Ինչպես գարուն

Հեղինակ:

Zoya Pirzad

Աղջնակը մոր ձեռքը բռնած գնում էր: Մայրը երբեմն կանգ էր առնում` խանութների ցուցափեղկերին նայելու: Կոշիկի կրպակներում բարձրակրունկ ու ցածրակրունկ, սպիտակ, սև, կարմիր կամ էլ ոսկեգույն կոշիկներ էին վաճառվում: Գլխարկների խանութներում էլ կանացի մեծ ու փոքր գլխարկներ էին` եզրերին արհեստական ծաղիկներ կամ գունավոր ժապավեններ: Շղարշի, սատինի, թավշի բացված թոփերը դարսված էին իրար վրա:

-Այս մանյակը սիրո՞ւն է,- հարցրեց կինը:

Աղջիկը գլուխը տարուբերեց` ոչ: Երկու հյուսքերից մեկը կրծքին ընկավ, մյուսը` թիկունքին: Չհասկացավ` ինչու հակառակվեց. գուցե այն բանի համար, որ ցույց տա` մեծացել է: Բոլոր մանյակները, կտորներն ու գլխարկները գեղեցիկ էին: Բայց աղջնակն ամենից առաջ նայում էր աղմկոտ փողոցում կողք կողքի քայլող մարդկանց կոշիկներին: Կոշիկներին ավելի մոտ էր: Կանայք ցանցկեն գուլպաներով բարձրակրունկ կոշիկներ էին հագել: Տղամարդկանց կոշիկները սև կամ սրճագույն էին, սև ու սպիտակ` նրբագեղ, մաքուր, փայլեցված, մեքենայով կարված: Հենց գլուխը բարձրացրեց, տեսավ, որ երկինքը կապույտ է, և արևն էլ շողում է:

Կինը կանգ առավ, քաշեց աղջկա ձեռքից. «Հենց այստեղ է…»:

Փայտե դռան վրա մեծ ցուցանակ կար: Աղջնակն այն տեսնելու համար գլուխը շատ բարձրացրեց: Ցուցանակի վրա կարմիր վերարկուով մի կնոջ նկար էր: Երկար սանդուղքով բարձրացան: Դերձակուհին գեր էր: Պարանոցին ռետինե մետր էր, բերանում էլ` մի քանի գնդասեղ: Աղջիկը նստեց բազկաթոռին` մեծ եռափեղկ հայելու առջև (մեջտեղը` լայն, երկու կողերը` նեղ), և գետնին չհասնող ոտքերն օդում ճոճեց: Մայրը թավշե վարագույրի հետևից դուրս եկավ: Հագել էր կանաչ զգեստ` սպիտակ ծաղիկներով: Գնաց, հայելու դիմաց կանգնեց: Աղջնակն արագ-արագ շնչում էր: Դերձակուհին ձեռքերն իրար զարկեց: Մայրը պտտվում էր հայելու առջև: Աղջնակը երեք կին էր տեսնում, որ պտտվում էին երեք հայելու մեջ: Երեք կիսաշրջազգեստ` դարսերով ու ծաղկավոր: Աղջնակը տեղից թռավ ու ծիծաղեց. «Մա՜մ, ոնց որ գարուն լինես»:

Կինը բռնեց կիսաշրջազգեստի փեշերից, նորից պտտվեց ու ծիծաղեց: Աղջնակն ասաց. «Այս ծաղկի անունն ի՞նչ է»:

Կինը խոնարհվեց, զգեստին նայեց: Առատ մազերը դեմքին թափվեցին` հիրիկ…

***

Նկուղի օդը ծանր էր ու խոնավ: Մայրը կռացել էր երկաթե մեծ սնդուկի վրա: «Պետք է դուրս նետեմ այստեղի եղած-չեղածը: Հնոտիքս ձեր բնակարանում չի տեղավորվի: Ինքս էլ չգիտեմ` ինչու եմ այսքան տարի պահել»:

Երիտասարդ կինը պատին էր հենվել: Ձեռքերը կլորացած փորին դրած` նայում էր սնդուկի շորերին, մոր այտուցված ձեռքերին, կապույտ երակներով, տեղ-տեղ կարմիր բծերով ոտքերին, ամբողջովին սպիտակ ու նոսր մազերին: Հանկարծ նկուղի աղոտ լույսի ներքո սնդուկի մեջ հիրիկի մի փունջ գտավ, որը նույն պահին էլ անհետացավ հագուստի ծալքերի մեջ: Երիտասարդ աղջիկը մոր ձեռքը բռնեց. «Սպասի՛ր»: Կանաչավուն զգեստը հնամաշ էր, և վրայից նավթալինի հոտ էր գալիս:

-Հիշեցի՞ր,- ասաց երիտասարդ կինը:

Մայրը ծանր մարմնով սնդուկին հենվեց ու ծիծաղեց:

-Հիշում եմ: Դո՞ւ ինչպես հիշեցիր:

Երիտասարդ կինը շոյեց հագուստը և ասաց.

-Գարնան նման էիր…

 

***

Կինն աղջկա ձեռքը բռնած գնում էր: Արագ էր գնում, և աղջնակը ստիպված էր վազել: Մայրը կանգ առավ խանութի առջև: Դստերն ասաց. «Այստեղ սպասի՛ր, մինչև վերադառնամ»: Աղջնակը խանութի առջև կանգնեց: Ցուցափեղկի ապակին փոշոտ էր և՛ դրսից, և՛ ներսից: Մի քանի բաժակ և բյուրեղապակե մի գավաթ էին դրված ցուցափեղկին: Բաժակներից մեկը թեք ընկած էր, կողքին` սատկած բզեզ: Աղջնակը մատը դրեց ապակու վրա ու ներքև սահեցրեց: Մի ուղիղ գիծ էր նկարել: Ապա գծի վերևում շրջան նկարեց, դրա շուրջն էլ` մի քանի փոքրիկ կլորակներ: Մայրը դուրս եկավ, դստեր ձեռքը բռնեց ու ասաց` գնացի՛նք:

-Տե՜ս, ծաղիկ եմ նկարել:

-Գնացի՛նք:

Կինն արագ էր քայլում, և աղջիկը ստիպված էր վազել: Մարդկանց կոշիկներին էր նայում, որ սև էին կամ սրճագույն, կեղտոտ ու փոշոտ: Մի քանի անգամ գլուխը բարձրացրեց, երկնքին նայեց. տեսավ, որ երկինքը ամպոտ է: Աղջնակը վազում էր ու մտածում. «Երանի՜ գունավոր մատիտներ ունենայի ու ծաղիկներ նկարեի»:

Տուն հասնելուն պես աղջնակը վազեց` գունավոր մատիտները փնտրելու: Կինը գնաց խոհանոց:

Աղջնակը գունավոր մատիտներից հոգնեց ու խոհանոց մտավ:

-Ինչո՞վ խաղամ:

-Տիկնիկովդ:- Կինը սոխ էր մաքրում:

Աղջիկը հյուսքերը թիկունքին գցեց.

-Տիկնիկս շոր չունի. խոսք էիր տվել, որ նրա համար շոր կկարես:

Կինը մեծ ճամպրուկը պահարանի գլխից իջեցրեց: Ճամպրուկի կափարիչը բացեց թե չէ, դստեր աչքերը շողացին:

-Ա՛յս կտորից տիկնիկիս համար շոր կարիր, էլի:

-Սպասի՛ր:

-Այս մեկից…

-Սպասի՛ր:

-Այս մեկից, այս ծաղկավոր կանաչից…- աղջիկը ճամպրուկն էր դատարկում: Կինը հագուստը վերցրեց աղջնակի ձեռքից: Խունացած կանաչ կտորին էին ձուլվել հիրիկները…

Աղջնակը ծիծաղեց. «Ի՜նչ սիրուն ծաղիկներ են: Դրանց անունն ի՞նչ է»:

Կինը պատուհանից դուրս նայեց:

-Հիրիկ:

-Հիրի՜կ…

Մի ճնճղուկ նստեց պատուհանագոգին: Գարուն էր:

 

 

 

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

Անդին 5, 2017

Share

Կարծիքներ

կարծիք