Չկարդացված մտապատկեր № 2817 կամ Դժոխքի խորհրդատուն

Հեղինակ:

DSC07853

 

Ես տեսնում եմ այն փամփուշտը, որի վրա արյան կաթիլները գծագրեցին Մայակովսկու կենսաբանական մահվան քարտեզը:

Ես տեսնում եմ չորացած Խարմսի ստամոքսը, որը սովից ինքն իր մտքերն է մարսում` զուգահեռ հոտոտելով կանանց սեռական օրգանները:

Կաֆկայի վերքերից քրքրված կոկորդը, որում «Դղյակի» ավարտն է լռվել – մնացել:

Սելինի անհանգստությունը, որը իր կախման կետերի պես ջրի կաթիլների նման թափվում է Անքնության բարձի վրա աճած ծառի տերևներից:

Բորխեսին, ով գրիչը փոխելով ասեղի հետ` բռայլյան այբուբենով է գրում իր բոլոր գրքերը:

Վիանի սիրտը, որը ճմռթվում է շեփորի ձայնի տակ, և նա վախից ձևանում է ստամոքս, իսկ գրականագետները ասում են, որ Սալիվանի ստամոքսը ավելի լավ ձայներ է արձակում, քան Վիանի մահամերձ սիրտը:

Ցոյի մարմինը, որը համբուրվում է երկաթե մեքենաների հետ:

Հաքսլիի երակներում արյանը ընդառաջ գնացող թմրադեղը, որը հոսում է այնպես աննկատ, ինչպես կաթը ջրի վրայով:

Ատամների արանքներից դուրս պրծնող առնետի աղիքները` ժպտացող Կլիմայի բերանից:

Միլլերի կնճռոտ անտարբերությունը մերկ սիրենների ալիքներում:

Գլորվող Արիադնեի կծիկը, որը նման է երրորդ անգամից կտրված Միսիմայի գլխին:

Բանտի ճաղերով հոսող քսանամյա մարդասպան Մորիս Պիլորժին սիրահարված գող Ժենեի բուրմունքը:

Բրոթիգանի արյունոտված մատները, որոնք մսի միջից փորփրելով ուզում են հանել արճիճը և նաև վերջին բանաստեղծությունը նվիրված ձեռքերին:

Լոտրեամոնին, ով փողոցի մարդկանցից ուզում է իմանալ իր գերեզմանի տեղը, և նրանից պրծնելու համար Չարենցը միամիտ մատնացույց է անում իր գերեզմանը:

Մանուկների բոռդելում նստած Քերոլին, ով աչքի պոչով զննում է Զազիին:

Պաշտոնական շենքերում, չինովնիկի հագուստի տակ նեխող Կավաֆիսի մարմինը, որի վրայից հեթանոսական սպասման հոտ է գալիս:

Իր թավ բեղերում սեփական բառերը որոնող Սարոյանին:

Տանժերում գրամեքենայի հետ կենակցող Բերրոուզին:

Լաբորատորիայում առանձին բաժակի մեջ զտված Զբիգնեվի հայկական արյունը:

Հիսուսին, ով գրքի շնորհանդեսին հերթի մեջ մանկական անհամբերությամբ սպասում է, որպեսզի Ջուբրանից ստանա ստորագրություն:

Իր ընկերոջ ստվերում նստած արգենտինացի Կասարեսին, ով ստեղծեց «Մորելի գյուտը» և այդպես էլ Նոբել չստացավ գոնե ֆիզիկայի ասպարեզում:

Հալաբյան ազգանունով Խլեբնիկովին, ով մի ամբողջ սերնդի համար հացթուխ դարձավ:

Զահրատին, ով դարձավ հայկական Փաունդը, բայց Փաունդ չդարձավ:

Ատամի միջից նյարդ հանող երիտասարդ բժշկին, ով առաջին անգամ տեսավ, որ ատամի մեջ կարելի է նաև թմրադեղ անցկացնել:

Վիսոցկին ամեն ինչ կարող է:

Իր գանգուր մազերում կատու բուծող Պերեկի № 2817 մոլորակը:

Համսունին, ով Թուրքիայում սուրճ պատրաստելու համար վառում էր գազօջախը հրեա Դեսնոսի ձեռագրերով:

Լորկային, ով առաջին անգամ նայում է «Անդալուզյան շունը» և ձանձրույթից քնում` մտածելով, որ ինքն ավելի լավ կնկարեր:

Դիլան Թոմասին, ով գետինն է լիզում` հավաքելով երիկամների մեջ հարբած մրջյուններին, որոնք լողում են թափված գինու մեջ:

Մարիենգոֆին, ով քմծիծաղով միզում է այն բլուրի տակ, որի գագաթին թաղել են Կազանդզակիսին:

Բեքեթին ու Իոնեսկոյին, ովքեր անցնում են Ադամովի կողքով և չեն տեսնում այն մեծահոգի, բայց մոռացված Աստծուն, որ ստեղծեց նրանց իր կերպարանքով:

Բլեյքին, ով այնքան լավ գիտեր Աստծուն, որ նմանակելով նրան` մի նոր Աստված դարձավ:

Սերունդների

համար

հարմար:

Պոյին, ով ագռավին թութակ դարձրեց, որպեսզի ամեն առավոտ այդ թռչունը նրան կարդա Լաֆկրավտի դեռ չգրված հարյուր հազար նամակները:

Վալզերին, ով գժանոցում մի խաղ էր հորինել «նարդի» անունով և խաղում էր երևակայական հերոսի հետ, ում Կարաբեկյան էր անվանում:

Նիցշեին, ով չիմանալով գրկեց և պաշտպանեց, իր բեղերով ծածկեց այն ձիուն, որից կենտավրոս ծնեց Եկատերինա թագուհին:

Ես տեսնում եմ Եսենինի և Բլոկի կանանց հետ արթնացող Մարինետտիին, ով լեզվով ֆուտուրիզմի մանիֆեստ գրեց նրանց մարմիններին ողջ գիշեր:

Փարաջանովին, ով փետրվարի 29-ին մաթեմատիկորեն շպրտելով նուռը` հանեց Ջոյսի աչքը:

Եվ այդ օրվանից Ջոյսը 365 հատիկը տեսավ 1 նռան մեջ:

Տեսնում եմ Մարկո Պոլոյին, ով անցավ բոլոր կին գրողների ոտքերի արանքով` մի քաղաքից մյուս, բայց նախընտրեց ՙԿալվինո՚ անունով անհայտ քաղաքում ծերությունն իր գտնել:

Գազանանոցում գայլի վանդակը փնտրող Հեսսեի անհանգիստ աչքերը, որոնք հանդիպում են Իոնեսկոյի ռնգեղջյուրին, որն էլ և թելադրում է Հեսսեին իր հայտնի վեպը: Վանդակի վրա մեծ տառերով գրված էր «ԶԳՈՒՇԱՑԵՔ ՏԱՓԱՍՏԱՆԻ ՌՆԳԵՂՋՅՈՒՐ»:

Ռիլկեին, ով համբուրելով Լու Սալոմեի ծերացած կրծքերը` հուսով էր, որ անցնելով Նիցշեի շրթունքների հետքերով` կհասնի նրա բարձունքին: Ծերացած կրծքերը սնեցին ծերացած պոեզիա:

Պոեզիայի համար նոր «ԱՅԲԲԵՆԱՐԱՆ» հորինող Միլոշին, ում առջև ծնկի իջած Բրոդսկին կմկմալով և թլիկ կարդում է իր առաջին պոետիկ տողը, և իր թքի խոնավությունից պոեզիայի երակներն են ժանգոտվում:

Տեսնում` Շեքսպիրին, ով Մարլոյի դիմակը հագած`

Փողոցում քայլելով կարդում էր բարձրաձայն իր Փոթորիկը:

Իսկ այդ ընթացքում մայթին կանգնած էժան մի քած

Հռհռում էր` սև ատամներով չխչխկացնելով ինչպես փայտփորիկը:

Դոստոևսկուն, ում էպիլեպսիայից առաջացած բերանի փրփուրներով Արթյուր Ռեմբոն հասավ Աֆրիկայի սպիտակ ափերը:

Թ. Ս. Էլիոթին, ով կարդաց իր հայերեն թարգմանությունը և այդ օրվանից վերջապես հավատաց, որ մեծ գրող է:

Պրուստին, ով ներծծվեց իր տան պատերի մեջ, որոնց վրա կոտրվեցին կեղծ ինտելեկտուալների գանգերը:

Բուկովսկուն, ով կարդաց բոլոր հանճարեղ գրողներին, բայց այդպես էլ հանճար չդարձավ: Միայն անկեղծությունը հերիք չէ գրող լինելու համար: Հակառակ, անկեղծությունը քեզ վարի տվեց, Չարլզ, և դու դարձար ամբոխի հանճարը` մի բան, որից ամբողջ կյանքում միշտ փախչում էիր:

Իսկ հիմա խմենք:

Կանանց ատող Վեյնինգերին: Նա եկեղեցում պոկեց Սուրբ Մարիամի նկարը և կերավ, որ աստավածածնին ծնի` դառնալով ըստ այդմ Հիսուսի պապը:

Սուպոյին, ով լվաց Ժարրիի ոտքերը և այդ ջրով իր պատուհանագոգին շարված ծաղիկները ջրեց:

Իսկ այդ ընթացքում Վարուժանը Սիզիփոսի պես գլորում էր այն քարը, որով նրա գլուխը ջարդեցին:

Փորացավով տառապող Քերուակը դուրս թռչեց մեքենայից` վազելով դեպի ամերիկյան անտառները ձեռքում պահած Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի երկրորդ հատորը:

Չոռանը ազգանունը փոխեց Սիորանի, և իր միջի հոռետեսությունը սկսեց խոսել երկու լեզվով և երկու բերանով:

Եվ վերջապես Արագոնին, ով դրախտում բոլորին փորձում էր ապացուցել, որ «Կույր կետադրություն» գիրքը ինքն է գրել` մոռանալով, որ դրախտ ընկնում են միայն չկարդացողները:

 

Անդին 6, 2017

 

 

Share

Կարծիքներ

կարծիք