Անեսթեզիա

Հեղինակ:

 

IMG_4095Նվիրվում է Դավիթին

 

-Բժիշկ ջա՛ն,- ծոր է տալիս հերթական այցելուն,- ընձի հըմար Ջոլիի քթից կսարքե՞ս:

-Ինչո՞ւ, Ձեր անձնական Բրեդ Փիթը Ձեր քիթը չի՞ հավանում,- ծիծաղում է Դավիթն ու շոշափում հայկական ասֆալտների պես անհարթ, խրոխտ լեռների պես գագաթավորված քիթը,- էս որտե՞ղ եք կոտրել:

-Շատ կհիշե՞մ, այ հոգուդ մեռնեմ,- խորը հոգոց է հանում հիսունն անց, բայց հոգսերի պատճառով ևս տասնհինգ տարի շալակը գցած կինն ու աչքերը կկոցում,- քիթ հավանելը ո՞րն ա, արդեն երեք էրեխա ունենք, էլ ի՞նչ հավանել: Պռոստը մարդս էնքան… վայ տղա ջան, ըտեղ մի կպի, խուտուտ ա գալի, հա, ինչ էի ասում… էնքան կյանքս կերավ, օր ու արև չտվեց, արդեն սկականից չեմ կարում շնչեմ, խռխռում եմ: Էս ա արդեն քանի տարի ա` սենց եմ, գլուխս հա ցավում էր, շրջանի բժիշկն ասեց` քթիցդ ա: Էդ ա, դե էկել եմ… Այ տղա, ի՞նչ ես տպտպցնըմ, վը… Հա, էդ ա, դե ստեղ եմ, վիրահատեմ, էլի: Ես էլ ասիմ` որ պըտի գամ ընգնեմ դանակի տակ, գոնյա կարա՞ս ինձնից Ջոլի անես: Զուտ հետաքրքիր ա:

-Կարող եմ: Ռենտգեն կանենք, հետո համակարգչով քթի մի քանի տարբերակ կառաջարկեմ…

— Ինչ քիթ ուզեմ` կդնե՞ս:

-Հա:

-Դաժե Ջոլիի՞նը:

-Դաժե Բրեդ Փիթինը:

-Տերդ մեռնի, բժշկություն, մեր բժիշկ Վալոն որ մի հատ կար ա դնում րեխու վերքին, քրդինքը տալիս ա վրեն, դու ստեղ Ջոլիի քիթ ե՞ս սարքըմ, քաղաքը սաղին աբգոն ա արել,- կիսաբարբառով հետաքրքրվում է վերջերս երևանաբնակ դարձած փոքրահասակ կինն ու Դավիթից հետո ինքն էլ է շոշափում դեմքը` հասկանալու համար` ինչ կա մի քթաչափ ոսկորի ու մաշկի մեջ այդքան ուսումնասիրելու: Բայց ոչինչ չզգալով ու կոտրվածքին դիպչելու պատճառով աչքերն էլի կնճռոտելով` ձեռքերը խաչում է սրտին մոտ:

-Դե, փորձում եմ: Բայց դեռ պիտի տեսնենք` Ձեզ կսազի՞ նման քիթ, թե` ոչ:

-Ո՞նց կարա Ջոլին ինչ-որ մեկին չսազա:

-Պատկերացնո՞ւմ եք, էդպես էլ է լինում:

-Բժիշկ ջան, բայց եքա կնիկ եմ, ամոթ չի՞:

-Ինչի՞ է ամոթ,- հայացքով թղթերն է ուսումնասիրում,- տիկին Մայրանուշ:

-Բա էսօր-էգուց թոռնատեր եմ դառնում, սիրուն քիթն ի՞նչ եմ անում:

-Թոռնիկների համար սիրուն տատիկ կլինեք, լավ չի՞:

-Է, այ տղա, կատակ եմ անում, լուրջ ես ընդունել, ինչ Ջոլի, մարդս անաստված գեշ ա,- ծիծաղում են:

-Բայց հանգիստ կշնչեք, հատկապես գիշերները:

-Ո՞նց կարամ, է՞, ես շնչեմ, դու իմ մարդուն գիդա՞ս, սաղ օր էրեխեքի վրա խոսում էր` որ մոտներս էին: Տարիքս առած կնիկ եմ, էս տարիքում գիշերները անհանգիստ շնչելու էլ պատճառ չկա, մեռնեմ քեզ, կարևորը չխռխռամ: Դու բժիշկ ես, էլի, քեզի կարամ տենց բաները ասեմ:

-Հաստատ հանգիստ կշնչեք,- ասում է Դավիթն ու վարակվում կնոջ անկեղծությամբ,- հիսունն էլ կյանքի վրա խաչ քաշելու ժամանակ չէ, նոր փուլում եք:

-Հա, գոնյա տենց,- մտմտում է այցելուն ու ուզում հասկանալ` որ փուլի մասին է խոսքը: Լավ, հետո կմտածի:- Բժիշկ ջա՛ն,- էլի ծոր է տալիս կոկիկ հավաքած մազերով, կոշտացած ձեռքերով ու փափուկ դեմքով կինը,- բայց հաստատ, չէ՞:

-Հաստատ-հաստատ:

-Ու, ասում ես, սիմպատիշնի քիթ կունենամ, չէ՞:

-Հա, կարող ենք գեղեցիկի առումով էլ միջամտել` եթե ուզում եք: Ջոլին կա ու կա:

-Գնամ, մարդուս հարցնեմ, տեսնեմ կթողա՞ տենց բաներ անեմ: Հիմա բա ի՞նչ եմ անում:

-Ռենտգենի եք գնում: Հիմա բուժքրոջը կանչեմ:

-Էն մատղաշ րեխեն ա՞: Ինչ էլ լավն ա, ղոչաղ: Ամուսնացած ա՞, նենց լավ տղա ունեմ:

**

Դավիթը հողագույն աչքեր ունի, ցեխագնդի պես կարծրացած բնավորություն, մազերի պես փափուկ ձեռքեր: Բնավորության քարագունդը երբեմն փափկեցնում են զգացմունքների առվակները, որոնք ոչ մի դեպքում չպետք է գետակի վերածվեն, թե չէ քարաբնավորությունն ընդդիմանում է ու սկսում խանգարել դրանց հոսել: Զգացմունքի տեր մարդիկ էլ փրփրում են, խփվում կարծրացած ցեխին ու, ի վերջո, հետ քաշվում: Բայց հողագույն աչքերն անընդհատ ստիպում են վերադառնալ, էլի խփվել բնավորությանն ու սովորել հունից դուրս չգալ ու ափերը չտրորել: Դավիթը բժիշկ է, տեղ-տեղ էլ` մարդ, որի մոտ միշտ վերադառնում են:

**

-Բժիշկը դու ե՞ս,- դուռը փակվում է այնպիսի շխկոցով, որ Դավիթի մտքի ծառերի ագռավները կռկռալով պտտվում են աշխատասենյակով ու թռչում հեռու` ուրիշ մտքածառ գտնելու:

-Այո, համեցեք: Կփոխանցե՞ք թղթերը:

-Ա՛ն,- աղջկա անրակներն առաջ են գալիս, հետո ուղղվում ու տիրուհու հետ նստում բազկաթոռի մեջ,- բայց սենց ջահե՞լ:

-Լավ չի՞:

-Դե ոչինչ, էլի: Հանվե՞մ:

-Չէ, եկեք նախ հասկանանք` ինչի համար եք եկել: Եթե, օրինակ, դեմքի, հագուստը հանելու կարիք բացարձակ չկա,- Դավիթը ժպտում է, աղջիկը` քմծիծաղում:

-Ուզում ես ասես` գեշ ե՞մ:

-Չէ, չէ, բացարձակ, շատ հաճելի արտաքին ունեք, ուղղակի շատերը ուզ…

-Հաճելի արտաքին ունեմ, բայց` անհաճո դոշեր:

-Այսի՞նքն:

-Ի՞նչը` այսինքն: Ծիծիկ եմ ուզում:

-Բարի, ո՞ր չափսի կրծկալ եք կրում:

-Առաջին: Բայց ուզում եմ հինգերորդ:

-Գիտեք, իրականում խորհուրդ չի տրվում նման մեծ չափսերի իմպլանտներ կրել, որովհետև, տեսեք, Դուք փոքրամարմին եք, ու ողնաշարի վրա…

-Հա, բայց քո համար ի՞նչ տարբերություն:

-Դուք իմ այցելուն եք, ես պարտավոր եմ Ձեր մասին հոգ տանել:

-Բա քո մասին ո՞վ ա հոգ տանում:

-Հը՞:

-Հը՞` հը՛:

**

Ասում են` պիտի ուտես այնքան, որ սոված չմնաս: Կյանքի սկզբնական շրջանում սա բավարարում է: Սոված չես, ուրեմն կուշտ ես: Երկու զույգ կոշիկ ունես, վատ չի: Գլխիդ վերևը տանիք կա, կոմունալներդ կարողանում ես վճարել, այգում զբոսնելուց գուցե քեզ պաղպաղակ էլ թույլ տաս գնել, ի՞նչ վատ է:

Հետո պարզվում է, որ սոված չես, բայց կուշտ չես: Հասկանում ես, որ սնունդդ պիտի բազմազան լինի, կոշիկը` ներկայանալի, տանիքը քիչ է, պատուհաններդ ձմռանը պիտի ցուրտ չփչեն, կոմունալ վճարելուց բացի հաճելի է երբեմն գիրք ու միրգ գնել, իսկ այգուց բացի աշխարհում կինո ու թատրոն էլ կա:

Տարիներն ավելի են ուղղում իրենց մեջքը, ու գլխի ես ընկնում, որ սոված ես, բայց հետն էլ կուշտ ես: Որովհետև ուտելիքդ շատ է, բայց համ չկա: Կոշիկդ գեղեցիկ է, բայց չգիտես` որտեղ հագնես: Տանդ լույսը միայն դու ես վառում: Գիրքը գնում ես, բայց չես կարդում: Թատրոնին փոխարինում են էժան սրճարանները:

Գալիս ու հասնում ես մի կետի, երբ ընկալում ես, որ սոված ես ու կուշտ չես: Այդ ժամանակ պարզվում է, որ սնունդը նախ պետք է լինի օգտակար, կոշիկը` հարմարավետ, որովհետև այլևս անշարժ դիրքով նստած չես, քայլում ես: Տանը պիտի սիրելիներ ապրեն, որ քարեպատ կառույցից իրական տուն դառնա: Կոմունալները վճարելուց հետո դրամապանակիդ արհեստական շնչառություն չպիտի միացնես: Ամեն ներկայացում ու ֆիլմ չէ, որ նայել է պետք: Երբ զգում ես, որ քաղցած ես ու կուշտ չես, սկսում ես ճիշտ ընտրել: Երբ ընտրում ես, հետո սկսում ես ստեղծել: Երբ սկսում ես ստեղծել, վերջապես լիարժեք ես ապրում, որովհետև կյանքի քաղցն անընդհատ ստիպում է առաջ գնալ` գեղեցիկ, բայց նաև հարմարավետ կոշիկով: Խելացի ես ապրում, ուրեմն` սիրուն ես ապրում:

Դավիթը տգեղ ապրելու գեղեցկությունից զրկված է, ո՞ւմ են պետք մաքուր ու ճիշտ ընտրված գորգերը, եթե դրանք ցեխոտելու համար չես գնել: Ուզում է ռիսկի գնալ ու մի ամբողջ շաբաթ չլողանալ: Դրա փոխարեն վիրահատական դանակները շարում է ըստ հերթականության: Կամ չորս օր նույն հագուստը կրել: Սպիտակ լույսի տակ ուշադիր ստուգում է աշխատանքային ձեռնոցները: Կանգնել ցեխոտ ջրափոսի մեջ: Նկատում է` վիրահատարանում հնչելիք երաժշտությունը փոքր-ինչ բարձրացրել են, հին վիճակին բերեք: Պահպանակը երբեք ատամներով չի բացում: Որովայն բացելիս ատամները երբեք իրար չի սեղմում: Ձեռքերը լվացել է կյանքի ցանկացած դրվագի մեջ դեր ունենալուց, բայց կես ժամը մեկ ձեռքերը պահում է հոսող ջրի տակ: Ստացվում է` խելացի ապրելը սիրուն ապրելու հետ կապ չունի: Բայց Դավիթը դրա մասին չգիտի, որովհետև անխելք ապրելու խելք չունի:

Կյանքը պիտի գծի, թե չէ ծուռտիկ մտքերը կհոշոտեն: Բծեր կթողնեն տրամադրության վրա, գիտակցության լուսանցքը կխախտեն: Մի օր անպայման վերնաշապիկը երկու օր չի փոխի, կցեխոտի գորգը: Բայց ոչ այսօր: ՙՈչ այսօրը՚ կրկնել ամեն օր` երեկոյան` ուտելուց հինգ րոպե առաջ` մեկ չափաբաժնով:

**

-Ըհըն, փաստորեն միջնապատի կոտրվածք, դրանից եկող թեքություն, սա սենց, հարվածն էնտեղ ա, նա էն մյուս հատվածն ա, հա, ուրեմն էս միջնապ…

-Փաստորեն մենակ բախտս չի ծուռ, հա՞, Դավիթ-ազիզ ջան,- տիկին Մայրանուշը գլուխը խեղճ-խեղճ թեքում է կողք:

-Քիթը եթե ուղղում ենք, բախտը քանի՞ գլխանի է, որ չուղղվի: Հետո էլ` ինչի՞ է ծուռ, եթե ծուռ լիներ, ինձ չէիք հանդիպի,- Դավիթը ռենտգենի պատասխանով փակում է արևը:

-Կղրգեին էն թոռոմած բիձու կուշտը, չեմ ուզում, չէ: Ազիզ-բժիշկ ջան, դրան արդեն խի՞ չեք թաղըմ, տատմերիցս մենձ ա:

-Դեռ ժամանակը չի, ձեռքերը չեն դողում, շատ փորձառու բժիշկ է` ի դեպ:

— Դրա ինչն ա, է՞, փորձառու, կանգնել միջանցքի մեջտեղ, գոռըմ ա` կակայա սվոլիճ վզիյալ մայո զաժիմ: Բա նորմալ իսանը զաժիմով մազ ա՞ հըվաքըմ, ասա մորս թայ եքա տղամարդ ես, անամոթ… Բալես, ինչի՞ ես խնդում, դու դուզը ասող րեխա ես, ճիշտ չե՞մ ասում, մեռնեմ ես քեզ:

-Դա մազերի համար չի, վիրահատական գործիք ա, ա՛յ տիկին Մայրանուշ ջան,- Դավիթը ծիծաղը փակելու համար բաժակի մեջ ջուր է լցնում:

-Վունց թե, իրա թեփոտ մազերից հանում ա, քսում մարդկանց վրա՞:

-Չէ, դա գլխի մազերի համար չի:

-Մեղայ Աստծու, բա էդ ուրդիա՞ն մազերն ա հավաքում էդ բեջուռեն:

-Դա հենց մարմնի համար է, սեղմող գործիք, որն օգտագործում են, օրինակ, անոթ…

-Էդ ի՞նչն ա տհենց հուպ տալի, որ չկաթա: Էն հիվանդությունից ունի՞:

-Որի՞ց:

-Էն… բանը… հա, ցըվիստիտ,- գլուխը քորելով տիկին Մայրանուշը հայացքն ուղղում է բուժքրոջը` համաձայնություն ստանալու նպատակով:

-Չէ, չունի ցիստիտ,- ծիծաղը կուլ տալով Դավիթին օգնության է հասնում բուժքույրն ու քաղցր հայացք նետելով կնոջ կողմը` վերցնում սեղանին դրված թղթերն ու շտապում այլ այցելուներին օգնության:

-Լավ րեխա ա, Մելսիկիս բերելու եմ հաջորդ անգամ, որ գանք… Ազիզ ջան, կարող ա՞ նեղացրիմ, իրան վատ ըզգաց, որ գնա՞ց:

-Չէ-չէ, ինչ նեղանալ, մենք միշտ վազքի մեջ ենք…

-Կարող ա՞ էն ցըվիստիտից պիտի չխոսայի, ջահել աղջիկ ա, իսանների զաժիմներից եմ խոսում` եքա կնիկ եմ,- ձեռքերով անհանգիստ շարժումներ է անում ու ժակետի թևքերը քաշում մինչև մատների ծայրը,- ազիզ ջան, բա ինձ էլ հասկացի, կանգնել գոռում ա` կակոյե սվոլճի մայա զաժիմ… -Հա, Սեդրակիչը չի սիրում, երբ իր գործիքները տեղաշարժում են, իր բարձր ձայնը ամեն օր այցելուների հետ հավասար հերթ է կանգնում, արդեն սովոր ենք:

-Մարդս ասում էր էլի` քու կատակները, Մանիկ, ոնց որ մեր հարևան Ռափիկի ավտոն ըլի. տոռմուզները չի պահում,- խորը հոգոց է հանում Մայրանուշն ու հայացքը շրջում դեպի դուռը` հուսալով գտնել բժշկուհուն: Չգտնելով` էլի վերադառնում է Դավիթի հայացքի շրջակայք:

-Հանգիստ եղեք, Դուք էիք ասում, մենք բժիշկներ ենք, սովոր ենք նման զրույցների,- ժպտում է Դավիթը, երկար հայացք նետում երիտասարդության փշուրները կնճիռների արանքում թաքցրած կնոջ դեմքին ու արագ հիշում մնացած այցելուների անվերջ թվացող հերթը,- տեսեք,- ռենտգենի պատասխանով էլի փակում է արևը, մատներով էլ խանգարում շողերին,- այ էս գոգավորությունը տեսնում ե՞ք:

-Ես տենց սփրթնած ե՞մ, էդ ինչի՞ եմ կապուտ:

-Ռենտգենն ա սա:

-Էդ խի՞ եմ բա խզբզած:

-Ոսկորներն են քթի: Տեսնում ե՞ք գոգավորությունը:

-Էդ մատդ որ դրել ես, է՞դ:

-Հա:

-Էդ խզբզածը գոգավորություն ա՞:

-Ըհըն, այ սա ենք մենք ուղղելու, այ սենց բերելու ենք…

-Բա մարդս ինչի՞ ա ասում` չաղ եմ: Հլը քիթս ինչ նիհար ա ըտեղ դուրս էկե: Բժիշկ ջա՛ն,- տիկին Մայրանուշը աթոռը քաշում է առաջ` ոտքերով մոտ-մոտ անելով դեպի Դավիթը,- էդ ֆոտոս կտա՞ս տանեմ մարդուս ցույց տամ, որ ընձի էլ անուն չկպցնի:

-Հա, իհարկե: Բայց Ձեզ հետ նորից պիտի բերեք:

-Կբերեմ, կբերեմ, մարդուս էլ կբերեմ: Էն լավ րեխուն էլ կամփետ կբերեմ, մեկ էլ Մելսիկիս, մինյակ էդ կապուտը տուր տանեմ:

-Տվեցի,- ծիծաղում է Դավիթը:

-Ապրես, Դավիթ-ազիզ ջան, մեռնեմ քեզի… Վը, էն ո՞վ ա գոռում:

-Էլի Սեդրակիչն ա,- խորը հոգոց հանելով Դավիթը փլվում է իր աթոռի մեջ: Տիկին Մայրանուշն աննկատ չանչում է դուռը:

-Տիկին Մայրանուշ, բայց չեմ կարողանում հասկանալ` որտեղի բարբառով եք խոսում, խառնված են, երևի մի տեղ ծնվել եք, ուրիշ տեղ ապրել, հա՞:

-Մարդս շինարար ա, համայրա Հայաստան սաղ մարզեր ապրած եմ, մեռնեմ ջանիդ, հիմա էկել ենք քաղաք, տեսնենք` ինչ ա ըլնում: Էս Երևանի բարբառից մենակ «սֆթուցն» եմ սովորել, մեկ էլ «վայֆայը»: Դրա համար էլ սենց եմ, քո էդ կապուտ ֆոտոյի պես խառը:

-Բա չեք ուզե՞լ մի տեղում մնաք, Ձերը ստեղծեք, երևի բարդ է, չէ՞, անընդհատ ապրելավայր փոխելը: Ձեր տունը ունենաք:

-Չէ, ինչի՞ ա բարդ: Իմ տունը իմ մարդն ա, ազիզ ջան: Տունը պիտի մարդ ըլի, առանց մարդու տունը ո՞ւմ ա պետք: Հենա, քու տանը ո՞վ ա ապրում:

-Ոչ ոք, մենակ եմ:

-Ինչի՞ բա:

-Դե…

-Դե հեսա, կաբինետում լիքը մարդ ա, ամեն օր մի տեսակի մարդ ա գալիս, ուրեմն` քո տունը քու կաբինետն ա: Բայց դու էլ զաժիմ չգտնես` ինչ ունես-չունես հուպ տաս, ջահել տղա ես, կվնասվես, բալես,- անհանգիստ ձեռքերով տրորում է ծնկները:

**

Բառեր կան, որ կոկորդում շարվում են մարդկանց` հացի հերթի պես. գլխիկոր, ծուլացած, մի ոտքից մյուսը հենվելով ու հառաչելով։ Հրմշտում են իրար, ու կոկորդդ սեղմվում է։ Մի բառի բարձրակրունկն է քեզ ծակում, մյուսի նոր գնած ու պայուսակում պահած սև պղպեղը ստիպում է հազալ, երրորդ բառի շարֆը խեղդում է, չորրորդը կախվել է ձայնալարերիցդ ու ճոճվում է: Լաց լինելու տարբերակ չկա, անձրևանոց չեն վերցրել, հացը կթրջվի։ Կարոտի տեսակ կա, որ դառնում է կոկորդաբառեր, հետո վերափոխվում ֆիզիկական ցավի:

**

-Անցած անգամ ասացի` աճող օրգանիզմ եք, ինքներդ էլ` փոքրամարմին, մի չափից միանգամից հինգ թռչելը սխալ է:

-Դա Ձեր պարտականությունն ա: Ինձ վիրահատելը:

-Ոչ, իմ պարտականությունը Ձեզ չվնասելն է:

-Ինչի՞ ես միշտ էդքան կտրուկ, քեզ ուրախ չեմ տեսել, մի անգամ էլ ՙԼրջադոլ՚ կուլ տալու տեղը «Ժպտամիցին» կամ էլ «Ծիծաղալգին» խմի, էլի:

— Ես շատ երջանիկ մարդ եմ:

-Ես չասեցի` երջանիկ չես, դու ինքդ խոսեցիր դրա մասին: Գիտես, բժիշկ ես ու հաստատ զգացել ես` մարդիկ խոսում են միայն ցավող ու անհանգստացնող բանի մասին: Այ, քեզ մոտ երբեք չի գա, չէ՞, այցելու ու ասի` հիացեք իմ առողջ թոքերով ու գեղեցիկ քթով կամ կրծքով: Կամ ոչ մեկը սոցցանցերում գրառում չի անի. «Ուռա՛, ես առանց քարերի երիկամներ ունեմ»: Տեսնես քո ի՞նչն ա ցավում, որ ասում ես` «Ես երջանիկ եմ»:

**

Դավիթի տան դուռը ներսից բացող չկա: Երեկոյան խմելիք թեյից մի կում փախցնող չկա: Հոգնած ժամանակ նյարդայնացնող ու սանրը տան մեջ կորցնող չկա: Գալիս ու փաթաթվում է իր բաժին միայնությանը:

Առավոտյան արթնանալիս Դավիթը երկար պիտի լռի: Պառկի ու անթարթ նայի առաստաղին: Հետո երկար պիտի լռի վիրահատարանում ու անթարթ նայի հիվանդի առողջական ցուցիչներին: Երեկոյան երկար պիտի լռի բարում ու անթարթ նայի մարդկանց: Այսպես էլ ապրում է. բարձր լռում իր զգացմունքների վրա ու անթարթ նայում սղղացող կյանքին:

**

-Տիկին Մայրանուշ, չի ցավեցնո՞ւմ ասեղը,- բուժքույրը զգույշ ուղղում է ձեռքը` ֆիզլուծույթի կաթիլների ընթացքը փոքր-ինչ արագացնելով:

-Չէ, Մարիա ջան, լավ ա: Բա Դավիթը ո՞ւր ա:

-Ավելի ուշ կմոտենա, հիվանդասենյակներով հերթով գալիս ա:

-Աբխոդի ա՞:

-Հա, արդեն լավ ե՞ք:

-Հա, ընտիր, սրտխառնոցս անցավ, սենց լավ մեկ էլ ամուսնանալուս հաջորդ օրն էի ինձ զգըմ, բալես:

Բուժքույրը ծիծաղում է, նստում կնոջ կողքին:

-Ձեր աղջիկն ու ամուսինն իջան ներքև, շուտով կգան:

-Ապրես, ազիզ ջան, դու էլ ապրես, Դավիթս էլ ապրի, էն սիրուն րեխեն էլ ապրի, որ ուզըմ եմ տանեմ Մելսիկիս հըմար:

-Շատ լավն ա մեր Նունեն, շատ համեստ ու ժպտերեսիկ աղջիկ ա, լավ ընտրություն եք արել:

-Հա, դու էլ ես բայց լավը, կուզե՞ս քեզ տանեմ ընձի հարս:

-Չէ, տիկին Մայրանուշ ջան, արդեն ամուսնացել եմ, թե չէ` սիրով: Ի դեպ, Ձեր ամուսինը ուզում էր Ձեզ սուրճ բերել, չթողեցի, արդեն լավ եք զգում, բայց ճիշտ եմ գտնում որոշ ժամանակ ոչինչ չուտեք-չխմեք, մինչև բժիշկը գա:

**

Պլաստիկ վիրաբույժ դարձավ, որովհետև հասկացավ. չես կարող իմանալ` երբ մեքենայիդ արգելակները կորոշեն կյանքդ ընդհատել: Մորից ներողություն խնդրելու ու սիրելի յասամանները նվիրելու տարբերակ չունի, հորը նմանվելու հպարտությունն իր հետ կիսելու հնարավորություն չկա: Ու եթե կյանքի երկարությունը մենք չենք որոշում, գոնե որոշում ենք` ինչպես ապրել այն: Թող ուրիշները յասամաններ տանեն իրենց մայրերին` այն ձեռքերով, որը կարծում էին, թե էլ չի աշխատի: Թող հայրերի հետ ֆուտբոլ խաղան այն ոտքով, որը կտրվել էր: Աշխարհը գեղեցիկ է, երբ սիրելիք կա: Դավիթի գործն էր սիրելիքի վայելքը մարդկանց նվիրելը: Եթե տային հնարավորություն` փշուր-փշուր կհավաքեր չարաբաստիկ օրը` ճիշտ այնպես, ինչպես վթարի ենթարկված երեխայի ծնոտն էր հավաքում ու փորձում ցույց չտալ իր հուզմունքը, երբ մայրն իր ձեռքը հպել էր այտին ու երջանկության լացից չէր հանգստանում: Բայց ժամանակը վիրահատության կարիք չունի, մնում էր անեսթեզիա դարձած աշխատանքը նշտար դարձնել ու կտրել մարդկանց կաղապարող թերությունները` զուգահեռ սուր զգացողություններից ազատվելով:

**

-Բժիշկ ջա՛ն, սիրուն Ջոլի ե՞մ:

-Ջոլիից սիրուն եք, տիկին Մայրանուշ:

-Ես` չգիտեմ, բայց քիթս` հաստատ,- կոկետ ժեստով հենվում է բազկաթոռին:

-Աչքերի կարմրությունը անցավ, չէ՞:

-Հա, հլը նայա, անցել ա: Մարդս ընձի ՙցուլիկ՚ էր ասում, բայց` սիրելով: Է, յա, մի ծիծաղա: Էս շակալաթը րեխանց համար եմ բերել:

-Կարիք չկար ախր, դեռ անցած անգամ բերած քաղցրեղենը չի վերջացել:

-Լավ էլ կար, ոնց չկար, էդքան կատակներիս դիմացել են, որ ճիշտն ես ուզում իմանաս` արձակուրդ պիտի տաս:

-Ո՞նց տամ, դեռ էնքա՛ն մարդու պիտի Ջոլի սարքենք:

-Հա, ազիզ ջան: Հեսա էս սպիտակ արմատուրեն էլ վրիցս հանես, կդառնամ թազա հարս: Աչքիս մարդուս հետ էլի գիշերը անհանգիստ շնչենք, հը՞, դու էիր ասում` ուշ չի: Էս քթով դաժե շուտ ա:

**

-Էս քեզ` ծնողների ստորագրությունով թուղթ,- Նանեն շապիկը հանում ու գցում է սեղանին,- սարքի:

-Ես արդեն ասել եմ, որ Դուք, Նանե ջան, աճման փուլում եք, ես Ձեզ չեմ վիրահատելու: Ավելի լավ է` հագնվեք:

-Չորրորդ անգամ չեմ գալու, Աստված երրորդություն ա սիրում:

-Ես Աստծո համբերությունը չունեմ, մեկ անգամից ավելի նույնը չեմ կրկնում: Նույն հարցով էլ ինձ չդիմեք, գտեք այլ բժշկի:

-Ծիծիկներս չես սարքելո՞ւ:

-Ոչ:

-Պլաստիկ վիրահատած ձկան պոչ: Չփոշմանես: Հաջող:

Նանեն դուռը շխկացնում է այնպես, որ կողքի կաբինետներ տեղափոխված Դավիթի ագռավները վերադառնում են իր մտքածառի մոտ:

**

Մեղքի զգացում: Դառը, չոր, կարծր: Ատամներով սեղմած բարձի արանքներում հավաքված բղավոցներ: Եթե չվերթը չուշացնեին, ու ծնողները ուշ երեկոյան մեքենա չվարեին` իր մոտ հասնելու համար, եթե ինքը դեպքից օրեր առաջ չգոռար մոր վրա, եթե հոր զանգերը փոխարինած չլիներ տարփուհիների տնքոցներով, եթե «եթե»-ներն այլևս այսքան անիմաստ չլինեին… Ի՞նչ կլիներ: Պատին մեխված հայացքներ չէին լինի, օրեր տևող թուլություն չէր լինի: Ու սառնություն չէր լինի` մարդկանց կորցնելու վախից: Քարի նման կարծրանալու կարիք չէր լինի: Էլի չգնան: Էլի չմնա: Էլի չզգա:

Ցավը տաք թեյից ուժեղ է վառում, կարոտի ծակող ալիքները նման են տասը-հարյուր-հազար անգամ ոտքի ճկույթը անկողնու անկյունին խփելուն` միաժամանակ:

Երբեմն Դավիթը նստում է հատակին ու լուռ ճոճվում մթության մեջ: Դանդաղ, հանդարտ, ցավին օրորելով: Ցավը քնի, որ իր գիտակցությունը զարթնի: Հետո մարմինն արագ քնի, որ ցավն էլի չգա: Ճոճվում է ու օրորոցային երգում` երկու բառանոց: Հոր ու մոր անուններով: Հիմա կանցնի, հիմա կբթանա, հիմա կգնա:

**

-Բժիշկ ջան, Մարիան ա:

-Մարիա, ինչո՞ւ ես զանգել, կոնսուլտացիաների եմ:

-Գիտեմ, կներեք, ուղղակի պատուհանից նայում եմ… Մի աղջիկ Ձեր մեքենայի վրա ինչ-որ բան է խզբզում:

-Ոնց թե` խզբզում: Անվտանգության աշխատողներն ո՞ւր են:

-Գնացել են ճաշելու: Ոստիկանություն զանգե՞մ: Ես ուղղակի չեմ կարող իջնել, քույրերը այստեղ չեն, աչքովս էլ այլ մարդ չի ընկնում, վիրահատության են:

-Չէ, կարծում եմ գիտեմ` ով է: Երևո՞ւմ է` ինչ է խզբզում:

-Հա, գրել է` ՙբժշկի պահած ավտո՚, տակն էլ նկար է ինչ-որ…

-Ի՞նչ նկար:

-Դե ոնց ասեմ… Ճիշտն ասած` կրծքերի է նման:

-…Շոկոլադ ունե՞ք սենյակում:

-Հա, մնացել է:

-Պահեք, հիմա այցելուն գնա, շոկոլադը բերեք, որ հետս իջեցնեմ բակ:

-Մեքենան փչացնում է, շոկոլադ ե՞ք տալիս:

-Հիպոկրատի երդման գինն է: Ու կատարելության ձգտելու ու չհասնելու պատասխանը,- անջատում է հեռախոսն ու ժպիտով խնդրում այցելուին, որ շարունակի:

**

Աշխատանքը Դավթի անզգայացումն էր: Ասում էին` մարդկանց ես փրկում` չիմանալով, որ փրկում է նախ հենց իրեն: Սիրում էր նայել` ինչպես են հիվանդներն իր աչքերի մեջ նայելով դանդաղ անջատվում, ու երբ քունը ոտնաթաթերի վրա դուրս էր գալիս վիրահատարանից, խնդրում էր անաղմուկ իր ներսի աղմուկն էլ դռներից այն կողմ տանել:

**

-Փաստորեն փոքր կրծքերով մարդկանց էլ են սիրում, հա՞, պարոն բժիշկ:

-Ես այսքան մարդու նվիրել եմ իրենց երազանքի արտաքինը, ու գիտե՞ս ինչ եմ հասկացել:

-Ի՞նչ:

-Արտաքինը երջանիկ չի դարձնում: Մարդիկ վիրահատություններից հետո իրենց կյանքը փոխում են, որովհետև ազատվում են իրենց իսկ ստեղծած կաղապարներից: Խանգարող արտաքին հանգամանքներից: Երջանկությունն ուղեղում է: Միշտ:

-Դե ոչինչ, լավ, այ երբ էրեխուդ ունենամ ու տամ քեզ, ինձ վիրահատելու ես:

-Ոչ: Թեման փակվեց:

-Հա՞, էղավ: Չփոշմանես:

**

Դավիթը ծանր ծաղկամանով յասամանների մեծ փունջը դնում է հյուրասենյակում:

 

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք