Մեր հիշողությունների շեղբը

IMG_0350

…1990 թվական: Հունվար: Բելգրադ: Տասներկուամյա դստերս` Նազենիի հետ զբոսնում էինք հին քաղաքի սալահատակ հրապարակներից մեկում, որը սերբերի համար ավելի շատ հայտնի էր «Սատկած թուրքի հրապարակ» անունով: Անվանումը հրապարակն ստացել էր 1983 թվականի մարտին տեղի ունեցած հայտնի իրադարձությունից հետո: Հայ վրիժառուի գնդակից սպանվել էր Թուրքիայի դեսպանը: Հունվարյան այդ օրը հեռակա մի զրույց էր սկսվել Անդրանիկ Պողոսյանի հետ… Դստերս` Նազենիին բացատրեցի հրապարակ գալու պատճառը, իմաստը…

Հետո գնացինք մոտակա «Մադերա» սրճարան, ուր պաղպաղակների անհամար տեսականի կար…

…Հիմա 2017 թվականի մայիսն է: Անդրանիկ Պողոսյանի երևանյան առանձնատան բացօթյա պատշգամբում, դեմ-դիմաց նստած, մտերմիկ զրույցի ենք բռնվել, ու կարող եմ 27 տարի առաջ սկսված մտովի զրույցը շարունակել, հարցեր տալ:

-Հիշո՞ւմ ես գործողության օրը:

-Իհարկե,- Անդրանիկի մեղմ ժպիտը խորհրդավոր հիշողության կիսաբաց դռնակ էր…

-1983 թվական մարտի 9, ժամը 11.10:

-Տասնամյակներ են անցել, զղջումի պահ, զգացում ունեցե՞լ ես…

-Ամենևին,- կտրուկ պատասխանեց Անդրանիկն ու շարունակեց,- բայց հեշտ չի եղել: Չէ՞ որ գնում ես ոչ միայն ուրիշի կյանքը խլելու, այլև նույն չափով վտանգում քոնը… Գիտեի, որ ընտրված թիրախը ընտանիք, երազանք ունի, բայց…

-Բայց թո՞ւրք է…

-Թուրք, որի պապերը 1,5 միլիոն երազ են սպանել… ինքը իր երազները այդ երազների դիակներով է կառուցել…

Խորհրդավոր հիշողությունների կիսաբաց դռնակը կամաց-կամաց բացվում էր… Հիշում է ողնաշարից վիրավորվելը, ձերբակալությունը, հարցաքննությունը…

-Արդա՞ր էր դատավարությունը:

-Փակ, գաղտնի, խիստ հսկողության պայմաններում էր ընթանում…

-Վախենո՞ւմ էիր:

-Այո:

-Ինչի՞ց, ումի՞ց:

-Երկու բանից էի վախենում` թուրքերից, որ կարող էին առևանգել, մյուսը` մերոնցից, որ կարող էին փախցնել…

-Երբ 1989-ին Բելգրադում քո դատապաշտպան Պոպովիչին հանդիպեցի, նա էլ նույն բանն ասաց` ավելացնելով. «Ձերոնք երևի հաջողեն Անդրանիկի վաղաժամ ազատումը»: Պոպովիչը անթաքույց համակրանք ուներ քո նկատմամբ…

-Հետաքրքիր մարդ էր,- հիշեց Անդրանիկը,- նրա հետ 1990-ին նաև Ռուբեն Հովսեփյան էր հանդիպել…

Ներիր, որ փորփրում եմ հուշերդ, բայց ի՞նչ զգացում ապրեցիր, երբ դատավճիռը կայացվեց` քսան տարի, առանց ներման իրավունքի, բանտային խիստ ռեժիմ:

-Սովորական: Վճիռը հրապարակելուց հետո երբ բանտախուց տեղափոխեցին, քիչ անց դատախազը եկավ: Եկել էր ներողություն խնդրելու նման վճիռ կայացնելու համար: Նրան մեղադրելու ոչինչ չունեի, ընդհակառակը, շնորհակալություն հայտնեցի այցելության համար` ասելով. «Ես իմ գործն եմ արել, Դուք` Ձերը…»:

…Իմ զրուցակիցը ամենևին էլ շարժասայլակին գամված մարդը չէ, այլ հզոր, ամուր, ոտքերը պապերի հողում խրած անհատականություն, որը աշխարհի քնած հիշողությունն է արթնացրել ու ժանգից մաքրել մեր հիշողության շեղբը…

 

 

Անդին 5, 2017

Share

Կարծիքներ

կարծիք