Կայացավ Հասկեր 2016 մրցանակաբաշխությունը

DSC09621

Հոկտեմբերի 28-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Հասկեր 2016թ. մանկապատանեկան գրական մրցանակաբաշխությունը և Հասկեր գրքի շնորհանդեսը: Ինչպես նշեցին մրցույթի կազմակերպիչները, նախապատրաստական աշխատանքների ընթացքը երկատև և աշխատատար էր, որը, սակայն իրականություն դարձավ նվիրումի և ջանքերի շնորհիվ։

Անդին ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հակոբ Սողոմոնյանը կարևորեց մրցույթի համահայկական լինելը և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի:
-Մրցույթն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության,Արցախի և Ջավախքի պատանի ստեղծագործողներին, և մենք հույս ունենք, որ հաջորդ տարիներին մասնակիցներ կունենանք նաև Սփյուռքից,- նշեց պարոն Սողոմոնյանը,- Մրցույթի կարևորության և նշանակության մասին առավել տեղին է հիշատակել այն հայտնի խոսքը, որ ապագան երեխաներինն է: Այդ ճանապարհին մենք ձեր խոնարհ ծառաներն ենք:
Հասկեր 2016թ մրցույթի արդյունքներով հրատարակված ժողովածուն բացառիկ արժեք է: Այս գրքի հեղինակները դպրոցական երեխաներ են, ովքեր գուցե դասարանական շարադրությունների շրջանակներից դուրս առաջին անգամ են ստեղծագործում։ Մեր հայրենիքի սահմաններն ամփոփող այս գրքում տեղ են գտել առակներ, հեքիաթներ, էսսեներ և պոեզիա,- իր խոսքում նշեց գրականագետ Լիլիթ Անտոնյանը:

Ծիծեռնակ ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը իր խոսքում ևս մեկ անգամ հաստատեց օրվա կարևորությունը.

-Այս գիրքը մնայուն արժեք է, որ կմտնի յուրաքանչյուր հայի ընտանիք և նրանց կհասցնի փոքրիկների խոսքը:22883024_867098463457935_1072883267_n

Անդին ամսագրի պոեզիայի բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը, խոսելով ստեղծագործող պատանիների մասին, ընդգծեց, որ նրանք այժմ այն տարիքում են, երբ իրենց ամբողջ զգայական դաշտը բախվում է իրականության հետ, և նրանց զգացածն ու վերարտադրածը այլևս չի կրկնվում.
-Անցած տարի Անդին ամսագիրը մրցանակաբաշխություն անցկացրեց բուհական շրջանում և մրցանակների արժանացրեց երիտասարդ ստեղծագործողների: Այնպես ստացվեց, որ Անդինն ստաձնել է այդպիսի առաքելություն. երիտասարդ  ստեղծագործողներին մկրտելու և ուղղորդելու դեպի մեծ գրականություն:
Կազմակերպիչները շնորհակալագրեր և մրցանակներ հանձնեցին Հայաստանի և Արցախի հանրապետությունների մի շարք դպրոցների ուսուցիչների՝ աշակերտների շրջանում հայոց լեզվի, գրի և գրականության հանդեպ սեր և հարգանք սերմանանելու և հայեցի դաստիարակելու համար:
Հասկեր մանկապատանեկան գրական մրցույթում խոստումնալից ստեղծագործություններով մասնակցելու համար պարգևատրվեցին մի շարք մասնակիցներ:

Գիրքը խմբագրվել է Սուսաննա Հարությունյանի և Անդին ամսագրի խմբագրակազմի կողմից և տպագրվել Էդիթ Պրինտ հրատարակչության միջոցներով։

 

Share

Կարծիքներ

կարծիք