Չափումի չափման փորձ

13Մենք բոլորս ապրում ենք պայմանականությունների մեջ` ենթարկվելով արդեն եղածներին և ստեղծելով նորերը: Դրանք այնքան շատ են, որ երբեմն թվում է, թե մեր կյանքն ինքնին պայմանական է:

Պայմանական են չափումները, որոնց սահմաններում (հենց մեզանով էլ ստեղծված) մենք ապրում ենք` համառորեն համարելով «տարածություն» ու «ժամանակ» չափումները իրական, անհերքելի և անխուսափելի:

Ժամանակակից իմաստասիրությունն ու գիտությունը անընդհատ փոխում են մեր պատկերացումները տարածության և ժամանակի ֆենոմենների վերաբերյալ` նպատակ ունենալով ավելի հասկանալի ու հստակ դարձնել դրանք, իրականում, սակայն, հենց այդ պատճառով էլ դարձնում ավելի ու ավելի պայմանական:

Մեզ ծանոթ և հասկանալի տարածություն չափմանը հավանական և հնարավոր գոյություն ունեցող զուգահեռ տարածությունները վաղուց արդեն գիտաֆանտաստիկ գրականությունից տեղափոխվել են խիստ գիտական տիրույթ և դարձրել մեր պատկերացումները էլ ավելի պայմանական (չէ՞ որ եթե կարող են լինել զուգահեռ տարածություններ, ուրեմն նրանց կողքին կարող են լինել ուղղահայաց և կամ ցանկացած այլ անկյան տակ գտնվող տարածություններ):

Նույնքան, եթե ոչ ավելի հարուստ են նոր գիտական պատկերացումները ժամանակ չափման մասին: Ժամանակի դանդաղեցման, արագացման, անգամ անժամանակ փոսերի հայտնագործությունները վաղուց իմաստասիրության ոլորտից տեղափոխվել են ֆիզիկայի և մաթեմատիկայի ճշգրիտ տիրույթներ:

Բայց այս ամենի շնորհիվ տարածություն ու ժամանակ չափումները իրականությունից տեղափոխվում են պայմանական հասկացությունների ոլորտ:

Մանկությունը, օրինակ, չունի ժամանակի չափում:

Մանկությունը այն է, երբ բոլորը դեռ ողջ են:

Նա չունի և չի ընդունում անցյալ ու ապագա հասկացությունները: Մանկությունը ամբողջովին մեկ չափման տիրույթում է, որից մենք հեռանում ենք, և որի մասին են մեր հետայսու տողերը:

Բայց մինչ այդ մի քիչ էլ մանկության մասին:

Այն բացարձակ ինքնամփոփ ու ինքնաբավ տիրույթ է, մենք ապրել ենք այնտեղ ոչ թե բացահայտելով աշխարհը, ինչպես հետո ենք կարծում, այլ ընդունելով այդ աշխարհը, միաժամանակ մաս-մաս և ամբողջովին, ընկալելով ու ընդունելով այն որպես ի սկզբանե իրեն (մանկությանը) պատկանող ընծաներ:

Ծնողները, առաջին խաղալիքները, արևն ու ամպերը, երկինքը, թափառական շներն ու կատուները, ցատկող ու ճախրող թռչունները, միջատները, որոնց չափերը մանկության տիրույթում ահռելի են, բայց չեն վախեցնում, հակառակը` միայն հետաքրքրություն ու հրճվանք են առաջացնում – նրանք բոլորը քոնն են և դու` նրանցը, հավասարապես և անմնացորդ:

Մանկությունը զուրկ է որևէ պայմանականությունից, որովհետև ամբողջովին ու անմնացորդ գոյություն ունի մի չափման տիրույթում, որի գոյությունը ավելորդ, անիմաստ է դարձնում որևէ այլ չափում:

Մեծանալով, լքելով մանկության ինքնամփոփ աշխարհը (մոլորություն է կարծել, թե` ամբողջությամբ ու անդառնալի)` մենք զգալի չափով դուրս ենք գալիս այն չափման տիրույթից, որի մեջ ամբողջովին ընկղմված է մանկությունը:

Եվ որքան շատ ենք հեռանում այդ չափումից, որքան քիչ ենք զգում այդ չափման գոյությունը, այնքան շատ ենք փնտրում այն, ձգտում այնտեղ, այդքան շատ ենք ուզում վերադառնալ այդ չափումի տիրույթը, բայց արդեն որպես հասուն մարդիկ:

Այդ չափումը սերն է:

Այո, մեր համոզմամբ` սա՛ է իրական չափումը, որի մեջ ապրում է աշխարհը: Տարածությունն ու ժամանակը ածանցյալ և այդ իսկ պատճառով այդքան պայմանական չափումներ են, նրանք անընդհատ նորանոր դրույթներ ու փաստարկներ են պահանջում սեփական գոյությունը ապացուցելու համար, մինչդեռ սերը կարիք չունի ինքն իրեն ձևակերպելու, բացատրելու, չափելու` իր գոյությունը, առկայությունը ապացուցելու համար:

Եթե ժամանակը կարող է դանդաղել կամ արագանալ, որոշակի պայմաններում ու տեղերում անգամ կանգ առնել, եթե տարածությունը կարող է ունենալ այլ` զուգահեռ տարածություններ, ապա սերը անընդհատ է, անփոփոխ է, եթե կուզեք` բացարձակ (աբսոլյուտ):

Եթե դուք դեռ ի վիճակի եք հիշել որևէ պահ, ակնթարթ ձեր մանկությունից, ձեր մեկ հայացքը` ուղղված աստղերին այդ տարիքում, դուք անպայման կհիշեք այն սիրո զգացումը, որով լի էր (լի՛ է) յուրաքանչյուր աստղի լույսը, որը դուք տեսնում էիք (տեսնո՛ւմ եք), և որը տեսնում էր (տեսնո՛ւմ է) ձեզ…

Սերն ավելի մեծ է, քան ժամանակն ու տարածությունը, քանզի նա կա այս չափումներից դուրս և այս չափումներից անկախ, կա մեզանից անկախ` թե՛ մեր ներսում, թե՛ մեզանից դուրս (սերը կա, երբ անգամ վաղուց չկա մեր սիրո առարկան):

Ուստի խնդիրը, նպատակը այդ չափման տիրույթ վերադառնալն է` անառակ որդու պես, Ոդիսևսի պես, Պլատոնի անդրոգինների իրար ձգտող երկու կեսերի պես…

Սիրո՛ մասին են այս և բոլոր միֆերը, պատումները, բոլոր կրոնները: Միակ իրական չափման մասին և այդ չափման մեջ ապրելու մասին:

Միակ չափման, որի տիրույթում ապրելը չի պահանջում սահմաններ, բացատրություններ, հաշվարկներ, որը չունի նախապայմաններ…

Սերը պարզապես կա՛…

Ու մենք էլ կա՛նք…

Այս չափման տիրույթում, թե ոչ` մե՛ր ընտրությունն է…

 

 

 

Անդին 3, 2017

Share

Կարծիքներ

կարծիք