Կամարներ ըստ Վահան Արծրունու

Vahan-ArcruniԿամար 1. Ավանդույթի և ներքին պահանջի միջև

Ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը 1989 թ.`  որոշում կայացրեցի կտրուկ փոխել կյանքիս ուղին` ընդունվել երաժշտական բարձրագույն հաստատություն: Բժշկի մասնագիտության ընտրությունը պայմանավորված էր ընտանեկան ավանդույթով: Վահան Արծրունու ծոռը լինելով`  ես պիտի շարունակեի բժշկապետի ուղին: Իսկ երաժշտությունը միշտ է ինձ ուղեկից եղել. սկզբում, իհարկե, միայն որպես նախասիրություն, որովհետև նախնական երաժշտական կրթություն չեմ ստացել, և իմ միակ կրթությունը բարձրագույն երաժշտականն էր:

Մի ընթացք հաճախել եմ դասական կիթառի դասընթացների: Կիթառը իր հետ բերեց երաժշտական հետաքրքրություններ նախ ռոք երաժշտության ոլորտում, ապա ինձ սկսեց հետաքրքրել ազգային երաժշտության ֆենոմենը: Դեռևս բժշկական ինստիտուտի ուսանող` ընդունվեցի «Նարեկ» արական երգչախումբ, որտեղ կատարում էին բացառապես հոգևոր երգեր: Դրա շնորհիվ հնարավորություն ստացա հպվելու բուն ազգային արժեքների: Երգչախմբին իմ մասնակցության  վեց տարիների ընթացքում երգեցի և՛ Կոմիտասի, և՛ Եկմալյանի պատարագները, գրեթե ամբողջ Շարակնոցը: Եվ գուցե դրանով էր նաև պայմանավորված իմ հետագա կողմնորոշումը դեպի ակադեմիական երաժշտությունը, ինչն էլ ինձ տարավ կոնսերվատորիա:

Ընդունվեցի վոկալի բաժին և ուսանեցի Գոհար Գասպարյանի դասարանում: Սակայն, դպրոցական տարիներից սկսած, ունեցել եմ իմ հեղինակային ստեղծագործությունները:

Հիմա գնում եմ այլ ընթացքով. զբաղվում եմ կոմպոզիցիայով ոչ միայն երգարվեստի շրջանակներում, այլ նաև հոգևոր երաժշտության մշակումներ եմ անում` հայկական և ոչ միայն: Գրում եմ երաժշտություն կինոյի, թատրոնի և կերպարվեստի ցուցադրությունների համար:

Կամար 2. Միջնադարյան ծաղկողների մատենագիր ձայնը

Լսել նման պատկերավոր ձևակերպում իմ երաժշտության մասին` պարտավորեցնող է, որովհետև ի վերջո ո՞րն է արվեստագետի նպատակը, եթե ոչ մեկ այլ մարդու մեջ զգայական աշխարհը արթնացնելը: Իմ երաժշտությունն ինձ պատկերվում է կամարի տեսքով: Կամարը հետաքրքրիր հատկություն ունի. այն երկու հենակետերով կառուցվող միացում է: Իմ պատկերացմամբ` այդ երկու հիմքերից առաջինը մեզնից անբաժան մշակութային ավանդությունն է, որը սկիզբն է ամեն ինչի: Այն ձևավորում է մեր ազգային ինքնությունը. սա առաջին հերթին մեր հոգևոր և աշխարհիկ երաժշտությունն է: Իսկ երկրորդ սյունը սեփական մոտեցումն է: Բուն կամարը այդ երկուսի միացման արդյունքում ծնված գործն է: Եթե խոսենք պատկերների լեզվով` սա իմ երաժշտության մասին իմ սեփական բնութագրումն է:

Կամար 3. Հայկական մշակութային ներուժի մասին

Նախ և առաջ ասեմ, որ մենք լայն իմաստով պատկերացում չունենք մեր մշակութային պոտենցիալի մասին: Այդ ամենին տեղյակ են միայն մասնագետները, ովքեր առնչություն ունեն ազգային էության ամենախորը շերտերի հետ: Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ իրական արվեստը հասու չէ բոլորին, որովհետև սա ազգային նյութ է:

Ազգային նյութը պահպանելու և փոխանցելու համար պետք է յուրաքանչյուր հայի գիտակցությանը հասցնել, որ այդ արժեքն իրենն է, իր հարստությունն է, և հետո բոլոր միջոցները պետք է ձեռնարկել, որ հանրությունը-ազգը հաստատի կամ վերահաստատի կենդանի կապը այդ արժեհամակարգերի հետ: Հակառակ դեպքում այն կամ կվերածվի թանգարանային նմուշի, կամ նույն հանրությունը անհաղորդ կքայլի այդ ամենի վրայով` չգիտակցելով սեփական արժեքների նշանակությունը:

Մեր պատմության նման օրինակները բազմաթիվ են, երբ փոխվել է քաղաքակրթական կոդը` սկսած միջնադարից մինչև մեզ ավելի մոտ ժամանակները:

1920-ական թվականներին, շուրջ տասը տարիների ընթացքում, երբ նոր էր ձևավորվում Երևան քաղաքի նկարագիրը, ժամանակի իշխանությունների հրավերով ամբողջ աշխարհից այստեղ եկավ մտավորականների մի խումբ` սկսած Թամանյանից, Սարյան, Աճառյան, Մանանդյան, մինչև իմ մեծ պապը` Վահան Արծրունին, և հիմք դրեցին կրթության, առողջապահության, գիտության, տնտեսության և ընդհանրապես պետականության առանցքային բոլոր բաղկացուցիչներին:

Այդ ժամանակի մտավորականը արժևորված էր իր նշանակությամբ թե՛հասարակության և թե՛պետության կողմից: Անտեսելով ու չգնահատելով այսօր մեր արվեստագետին` մենք ակամայից նրան ուղղորդում ենք ոլորտից կամ երկրից դուրս։ Այսպիսով կորցնում ենք մեր մտավոր ու հոգևոր ներուժը` գիտելիքների ու արժեքների ֆիզիկական կրողներին: Ստեղծված դատարկությունն էլ անմիջապես լցվում է միջակություններով:

1943 թվականին, երբ գերմանացիները մոտենում էին Մոսկվային, պատերազմի հետագա ընթացքը պարզ չէր: Այդ նույն թվականին Սովետական Հայաստանում սկսվում է Մատենադարանի շինարարությունը. սա բացարձակ ազգային մտածելակերպի դրսևորում էր: Այդպիսի ծայրահեղ օրհասական պահի, երբ վտանգված էր ընդհանուր մեծ երկրի ապագան, գտնվեցին մի խումբ իրավամբ մտավորականներ, որոնք կայացրին Մատենադարանը կառուցելու որոշում և հայթայթեցին համապատասխան միջոցներ` ստեղծելու գիտության այդ տաճարը, որի ներքո ամփոփված է մեր ողջ մտավոր ժառանգությունը:

Իմ այս թված օրինակները ապացույց են, որ մենք այն ազգն ենք, որն ունի ահռելի մշակութային ներուժ և պահանջ` այն արտահայտելու: Մեզ միայն մնում է այս ամենին տեր կանգնող ունենալ և հետո համակարգել ու ուղղորդել:

Կամար 4. Արվեստագետի մտահոգությունները երբեք անձնական չեն

Իմ պատկերացմամբ` պետությունը ոչ միայն ազգային բանակն է և մնացած ինստիտուցիաները, այլև քաղաքացին է, որը տեր է իր պատմությանը և մշակույթին, նրա ժառանգորդն ու շարունակողն է:

Իմ մտահոգությունների առանցքում այն երիտասարդներն են, որոնք նոր են ավարտել որևէ ստեղծագործական բուհ և հայտնվել են անհայտության առաջ. չունենալով դեռևս ստեղծագործական պաշար, փորձառություն, ճանաչում` նրանք կանգնում են անհաղթահարելի դժվարությունների առջև: Շատերը պարզապես թողնում են այդ մասնագիտությունները, և այս վիճակագրությունը զուտ անձնական դրամայի նյութ չէ. սա մի իրականություն է, որը հղի է աղետալի հետևանքներով` սկսած պրոֆեսիոնալ չափանիշների համընդհանուր անկումից, վերջացրած սերնդափոխության բնականոն ընթացքի խախտմամբ:

Կամար 5. Մշակութային միջավայրն է ձևավորվում մշակույթ կրող մարդուն

Ընդհանրապես հայի մշակութային տեսակը ֆենոմենալ երևույթ է: Եթե մեջբերելու լինենք նման կատեգորիա` «աշխարհի մարդ», ապա կտեսնենք, որ առանցքում հայի մշակութային տիպարն է կանգնած: Այսինքն` դա այն մարդն է, որ սպունգի պես իր մեջ է քաշում նախ ազգային արժեքավորը և կարողանում է աշխարհին ներկայացնել այդ ամենը այնպես, որ լինի ընկալելի և սնի այդ աշխարհը: Օրինակները բազմաթիվ են` սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև Ավետ Տերտերյան: Հայի մշակութային կերպար ասածը կա, եղել է և անցնում է դարերի միջով, սակայն մենք ուշանում ենք այդ մարդկկանց արժանի նշանակություն տալ: Մեր պատմության մեջ այդ տեսակ օրինակները շատ են, թերևս ամենացայտունը Գրիգոր Նարեկացու օրինակն է: Իր մահից հետո շուրջ 120 տարի նրա անունը փակի տակ էր. այդքան ժամանակ պահանջվեց, որպեսզի ազգը գիտակցի, որ Գրիգոր Փիլիսոփան սուրբ է եղել: Եվ քանի՜  հարյուրամյակ պահանջվեց քրիստոնեական աշխարհից` հասկանալու և ընդունելու համար, որ նա քրիստոնեության Ուսուցիչներից մեկն է: Նարեկացու մասին խոսելիս մենք ընկալում ենք, որ նա մեր ինքնագիտակցության մասն է, մեր ազգային տեսակի ձևավորողը, և միաժամանակ տեսնում ենք, թե համաշխարհային ընկալման մեջ ով է նա: Սա է «հայի մշակութային տեսակի» մասին իմ ընկալումը, և, իմ համոզմամբ, եթե մենք այս արժեքներով և սկզբունքներով շրջապատենք մեզ, կձևավորենք ճիշտ բարոյա-էթիկական, մշակութային և հոգևոր միջավայր ու հետևաբար` ազգի մշակութային ավանդույթները կրող հայի տեսակ:

Իմ անձնական մշակութային պահանջները լրացնելու միջոցներ ես գտնում եմ, սակայն ինձ համար չէ, որ անհանգիստ եմ: Որպես արվեստագետի իմ մտահոգության հիմքում մշակույթի ուղղորդման պետական քաղաքականության գործառույթների բացակայությունն է, որից և բխում են հետևանքները:

Ցավոք, այսօր մշակութային տեսակ ձևավորելու յուրաքանչյուր հարթության վրա ավելի շատ խոչընդոտներ ենք հանդիպում, քան նպաստող հնարավորություններ:

Իմ համոզմամբ`  Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքը պիտի բաղկացած լինի երկու փուլից`  ինքնաճանաչման, հոգևոր սահմանների ճշգրտման մշտական ընթացք և երկրորդ` բովանդակությամբ ու գիտելիքներով հարստանալու անդադրում աշխատանք:

Այո, երջանիկ են այն ազգերը, որոնց մշակույթը շոշափելի է. Հռոմի կամ Լհասայի քաղաքացին, ընդամենը դուրս գալով փողոց, նաև պատկերացում է կազմում սեփական մշակութային տարածքի մասին: Մենք այս հնարավորությունից զրկված ենք ու փոխանակ կապ հաստատենք մեր հոգևոր մշակութային տիրույթների հետ, անցնում ենք անտարբեր մեր պատմության և ազգային արժեքնեի կողքով` չհաղորդվելով դրանց:

Կամար 6. Երազանքի հետքերով

Իմ այսօրվա ստեղծագործական կյանքի նպատակը «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը իրականացնելն է: Այն ներկայացնում է մեսրոպյան տասնմեկ շարականների իմ մեկնությունը և Կոմիտասի տասը բանաստեղծությունների հիման վրա գրված իմ երգաշարը:

Ցանկությունս է մեկ համերգի ընթացքում հայ մշակույթի այդ երկու հիմնասյուները`  Մաշտոցին`  որպես մեր գեղագիտական, իմացաբանական, հոգևոր էության սկիզբ, և Կոմիտասին`  որպես մեր մշակութային ինքնության վերելք, միացնել կամարով, ուր ես հանդես եմ գալիս որպես մեկնող, ստեղծագործող և որպես կատարող:

 

Անդին 6, 2017

 

Share

Կարծիքներ

կարծիք