Բանաստեղծություններ

cavafy2

Կոնստանտինոս Կավաֆիսը (1863-1933 թթ.) 20-րդ դարի ամենաճանաչված հույն գրողներից է: Նրա ստեղծագործությունների թեման Հելլադան է, նրա դիցաբանությունը, պատմությունը, հին ու նոր կրոնները, բանաստեղծի անձնական ապրումները:

Կավաֆիսին մեծ ճանաչում բերեցին նրա բանաստեղծությունների` Էդվարդ Ֆորսթերի, իսկ ավելի ուշ` Թոմաս Ս. Էլիոթի անգլերեն թարգմանությունները: Չնայած Կավաֆիսը կյանքի օրոք հրատարակեց միայն երկու ժողովածու` 1904 և 1910 թվականներին (154 բանաստեղծություն), մահից հետո նա համարվեց աշխարհում ամենահայտնի և ամենաշատ թարգմանված նոր հունարենով ստեղծագործող հույն պոետը:

 

 

 

Վերադարձիր

 

Վերադարձիր հաճախ ու տար ինձ,

հարազատ իմ հույզ, դարձիր և տար ինձ

երբ արթնանա հուշն առ մարմինն իմ

և հին տենչը արյանս մեջ հառնի

երբ շուրթերս ու մաշկս նորից հիշեն

և ձեռքերիս թվա, թե գիրկ են բացում նորեն:

 

Վերադարձիր հաճախ և տար ինձ այս գիշերաժամին

երբ շուրթերս ու մաշկս նորից հիշեն:

 

 

Ձայներ

 

Սիրելի ձայներ և ընտրյալ,

ձայները նրանց, որ մահացան, թե նրանց, որ

հեռացան մեզանից` հանց մեռյալ:

 

Երբեմնակի խոսում են մեր երազներում,

երբեմնակի միտքը լսում է նրանց խոհերի մեջ

 

Եվ արձագանքելով մի պահ վերադառնում են

ձայները մեր նախասկիզբ տաղերգին

որպես սաղմոս գիշերային` հեռու, հեռացող:

 

 

Մի գիշեր

 

Աղքատ էր սենյակն ու թշվառ

ծվարած կեղծակարծ պանդոկի վրա

Լուսամուտից նրբանցքն էր բացվում

նեղ ու գարշելի. ներքևից ձայներ էին

լսվում ինչ-որ բանվորների

որ թուղթ են խաղում և հրճվում

 

Եվ այնտեղ, այդ ամբոխի մեջ, համեստ մահճում

ես սիրո մարմինն ունեցա, շուրթերը նրա

վարդերանգ ու խռովիչ` արբեցումի,

այն արբեցումի, որ հիմա,

գրիչը ձեռքիս՝ հազար տարի անց,

ունայն իմ տան մեջ արբում եմ նորեն:

 

 

Վաղուց ի վեր

 

Կուզեի խոսել մի հուշի մասին

Բայց այն այնպես է անհետացել… ասես հետք չի մնացել

Քանզի վաղուց էր այնքան, որ պատանի էի դեռ:

 

Մաշկն ասես արարված հասմիկից

Օգոստոսյան մի իրիկնաժամ, օգոստո՞սն էր այն…

Միայն հիմա եմ հիշում աչքերը նրա – մանուշակ էին կարծեմ…

Ահ, այո, մանուշակագույն մի շափյուղա:

 

 

Հիշիր, մարմին

 

Մարմին, մի հիշիր միայն, թե որքան ես սիրվել

և մահիճները, որոնց վրա պառկել ես դու

այլ այն տենչերը, որ քեզ համար էին

լուսարձակվել անթարթ քեզ նայող աչքերում

և դողացել ձայնի մեջ, և հետո ինչ-որ

դիպվածով գահավիժել:

Հիմա, երբ ամենն անցյալում է արդեն

թվում է, թե տրվեցիր այդ տենչերին

որ լուսարձակվում էին արթարթ,

այն աչքերի մեջ, հիշիր, որ քեզ էին նայում

ու դողում ձայնի մեջ քեզ համար, հիշի՛ր մարմին:

 

Թարգմանությունը հունարենից` Մարիա Լազարևայի

 

Անդին 5, 2017

Կարծիքներ

կարծիք