

Նախաքրիստոնեկան ժամանակաշրջան

Այն, որ գորգագործությունը Հայաստանի հնագույն արհեստներից մեկն է, վկայված է բազմաթիվ աղբյուրներում: Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի Ք.ա. 714 թ. արձանագրություններում հիշատակվում են ուրարտական կարմիր գործվածքների մասին: Ուրարտական ժամանակաշրջանին թվագրվող կարպետների պատառիկներ հայտնաբերվել են Արթիկի շրջանում, Կարմիր Բլուրում և Անիում:

2007 թ. Արենի 1 քարայրում հայտնաբերվել են էնեոլիթյան և միջնադարյան մի շարք գործվածքներ, որոնք լավ պահպանված են, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց ծագումն ու զարգացումը: Հաշվի առնելով Հայաստանի հնագույն բնակատեղիներից (Թեղուտ, Շրեշբլուր, Շենգավիթ, Արթիկի դամբարանադաշտ և այլն) հայտնաբերված և Ք. ա. 3-2 հազարամյակով թվագրվող ոստայնակի գործիքները, մանավանդ գորգ գործելու պարզունակ հարմարանքը, օժանդակ գործիքներն ու գործվածքները, մասնավորապես Հառիճի դամբարանադաշտից հայտնաբերված Ք.ա. 13-12 դդ. թվագրվող կարպետի մնացորդները`  մի շարք ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացության, որ Հայկական լեռնաշխարհում եղել են գորգագործական մշակույթով զբաղվելու տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորություններ, նաև անհրաժեշտ հումքային պաշարներ: Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիները Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր`  որպես տուրք:

Գորգարվեստն ուսումնասիրող գիտության համար իսկական հայտնություն էր նշանավոր Պազիրիկ գորգը, որը հայտաբերվել է Լեռնային Ալթայի դամբարաններից մեկում: Այն թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարով և համարվում է մեզ հասած ամենահին գորգը, պահվում է Էրմիտաժում: Ասենք, ոք այս գորգի դաշտի կենտրոնի խաչաձև վարդյակը մ.թ.ա. II-I հազարամյակի կեսերին վերաբերող ասորարաբելական ու վաղ հայկական (ուրարտական) որմնանկարչության և խճանկարի գեղազարդման համակարգին բնորոշ տարր է: Նույնo վերաբերում է նաև եզրագոտիների կենդանակերպ հորինվածքներին, հեծյալներին ու դրանց հանդերձանքի մասերին: Ավելին, Էրմիտաժի քիմիկոս-ներկաբանների հետազոտություններով բացա֊հայտված է, որ այդ գորգի թելերի կարմիր գույնր ստացված է Արարատյան դաշտի որդան կարմիրի ներկանյութից: Մասնագետները պարզել են, որ գորգը գործված է հայկական գորգերին բնորոշ տեխնիկայով`  սիմետրիկ (կամ թյուրիմացաբար կովկասյան կոչված) հանգույցներով: Հատկանշական է, որ սիմետրիկ հանգույցներով է գործված նաև Կարմիր բլուրից հայտնաբերված գորգի պատառիկը: Գորգագետ Ա. Ռուդենկոյի կարծիքով` Լեռնային Ալթայի մեծաքանակ զարդանախշերի թվում բոլորովին չկան այնպիսիք, որ նման լինեն Պազիրիկյան դամբարանից հայտնաբերված գորգի վրա պատկերվածներին: Ուստի կարելի է համարձակորեն հետևեցնել, որ սույն գորգը Ալթայ է հասել Հայաստանից:

Գորգի ծիսապաշտամունքային նշանակությունը հայոց մեջ

Հնամենի գորգերը, ունենալով հարուստ գաղափարական և արխայիկ զարդանախշերի համակարգ, չէին կարող չպաշտվել ժողովրդի կողմից: Այն, որ գորգը հայոց մեջ եղել և առ այսօր մնում է ծիսապաշտամունքային առարկա, փաստում են բազմաթիվ պատկերային և գրավոր աղբյուրներ, վկայություններ, առ այսօր պահպանված ծեսեր: Այսպես, 17-րդ դարի թուրք ուղեգիր Էվլիյա Չելեբին նկարագրում է մեռոնեփի ծեսը հայոց մեջ: Իբրև ականատես նա գրում է. «Այստեղի լեռան ամենաբարձր գագաթին, կանաչազարդ մարգագետնում, հայերը փռում են իրենց հնագույն գորգը`  լեռներում աճող բոլոր ընտիր տեսակի ծաղիկները, բույսերը և խոտերը հավաքում ու լցնում են մի մեծ կաթսայի մեջ: Մի եռոտանի են դնում գորգի վրա և շատ ուժեղ կրակ վառում»: Մի այլ առիթով, կրկին լինելով էջմիածնում, այս ուղեգիրր նորից է գրում մեռոնեփի մասին, որի կրակը վառել էին մետաքսյա գորգի վրա: Կրակից գորգի անվնաս մնալը վանականները ուղեգրին բացատրել են նրանով, որ այս գորգի վրա ժամանակին ծնվել էր Հիսուս Քրիստոսը: Բնակիչների այս մեկնաբանումը անշուշտ նախաքրիստոնեական հնագույն ընկալումների նորովի մեկնաբանում է: Այն, որ բազմաթիվ գորգեր հայտնաբերվել են հենց դամբարաններում, այն, որ մահացածին պատանել են գորգի կամ կարպետի մեջ, ցույց է տալիս, որ գորգը կապված է եղել մեռնող-հառնող աստվածության գաղափարի հետ. այն նոր կյանք է տալիս: Ծիսաառասպելական գորգը, որպես մեռնող և հարություն առնող աստվածության խորհրդանիշ, ըստ հնամենի պատկերացումների`  բնականաբար պետք է նաև կյանք տար մահացածներին: Ուշագրավ է, որ այս պատկերացումը նույնպես արտացոլված է հայոց մանրանկարներում: 1379 թ. Խիզանում (Վասպուրական) արված մի մանրանկարում ավետարանական թեմաներից հայտնի Ղազարոսի հարության տեսարանում վերջինս նստած է գորգի վրա: Հիշեցնենք, որ Թարգմանչաց Ավետարանում էլ Աստվածամայրը պատկերված էր գորգին պառկած: Ընդ որում, պետք է առանձնապես շեշտել, որ ծիսական գորգի հետ կապված հավատալիքները այնքան էին արմատավորված հայոց պատկերացումներում, որ քրիստոնեության հայրերը հարկ են համա֊րել դրանք հարմարեցնել պաշտոնական կրոնի հիմնադրույթներին:

Պատահական չէ նաև հարսանյաց հանդեսի ժամանակ հարս ու փեսայի թիկունքում`  պատից գորգ կախելու սովորույթը: Այն ցույց է տալիս, որ գորգին վերագրվել են արգասաբերություն, պտղաբերություն բերող զորություններ:

Նշենք մեկ շատ կարևոր հանգամանք ևս: Բազմաթիվ աղբյուրներում նշվում է, որ հայկական գորգի հիմնագույնը`  տափի հատվածը, եղել է կարմիր: Այս գույնը հայոց մեջ բնության զարթնոքի, սիրո, պտղաբերության գույնն է: Եվ երբ հայկական գորգերը, պատմական ճակատագրի բերումով, հայերի հետ սփռվում են աշխարհի տարբեր շուկաներում, գնորդները հենց կարմիր գույնով էին տարբերում և ընտրում դրանք:

Պատմական ճակատագիր

Պատմական ճակատագրի բերումով`  վաճառքի, թալանի ու ավերի հետևանքով հայկական գորգերը տարածվել են ամբողջ աշխարհում`  ավելի ու ավելի հեռանալով իրենց բնօրրանից: Միայն 1960-1991 թթ. Հայաստանից արտահանվել է շուրջ 100 հազար գորգ, այն դեպքում, երբ այսօր Հայաստանում առկա գորգերի թիվը չի հասնում 5 հազարի:

Գորգագործական արվեստը իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների նվաճողական քաղաքականությունից: Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով եկեղեցական հավաքածուները պարբերաբար կամ թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասը նվիրաբերել`  եկեղեցիները թալանից ու ավերումներից փրկելու համար:

Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու հետևանքով: Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում`  ի վերջո հայտնվելով Արևմուտքում, հիմնականում անհատների մոտ:

1921 թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո Արցախում հայաթափման լայնածավալ ծրագիր է իրականացվել, որի շրջանակում կարևոր տեղ է հատկացվել գորգին, մասնավորապես դրա էթնիկական պատկանելիության գողությանը: Դա հատկապես կանոնավոր ու ծրագրված ընթացք ստացավ 1960-70-ական թվականներից: Բաքվից հատուկ հրահանգներով ուղարկված առանձին գործակալներ շրջում էին Ղարաբաղի հայկական գյուղերով ու բնակչությունից հավաքում հին ձեռագործ գորգերը`  դրանց դիմաց հանձնելով գործարաններում արտադրված նոր ու արժեք չներկայացնող գորգեր: Այդպիսի քաղաքականության հետևանքով էր, որ Բաքվում ստեղծվեց գորգի թանգարան, որով Ադրբեջանն այսօր ներկայանում է աշխարհին որպես թե գորգագործական հին մշակույթ ունեցող ժողովուրդ:

Մի շարք հեղինակների ուսումնասիրություններում ցույց է տրված, որ հայոց մեջ գորգագործությունը պատմական խոր անցյալ է ունեցել: Հայկական լեռնաշխարհում գորգարվեստը բարձր զարգացում է ապրել և հայտնի է եղել հարևան ու հեռավոր երկրներում: «Արևելագետ հեղինակ մը`  Ռ. էթինգհաուզեն, հայկական գորգերու մասին հետևյալ բնորոշումը կընե. Հնագույն գորգերու շատ մը ուրիշ խումբերեն առաջինը կարելի է նկատել հայկականը, որ համաշխարհային գնահատության արժանացավ և որ, սկսած արաբ խալիֆաներու շրջանեն (661-774), կհիշատակվի արվեստի ամենաթանկագին գործերեն մեկը»:

Հայկական գորգերը որպես պետական տուրք կամ հարկ, ինչպես նաև որպես նվիրատվություն, հաճախ նաև առևտրի նպատակով դարեր շարունակ դուրս են բերվել Հայաստանից։ Նրանք տարածվել են Արաբական խալիֆայության մեջ և հասել մինչև Սամոսատ, Բաղդադ, Ղամասկոս, մինչև հեռավոր Եգիպտոս ու Բալկաններ, նույնիսկ Կենտրոնական Ասիա: Գորգերի հետ գերեվարվել են նաև գորգագործ հայեր, որպես աշխատասեր ու բազմահմուտ արհեստավորներ: Նրանք այլ արհեստների հետ տեղերում զարգացրել են նաև գորգագործությունը: Բազմաթիվ ուսումնասիրողներ`  և՛հայազգի, և՛այլազգի, իրենց ուսումնասիրություններում մանրամասն ներկայացնում են, թե ինչպես հայերը, սփռվելով աշխարհով մեկ, աշխարհին սովորեցնում են գորգագործական արհեստը: «Ահա այս հայերը, շատ մը կարևոր արհեստանոցներու կողքին հիմնեցին նաև հանգուցավոր գորգերու արհեստանոցներ, որտեղ հյուսեցին համաշխարհային համբավ շահած թրանսիլվանական գորգերը»:

Այսպիսով`  հնագիտական, պատկերագրային, գրավոր և բանավոր աղբյուրները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհում է ծնունդ առել գորգարվեստը`  գործելու տեխնիկայի, զարդանաշխերի, կիրառման ավանդույթների մեջ խտացնելով հայ ժողովրդի հազարամյա պատկերացումերը բնության ուժերի, չարի ու բարու, առասպելական ու կրոնական երևույթների մասին: Ընդ որում, պետք է առանձնապես շեշտել, որ ծիսական գորգի հետ կապված հավատալիքներն այնքան էին արմատավորված հայոց պատկերացումներում, որ քրիստոնեության հայրերը հարկ են համա֊րել դրանք հարմարեցնել պաշտոնական կրոնի հիմնադրույթներին:

Անդին 6, 2017

Share

Կարծիքներ

կարծիք