Հայրենիքի զինվո՞ր, թե՞ զինվորի հայրենիք

123456

Խորհրդածություններ ապրիլյան պատերազմից մեկ տարի անց

 

Հաճախ չենք էլ նկատում, որ սկսում ենք կրկնել ինքներս մեզ: Ամեն անգամ թվում է, թե նոր բան ես ասում, բայց հիշողությունդ մի քիչ պատին դեմ տալու դեպքում հասկանում ես, որ պարզապես զբաղված ես կրկնությամբ: Այնպես չէ, որ կրկնությունը վատ բան է: Նույնիսկ ասում են, որ այն գիտության մայրն է: Բայց կրկնություն էլ կա, կրկնություն էլ: Օրինակ` ի՞նչ օգուտ, որ պատեհ-անպատեհ փիլիսոփայության մակարդակի լուրջ դատողություններ ենք անում ժամանակի մասին: Հետո՞ ինչ, որ ժամանակն արագ է անցնում կամ որ ժամանակի հետ ամեն ինչ փոխվում է, կամ որ հենց ժամանակն է փոխվում, կամ որ մեր ժամանակ ժամանակն ուրիշ էր, որ այն, ինչ արժեք էր մի ժամանակ, այսօր կարող է բացարձակ գին չունենալ: Ո՞վ չգիտի: Որքան էլ կրկնենք, այդ ամենը մնալու է այնպես, ինչպես նկատել ենք ոչ միայն մենք, այլ նաև մեզանից շատ ավելի խելացի բազում մարդիկ, որոնք ապրել են շատ առաջներում:

Փոփոխություններն ամենուր են ու ամեն բնույթի: Ծառերը մեծանում են, մարդիկ` ծերանում, արժեքների համակարգերը` ձևափոխվում, նոր գյուղեր ու քաղաքներ են հայտնվում, սառույցները հալվում են, համաշխարհային օվկիանոսի մակարդակը` բարձրանում: Էլ չեմ ասում, որ երկրներ են հայտնվում ու անհետանում։ Այսպես ասած, գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում: Դրանց մի մասը մեզ համար, ինչպես ասում են` եղած-չեղած: Հեռվում են, յոթ սարի ետևում, և մենք չենք էլ պատկերացնում, որ դրանք որևէ կերպ կարող են առնչվել մեզ հետ: Իսկ եթե չեն առնչվում, դրանք ավելի շուտ միայն տեսական հետաքրքրություն ունեն…

Մի ժամանակ Բալի կղզում հաճախ էին ահաբեկչություններ տեղի ունենում: Զանգվածային լրատվամիջոցները հայտնում էին զոհերի ու վիրավորների քանակը: Եվ չնայած ցավալի էր լսել դրանց մասին, բայց այդ ամենը, գոնե ինձ համար, մնում էր ընդամենը որպես վիճակագրական տվյալների հերթական քանակ: Այդպիսի տվյալները մեզ կապում են աշխարհի անցուդարձին, բայց ոչինչ չեն պարտադրում: Ասել է թե` «աշխարհ է, ամեն ինչ էլ կարող է լինել»: Այդպես էր, մինչև օրերից մի օր այդպիսի մի ահաբեկչությունից հետո լուր հասավ ինձ, որ այնտեղ զոհվել է նաև իմ նախկին աշխատակիցը, որին ես էի աշխատանքի ընդունել նոր ձևավորվող Արևելյան Թիմոր պետության գրասենյակներից մեկում: Միջին վիճակագրական լուրն անմիջապես այլ որակ ու ձև ստացավ և պարանի նման փաթաթվեց կոկորդիս: Ու նաև հասկանալի դարձավ, որ միջին վիճակագրականը միշտ էլ որևէ մեկի համար իրական կյանք է:

Կրկնություններով ու լուրերի միջին վիճակագրական աղմուկով բերնեբերան լի մեր իրականության մեջ հաճախ ենք մտաբերում նաև հայրենիքի գոյության մասին: Կենաց ենք խմում, փորձում ենք հասկանալ մեր իրական, պատմական ու երազանքի հայրենիքների միասնությունն ու տարբերությունը, փիլիսոփայում ենք այդ հայրենիքների նկատմամբ վերաբերմունքի մասին, երբեմն տրվում մոդայիկ դարձող ցինիզմին: Պարզ է, կան մարդիկ, որոնք պնդում են, թե մեր լուսավոր ժամանակներում հայրենիքի նման հնաոճ ապրանքն այնքան էլ հարգի չէ: Սրանց մասին չեմ ասում: Խոսքս այն մասին է, թե փոփոխություններն ինչպես են ազդում մեր միջին վիճակագրական գիտակցության վրա, ինչպես են դրանց արձագանքում մեր ներսում բնազդական մակարդակի հասած զգացողությունները: Ասենք, հայրենիքի զգացողությունը, հայրենիք ունենալու, հայրենիքին ծառայելու, հայրենիքով հպարտանալու, հայրենիքի համար անհանգստանալու, հայրենիքի պաշտպանությանը ապավինելու և այլ երբեք մինչև վերջ չգիտակցված զգացողություններն ու ցանկությունները:

Բոլորս էլ կենդանական աշխարհի մաս ենք կազմում: Բայց բոլորս համոզված ենք նաև, որ մարդը այնուամենայնիվ առանձնանում է բոլոր կենդանիներից: Ընդ որում, համոզված ենք, որ տարբերությունները հօգուտ մարդու են: Չնայած հաճախ սկսում ես մտածել, որ իրականում նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները: Նմանությունը փաստող ապշեցուցիչ օրինակների կարելի է հանդիպել ամեն վայրկյան, բավական է միայն հետևել կենդանիների վարքին: Բայց կուզենայի այս անգամ հատուկ կանգ առնել ինքնապաշտպանության` սեփական կյանքը պաշտպանելու բնազդի վրա:

Նման խնդիր ունեն և՛ մարդիկ, և՛ մյուս կենդանիները: Վերջիններիս համար այդ խնդիրն առաջանում է, երբ մեկ ուրիշ կենդանի փորձում է թափանցել նրա «շահերի տարածք» կամ ինչ-որ կերպ վնասել նրան ու նրա ընտանիքին: Վերջերս մի փոքրիկ հոլովակ էի դիտում, թե ինչպես է իր տարածք մտած երիտասարդին «քոթակում» աշխարհի ամենածույլ ու ամենախաղաղ կենդանին` պանդան: Մտքովս երբեք նման բան չէր անցնի: Պանդան մարդու դեմ կռիվ էր տալիս իր տարածքն ազատագրելու համար:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներն այլ դեպքերում կյանքի ու մահվան պայքարի մեջ չեն մտնում: Մարդու դեպքում դա փոքր ինչ տարբեր է, մարդը կարող է սպանել նաև այլ նպատակներով և, որ ամենազարհուրելին է, պարզապես սպանելու համար: Ընդ որում, սպանում է նաև իր ցեղակցին:

Կյանքի ու մահվան խնդիրն առաջանում է բազմաթիվ պարագաներում: Այդ խնդիրը խիստ էական է դառնում, երբ փորձում ենք հասկանալ հայրենիքի ու այդ հայրենիքը պաշտպանող զինվորի հարաբերությունները: Երկրի զինված ուժերում ներգրավված յուրաքանչյուր անհատի սուրբ պարտականությունն է համարվում հայրենիքն անվերապահ պաշտպանելը, այդ թվում նաև սեփական կյանքի գնով: Եվ այնուամենայնիվ չպետք է մոռանալ նաև Թեոդոր Ռուզվելտի խոսքերն այն մասին, որ «Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա»:

Մեր երկրի հիմնական օրենքի 46-րդ Հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»: Նկատի առնելով, որ մեր Սահմանադրությունը շատ հատվածներով կրկնում է այլ երկրների մայր օրենքները, պետք է եզրակացնել, որ նույնպիսի պարտավորություն ունեն զինվորական պարտադիր ծառայություն պահանջող այլ երկրների սահմանադրությունները:

Որևէ բանակում ծառայող ամեն մեկը չէ, որ զինվոր է: Ուզում եմ ասել` հա՛, զինված է, բայց հայրենիքի զինվոր չէ: Հարուստ երկրների բանակները հեղեղված են վարձկաններով: Սրանք գուցե և ինչ-որ տեղ հայրենիք ունեն, բայց հայրենիքի զինվոր չեն: Նրանց համար բանակը աշխատանքի տեղ է, «օֆիսի» կամ «օբյեկտի» նման մի բան, որտեղ նրանք իրենց բիզնեսն են իրականացնում:

Զինված բանակայինի մեկ տեսակն էլ կա, որն ընդհանրապես հայրենիք չունի, որովհետև հայրենիքի ամենակարևոր բաղկացուցիչ մասը հարազատ մարդիկ են, նրանք, ում հետ զորակոչվածը համատեղ հիշողություններ ունի, որոնք հազար արմատով կապում են հայրենիքին: «Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ»,- ասում էր Անատոլ Ֆրանսը: Զինված, անհայրենիք, անհարազատ բանակայինի տեսակն ամենասարսափելի գազանն է, որին ստեղծել է ոչ թե Բնությունը կամ Բարձրյալը, կախված մեր պատկերացումների համակարգից, այլ մարդկային հասարակությունը…

***

«Հայրենիք»-ի հասկացությունը սահմանվում է նաև հանրագիտական անպաճույճ, իրավաբանորեն ընդունելի, չգեղազարդված բառերով ու բառակապակցություններով: Օրինակ այսպես. «Հայրենիքն ազգի կամ էթնոսի բնօրրանն է, որտեղ այն ձևավորվել է իր լեզվով, մշակույթով ու կենցաղով, հասարակական և պետական կառուցվածքով, արարել ու սերնդափոխվել է, ստեղծել և հաջորդ սերունդներին է ժառանգել քաղաքակրթական արժեքներ»: Կամ. «Հայրենիքն աղերսվում է հայրերի` նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգորդվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է»:

Իսկ բանաստեղծը հարցնում էր. «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք…»:

Արդյոք տարբերություն կա՞ երկրի սովորական քաղաքացու և այդ երկրի զինված ուժերում ծառայող զինվորի հայրենիքի զգացողությունների մեջ: Անկասկած պետք է լինի, որովհետև սովորական քաղաքացին, որ առավոտյան արթնանում ու աշխատանքի է գնում, ճանապարհին մտածում է իր աշխատանքի հետ կապված խնդիրների, իր ընտանիքի, իր երեխաների, նրանց համար այս կամ այն օգտակար կամ անօգուտ իրը ձեռք բերելու, դրա գնի, այդ գինը վճարելու համար գումար գտնելու և նման բաների մասին: Նա ապրում է այն ամենով, ինչն այդ պահին շրջապատում ու առավել մոտ է իր սրտին: Սովորական քաղաքացին սովորական պայմաններում հայրենիքն ընկալում է հենց այդպիսին` իր անմիջական շրջապատի տեսքով: Այն, որ հայրենիքն ավելին է, քան այս կամ այն իրը գնելու և դրանք օգտագործելով կամ նվիրելով հաճույք կամ վերին բերկրանք ապրելու ցանկալի զգացողությունը, այնքան էլ հաճախ չի այցելում նրան: Իհարկե, չի կարելի ասել, թե երբեք չի այցելում, այցելում է, ինչպես ասացի վերևում: Բայց այցելում է հեռավոր ազգականի նման, որին երբեմն ինչ-որ բան է պետք, և դրա համար էլ հիշեցնել է տալիս իր մասին: Երբեմն ազգականին է պետք, երբեմն էլ` ազգականից:

Զինվորինն ուրիշ է, զինվորը ծառայում է հայրենիքին, և այդ ծառայության դրոշմը միշտ նրա մտածողության վրա է: Զինվորը գիտի, որ իր ծառայությունից է կախված ոչ միայն իր, այլ շատ շատերի կյանքը: Մի ժամանակ զինվոր լինելու պատիվը տրվում էր միայն ընտրյալներին: Հասարակության ոչ բոլոր անդամները կարող էին զինվորագրվել բանակին և զենք կրելու իրավունք ստանալ: Հասարակությունն իր անդամների միջև աշխատանքի բաժանում էր կատարել: Սակայն նույնիսկ դա մարդկությունը չի հորինել: Անգամ միջատներն ունեն աշխատողներ, զինվորներ և, բնականաբար, նաև ձրիակերներ։

Մարդկության պատմության բոլոր ժամանակների անբաժան ուղեկիցը պատերազմն է եղել: Թվում է, թե բոլոր ազգերի ամենահիմնական գործը միշտ էլ պատերազմն է եղել, կռվել են, կարճ ժամանակով ընդմիջում արել, ապա նորից կռվել: Բայց պատերազմներն էլ, ինչպես ամեն ինչ այս արևի տակ, տարբեր են լինում: Ֆրենսիս Բեկոնը այդ առիթով շատ կարևոր միտք է լույս աշխարհ բերել. «Հայրենասերները միշտ խոսում են հայրենիքի համար մեռնելու պատրաստակամության մասին, բայց երբեք` հանուն հայրենիքի սպանելու մասին»: Չնայած մեռնելն ու սպանելը, ըստ էության, նույն բանն են, երկու դեպքում էլ ոչնչացնում ես կյանքը, որը դու չես ստեղծել: Տարբերությունը մեկն է. առաջին դեպքում հստակ հայտնի է, թե ում կյանքն է դրվում զոհասեղանին, իսկ երկրորդ դեպքում բացարձակ չգիտես այդ անհատների մասին: Դրանք միջին վիճակագրական մարդկային խմբեր են` թշնամի ընդհանրական անվանումով: Պարզապես հայտնի է` դու կռվում ես մի թշնամու դեմ, որը գալիս է ոչնչացնելու այն ամենը, ինչն առավել մոտ է սրտիդ, ինչը կազմում է մարդու կյանքի հիմքը: Եվ այդ դեպքում անիմաստ է հիշել «Մի սպանիր» պատվիրանը:

Նույնիսկ Հիսուս Քրիստոսն էր զգուշացնում, որ պատերազմները մարդկանց ուղեկցելու են մարդկության երկրային կյանքի ողջ ժամանակահատվածում. «Նաև պատերազմների մասին կլսեք ու պատերազմական լուրեր կիմանաք: Տեսեք, չվախենաք, քանզի այդ ամենը լինելու է, բայց դա դեռ վերջը չէ»:

***

Օրենքները տարբեր են լինում: Կան բնության օրենքներ, որոնք անկախ են մեզանից: Մարդկային հասարակության նույնիսկ ամենահզոր անհատը, ամենահարուստ օլիգարխն ու միջազգային հարաբերությունների վրա առավել մեծ ազդեցություն ունեցող պետական գործիչն անգամ անկարող են ամենաչնչին կերպով ազդել դրանց վրա: Խոշոր մոլորակներն ու փոշու հատիկները միևնույն օրենքներով են պտտվում Արեգակի շուրջը: Իսկ եթե պատահում է, որ դրանց ճանապարհները մի օր խաչվում են, բնության օրենքների համապատասխան է կատարվում նաև բախումը:

Ցանկացած կենդանի սեփական կյանքից բացի անձնուրաց կերպով կարող է պաշտպանել նաև իր ձագերին: Դա էլ է բնության օրենք, քանի որ հակառակ դեպքում վտանգված կլիներ այս կամ այն ցեղատեսակի հետագա գոյությունը: Որպեսզի բնության ստեղծած կենդանական տեսակները շարունակեն ապրել, կենդանիների ներսում աշխատում է իրենց սերնդին ամեն կերպ պաշտպանելու հզորագույն բնազդը: Շատերը, կենդանական աշխարհում նման դրսևորում տեսնելով, ապշում են, որ կենդանիները ճիշտ մարդկանց նման են վարվում: Իսկ իրականում մարդն այս հարցում պարզապես շարունակում է պահպանել կենդանական բնազդը:

Մարդկային բանականությունն այդ բնազդի արտահայտմանը տարբեր ձևեր ու երանգներ է հաղորդում, մարդն իր առօրյա կյանքում բանականորեն խմբագրում է կենդանական այդ հզոր զգացումը: Բայց պետք է հիշել, որ բանականության արգասիք հանդիսացող մտածողությունը խիստ անհատականացված է և ի վերջո տվյալ անհատի աշխարհայացքի մասն է կազմում: Իսկ բնազդը բացարձակ է, այն կրում է միայն տեսակի հարյուրավոր նախնիների կյանքի պատմությամբ հղկված բնականոն գոյության ու հարաբերակցության վերուստ պարգևված գործելակերպի մղումը: Մարդն էլ է այդպես, քանի դեռ բնազդով է գործում:

Արդեն տասնհինգ հարյուրամյակ մենք ազգովի կրկնում ենք. ՙՄահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն՚: Այդպես է ասվել հայրենիքի պաշտպանության համար ռազմի դաշտում քաջերի զոհվելու կապակցությամբ: Իսկ որքանո՞վ ենք զգում այդ խոսքերի իմաստն այսօր: Տասնհինգ հարյուրամյակների ընթացքում դրա իմաստը որևէ փոփոխության ենթարկվե՞լ է արդյոք: Իմացյալն այն է, որ հասցրել է անցնել իմացականության պրիզմայի միջով, երբ գիտեցածը նաև գիտակցվել, բյուրեղացել է արդեն որպես գիտելիք ու արժեք: Չեմ հիշում, որ երբևէ լսած լինեմ, թե մարդկային հասարակության ու անհատ մարդկանցից բացի կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ ունենան արժեքների ու արժևորման համակարգ: Գուցե այս դեպքում էլ, ինչպես մեր մեծամիտ (նկատի ունեմ` մարդկային) մտածողության թելադրանքով ստեղծված կաղապարային այլ պատկերացումների դեպքում, ես չարաչար սխալվում եմ: Բայց իսկապես որևէ տեղ չեմ լսել ու չեմ կարդացել:

Այնուամենայնիվ ելնենք այն վարկածից, որ արժեքների համակարգը բանական արարածների մտածողության արգասիքն է: Այդ մասին է վկայում նաև այն, որ արժեքների համակարգը կարող է փոփոխվել, երբ հասարակության ապրելակերպն է փոխում: Երբեմն ստացվում է այնպես, որ մարդիկ ամենամեծ արժեք են համարում պատիվը կամ գիտելիքը, երբեմն մեծագույն արժեք է դառնում սոցիալական սանդուղքի վրա գրաված տեղը կամ ունեցած գումարի քանակը: Ու եթե առաջիններն արդեն արժեքների ցուցակում գոյություն չունեն կամ զբաղեցրել են երրորդական ու չորրորդական տեղեր, արդեն անկարևոր է դառնում երկրորդներին հասնելու ճանապարհը: Այստեղ սկսում է գործել «Հաղթողներին չեն դատում» վճռի հասարակականորեն առավել գռեհկացված տարբերակը:

Այս տողերը գրելուց ու դրանցով հիանալուց հետո հասարակական կյանքում գյուտ արածի շապիկ հագնելու գայթակղություն է առաջանում: Ուզում եմ ասել, որ այդ ասածներից հետո տրամաբանությունը մի միտք է սաղմնավորում, որին կյանք հաղորդելուց հետո կարելի է այսպես ձևակերպել. «Քանի որ հասարակական արժեքների համակարգը փոփոխական է և հանդիսանում է մարդկային հասարակության կեցության ուղղակի գործառույթ, ապա այն իսկապես մարդկային բանականության ծնունդ է, իր կարևորությամբ` բնազդի ու բնազդածին զգացմունքների նկատմամբ ածանցյալ նշանակությամբ»: Ուրեմն այսօր որքանո՞վ ենք հասկանում և առավել ևս արժևորում «Իմացյալ մահն անմահություն է» ծերունազարդ խրատը: Թվում է, թե դա օրենք չէ, դա արժեհամակարգի մի մասնիկ է, որն, ինչպես ասվեց, ժամանակի հետ փոփոխվելու հատկություն ունի: Այդպես է, լավ համարենք դա, թե վատ, բարեբախտություն անվանենք, թե դժբախտություն…

 

***

Հայրենիքի հասկացությանն անքակտելիորեն կապված է հայրենասիրության գաղափարը: Այդ գաղափարն արդիական է եղել մեզ հայտնի բոլոր ժամանակներում, և, անշուշտ, նույնքան արդիական է մնալու նաև տեսանելի ապագայում: Ուստի նորից հարց է ծագում, թե ինչու են սիրում հայրենիքը: Ոչ այն պատճառով, որ այն շատ հարուստ է, ոչ այն պատճառով, որ շատ մեծ է, ոչ այն պատճառով… «Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է», կարծում էր Սենեկա Կրտսերը: Իսկ այն, ինչ քոնն է, պահանջում է ոչ միայն սեր, այլ նաև պաշտպանություն, որ չխլեն քեզանից, ամենօրյա աշխատանք, որ շարունակի ապրել, անհրաժեշտ հոգածություն, որ զարգանա: Այնպես, ինչպես այդ հայրենիքի ամենափոքր բջիջը` քո ընտանիքը: Եվ զգացումն էլ ունի ստորինից դեպի վերինը պահպանվելու հատկությունը: Եթե, իհարկե, վերին կարգերում զգացողություն առաջացնող հարաբերություններն էապես չեն տարբերվում ստորին կարգերում գոյություն ունեցող նույնատիպ զգացողություններից: Ուզում եմ ասել. եթե սիրում ես ընտանիքդ` սիրում ես քո թաղը, քո գյուղը կամ քաղաքը և այդպես շարունակ: Բայց դու քո ընտանիքը սիրում ես այն առանձնացնելով մյուս ընտանիքներից, քո թաղն առանձնացնում ես մյուս թաղերից, և ցանկացած հակասության դեպքում առաջնային է դառնում քո թաղը: Ինչ անուն ուզում եք, եկեք տանք` ընտանեկան կամ թաղային հայրենասիրություն, բայց ամեն ինչ դրանից է սկսվում: Նույնը վերաբերում է գյուղին ու քաղաքին, որոնք փոքրիկ հայրենիքներ են, որոնք առաջացնում են նույն զգացողությունները, ինչ առաջացնում է երկիրը: Չնայած սխալ բան եմ ասում: Ֆրենսիս Բեկոնն ասում էր. «Հայրենիքի հանդեպ սերն սկսվում է ընտանիքից»: Իրականում երկրի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է գետի նման, որի վտակները գոյանում են աղբյուրների ու առվակների միացումից և հետո միայն առաջացնում հզոր գետը: Յուրաքանչյուր աղբյուր ու առվակ իր հետ բերում է այն հողի համը, որտեղ այն դուրս է հորդել երկրի ընդերքից: Ու հայրենասիրություն հավաքական անունով այդ բազմաբույր փնջի մեջ արդեն անհնար է գտնել բոլոր բույրերի ծագման աղբյուրը:

Միայն հիմա, գրելու պահին եմ հասկանում, որ նույնը շատ ավելի ընդգծված արտահայտվում է երկրի պարագայում: Եվ հայրենասիրությունն իրականում մարդուն տրված է որպես պարգև, որը նաև նրա խաչն է, այն ծանր բեռը, որին նա պետք է պատրաստ լինի և որը կարողանա պահպանել ու կրել: Եվ ընդհանրապես, սիրո ցանկացած տեսակ պետք է դիտարկել որպես աստվածային պարգևի ու ծանր պատասխանատվության խառնուրդ, քանի որ այն մի կողմից հոգին պարուրող անսահման բերկրանք է, իսկ մյուս կողմից` զոհողությունների գնալու մշտական պատրաստակամություն: Առանց մեկի մյուսը չի կարող գոյատևել, և այդ դեպքում անհնար է խոսել սիրո, այդ թվում` հայրենիքի հանդեպ սիրո մասին…

 

***

Այս արևի տակ ամեն ինչ արդեն եղել է բազմիցս: Սակայն ամեն սերունդ կրկնում է իր նախորդների բոլոր դասերը: Եվ ստացվում է, որ մինչև սեփական կյանքով չանցնեն այդ դասերը, միայն անցյալը փորփրելով ու խորիմաստ դատողություններ անելով ոչինչ չեն սովորի: Դա է պատճառը, որ մարդիկ չեն դադարում ոչ սխալներ, ոչ էլ սխրանքներ գործել: Ամեն ինչ թերևս կախված է նրանից, թե ով որ պահին որտեղ է հայտնվում: Միայն post factum ես փորձում հասկանալ, թե 18-20 տարեկան երիտասարդին որտեղի՞ց այն ոգեղեն ուժը, որ նրան կանգուն է պահում թշնամու բազմապատիկ ավելի զորքերի առաջ, օգնում է կանգնեցնել նրանց ու ետ շպրտել: Սկսում ես նորից փորփրել իբր գիտակցած ճշմարտությունները, որպեսզի հասկանաս, թե արդյոք «Մահ իմացյալը» արժեհամակարգի մի մա՞ս է ընդամենը, թե՞ ավելին է, որ ամեն ծնվող երեխայի պորտալարով նրան է փոխանցվում անցած բոլոր սերունդների կյանքից ու փորձառությունից:

Հայրենասիրության մասին իմաստուն արտահայտություններ շատ կան։ Բայց մի բան էլ կա, որը երբեք չպետք է մոռանալ, եթե ուզում ես, որ հայրենիքիդ սահմաններն անառիկ լինեն: Դա զինվորին սիրելն է: Ինչ անուն ուզում ես տուր դրան` զինվորասիրություն, զինվորապաշտություն… Զինվորի ու հասարակության կապը չի կարող ամբողջական լինել, եթե այն հիմնվում է բացառապես ամեն մի առանձին զինվորի կյանքից եկող կապերի վրա: Զինվորը հասարակության ուշադրությունը պետք է զգա ոչ միայն այն ժամանակ, երբ կյանքի ու մահվան պայքարի մեջ է մտնում թշնամու հետ, երբ պատրաստ է մեռնել հանուն հայրենիքի: Թեոդոր Ռուզվելտի` վերևում բերված խոսքերը մի քիչ ձևափոխելով հանգում ենք ևս մեկ կարևոր ճշմարտության. «Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեծարել հանուն քո հայրենիքի զոհվող զինվորին, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ամեն կերպ նեցուկ լինել հանուն հայրենիքի ապրող զինվորին»:

Հռոմեացի պատմաբան Կոռնելուս Նեփոսը 21 դար առաջ է ասել` Si vis pacem, para bellum, ասել է թե` «Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»: Եվ այդ պատրաստվելու ամենակարևոր տարրերից մեկը հայրենիքի զինվորի առակայությունն ու նրա պատրաստ լինելն է:

Ակնհայտ է, որ հայրենիքի հանդեպ վերաբերմունքի ձևավորման վրա էական նշանակություն են ունենում ոչ միայն սիրելի անձինք, ընտանիքը, ոչ միայն ընկերները, ոչ միայն հարազատ վայրերն ու հուշերը դրանց մասին, այլ նաև այդ հայրենիքը պետական ապարատի տեսքով ներկայացնողների կերպարն ու վերաբերմունքը: Ճիշտ է, հայրենիքը, պետականությունը շատ ավելին են, քան մեզանում պետական իշխանությունը կիրարկող անձանց ստեղծած կառավարման ապարատը, ավելին, քան այս կամ այն պաշտոնյայի բարոյական կերպարը: Եվ այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ մարդիկ սոցիալական կենդանիներ են, և այդ սոցիումի միջին վիճակագրական վերաբերմունքը տաշում, հղկում է դրա յուրաքանչյուր անդամի անհատականությունը, փորձում այն հարմարեցնել ընդհանուր պահանջներին: Ահա, այս հարմարեցման բարդ գործընթացում է, որ անհատը կառուցում է արժեքների իր համակարգը, որը կարող է ամբողջապես ենթարկվել սոցիումի առաջարկած խաղի կանոններին, բայց կարող է լուրջ հակասության մեջ մտնել դրա հետ:

Այս խորհրդածություններում մի անգամ արդեն նշել եմ, որ արժեհամակարգը պատմական կատեգորիա է և կարող է փոխվել ժամանակի ընթացքում: Բայց մարդու սեփական արժեհամակարգի ստեղծմանը մասնակցում են բազմաթիվ ոչ անցողիկ արժեքներ: Դրանց թվում թերևս ամենահիմնարարներից մեկը արդարության սկզբունքի պահպանումն է: Հայրենիքն իր բոլոր դրսևորումներով, սոցիումի կազմակերպման օրենքներով հանդերձ պետք է հիմնված լինի այդ սկզբունքի վրա: Ոչ թե գրավոր ու բանավոր հռչակագրի տեսքով, այլ կյանքի բոլոր դրսևորումներով: Միամիտ պետք է լինել կարծելու համար, որ արդարության սկզբունքը երբեք չի խախտվելու, բայց նաև վերջին պարզամիտը պետք է լինես, որպեսզի մտածես, թե այդ սկզբունքի խախտումը չի խարխլում հայրենիքիդ անվտանգությունը:

Պատճառահետևանքային կապերով կառավարվող մեր աշխարհում պատճառի և հետևանքի բաժանումն իրարից ամենահեշտ խնդիրը չէ: Մարդիկ հաճախ հետևանքը պատճառի տեղ են ընդունում և ստեղծում պատկերացումների գլխիվայր կառույցներ, որոնցից դուրս գալն այնքան էլ դյուրին չէ: Դյուրին չէ նաև այն հարցի պատասխանը, որն այս խորհրդածությունների առիթը դարձավ: Բայց մի բան ակնհայտ է. Մինչև զինվորը հայրենիք չունենա, հայրենիքը զինվոր չի ունենա:

 

 

մայիս, 2016 թ., Արցախ

մայիս, 2017 թ., Երևան

 

 

 

Անդին 5, 2017

Share

Կարծիքներ

կարծիք