քո բառերը

narek dallakyan

քո բառերը

Մարդիկ, որոնք ամեն օր շարժվում են իմ կողքին, մտածում են, որ ես անկարող եմ վայելել ինչ-որ մի բան, սիրել ինչ-որ մեկին կամ նման մի բան, բայց նրանք երևի թե երբեք չհասկանան (չեն հասկանա, քանի որ ես երբեք չփորձեցի հասկացնել ինձ իրենց), եթե հասկանան էլ` քչերը, որ ես ապրում եմ ցնորքների մեջ, իսկ այնտեղ ամեն բան հնարավոր է: Հնարավոր է` ես չսիրեմ քեզ, հա, ես անզոր եմ այդպես սիրել քեզ, քրոջդ, մոտ ընկերուհուդ, կամ էլ երբ ձեր շենքի ամենատպավորիչն ու անթերին անցնի իմ կողքով` իմ աչքերը չդադարեն նայել հորիզոնում գտնվող այն չշարժվող կետին, որը զբաղեցրել էր ինձ նախքան նրա` իմ կողքով անցնելը: Բայց ես ունակ եմ սիրելու այն մարդուն, ով իր քաղաքային մտքերը` թաթախված արվեստի, կրքի, երազանքի մեջ, կպոկի իր միջից ու կշարի իր ֆեյսբուքյան պատին (տեղը կապ չունի, կարևորը` որ ես այն մի ձև նկատեմ): Ես կսիրեմ իր գրած տառերը, եթե դրանք այն տառերից լինեն, որոնց հանդեպ ես թուլություն ունեմ, ես կսիրեմ իր զգալու ունակությունը, իր ստեղծած իռացիոնալ իրերն ու երևույթները, կողքը գտնվող ամենափոքր ձևերին ու շարժումներին, հայացքներին, հպումներին, շնչառություններին, մարմնի տեղաշարժին ուշադրություն դարձնելն ու այն մթնոլորտը, որ կարողանում է տարածել իր շուրջը: Ես կերկարացնեմ իմ ու իր պատկերացումների խառնուրդը ու կհիանամ երևակայական արդյունքով, բայց չեմ ասի նրան ոչինչ, չեմ գրի ոչ մի բառ, որովհետև ես առավել շատ էդ պահին կսիրեմ իր բառերը, քան մարմինը, այն, ինչը կատարվում է իր մարմնի ներսում: Որովհետև ինչ-որ պահի անընդհատ առջևդ երևացող մարմնից մենք ուղղակի հոգնում ենք:

Ես կարող եմ սիրել իր հագուստը, որոնց հետ նա վարվել է արվեստորեն, ես կարող եմ սիրել իր աչքերն ու երկար մատները, որոնք թվում է, թե կապ չունեն մարմնի հետ, բայց ես չեմ կարող իր բառերի պես սիրել իր մարմինը, որովհետև մտավախություն ունեմ` զգացած բառերը արժեզրկվեն նրա համար, որ իր մարմինը անթույլատրելիորեն դարձել է ինձ համար սովորական մի բան:

Մենք մշտապես կարող ենք սիրել մենակ մեր պատկերացումները. այն, ինչ կա իրականում, այդքան էլ չի գոհացնում: Որովհետև բառերը ունակ են նորոգելու իրականության հնացած պատկերները, դրանք փոխարինելու քեզ անծանոթներով, իսկ ես ոչինչ առավել չեմ կարող սիրել, քան երևակայորեն թարմացվողից, դրանով ձև տրվողից, որոնք հասունանում ու ձևափոխվում են քո գիտակցության ճանաչողության գրավված նոր իմացությունների հետ: Իսկ մարմինը հիմնականում կարողանում է հիանալիորեն վազել դեպի անտարբերության ու ձանձրույթի չվերջացող թունել:

իմ ու քո սենյակը

Գիշերը սենյակի պատուհանից նայում եմ մթի մեջ տնավորված շենքերին: Շենքերի վրա մեկումեջ երևում են տների դեղին լույսերը, որոնք փոքր քառակուսիների ու ուղղանկյունների են վերածվում բարձրահարկերի վրա: Հեռանում եմ պատուհանի մոտից ու անցնում գործերիս, անցնում է մի քանի ժամ, նորից եմ մոտենում, համեմատաբար նախորդ պատկերին` սև գույնի բացարձակ իշխանությունը հաստատելու դեմ դեռևս շարունակում է պայքարել մի քանի լույս: Եվս մի քանի ժամ, ու արդեն հնարավոր է տարածության մեջ հաշվել այդ դեղինները. մեկը ահա դիմացի շենքի 5-հարկանիի 3-րդ հարկում է, մյուսը` կողքի 9-հարկանիի 9-րդում, երրորդը` մի քիչ հեռվում երևացող 16-հարկանիի 11-րդ հարկում: Գիշերվա չորսին շարունակվում են վառվել, հինգին նորից կան, վեցին` կրկին անփոփոխ: Ես գնում եմ քնելու: Հաջորդ օրը նորից հետևում եմ պատուհանից բացվող տեսարանին, դանդաղ վերացող դեղիններին, մոտենում է գիշերվա ուշ ժամը, ու հասկանում եմ, որ նորից մնացին այն նույն երեքը, ու այդպես ամեն օր: 3-րդը, 9-րդը, 11-րդը: Երևի նրանք չեն համակերպվում գիշերը քնելուն: Երևի մենակ էդ պահին է հարմար` լսելու կտուրների ձայնը, լսելու ծառերի խոր ու մաքուր հևոցը, որովհետև մենակ էդ պահերին է հետդ կատարվում մի ինչ-որ ուրիշ բան, ու դու էլ քեզ էդքան հարազատ անունով մարդը չես, գրողը տանի, դու շփոթվում ես ինքդ քո օտարացումից ու սկսում ման գալ ցերեկվա կերպարին, ում քիչ առաջ կորցրիր:

Կորան ցերեկվա մտքերդ, հոգիդ, շարժումներդ, ցանկություններդ, պատկերացումներդ, մարմինդ, դու դառնում ես ինքդ քեզ օտար, էն էլ մնաց` աշխարհը էդ պահին չդառնա քեզ անծանոթ: Հետո վեր ես կենում, ավելացնում մոխրամանի միջի մոխիրը, բազմապատկում կոֆեի դատարկ բաժակները, ավելացնում աչքերիդ կարմրությունը, մաքուր օդ շնչելու համար դուրս գալիս պատշգամբ ու շնչում օրվա ամենամաքուր օդը, ամենամաքուր հոտը, այն, որը ի սկզբանե եղել է` մինչև մարդու` ստեղ ոտք դնելը:

Ծանր քայլերով հետ ես վերադառնում, երկար ժամանակ կոպերիդ հանգստանալու հնարավորություն չտալուց հետո, երբ մի քանի րոպե իջեցնում ես, միանգամից քնում ես ու անգամ երազներում քեզ մատուցում էն իրականությունը, որ սպասվում է քեզ առավոտյան: Երազումդ դու նստած ես աշխատասենյակիդ քառակուսի խցում, ու մի պարոն, դուռը բացելով, ներս է մտնում, ձեռքին` լիքը թղթեր, դնում է սեղանին ու դուրս է գալիս: Վերցնում ես ամենավերևի թուղթը, ձեռքումդ շոշափում, սկսում կարդալ: Լիքը հարցեր, երկրորդն ես վերցնում` նորից լիքը հարցեր, երրորդն էլ` նախորդի շարունակությունը: Կատաղած վեր ես կենում ու դրանց չպատասխանելու անտրամադրությունից ուզում էս քեզ գցել աշխատասենյակի պատուհանից, բայց հետո հիշում ես, որ գիշեր է, դու երազում ես, էդ պահին աչքերդ ուժեղ փակում ես ու վերջ, դու նորից արթուն ես: Սկսում ես նայել պատերին, ու թվում է, թե ուր որ է անձայն պատերը պատասխան կտան բոլոր հարցերին, ու էդ ուր որ էի միտքը քեզ մտահոգությունիցդ կտրում է, ու առաջին անգամ, ամենից անկախ, վայելում ես օրդ, սենյակիդ դատարկ պատերը:

էն մտքերը

Կան մտքեր, որոնց կարիքը մենք այնքան շատ ունենք: Էդ մտքերը պլանավորված ներս մտնողներից չեն, ոչ էլ իրավիճակից դրդված ստեղծվող, այլ մի ուրիշ` ոչ հասարակ սկզբնաղբյուրից հրավիրված: Հասկանալու համար, թե ինչ մտքերի հետ եմ, պիտի գոնե ժամանակ առ ժամանակ զգաս ինչ-որ անհարմարություններ.

մաշվածությունից քրքրված շորեր,

100 դրամի բացակայությունից կենտրոնից տուն հասնելուց հետո ոտքերի ճնշող ցավ,

փողի համար համալսարան չընդունվելու կամ էլ ընդունվելուց հետո համալսարանից դուրս մնալու անսպասելի իրավիճակ,

չկանգնել երբեք կարմիր լույսի տակ, որովհետև կարմիրը կանգնելու ազդանշան է մեքենաների համար, իսկ դու մեքենա չունես, դու միշտ ոտքով ես,

ունենալ կիսադատարկ ստամոքսով անցկացրած գոնե մի քանի օրեր,

թերթերում, կայքերում, գրքերում կամ պարզապես շուրջդ տեսնել մարդկանց, որոնց համար կյանքը հնարավորությունների աշխարհ է, որտեղ նրանք ապրում են, ինչպես ամենավառ երազում,

ծանր աշխատանքից հետո գրպանումդ ծիծաղելի աշխատավարձով մտնել տուն ու փռվել անկողնու վրա` հոգնությունդ ծածկոցին փոխանցելու մտադրությամբ,

համակրածդ մեկին տեղ հրավիրելու հնարավորության պակաս,

կամ էլ ուղղակի պիտի բաց լինես պատահականորեն օրվա ինչ-որ պահի ներս խուժող մտքերի առջև:

Եթե դու այս ամենից ոչ մեկը չես զգացել, բայց այնուամենայնիվ հետաքրքրեց քեզ ու ուզում ես իմանալ, թե ինչ մտքերի հետ եմ, ուրեմն մի օր` օրինակի համար հենց էսօր, եթե օրն արդեն վերջանում է, վատ տարբերակ չի նաև վաղը, հենց վաղվանից սկսկիր` թեթևացրու գրպանդ գումարներից, ստամոքսդ` հացից, սենյակդ` ջերմությունից, ներսդ` լույսից, մատներդ` գեղեցիկ սիրուց, մոռացիր նախկին վիճակին հետդարձի հնարավորությունն ու սկսիր տենց շարունակական ապրել: Ու մեկ էլ կհասկանաս, որ կանգնած ես տիեզերքին ընդառաջ ու շատ հանկարծակիորեն, քեզ չսազական դրամատիկ ձայնով շշնջում ես` «Ի՞նչ ես դու, կյանք»:

Կյանքի առեղծվածը մոտենում է քեզ միայն այդպիսի պահերին, մեկ էլ զգում ես, որ առանձնացել ես մոլորակից ու տիեզերքում մի տեղ հենված նայում ես, թե ոնց է մոլորակը պտտվում, այնպես ես զարմանում, կարծես հենց նոր գլխի ընկար, որ առհասարակ ինքը էս ձևն ունի ու պտտվում է տիեզերքի իրեն հատկացված մասում, հետո վերադառնում ես քո սենյակ, ու էդ պահից կյանքը, աշխարհը այնպիսին չի բովանդակվում քեզ համար, ինչպես նախկինում, այլևս ավտոբուսով ինչ-որ տեղ ճանապարհ ընկնելուց մեքենայի պատուհանից այն կողմ բացվող տեսարանները զուտ շենքերի, գործարանների կամ բնության պատկերներ չեն քեզ համար, ծառերը, դաշտերը բլուրները վերածնվում են նոր իմաստությամբ, իսկ դու, քեզ Տարկովսկի երևակայելով, փորձում ես էդ համընդհանուր կանաչի մեջ բեմադրական շարժեր ներկայացնել, սիմվոլներ տեղադրել այստեղ ու այնտեղ, մազերը խառնված մեկին կարգադրել, որ վազի պատուհանից այն կողմ թվացյալ անծայրածիրության մեջ, թավալվի գետնին, քսվի նոր թրջված կանաչին ու չդադարի ընթացքը դեպի այն կետը, որը գտնվում է շատ հեռվում` հազարավոր քաղաքներից, շենքերից, ծառերից ու մարդկանցից այն կողմ, որի գոյությունը կարծես մինչև այս երբեք քո ուշադրության կարիքը չի զգացել, որովհետև քեզ համար այն մինչև այս երբեք գոյություն չի ունեցել:

Այդ մտքերի` ինչ-որ մի տեղ գտնվելու ժառանգական ցանկությունը ծնում է այն գիտակցական իրականությունը, որտեղ հասարակ ու փողոցային միջադեպերը, փողոցային կյանքերը, փողոցային զրույցները փոխարինվում են նոր տիրույթում` մինչև այս եղած, բայց ոչ բոլորի կողմից իմացված ու ցանկացված աշխարհի զրույցների ու ապրելակերպի հետ, որտեղ ամենօրյա կյանքը ընկալվում է որպես արվեստ, իսկ արվեստը` միակ ապրելու ու զգալու միջոց:

 

 

Անդին 6, 2017

Share

Կարծիքներ

կարծիք