Բանաստեղծություններ

Gayane Mkrtchyan

Վերացած

 

Բանականության աչքերը սառն են,

Սա՛ռը, ո՛չ սառած` սպասման պահին…

 

Ես ջրհորների աչքերն եմ սիրում`

Խորո՜ւնկ ու փայլուն, ինչպես հայելի…

 

Իմ վճիռներում քամի կա խելառ`

Ավազե դղյակ փշրելու վարպետ…

 

Ոչ հասցե ունեմ, ոչ էլ օրացույց,

Ափդ ցո՛ւյց տուր ինձ, իմ տեղը գտնեմ…

 

 

Տրտունջից զատ

 

Ունայն օրերի

խեղդող օղակից

վերաձևել ենք

երկթև երազանք,

դու ուժն ես նրա,

ես` քնքուշ հոգին,

մեզ մեկտեղել է

նրբաոճ մուսան:

Զմրուխտե ափին

հասնելու տենչով

թիերն ենք մաշում

մեր համբերանքի`

մեկ իբրև հաղթած,

մեկ տանուլ տված

տարուբերվելով

թևին խաբկանքի…

 

 

Զառանցանք Ալբինոնիի Ադաջիոյով

 

Թանձրանում է մեգը,

նոսրանում է մեգը,

ես հավատում եմ

ջրին,

արևին,

մոգությանը…

Մի՛ խռովիր ինձ,

ադաջիո`

թախանձ մենավորի,

կպարզեմ թևերս-ջուր,

կարձակեմ ժպիտս-արև,

կհաստատեմ սերս-մոգություն…

Մի՛ կողոպտիր ինձ,

հուսաբեկ ադաջիո,

բեկումները ես կարմիր եմ սիրում,

հույսը` կապույտ:

Պատմի՛ր ինձ ծովի մասին,

ադաջիո,

ուր սուզվելն ապահով քաղցր է,

խութերին բախվելը` զվարճալի,

և ալիքները ծիծաղում են

ջուր,

արև,

մոգություն…

 

 

Մեկուսի

 

Ինձ մի՛ գթա,

Արցունքներս բազմանիստ են

Ու փայլփլուն շորեր ունեն տեսակ-տեսակ,

Որ փոխում են

Ամեն ուրախ, տխուր պահի:

 

Ինքնահնար դրոշների ծածանումից

Անստորագիր հոսանքներ են օդը ցնցում`

Ճշմարիտը մշուշելու փորձառությամբ:

 

Ցնցի՛ր ուսս,

Տեսանողի բիլ աչքով ինձ նայելիս

Գտնեմ հոգին համայնական,

Էլ չտարվեմ անցողիկով,

Արթուն մնամ,

 

Արթուն մնամ…

 

 

Ճանապարհ

 

Ես ձգում եմ լույսի շերտը

գարունից գարուն

և փորձում

անշտապ քայլվածք մշակել`

չվնասեմ հանկարծ

անաղարտությունը

սպասումիս,

սպասումիդ…

 

 

Անդին 5, 2017

Share

Կարծիքներ

կարծիք