«Շղթան չի ընդհատվի…»

 

bucysԳրապահարանի վրա արդեն իսկ գոյացել է Վարդգես Պետրոսյանի գրքերի մի զգալի շարան, և առաջին հերթին այն ինձ վկայում է գրողի, մարդու, ժամանակակցի երկարամյա հոգևոր ու ստեղծագործական որոնումների համառության մասին:

Ճիշտ է, սկզբում դեռ հարկավոր էր պաշտպանել որոնումների իրավունքը: Չէ՞ որ ստիպված էր իր ուղին սկսել ու ետևից տանել իր հերոսներին ոչ ավանդական ճանապարհով: Նրանց ուղին սկիզբ էր առնում ոչ թե գրական ավանդույթներով սրբագործված գյուղերում, այլ քաղաքի միօրինակ պատերի շուրջ, դիմազուրկ սալարկների վրա, քարե բակերում… Այն ժամանակ` քսանհինգ տարի առաջ, որքան սակավ էին մեր ազգային գրականության մեջ «քաղաքի զավակները»: Եվ որքան անշո՜ւք, անօգնակա՜ն: Նրանց ճակատագրերը համարյա միանման էին, ինչպես քաղաքային շինությունները, կենսակերպը, համարյա նույնատիպ է և՛ Հայաստանում, և՛ Լիտվայում, այլ կերպ ասած` ամենուր, որտեղ, արտահայտվելով լիտվացի պոետի խոսքերով, կյանք ու գրականություն էր մտնում «հարսից չեկող առաջին սերունդը»:

Հենց այդ ժամանակներից էլ ես հետևում եմ Վարդգես Պետրոսյանի գրչին, որը նոր սյուժեների ռահվիրան էր ոչ միայն հայկական արձակում: Հետևում եմ հուզմունքով, քանզի ամենուր քաղաքի մեր «անհող» հերոսի համար հեշտ չէր, և հիմա էլ հեշտ չէ:

Vardges PetrosyanՎերջին ժամանակներս, ճիշտ է, բոլորս ինչ-որ կերպ սկսել ենք մոռացության մատնել այսպես կոչվող երիտասարդական արձակը, որով էլ, փաստացի, Վարդգես Պետրոսյանը մուտք էր գործում գրականություն, եթե հիշենք նրա վաղ պատմվածքները` «Մայրի՛կ, ես արդեն մեծ եմ» (1963), «Քաղաքի բաց պատուհանները» (1964), «Ապրած և չապրած տարիներ» (1970): Ավելին, հետզհետե ավելի հաճախ կարելի է լսել հարցն այն մասին, թե արդյոք չի՞ անցել ընդհանրապես, չի՞ սպառել իրեն, տարիների ընթացքում չի՞ բացահայտել իր ողջ «ժամանակավորությունը»  ուղղությունը, որը մենք երիտասարդական արձակ էինք անվանում: Կամ, ինչպես վերջերս հեգնանքով նկատեց լիտվացի մի քննադատ, «ջինսավոր արձակ», որը ժամանակին այդքան մեծ հաջողությունն էր վայելում մեր բոլոր հանրապետությունների և արտերկրի ընթերցողների շրջանում: Բավական է միայն նշել 60-ական թվականների ռուսական արձակի բազմաթիվ սկսնակների, լիտվացի արձակագիրների մի ամբողջ խմբի (Լ. Յացինյավիչյուսին, Ս. Շալտյանիսին…) այն ժամանակ հաճախ էին հիշատակվում Հարավսլավիայում` Ի. Սլամինգի, Ա. Սոլյանի, Լեհաստանում` Մ. Նովակովսկու, Ե. Ստախուրայի, գերմանացի Ու. Պլեցդորֆի անունները, չխոսելով արդեն Ջ. Կերուակի և Ջ. Սելինջերի մասին…

Այսօր, իհարկե, «ջինսավոր արձակը» զգալի փոխակերպումների է ենթարկվել: Ամենից առաջ չի կարելի մոռանալ նաև դրանք ստեղծողների անձնական ճակատագրերի մասին: Կյանքից հեռացավ Ջ. Կերուակը, որը վերջին տարիներն անց էր կացրել մոր մոտ և, կարծես, իրեն լիովին տվել խմելուն: Ջ. Սելինջերն էլ`«լռակյացների» սերնդի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, արդեն վաղուց ի վեր թաքնվել է գավառում` իր տանը` խուլ պատնեշով անջատվելով և՛ իր երկրպագուներից, և՛ հետաքրքրասեր լրագրողներից… «Երիտասարդական արձակի»` Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի խորհրդային ստեղծագործողների ճակատագրերը ևս փոփոխությունների էին ենթարկվում:

Սակայն գրականության արարիչների անհատական ճակատագրերը, բարեբախտաբար, չեն սպառում գրականությունն ինքնին. այլապես ստեղծագործության ճակատագիրը կնմանվեր մոմի ճակատագրին. լուսավորվում է, քանի դեռ այրվում է: Եվ եթե մեր երիտասարդական արձակի ստեղծման տարիներն անընդհատ հեռանում են մեզնից, գնում դեպի անցյալ, բոլորովին չի նշանակում, որ այն տարիների լավագույն ստեղծագործությունները կորցնում են իրենց նշանակությունը, ինչպես երբեմն կարող է թվալ թերթերի և ամսագրերի հեշտամոռաց գրական քննադատության ամենօրյա հոդվածներն ու գրախոսականները կարդալիս: Ես համոզված եմ, որ մեր օրերի Վարդգես Պետրոսյանին մենք երբևէ ավելի խորը չենք ընկալի, եթե հաշվի չառնենք հոգևոր և ստեղծագործական կյանքի այն փորձը, որը ձևավորվում էր նրա ճանապարհի սկզբին և աստիճանաբար կանխորոշում Վարդգես Պետրոսյանի ինչպես այն ժամանակների, այնպես էլ այսօրվա ստեղծագործությունների հիմնական գաղափարներն ու ձևերը:

 

Ամեն սերունդ

Նախ և առաջ մտածում է լռության մեջ,

Իսկ երբ խոսել է սկսում`

Բարկացնում է ավագներին…

 

Պարույր Սևակի այս քառյակը, որը Վարդգես Պետրոսյանը օգտագործել է «Դեղատուն «Անի» պատմվածքում, ճիշտ այնպես, ինչպես ամբողջ ճշմարտացի պոեզիան, իր մեջ թաքցնում է իմաստության բազմաթիվ երանգներ: Սակայն տվյալ դեպքում դրանցից, թերևս, ամենակարևորը սկզբունքային նորության և անսպասելիության ընդունումն է այն ամենի, ինչին ձգտում է և որի մասին պետք է խոսի «յուրաքանչյուր նոր սերունդ»: Հենց այդ իմաստությունն էր, ըստ երևույթին, 60-ական և նույնիսկ 70-ական թվականներին պակասում շատերին, ում բորբոքում էին Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները: Ինքնին «ջինսավոր արձակ» արտահայտությունը գուցե և հնարեցին «փողկապավոր արձակի» ներկայացուցիչները, որոնց նուրբ ճաշակը չընդունեց երիտասարդական արձակը: Այն, թերևս, նրանց չափից դուրս անլուրջ, անպատասխանատու, նրբագեղությունից զուրկ և նույնիսկ, ինչ մեղքը թաքցնենք… «ոչ ազգային» թվաց:

Սակայն շատ շուտով պարզվեց, որ տվյալ դեպքում այդ արձակի նման «անլուրջ, անպատասխանատու, անքաղաքավարի» հերոսների և նրանց երիտասարդ ստեղծողների հանդեպ այդպիսի բացասական և արհամարհական վերաբերմունքը ոչ այլ ինչ էր, քան սոցիալական և կուլտուրական անհեռատեսության նշան: Ապրիորի, կարելի է ասել, ֆիզիոլոգիական պատանեկան ընդդիմությունը այն ամենի նկատմամբ, ինչը մեր օրերում իր դարն արդեն ապրել է, XX դարի երկրորդ կեսին ոչ միայն Հայաստանում կամ Լիտվայում, այլև շատ ուրիշ հանրապետություններում, երկրներում ակնհայտ ձևեր և արտացոլումներ գտավ: Երիտասարդությունն ամենուր հերքում էր այն ամենն, ինչ անմարդկային էր, ստահոդ, հետադեմ, կեղծ, տգետ: Բնականաբար, ժամանակակից աշխարհի տարբեր սոցիալական համակարգերում երիտասարդական շարժումները ձևավորվում և զարգանում էին տարբեր կերպ: Քանի որ մենք արդեն հիշատակել ենք Ջ. Կերուակին և Ջ. Սելինջերին (վերջինիս արձակը հատկապես զգալի նմանություն ուներ, ասենք, լիտվական երիտասարդական արձակի հետ), ապա կարելի էր, օրինակ, հիշել նաև ամերիկյան երիտասարդության բողոքի առաջադիմական շարժումը` ուղղված Վիետնամի պատերազմի, հասարակության զանգվածային շահագործման, ատոմային ռումբի և ԱՄՆ իշխող շրջանակների քաղաքական, մշակութային ու նույնիսկ սոցիալական երեսպաշտության դեմ. «Ամերիկան ձերը չէ: Այն պատկանում է Հարուստին և Գերհարուստին»,- իր ընթերցողներին համոզում էր խռովարարների ամսագիրը դեռևս վաթսունականների վերջերին: Կամ վերցնենք 70-ականներին աղոտ և միամիտ կարգախոսների ներքո փողոց դուրս եկած ֆրանսիական ակադեմիական երիտասարդության հակաբուրժուական ելույթները. «Մարդուն կարելի է դարձնել դավաճան, ոստիկան, դիվերսանտ. արդյոք հնարավոր չէ՞ նրան մարդ դարձնել» և այլն:

Եվ գրեթե այդ նույն ժամանակահատվածում Սիբիրի անծայրածիր տարածությունների յուրացումն ու անմշակ հողի նվաճումը հանձն առած խորհրդային երիտասարդության հոգևոր ու տքնաջան, մինչ այդ չլսված պոռթկո՛ւմ: Մի խոսքով, երիտասարդական շարժումների բնույթն ամենուր տարբեր էր, բայց և ոչ մի երկրում իրատեսական գրականությունը չէր կարող լռությամբ շրջանցել և չարտացոլել հիսունական ու վաթսունական թվականների երիտասարդության աճող գործունեությունը: Սակայն այժմ խոսքն այդ գործունեության մասին չէ: Թող դրա ակունքների վրա գլուխ ջարդեն հասարակագետներն ու հոգեբանները… Մեզ համար կարևորն այն է, որ այդ ժամանակահատվածում ծնվեց երիտասարդների մասին երիտասարդների ինքնատիպ արձակը, թեև մեր եղբայրական գրականություններից յուրաքանչյուրի մեջ այն աչքի էր ընկնում իր յուրահատուկ, անկրկնելի ինքնատիպությամբ:

Վարդգես Պետրոսյանը, ում հատուկ էր լրագրող-վավերագրի սուր և դիպուկ հայացքը, ըստ էության առաջիններից մեկն էր, ով համարձակություն ունեցավ լրջությամբ վերաբերվելու հայ գրականության մեջ «երիտասարդ խելքերի խմորումներին»,  հինավուրց, գյուղացիաբար հպարտ և խոհեմ Հայաստանի` XX դարի կատաղի, հակասական, հաճախ նաև ագրեսիվ կենտրոնացված քաղաքակրթության հետ ահեղ, սակայն անխուսափելի առերեսմանը պատմական շրջանում երիտասարդ սրտերի ձգտումներին:

Ճիշտ է, սկզբնական շրջանում Վարդգես Պետրոսյանի արձակում քիչ չէին այսպես կոչված ֆիզիոլոգիական ուրվագծի տարրերը, և դա զարմանալի չէր. նրա, ինչպես և այն ժամանակների երիտասարդ հայ գրողների համար կարևոր էր ինքնին երիտասարդ հերոսի նոր շունչը: Լինելով ուշադիր պատկերագրող և նուրբ հոգեբան` նա ձգտում էր կյանքում նոր գծեր, մարդկային նոր բնավորություններ որսալ, ժամանակին վերանայել կերպարն ու հայկական արձակի` այն ժամանակ առկա խնդիրները: Եվ պետք է խոստովանել, որ այդ կիսով չափ հասարակական, կիսով չափ գրական խնդիրը նա լուծեց հիանալի: Նրա վաղ շրջանի պատմվածքների, նաև ավելի ուշ գրված «Մանկության կիսակայարաններից ստացվող նամակներ»-ի և «Վերջին ուսուցիչ»-ի հերոսները սովորաբար չափազանց երիտասարդ են. ինքնուրույն կյանքի շեմին կանգնած` բազմաթիվ հնարավոր ուղիներից ընտրում են իրենց ճանապարհը: Նրանց ընդգծված երիտասարդ տարիքն ու կյանքի փոքր-ինչ լուրջ փորձի բացակայությունը այսօրվա տեսանկյունից որոշ չափով սահմանափակում է այդչափ երիտասարդ հերոսին հուզող խնդիրների շրջանակը, որը բավական մանկական է նույնիսկ հնարավորինս արագ մեծանալու և անվանելի լինելու իրավունք ձեռք բերելու իր մշտական ձգտման մեջ:

Սակայն հենց իր կյանքի ընտրության պահին և դրա շնորհիվ Վարդգես Պետրոսյանի երիտասարդ հերոսները դառնում էին սկզբունքային հոգևոր ու բարոյական արժեքների առաջին բացահայտողները, որոնք ժամանակի ընթացքում պետք է դառնային համազգային սեփականություն:

Հիշենք, թե նրանք ինչ կտրուկ են արձագանքում մարդկանց հարաբերություններում տեղ գտնող ցանկացած շահամոլությանն ու երկերեսանիությանը: Չէ՞ որ Արամը` Վարդգես Պետրոսյանի վաղ պատմվածքի հերոսը, ինստիտուտ ընդունվելիս ուղղակի հրաժարվում է միջնորդությունից, թեև շուրջը բոլորը տենդի մեջ են «ցանկացած բարձր կրթության» նկատմամբ մոդայից և լուրերից, որ «հիմա բոլորը ընդունվում են միայն ծանոթությունների շնորհիվ»: Զննելով մեծերի աշխարհը` Վարդգես Պետրոսյանի երիտասարդական պատմվածքների հերոսները ասես հապաղում են ճանապարհի ընտրության հարցում` կարիերամոլությանը դիմակայելու հարցում ճակատագրական սխալ չգործելու համար, սոցիալական և հոգևոր ստի դեմ պայքարում:

Դրա հետ մեկտեղ ուշագրավ է, որ Վարդգես Պետրոսյանի վիպակներում և պատմվածքներում նույնիսկ, այսպես ասած, այն ժամանակների երիտասարդության կյանքի զուտ կենցաղը նկարագրող դրվագներում ավելի խորը բախումնային պահեր են նկատվում: Դրանք հատկապես ի հայտ են գալիս, եթե կարելի է այսպես ասել, լիտվական տեսանկյունից, որը հաշվի է առնում լիտվական երիտասարդական արձակի համանման վերլուծությունը: Իրենց հակաքաղքենիական պաթոսով Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները, անկասկած, մոտ են նույն ժամանակահատվածում ստեղծված մի շարք լիտվական պատմվածքներին ու վեպերին, սակայն այստեղ էական է նաև որոշակի տարբերություն. լիտվական արձակում ընտանիքը սուր բարոյական բախումների հրապարակ է դառնում ոչ այնքան հաճախ: Ընտանեկան բջիջը այստեղ, ըստ երևույթին, այդքան ցեմենտված չէ ավանդական սովորություններով, այդ պատճառով էլ լիտվական արձակի երիտասարդ հերոսները դրանում իրենց այդ աստիճան կաշկանդված չեն զգում, համենայն դեպս նրանք ստիպված չեն երկարատև ու մանր «ներընտանեկան պատերազմ» վարել: Միաժամանակ Վարդգես Պետրոսյանի երիտասարդ հերոսների հոգևոր որոնումները նկատելիորեն բարդանում են նրանց կյանքի առանձնահատուկ, պատմականորեն ձևավորված պայմաններով, առաջին հերթին` ավանդական ներընտանեկան հարաբերություններով, որոնց դեմ էլ, ըստ էության, առավել վճռականորեն ընդվզում են այդ երիտասարդ հերոսները: Նրանց բորբոքում է տան բծախնդիր դրվածքը, ուր բոլորը պարտադիր պետք է միասին նախաճաշեն, ճաշեն ու ընթրեն` ընդ որում հստակորեն սահմանված ժամերի, քանզի «այդ բոլոր» կարգերից «քաղքենիության հոտ է գալիս», նրանց վիրավորում է ազգակիցների` իրենց ապագան «դասավորելու», իրենց ցանկությունից անկախ «լավագույն» մասնագիտությունն ընտրելու և ընդհանրապես, ծնողների սուրբ իրավունքով, ամենուր երեխաների ձեռքից բռնած տանելու մշտական փորձերը, թեև երեխաները համառորեն կրկնում են. «Մայրի՛կ, ես արդեն մեծ եմ…»: Վերջ ի վերջո երեխաները հեռանում են տնից, փախչում սիրելի ծնողներից. նրանց հետ մի տանիքի տակ ապրելն անհնա՛ր է: Հարազատ քաղաքը լքում է նաև Արամը: Նա հիասթափվել է հորից, որը «չգիտի մի ճշմարտություն, նա մի քանի, հարյուր ճշմարտություն գիտի, ասես մի հսկայական ճշմարտությունը փոխել է և իրեն վերցրել մի քանի տասնյակ այլ, ավելի շահավետ փոքրիկ ճշմարտություններ»:

Հենց այդ բազմաթիվ կենսական «ճշմարտությունների» քաղաքացիական իմաստավորումն ու գեղարվեստական վերծանումը երկար տարիների պատասխանատու ստեղծագործական խնդիր դարձավ ինչպես «Հայկական էսքիզներ» պատմվածք-ակնարկը ստեղծած հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի, այնպես էլ «Համր լեռան ճիչում» ժամանակակից հայկական իրականության` իր համար որոշ չափով տիպիկ դանդաղեցված, սևեռուն էպիկական ուսումնասիրմանը անդրադարձած վիպասան Վարդգես Պետրոսյանի համար: Այստեղ պատանեկան կրակոտ բանավեճը մի քանի տասնյակ փոքրիկ, շահավետ ճշմարտությունների հետ միասին վերաճում է լայնածավալ գեղագիտական քննարկման, մտերմիկ զրույցի` Հայաստանի և այնտեղ ապրող մարդկանց ճակատագրերի մասին:

Սակայն տարիների հետ փոխվում էին ոչ միայն Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների թեմաները. նրանցում կենսական հայեցակարգերի զգալի վերանայում էր տեղի ունենում, թեև առաջին հայացքից այն գուցե նկատելի չէր: Չէ՞ որ վաղ շրջանի պատմվածքների պատանի հերոսների աշխարհընկալումը կեցության և ժամանակի հասկացությունները հիմնականում սահմանափակվում էին մեր ապրած կյանքի բավական կարճ անձնական հատվածով: Դա, բնականաբար, միանգամայն անկեղծ, սուր, զգացմունքային մոտեցում էր, և հենց այն էր ուժեղացնում, սրում պատանի հերոսների բացասական արձագանքն ու զգացողությունը ցանկացած չարիքի և անարդարության հանդեպ: Սակայն միաժամանակ այն զուտ էկզիստենցիալ մոտեցում էր և ներքուստ ուժասպառ էր անում հերոսներին, քանզի տպավորություն էր ստեղծում, ՙոր կյանքն ասես լուցկու տուփ լինի, որում հետզհետե ավելի է շատանում լուցկու այրված հատիկների քանակը: Առավոտյան նա կծիծաղի այդ համեմատության վրա… Լուցկու այրված հատիկները կարելի է դուրս նետել, իսկ ապրած օրերը մնում են: Եվ ահա վրա է հասնում այն օրը, երբ տուփի մեջ մնում են լոկ լուցկու այրված հատիկներ՚:

Դա  «Ապրած և չապրած տարիներ»-ի փոքր-ինչ գինովցած Լևոնի որոշ չափով պարզունակ միտքն է, սակայն հենց այդ ոչ ուրախալի մտքով բարոյապես թունավորված լինելու հանգամանքը Լևոնին թույլ չի տալիս ավելի խորը, ոչ լրագրողական մակարդակով, իմաստավորել երկու սիրահարների ինքնասպանության պատճառները, որոնց մասին նա պետք է գրի մամուլում: Իր իսկ խոսքերով` նա ոչ մի կերպ չի կարողանում գլուխ հանել այդ գործից, սակայն զգում է, որ առանց դրա մեջ խորը թափանցելու այն կլինի ընդամենը «հոգեմաշ պատմություն հայ Ռոմեո և Ջուլիետտայի մասին, որոնք դարձել են գյուղական տգիտության ու քարացածության զոհը: Դա, իհարկե, պատճառներից մեկն է, սակայն ոչ գլխավորը: Նման դեպքը քսաներորդ դարի երկրորդ կեսի ֆոնի վրա, մի ժողովրդի մոտ, որը դեռ երկու հազար տարի առաջ իր թատրոնն է ունեցել և որը իր հողի վրա ատոմային կայան է կառուցում, ահա թե որտեղ է այդ գործի բևեռը, սակայն այն պետք է ոչ թե ներս խրել, այլ գոնե կիսով չափ դուրս քաշել: Գոնե… Դժվար է»: Անհատականից զուրկ, անդեմ ժամանակն այստեղ էլ ներկա է Լևոնի տրամաբանության մեջ, սակայն ներկա է վերացական իմացության տեսքով, որպես վիճակագրական, թվային տեղեկություն, որն առայժմ չի հասնում հոգուն և սրտին:

Վարդգես Պետրոսյանի վաղ արձակի հերոսները դեռ պետք է անցնեն մեծ, համընդհանուր մարդկային նպատակների և արժեքների գիտակցման դժվար ճանապարհը: Սկզբում նույն «Ապրած ու չապրած տարիներ»-ում դա արյունակցական կապի զգացումն էր: Բայց դա արդեն իսկ բավական է` նախկին երիտասարդ հերոսների անորոշ, անհստակ բարոյական որոնումների համեմատ, քանզի հիմա Լևոնը համոզված է, որ «մարդու մեջ կարևորը արյան կանչն է. ճակատագրական րոպեներին արյունն իրեն զգալ է տալիս: Դեռ մեկ շաբաթ առաջ նա կարծում էր, որ հնարավոր է «յոլա գնալ» առանց հարազատների, չէ՞ որ կան ռեստորաններ, ընկերներ, աղջիկներ, գրքեր, մագնիտոֆոններ, կա մեքենա: Մեկ շաբաթ առաջ նա կարող էր մտածել, որ արյունակցական կապը մարդկանց բաժանող պատեր, վարագույրներ, պատնեշներ կանգնեցնող խելահեղ քսաներորդ դարում ինչ-որ պայմանական բան է: Եվ ինչ, այժմ նա կանգնած է` խեղճ ու անօգնական, դեմ առ դեմ բնության բնազդներին, Ադամի մարմնի պես մերկացած հոգով, և չգիտի ինչ անել: Դե օգնի՛ր, քսա՛ներորդ դար, բթացրո՛ւ նյարդերը, ուրախության հաբ հորինի՛ր, որպեսզի հնարավոր լինի կուլ տալ դրանք, երբ ցավն անտանելի է դառնում»: Այստեղ հարկ է հիշեցնել, որ ցավն առաջացել է ընտանիքում` մեծ դժբախտության պատճառով, և հերոսն իրոք ստիպված է լինելու ճակատագրի դաժան հարված կրել, որպեսզի իր անձնականի պես զգա անձնականից դուրս իսկությունը, անձնականից անկախ արժեքները, անձնականից անկախ կյանքն ու մահը:

Իսկ դրանք արդեն իսկ «Հայկական էսքիզներ»-ի թեմաներն են, որոնցում քնարական հերոսն ամեն հերթական դրվագով կարծես իր անձնականի պես զգում և գիտակցում է այն բոլոր դժբախտությունները, որ հայ ժողովրդին բերում էր, ավա՜ղ, ոչ միայն XX դարը:

Ընդ որում` հատկապես կարևոր է, որ իր առայժմ ճանաչված «Հայկական էսքիզներ»-ում Վարդգես Պետրոսյանը մոտեցել է ընդհուպ գեղարվեստական խնդրի լուծմանը, որը, եթե խոսենք համեմատություններով, երկու սիրահար հայ պատանիների` երիտասարդի և օրիորդի ինքնասպանությունն իմաստավորելու փորձեր կատարող «Ապրած ու չապրած տարիներ»-ի հերոս Լևոնին անլուծելի էր թվում: «Նա ի՞նչ գրի, ինչպե՞ս ատոմային կայանի կողքին դնի այդ ողբերգական, նույնիսկ դյուրազգաց պատմությունը, որն ասես Պերճ Պռոշյանի վեպերի էջերից է իջել…»: Այդ հարցը փակուղի է տանում ուրբանիզացված XX դարի տիպիկ զավակին: «Հայկական էսքիզներ»-ում կողք կողքի դրված են տասնյակ նմանատիպ «անզուգակցելի» պատմություններ և փաստեր, և կարելի է ասել, հենց տրամաբանորեն «անզուգակցելի» բաների միջև պարադոքսալ կենսական կապերի բացահայտումն է ծնում «Հայկական էսքիզներ»-ի զարմանալի զգացմունքային էներգիան և համոզելու ուժը: Նման կապերի մերկացումը երբեմն այնքան կտրուկ է, որ ընթերցողներից ոմանք կարող են հեղինակին կասկածել պարադոքսալ մտածելակերպի կողմնակալության մեջ: Բավական է հիշել թեկուզ սկզբի հատվածներից մեկը.

«Սեղանի վրա գինու շշեր են դրված, բացված է գիրքը` ցցի վրա հագցրած կտրված գլուխների պատկերմամբ:

-Խմե՞նք,- առաջարկեց Ռուբենը, որը բոլորից ուշ եկավ:

-Թող նախ Ալլան անեկդոտ պատմի,- ասացի ես:

. . .

Լևոնը ռոյալի վրա հինավուրց մեղեդի է նվագում: Ալլան կծկվել է բազկաթոռի վրա ու ճկուն շարժումներով կատու է պատկերում:

-Դու առանց այդ էլ կատու ես,- ասում է Ռուբենը:- Պարե՞նք:

Մենք խմեցինք, հետո սկսեցինք թերթել գիրքը: Կրկին դիակներ ու թուրք դահիճներ, ոմանց դեմքերը ծանոթ են նրանց, ով իրեն հայ է անվանում: Չգիտես ինչու այդ րոպեին ես նկատում եմ, որ Ալլայի զգեստը փոքր-ինչ կարճ է: Ռուբենը շրջվում է դեպի ինձ:

-Այդ ո՞վ է լուսանկարի վրա,- նա հայերեն վատ է կարդում:

Ես նայում եմ: Սև հագուստով քահանան կանգնած է` անապատի ավազներով շրջապատված: Լուսանկարի տակ հետևյալ ստորագրությունն է. «Արտասովոր հոգեհանգիստ: 1915 թիվ, Տեր-Զորի անապատ, գերմանացի սպայի արված լուսանկարներից»: Ավազների մեջ ես ինչ-որ ոսկորներ եմ տեսնում, Ռուբենին բացատրում եմ, թե դրանք ումն են, իսկ նա այդ ժամանակ ինչ-որ բան է ասում Լևոնին, վերջինս էլ ծիծաղում է:

-Դու ի՞նչ է, չե՞ս լսում:- Ես հազիվ եմ ինձ զսպում, որպեսզի չկոպտեմ»:

Հայաստանի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր մարդու այդ դրվագը կարող է համարյա սրբապիղծ թվալ: Սակայն, կպատասխանի ցանկացած ոք, ով ուշադիր կկարդա «Հայկական էսքիզներ»-ը, արդյոք սրբապիղծ չէ՞ կյանքը, որն անկարող է «լսել» անցյալի ողբերգությունները: Սրբապիղծ չէ՞ պատմությունը մոռացած արդիականությունը: Եվ արդյոք սրբապիղծ չէ՞ մարդը, որը կորցրել է ժողովրդականության զգացումը…

Սակայն  «Հայկական էսքիզներ»-ի մտահղացման և գեղարվեստական կառուցվածքի մեջ ներդրված այս հարցերը ևս Վարդգես Պետրոսյանի համար (որքան էլ դրանք նշանակալի լինեին) ինքնին կարևոր չեն: Գրողը, որը դեռ երիտասարդական տարիներին հասկացավ, որ իրեն հետաքրքրող և տանջող հարցերը կարող են «առաջացնել ավագների ջղայնությունը», այստեղ գիտակցաբար վիրավորում է: Եվ խորապես սխալվում է նա, ով չի հասկանա կամ չի ցանկանա հասկանալ, որ այդ վիրավորանքը կենսատու է, բուժիչ, անկեղծ և գրողի կողմից քաղաքացիական ցավով ուղղված հենց այն կյանքի համար, որը անկարող է լսել անցյալի ողբերգությունները, այն արդիականության համար, որը մոռանում է պատմությունը, նրա համար, ով կորցնում է ժողովրդականության զգացումը: Պատմական փաստի ճշմարտությունն ու գեղարվեստական ճշմարտությունը «Հայկական էսքիզներ»-ում ընդլայնում է անհատական ժամանակի սահմանները, ու դարերի դաժան քայլերով գիրք է ներխուժում հայ ժողովրդին վիճակված ծանր պատմական փորձությունների ժամանակը: Հեղինակը սկզբունքորեն աշխատում է վավերագրական լինել, թեև պատմական վավերագրությունն այստեղ տարօրինակ կերպով խառնվում է անձնական փորձի վավերագրությանը, և գիրքն ամենից առաջ հուզում է որպես լարված, անկեղծ խոստովանություն, որպես անձնական փորձ` իմաստավորելու անձնականից դուրս եղածը, վերծանելու հին առասպելը և դրա հետ մեկտեղ սինթետիկորեն, ասես հին առասպելում, գիտակցելու և իմաստավորելու ժամանակակից փաստերը, որոնք հակասական են, ինչպես հիասքանչ հայկական այբուբենի գրառումը ոճրագործի դաջված ձեռքի վրա…

Հազիվ թե ժամանակակից խորհրդային արձակում գտնվի գիրք, որը իր քաղաքացիական հետաքրքրվածությամբ, հրապարակախոսական անկեղծությամբ և զգացմունքային լարումով կարողանա համեմատվել Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի հետ, մի գրողի, որը այդքան համառորեն և ոգեշնչված հարցնում և անմիջապես մեզ պատմում է. «Ինչպիսի՞ն ես դու, Հայաստան», իսկ վերջաբանում կրկին երդվում է.

«Փնտրել քեզ,

Երկյուղել,

Գտնել,

Կորցնել,

Ապրել քեզ համար»:

Անկասկած, «Հայկական էսքիզներ»-ը գրողի ստեղծագործական ուղու կարևորագույն փուլն է, և ուրախալի է, որ այսօր էլ իր նոր ստեղծագործություններում Վարդգես Պետրոսյանը հավատարիմ է մնում իր լավագույն հատկանիշներին և համառորեն շարժվում է առաջ` իր կողմից վաղուց ընտրված ճանապարհով:

Այո՛, հավատարիմ է իրեն, չնայած այն հանգամանքին, որ, օրինակ, «Համր լեռան ճիչը» վեպում նա, թերևս առաջին անգամ, հեռացավ իր կողմից դրված քաղաքային թեմատիկայից և դիմեց գյուղական կյանքի պատկերմանը: Թեմատիկան, ավա՜ղ, արվեստի գործի միայն առաջին պլանն է, և խորիմաստ չի լինի դրա վրա հիմնվելով կարծիք կազմել ամբողջ ստեղծագործության մասին: Ընթերցողի համար, օրինակ, «Համր լեռան ճիչը» ամենից առաջ հետաքրքիր է ցանկացած արգելքներ հաղթահարելու, դեպի ժամանակակից մարդն ուղղված ճանապարհին ամենահուսալի կամուրջներ կառուցելու հետագա, սկզբունքային, արդեն զուտ պետրոսյանական ձգտմամբ: Կար ժամանակ, երբ երիտասարդ գրողի աչքերում այդպիսի արգելքներ էին «պատանիի» և «հնի», «ժամանակակցի» և «հնացածի», նույնիսկ «քաղաքայինի» և «գյուղականի»  հակասությունները: Վարդգես Պետրոսյանը, հիշում եմ, ժամանակին կրքոտությամբ պահանջում էր այսօրվա հայ գրականության մեջ տեղ հատկացնել նաև հայ ֆիզիկոսներին, նկարիչներին, հերոս-մտավորականին բառի լայն իմաստով: Նա պահանջում էր նաև «նախապես չմերժել, ապազգային չհամարել նրանց, ովքեր ապրում են ոչ թե լեռներում, այլ մեծ քաղաքում, ով ֆիզիկոս է, այլ ոչ ձիապան, նրանց, ովքեր խնոցու փոխարեն կոկտեյլ են խմում»: Զուտ «առարկայական» համադրումներին բնորոշ սրությո՛ւն: Իհարկե, այդ ոճը նույնպես իր թուլություններն ուներ. պատանի հերոսների համար, ինչպես արդեն ասվել է, երբեմն ավելի հեշտ էր ազգային կենցաղում նոր մանրամասներ նկատել, քան իմաստավորել դրանց հետագա ազդեցությունն ու նշանակությունը բոլոր ժողովուրդների ազգային կեցության համար ոչ միայն այսօր, այլև հետագայում: Իսկ վեպում հստակ համոզմունք է հնչում, որ մեր օրերում մարդու մասնագիտությունը, առավել ևս նրա բնակության վայրը չեն կարող և չպետք է պատնեշ լինեն մարդու մասին ճշմարտության բացահայտման համար: Ավելին, «Համր լեռան ճիչը» վեպում արդեն արտացոլվում է ոչ միայն ժամանակակից մարդու մասին ճշմարտության բացահայտման հրապարակախոսական ձգտումը: Այս անգամ Վարդգես Պետրոսյանը կարծես նպատակ ունի հասկանալ մարդուն ինքնին, այլ ոչ թե պարզապես նրա մասին ռացիոնալ ճշմարտությունը: Վեպի շատ դրվագներում նա փորձում է կամուրջ անցկացնել մարդու բանականության և սրտի միջև, կամ կրկնելով վեպի հերոսի` Սահակ Կամսպրյանի խոսքերը` «սրտերը մոտեցնել բանականությանը, որպեսզի դրանց որոշումը լինի միասնական, բայց, ամեն դեպքում, առաջին հերթին` սրտի թելադրանքով»: Եվ գեղարվեստական խոսքի ուժ ստացած այդ ձգտումը կրկին ուղղված է վեպի բոլոր հերոսներին, ու կասեմ ավելին, նրա բոլոր ընթերցողներին` և՛ նրանց, ովքեր այսօր լքում են գյուղը, և՛ նրանց, ովքեր մնում են այնտեղ, ինչպես Սահակը, գիշերը լեռներում նորից լույս է վառում` «գյուղի միակ գիշերային կրակը»…

Ընդ որում` հետաքրքիր և նշանակալի է, որ պատանու պես դյուրաբորբոք Վարդգես Պետրոսյանն իր այս, թերևս ամենաէպիկական գրքում ևս նույնիսկ չի էլ փորձում թաքցնել իր քնարական-պրագմատիկ մտադրությունը` «Մարդկային սրտին ու գիտակցությանը վերադարձնելու առասպելի մարգարիտը» միայնակ, բայց հրաշալիորեն կենսական ընկուզենու մասին` մերկ լեռան վրա: Առասպել, որը վեպի երիտասարդ հերոսուհին ժառանգում է «հորից ու երկար հարյուրամյակներ այդ դաժան և սրտին այդքան հարազատ լեռներում ապրած իր անանուն նախնիների անվերջ շղթայից»: Եվ «Համր լեռան ճիչի» էպիկական իմաստը, ըստ էության, նրանում չէ, որ մարդիկ լքում են լեռնային գյուղը, որ հեռանում է նույնիսկ հիասքանչ առասպելի երիտասարդ տիրուհին: «Համր լեռան ճիչի» էությունը նրանում է, որ լեռները մնում են. նրանք գնալու տեղ չունեն…»:

Վարդգես Պետրոսյանի արձակը հիանալի է նրանով, որ զարմանալի համառությամբ ուղղված է դեպի առաջ և դեպի կյանքի խորքը` այնպիսին, ինչպիսին որ այն կա:

Այո՛, երբեմն գրողն իր գրքերում հեգնական է և կտրուկ, անխնա է ու հանդուգն, սակայն այդ ամենն ուղղված է Հայաստանի ու նրա մարդկանց մասին պատմական ու կենսական ճշմարտության համառ և նպատակասլաց որոնումներին:

Այո՛, նա հին աշխարհի գեղեցկությամբ արբած ռոմանտիկ չէ, նա հենց այնպես չի վերարտադրի առասպելը: Նա ինձ ավելի շուտ հիշեցնում է վեպի վերջաբանում իր իսկ կողմից պատկերված ոմն կասկածապաշտի` Լեռնասարից, որը որոշեց ստուգել` արդյոք կիրճի հենց հատակին` ջրի մոտ դուրս ցցվող արմատները Համր լեռան հենց այն առասպելական ընկուզենու արմատնե՞րն են, ընկուզենի, որի բարձրությունն հազար ութ հարյուր երեսուն հինգ մետր է. «Նա հետևողականորեն ու համբերատար փորում էր լեռը և քայլ առ քայլ բարձրանում դեպի վեր»: Եվ մարդիկ առասպելի հետ մեկտեղ իրական ապացույց ձեռք բերեցին. «կիրճում սկիզբ առնող արմատը ձգվում ու ձգվում էր դեպի վեր` ծակելով քարերն ու այրված կարմրավուն հողը»:

…Իսկ չէ՞ որ առասպելը, որի կենդանի արմատները հայտնաբերված են, հենց այդ մշտապես և ամենուր, նույնիսկ ամենաանսպասելի տեղեր թափանցող անսպառ կյանքն է. «կռացի՛ր և կտեսնես ամուր, կենդանի, հյութերով լի արմատը, որը ձգվում է դեպի վեր», քանզի «մեզ վրա շղթան չի ընդհատվի…»:

Ես նույնպես, Վարդգես Պետրոսյանի ստեղծագործական ուղու մասին մտորումներս ավարտելով, չեմ կանխագուշակի նրա նոր գեղարվեստական բացահայտումների, ապագա գրքերի մասին. դրանց պարզապես պետք է սպասել:

 

Եվ այսօր համարձակվում եմ հավաստիացնել` դրանց սպասում են ոչ միայն հայկական հողում, այլև հեռու, երբեմն Հայաստանի սահմաններից շատ հեռու:

հրապարակման թվականը և տեղը և հեղինակի մասին

 

Լիտվերենից թարգմանեց

Ֆելիքս Բախչինյանը

 

 

 

Լիտվացի ճանաչված գրող և գրականագետ, հումանիտար գիտությունների դոկտոր Ալգիմանտաս Բուչիսը հայ ընթերցողին ծանոթ է իր «Քո թշնամու թշնամին» վեպով և գրականագիտական բազմաթիվ հոդվածներով: Դեռևս 1972-ից իր հայ գործընկեր Ալեքսանդր Թոփչյանի հետ Երևանում և Վիլնյուսում կազմակերպել են գրական կլոր սեղաններ՝ նվիրված հայ և լիտվական արձակին: Վիլնյուսի պետական համալսարանում ուսանած տարիներին մենք ընկերություն էինք անում: 1980-ի հոկտեմբերին իմ նախաձեռնությամբ միասին եկանք Հայաստան: ՀԳՄ դահլիճում նա հանդես էր գալու հայ արձակին նվիրված զեկուցումով: Սակայն զեկուցումը տեղի չունեցավ, որովհետև զոհվել էր մեր մեծ արձակագիր Մուշեղ Գալշոյանը:

Վարդգես Պետրոսյանին նվիրված այս հոդվածը մի հատված է այդ զեկուցումից:

 

Թարգմանիչ

 

 

Անդին 5, 2017

Share

Կարծիքներ

կարծիք