Բանաստեղծություններ

Norayr Grigoryan

Առավոտ

Աստղերն արևազգեստի կոճակներն են,

արձակում եմ մեկ-մեկ,

գրկում քեզ:

 

***

Ես խոսում եմ լռության հետ,

որ Աստված լսի:

Ես խոսում եմ աղմուկի հետ,

որ սատանան լսի:

Ես խոսում եմ քեզ հետ,

որ ոչ ոք չլսի:

 

***

Էն ավանդույթի լույսերով օծված`

բանաստեղծները չեն նստում հացի,

նրանք ապրում են ջրերում օծված

և երակներում հին այգաբացի:

Նրանք գրում են պտղաջրերով

Աղոթագրքի թերթերի վրա,

և եթերային տաք անուրջներով

գիրը դառնում է պատկերը Նրա:

Ով արժանացավ Տիրոջ համբույրին,

պտղաջրերը հոսեցին երկար,

ով բույրը շնչեց Աղոթագրքի,

Տերն իր անուրջն ընծայեց նրան:

Հիմա երկիրը պտղաջրերի

Աղոթագրքին պտտվում է լուռ,

Աղոթագրքի կապույտ թերթերին

Տերն ու Պոետը դրել են համբույր:

 

 

Հին պայտի նման

 

Հին պայտի նման

սերն ընկած էր ճանապարհին:

Կռացա, վերցրի,

սրբեցի փոշուց,

մեխեցի դռանը:

Թռչունները պատուհաններից

ներս էին մտնում,

դռնից դուրս գալիս,

դռնից` մտնում,

պատուհաններից դուրս գալիս:

-Ա¯խ, ի¯նչ հրաշք է գարունն այս կողմերում,-

ասացին հեռացած ձայները,

իսկ անձրևի հետ հին մեղեդիները

հոսեցին պատերի ճեղքերից:

Վերադառնում էին նրանք,

ում մասին փորձում էինք մոռանալ,

որովհետև հիշելուց

պատերի ճեղքերից

հին մեղեդիների հետ

տաք արցունքներ էին գլորվում:

 

Նույն ժամին

Կգնամ նույն ժամին,

կգրկեմ նույն արևը,

նույն երգը կասեմ,

նույն ծաղկից հոտ կառնեմ,

նույն թռչունը կգա,

կձայնակցի ինձ

նույն ծլվլոցով:

Նույն ստվերը կգա

նույն ծաղկած ջրերի միջով

գույնզգույն,

կհոսի,

կվետվետա,

աչքով կանի:

Նույն մարմնով

կլողամ նույն ջրերի մեջ,

նույն թևերով

կգրկեմ նույն ջուրը,

նույն ծաղիկները

կթռչեն ափերին,

կշարվեն:

Նույն ժամանակը

նույն տեղում

կհանի հանդերձանքը,

կնետվի ջուրը:

 

 

 

***

Հին արգելքներ կան կապույտ ջրերում,-

ամբարտակներ են,

ձկները լույսի դուռ են որոնում,-

կախարդանքներ են:

Այս ջուրը կանգնել ու չի հեռանում,-

արահետներ են,

ձուկը հիշում է, ջուրը` մոռանում,-

տարամետներ են:

Գնում է սերը, հետո անձրևում,-

ելևէջներ են,

թափվում է երգը հնչյուն առ հնչյուն,-

սև կակաչներ են:

Հին սափորներ կան վտիտ ուսերին,-

ձկները մեղկ են,

սև հոգիների թռչող փշերին

երկինքը ճեղք է:

 

 

Ուշացող անձրևի փոխարեն

 

Տխուր է, երբ բառերն արտասվում են

թղթի վրա իմ փոխարեն:

Տխուր է, երբ թուղթն է արտասվում բառերի վրա

քո փոխարեն:

Տխուր է, երբ ես, դու, թուղթը

և բառերը անվերջ արտասվում ենք,

որովհետև անձրևներն ուշանում են,

և մենք արտասվում ենք

ուշացող անձրևների փոխարեն:

 

 

 

Կալանատան գարունը

 

Կալանատան պատերին մոտենում էր գարունը,

դիտանցքից սև, կապույտ, կանաչ աչքերը

դրսի գույներն էին որոնում

հսկիչների հայացքներին:

Հսկիչները չտեսնված տարօրինակ

շարժումներ էին անում

ծռված դեմքերով:

Կալանավորները բանավոր հաղորդագրություններ էին

ուղարկում դուրս,

հսկիչները դրանք որսում էին`

սև լաթերով փակելով դռների դիտանցքները:

Հսկիչները ցմահ բանտարկյալներ էին`

խեղված հիշողություններով:

Կալանատան դռների սև լաթերը գույներ էին առնում,

հսկիչների ծռված դեմքերին քարանում էր զարմանքը,

բանավոր հաղորդագրությունները

խառնվում էին կալանատան պատերի գույներին:

Գարունը ինքնակամ եկել էր կալանատուն,

ու ոչ մի կերպ հսկիչները

չէին կարողանում նրան դուրս հանել:

 

Շաբաթվա ութերորդ օրը

 

Կեսօրին երկրագունդը

մի ակնթարթ դադարեցրեց պտույտը,

մի տեղ հավաքեց բոլոր մարդկանց

և ասաց.

-Ահա Բաբելոնի աշտարակը,

դուք սկսեք բարձրանալ,

իսկ ես կշարունակեմ պտույտս:-

Իրիկնապահին լռել էին

բոլոր ձայները:

 

 

***

Ես ընկա խնձորենուց,

երբ ցորենի հերկած դաշտի վրա

շապիկի պես բարակ ձյուն կար:

Բարձրացա, երբ ծառի սաղարթները

լցված էին բյուրավոր արևներով:

Քայլեցի, երբ հերկի մեջ հոսող ջուրը

հասավ ճանապարհին:

Խոսեցի, երբ թռչունները

հավաքվեցին ծառի ճյուղերին:

Քանի՞ անգամ այսպես ընկա,

քանի՞ անգամ բարձրացա` չգիտեմ,

Ես ծառից ընկնում,

պտուղները բարձրանում էին վերև,

որ իմ ամեն ընկնելուց

երեք խնձոր երկնքից ընկներ ցած:

 

Ժամանակները

 

Ապագան ներկային հարցրեց.

-Ո՞ւր ես գնում:

-Քեզ մոտ,- ասաց ներկան:

-Ո՛չ, սպառնաց անցյալը,-

դու միշտ կախված ես իմ ոտքերից:

Այդ պահին մի տաք գնդակ

խոցեց պատանի զինվորի սիրտը:

Ժամանակները ծնկի իջան անսահմանության

դռների առաջ:

-Ո՞ւր եք գնում,- հարցրեց անսահմանությունը:

-Պատանի զինվորի մոտ,-

պատասխանեցին ժամանակները:

 

***

Գնացին հյուրախաղերի

գարնան օրերը այլ տեղ:

Ծառերը ստվերներ դարձան ջրերի մեջ,

իսկ ամռան երկնքում թռչունները

շփոթում էին հողն ու ցամաքը

և խեղդվում էին ջրերում`

վերջին անգամ կառչելով

ստվերների ճյուղերից:

 

 

Անդին 5, 2017

Share

Կարծիքներ

կարծիք