Ծիածանված կիսադեմ

Հեղինակ:

Klara-Poghosyan «Ես կարմիր էի…»,- մտածում էր նա` կիսաբաց պատուհանից դուրս նայելով երևանյան լույսերով ողողված քաղաքին: Նայում էր ինքն իր ստվերին և տեսնում, որ գունազրկվել է, ուզում է գտնել երբեմնի կարմիրը, լսել յուրաքանչյուր հնչյուն` հյուսված վարսերի մեջ փաթաթված անցյալի կարկաչուն ձայնից: Եվ յուրաքանչյուր հուշի պատառիկ` վարսի տեսքով, մատներին փաթաթած, վերադարձնում էր անցյալի գիրկը, ընկնում ու բարձրանում, ծիածանվում իր երանգներում` գույն փնտրելով: Որոնելով իր նոր եսը հնի ծոցում` փորձում էր չերկատվել, դա էր միակ ճանապարհը իր եսերի հաշտության:

Նա ուրիշ էր մինչև իր կարմիրը կորցնելը և բոլորովին ուրիշ է հիմա, երբ մտածում է, որ անգույն է: Այո՛, պետք է հաշտության եզրը գտնի, քանի դեռ ուշ չէ: Քանի դեռ կարողանում է երազել:

Անցյալի աստիճաններով մեկիկ-մեկիկ իջնելիս ակամայից դանդաղում ես, քանի որ արդեն գիտես, թե ուր են տանում յուրաքանչյուր քար ու կոպիճ: Գիտես որտեղ է քեզ սպասել երջանկությունը կամ աչքով արել բախտը, գերի վերցրել նախախնամությունը:

Հիշեց իրեն, երբ առաջին անգամ հասկացավ, որ հայելու արտացոլած պատկերն ինքն է: Խոպոպիկները ուսերին թափած, բոկոտն, գիշերազգեստը հագին, ձեռքին կոնֆետի թուղթը, համով մռութիկով ու մի զույգ ժպտացող և չարաճճի աչուկներով թափանցիկ մի էակ: Կլիներ մոտ երեք տարեկան: Անուշ էր և լույս: Ա՛յ հենց այդ ժամանակ ինքն ուներ գույներ և այն էլ ինչքա՜ն ու բազմապիսի: Հիմա էլ կարելի է իրեն գեղեցիկ համարել, քանի որ տգեղ էլ չէ, սլացիկ է, ոչ բարձրահասակ, բայց…

Լսեց, թե ինչպես մոտակայքում ճռռաց հարևանի դուռը: Ինչ-որ տեղ հեռվում էլ` փողոցի թոհուբոհում, ինչ-որ տաքսու վարորդ Բղդոյի մեխակներն էր ինչ-որ մեկին նվիրում:

Այո՛, կյանքն իրոք ելևէջում էր, իրեն պատեպատ տալիս, դիմացի ժայռին զարկվող ծովի անհագուրդ ջրերի նման: Ծովն ուզում է վարսերով հպվել ժայռին, սիրաշահել, իսկ ժայռն անդրդվելի էր:

Նա էլ էր ալեկոծված: Ժպիտը մերթ վերադառնում էր, մերթ փայլում, մերթ աչքով անում: Ու հասկանում է, որ այսուհետ պետք է ապրի լայն բացած աչքերով, ապրի րոպե դարձած ամեն վայրկյանն այնքան անհագ, ասես մի տասը րոպե անց պիտի մահանա: Պիտի աշխարհն իր մեջ փորձի գտնել, պիտի տեսնել կարողանա, չէ՞ որ այն գեղեցիկ է յուրաքանչյուր երազանքից:

Ու հասկացավ, որ ուրիշի ծովում չի կարող լողալ` կխեղդվի: Եվ որոշեց իր ծովն ու իր ներկապնակը ստեղծել: Ուղղակի գույներ պիտի գտներ` երփներանգ, բազմաբույր, խոսող, ճչացող, գույներ, որոնց ամեն մի կաթիլը մի պատմություն պիտի ունենար` չկրկնվող:

Հիշեց իր երազների միջից նայող այն փոքրիկ աղջկան, որը մեծացել էր արդեն, ծամերը մեջքին փռած` մի ծաղկից մյուսն էր վազում: Թիթեռնիկ դարձած` բյուր հազարավոր թիթեռների հետ պահմտոցի էր խաղում: Նրա աչքերի մեջ բազում արևներ էին վառվում` քողարկելով աշխարհի ստվերոտ կողմերը: Մի բուռ լույս դարձած աշխարհն էր կարծես վրձին ընտրել իր կյանքի կտավի համար: Որպեսզի ներկելը հեշտ լիներ ու խառնուրդների կարիք բոլորովին չզգար, չզատեր սևը սպիտակից, այլ միայն ներկեր հոգու ներկերով` նռան գույնով, որ բնական լիներ, ու իր խոլական, գողտրիկ հոգու յուրաքանչյուր ծվեն ցնծար, միայն չտատանվեր: Եվ այդպես խմորվելով միջավայրին` անխռով ու անբռնազբոսիկ անցավ կյանքի տարբեր էջերով:

Հիշեց առաջին կարդացած գիրքը, թե ինչպես էր անհագուրդ ծարավով կլանում էջը էջի հետևից: Հիշեց բարի տատիկի խրախուսող հայացքն ու գոհունակ ժպիտը` թոռնուհու մեջ իր շարուակությունը տեսնելիս: Սիրեց տառը, գիրը, գիրքը: Հավատաց ու սիրեց իր ստեղծած, կերտած բոլոր կերպարներին` մեծ ու փոքր, երջանիկ ու տխուր, բարի ու չար:

Եվ հասկացավ, որ գույները կամաց-կամաց լցվում են իր ներկապնակը: Մանկական խղճին եկավ փոխարինելու գութն ու կարեկցանքը, վարդագույն երազներին` կյանքն իր բոլոր դրսևորումներով ընկալելու կարողությունը, միամտությանը` մարդու մեջ մարդ տեսնելու ցանկությունը, հավատին` անսասանությունը: Քայլերը հստակվեցին, մտքերը պայծառացան, բանականությունը խաղաղության դաշինք կնքեց զգացմունքների հետ:

Եվ գույներն ավելացան: Երբ հայելու մեջ նայեց կրկին, տեսավ շատ ավելին, քան կարող էր երևալ այնտեղ: Դեռատի մի աղջնակ` ո՛չ կանաչ աչքերով, ո՛չ խարտյաշ մազերով, ո՛չ էլ գեղեցկուհի: Բայց գույն ուներ և ժպիտներ տարերանգ: Հենց այդ վայրկյանից նա իրեն կարմիր տեսավ: Գտել էր և՛ իր բույրը, և՛ թույրը:

Գիշերվա սրընթաց նժույգը հեծած` սլանում էր մտքերի արահետներով, շնչում գարնանային նվիրական անձրևի բույրը` խառնած կեսգիշերային սրճաբույրին, և ապրում: Ապրում էր` գիտակցելով, որ դեռ ասելիք ունի, հետևաբար դժվար է լինելու իր ուղին: Բիլիարդի գնդակի նման այս ու այն կողմ ցատկոտելուց հետո նոր միայն կգտնի իր տեղը ինչ-որ «անցքի մեջ»: Ժպտաց` «անցքի մեջ», մի՞թե դա է իր ուզածը, կամ մի՞թե այսքան տարի ձգտել է այդ անցքի մեջ ընկնել:

Հիշեց քրոջը… Կան մարդիկ, որոնց հետ զրուցելիս կարծես արև խմած լինես. սկսում ես լուսարձակել… Այդպես էր նաև իր և քրոջ ընկերությունը, ոսկեծամ մանկությունից լույս էր հորդում… Բարության և մանկական անկեղծ նվիրվածության լույսը, որն ափերի մեջ առած շարժվեցին կյանքի տարբեր կամուրջներով: Ամեն մեկն իր արևը գրկած…

Եվ գույն ավելացավ իր կյանքի կտավին` ծիրանագույնը: Ժպտաց (արդեն երկրորդ անգամ) ու տեսավ, որ ժպիտն էլ է երանգավորվել…

Փակեց աչքերը: Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում: Ուզում ես նույնիսկ հանգուցիր կոպերդ աչքերիդ` միևնույն է` հոգիդ արթուն է, և անտեսանելի փայտփորիկը թմբկահարում է քունքերդ: Չի՛ օգնում: Ինչո՞ւ չի քնում: Վախենում է հանկարծ կկորցնի լռության մեջ հնչած այն կարևոր խոսքերը, որոնք երբեմն ավելի ազդեցիկ ու մնայուն են: Իսկական են:

Թե՞ վերջապես հասկացավ, որ ինքը դեռ պատրաստ չէ համարձակության դիմել հանուն արտասովորի, այդ իսկ պատճառով պետք է լուռ համակերպվի սովորականին: Դա էր ցավալին: Նա ինքն իր աչքին էլի անգույն մնաց` թաց մտքերով: Հազիվ կուլ տալով մի կում սև սուրճը` կկոցեց աչքերը դառնությունից:

Հիշեց այն աղջկան, որ առաջին անգամ դպրոց մտավ, բայց ամենակարևոր բաներն այդպես էլ չսովորեց. թե ինչպես կյանքում անընդհատ բաժանվել մտերիմներից` կսկիծ ու ափսոսանք չզգալով, հույսերից, առանց որոնց գրեթե անկարելի է շնչել, ապրած ու չապրած օրերից… Սովորեց քիմիա, կենսաբանություն… Ո՜ր ի՞նչ… Եվ ոչ ոք չսովորեցրեց` ինչպե՛ս հասկանալ կողքինի տխրությունը, ինչպե՛ս լսել լռությունը, ինչպե՛ս ճիշտ ժպտալ, որ բերանը չծռվի ժամանակի ապտակներից, ինչպե՛ս տառապել` արժանապատվությունը գրկած: Թողեցին, որ այդ ամենը սովորի զգալով…

Մանկությունն ու պատանեկությունը մնացին դպրոցական նստարանի վերջին շարքերում: Արդեն կանգնած էր համալսարանի շեմին: Գույները շա՜տ-շա՜տ էին ու վերադարձան իր ներկապնակի մեջ: Ժպտաց, յուրաքանչյուր ժպիտ ուներ իր հետնաբեմը: Եվ երբ պարապ ժամանակ վարագույրը մի փոքր հետ ես քաշում, տեսնում ես ժպիտների տիտանական տարբերություն: Հայացքով առաջ ես շարժվում` փնտրելով ամենաանկեղծ ու մաքուր ժպիտը… Չկա՛ ու չկա՛, երևի ժամանակի փոշում մաշվել է, ու ճիշտը չփնտրելն է:

Ոչինչ, դիմակավոր այս աշխարհում մի դիմակ ևս կգնի մոտակա խանութից և կապրի գոհ ու երջանիկ, հետո ոմանց համար նուռը կապույտ գույն ունի կամ էլ ամեն րոպե կարող է ճաքել: Կարևորը կյանքի ռեմիքս տարբերակով ապրելն է` թացը չորից չտարբերելով:

Եթե կկարողանաս տողադարձվել կյանքի ամեն մի եսի խաչմերուկում, ուրեմն առաջ, էլ ո՞ւմ կամ ինչի՞ ես սպասում: Եթե չես ափսոսա ժամանակդ, որն անգին է, ապա կարող ես յուրաքանչյուր օրդ արևածաղկի սերմերի նման «չրթել», հոգ չէ` կարևորը նորաձև է: Այո՛, կրկին համոզվում է, որ ավելի լավ է Պանդորայի արկղիկը չբացել, այդպես ավելի հուսալի է, գլխարկդ քաշիր աչքերիդ և ապրիր…

Իր ներկապանակն էլի լցվեց, այս անգամ, ցավոք, գորշ երանգներով: Այո՛, վատ է, երբ մարդիկ գնալով էժանանում են, իսկ հանրահայտ մոլերի ապրանքները` թանկանում… Ահավոր է, երբ իրապաշտությունն է ծաղկում աշխարհում` թելադրելով իր կանոնները: Հաստաշուրթ «սելֆիները» կիսամերկ հետույքներով…

Գորշ գույնը գերակշիռ մասն է կազմում իր այսօրվա ներկապնակի, իսկ ինքն ընկած ծիրանագույն է ուզում գտնել նորից կամ էլ իր արևագույնի հարյուր երանգը: Վրձին էլ չունի հակառակի նման: Վաղը կգնա և մատիտ կգնի մոտակա գրախանութից, որ ջնջելու և վերստին ներկելու ևս մի հնարավորություն ունենա, մինչև մի լավ վրձին ճարի: Ինքն էլ է շատ նման մատիտների: Յուրաքանչյուր գիծ ու շարժում, ռիթմ ու ելևէջ, վայրիվերում, փայլատակում, նախապաշարմունք, կամք, վսեմություն, սեր, ատելություն… Նկարում է անձայն, նկարում է ինքն իր համար, ուղղակի երբեմն, ինչպես մատիտը կոտրվում է կամ բթանում, կամ էլ սրվում և սկսում նկարել կյանքի մեծ ու անսահման կտավին` առանց եսասիրության, ագահաբար, բայց նվիրվածորեն: Ի վերջո գնալով մաշվում է ու բարակում:

Մարդիկ: Շողեր: Դեմքեր: Մարմիններ: Իրենց մեջ էլ կա քամիների թարմություն, անտառային խոնավության անանձնական խաբկանք: Բոլորն էլ տարբեր հայացքներով, ժամանակավոր շնչող մարմիններ են դիմագծերով և գույներով: Բայց բոլորին կապում է միայնությունը` համեմված ջղաձգված թովչանքով:

Դեղինի պակաս էր զգում:

Մտքի քայլերը տանում էին ժամանակի անհունի մեջ կորած հետքերով: Աչքերը որսում էին յուրաքանչյուր չապրած շարժումը, սիրտը կանգ էր առնում ամեն վայրկյան նորը և գեղեցիկը ճաշակելու խորհրդավոր հաճույքից: Շնչել, շնչել, շնչել… Սա էր կարծես իր միակ առաջադրանքը դարձել: Բայց բարություն շնչել, սեր ու գուրգուրանք, նվիրվածություն շնչել` անկեղծությամբ լցված, խանդաղատանք շնչել` ապահովվածության կլոր կնիքով դրոշմված, հոգատարություն շնչել` առանց երկմտանքի: Ու հասնել սիրած գույների բաղձալի շարքին:

Ուսանողական տարիներն իր ներկապնակի ամենահարուստ գունամատակարարն էին: Միլիոն երանգ, բյուր գույներով լեցուն, հյութեղ, զգայական, որոնց չնկատելն անհնար կլիներ: Եվ անսպասելի մի գեղեցիկ օր նկատվեց. ՙԲալի շուրթերով իմ հեքիաթն՚ իր անսպասելի այցելուն դարձավ:

-Կներես, որ աչքերս կանաչ չեն,- ասաց նա` հմայիչ ժպիտը շուրթերին:

-Կներեմ, որ կանաչ չեն,- հնչեց իր ակամա պատասխանը:

Եվ այդպես հանդիպում հանդիպման հետևից, օրեր` լցված կարոտներով, ժամանակի զգացողության կորուստ, պահեր, երբ մեղքերն ու բույրերը խառնվում են իրար: Երբ աշխարհը վարդագույն երազ է, իսկ ինքը` մանուշակի ճոճքում քնած բզեզ, որը չի ուզում արթնանալ, ուր մնաց թե աչքերը բացի: Այդ ժամանակ բնությունն էլ էր երգում, ժանրը կարևոր չէր, ինքը պատրաստ էր նույնիսկ ծանր ռոք լսելուն: Կարևորը` ի սրտե էր, իսկական: Ժամանակին համահունչ էր ընթանում` փորձելով չսայթաքել, գլուխը բարձր պահած, դրական հույզերով լեցուն:

Այդ պահից ի վեր հասկացավ, որ շատ հարուստ է, և եկել է պահը կտավը ստեղծելու` իր կյանքի կտավը, իր սիրած գույներով` ազատորեն: Էջերը շատ էին, բայց տարբեր հետնապատկերներով: Եվ յուրաքանչյուր էջ իր գույնն ուներ: Երբ հաջորդականորեն էր թերթում, կյանքի յուրաքանչյուր պատառիկը մի պահ բոցկլտում էր և հանգչում` մտածելու համար տեղ թողնելով: Գուցե շտկման կարիք դեռ կլինի:

Ապրելու համար միայն հաճախ շնչելն այնքա՜ն քիչ է, այնքա՜ն կիսատ, որ լրացնելու մեծ ցանկության ճանապարհին երբեմն մոլորվում ես: Բայց շնչելն անհրաժեշտություն է: Կում-կում պիտի շնչես, որ թարմությունն ըմբոշխնես, լցվի երակներովդ` սթափություն հաղորդելով յուրաքանչյուր բջջիդ: Եվ մաքրվում ես երեկվա կպչուն փոշուց, կեղտն ու բիծը ոչնչանում են քո մեջ, ու սկսում ես բուրել այսօրվա թարմության վարակիչ բույրով: Իսկ երբ հաջողության քո վերելակը չի աշխատում, փորձում ես աստիճաններով բարձրանալ` քայլ առ քայլ: Ա՛յ այդ ժամանակ էլ ճիշտ շնչել պիտի կարողանաս: Որովհետև վերելքի ճանապարհն անկանխատեսելի է, և կարևորը չսայթաքելն է:

Հիշեց իր մանկության պատուհանից երևացող հայրական տունը: Ի՜նչ ջերմություն էր ճառագում իր կյանքի այդ էջերից: Ասես արևն էր նկարիչը, իսկ ինքը` լուռ հանդիսատեսը: Ամեն ինչ մանուշակագույն էր: Այնքա՜ն տաքություն, այնքա՜ն մաքրություն կար այդ պատկերի մեջ: Ներկապնակը պայթում էր գույների բազմազանությունից և նրանցից անդրադարձող բարությունից:

Ու սիրտը ուռե՜ց, ուռե՜ց, ուռե՜ց… Կծկվեց կարոտի ամենաուժգին այն տրոփից, կարծես պատրաստ է ամեն վայրկյան կրծքավանդակից դուրս թռչելու:

Ցորենի արտերի ծփանքից հայրական տան հոտն էր զգում հազար կիլոմետրի վրա: Նիրվանայի գիրկն էր ընկնում` փարվելով հիշողությունների վարսերին, և մեկիկ-մեկիկ սանրելով` բացում էր յուրաքանչյուր պատմության թելի կծիկը: Դրանք հենց այնպես պատմություններ չեն, դեմք ունեն և բնավորություն: Հյութեղ են աշնան խաղողի հասած ողկույզների պես, ինչքան ուտում ես, էլ ավելի ես ուզում: Եվ ձեռքերով հոսող քաղցրահամ քաղցրահյութն էլ ավելի քաղցրահամ է դարձնում պահի, ակնթարթի տևողությունը: Կպչուն ձեռքերիդ քաղցրությունը: Այնպես, որ ուզում ես մատներիդ հարցնել, թե արդյոք կշտացե՞լ են արևահամից:

Այո, լայն էր անցյալի պատառիկներում լողացող իր տեսադաշտը: Այն այժմ պարզապես վերածվել է հորիզոնի, կգա մի պահ և անխոս կդառնա անտեսանելի գիծ: Իսկ երբ տեսադաշտը գծից վերածվում է կետի, դիմացինին ուզում ես համոզել, որ դա քո տեսակետն է, որ քեզ պետք է ընդունեն այնպիսին, ինչպիսին որ կաս` թևավոր: Որովհետև առանց թռիչքի ապրելը նույնն է, ինչ շնչես քիթդ փակ կամ հակագազով:

Մոխրագույնը նույնպես հասավ իր ներկապնակին: Ո՞ւր էր կարմիրը, ի՛ր կարմիրը: Դե արի՛ ու այսքան գույնի միջից գտիր նրան կամ էլ ստեղծիր մի բուռ սևադեղին, մի բուռ արևագույն, մի բուռ էլ կանաչ, գուցե հաջողվի: Ա՛յ որ մոտակա այգու նկարիչ պապիկին հանդիպի, անպայման կհարցնի կարմիր գույն ստեղծելու գաղտնիքի մասին: Գուցե պապիկը վստահի իրեն, իսկ ինքը փոխարենը ժպիտ կնվիրի նրան, այն էլ` անշահախնդիր: Թող ինչքա՜ն ուզում է` նկարի, միևնույն է` չի վերջանալու, քանի որ անկեղծ է:

Հեռուների միջից անցյալի կայծերն եկան կրակ դարձած, հրդեհելով ներկայի թաց անտարբերությունը` շարժվեցին առաջ: Մխում է հոգին: Մոլորված քայլում է մտքերի լաբիրինթոսում և ելք որոնում: Այլընտրանք էլ չունի, պիտի գտնի տուն տանող ճանապարհը: Ընդամենը մեկ կածան կամ արահետ, բայց սկիզբը չի տեսնում, որ վերջին հասնի: Իսկ ճանապարհները տարբեր են լինում: Ինչպես նաև` լռությունները, որոնց պատճառով շատ հաճախ մենք-ը բաժանվում է ես-երի: Անակնկալ, դեսուդեն ցրված թղթի պատառիկների նման ես-երը դեգերում են կյանքի նոթատետրի ստվերոտ էջերում: Իզուր լռությամբ կորցնում են ամենաթանկագիններին… Ամեն ինչ չափի մեջ պիտի լինի… Լռությունն էլ… Անտեղի լռությունն էլ…

Ներկապնակը ճկվել էր գույների բեռան տակ: Իսկ ինքը դեռ վրձին չուներ: Մի գլուխ գույներ է հավաքում: Բայց արի ու տես, որ ժամանակը չի սպասում. դանդաղումների ընթացքում էլ պիտի սահմանը ճանաչես: Որպեսզի այսօրվա շնչող էակները ստվերներ չդառնան վաղը կեսօրին` անձրևից հետո:

Կան ճանապարհներ, որոնք պետք է մենակ անցնել: Որ կարողանաս ներքին սահմանդ ճանաչել: Սահման` զգացմունքներին, սահման` ցավին, սահման` արցունքներին, սահման` ատելությանը, սահման` ներողամտությանը, սահման` անսահմանությանը: Բայց մի տեսակ կարոտ կա, որը սահման չունի, որը չես պատմի ոչ մի բառով, բայց սիրտդ թախծում է առանց նրա և անդադար վազում իր ռիթմով:

Ցուրտ էր. մոտեցավ պատուհանին, դուրս նայեց: Կատարյալ լռություն` այնքա՜ն խաղաղ, որ եթե որոշեր լիաթոք շնչել` հաստատ կիմանային:

Իսկ եթե մեջքին էլ աչք ունենար, կզարմանար, որովհետև մենակ չէր. հերարձակ ու ոտաբոբիկ բախտն էր կանգնած իր հետևում ու քահ-քահ ծիծաղում էր: Իսկ եթե ավելի ուշադիր լիներ, կտեսներ, որ իր ներկապնակը նրա ձեռքերում է, դրան էլ գումարած` վրձին էլ է բերել: Կտեսներ, որ նկարակալը սենյակի կենտրոնում է վաղուց` կտավը վրան: Նա վրձինը թաթախում է ներկերի մեջ և նկարում, նկարում, նկարում… Կտեսներ, որ իր հավաքած գույներն ինչքա՜ն շատ էին, ինչքա՜ն բազմազան և ՙբախտ՚ տիկինը ինչպիսի գոհունակությամբ էր վրձնում կտավին: Ի՜նչ ուրախություն և անսպասելին նվիրելու մեծ ցանկություն էին վառվում աչքերում: Ինչպես էր անդադար ժպտում` աչքերը կկոցելով, իր ստեղծագործական վերելքն էր ապրում: Կտեսներ, որ վարդագույն է տիկնոջ շորը, որն ամեն վրձնահարվածի հետ գույնը փոխում էր` հուզվում էր, ժպտում, տխրում, մռայլվում, փայլում:

Կտեսներ, թե ինչպես է կտավի վրա իր ապագան ստեղծվում, թե ինչպես է սևը դեղինին աչքով անում` դառնալով արև, կապույտը, երկինք դառնալով, ժպտում վերևից, կանաչը` դաշտեր` խոտ ու ծաղիկով… Եվ այսպես բազում գույներով, աստիճան առ աստիճան կերտվում էր իր վաղվա օրը, որից ինքը անտեղյակ` այսօր շորի կոճակներն էր կոճկում` սառած մատները շուրթերով տաքացնելով:

Կտեսներ կտավի վրա սփռված գյուղ ու քաղաքներ, ճամփա-արահետ, որը պիտի անցներ, ճերմակ այգիներ` գարնան բուրմունքով, և կանաչ տերևներ` իր բալի այգում: Եթե ավելի մոտիկից նայեր, իր գողտրիկ տունն էլ հաստատ կգտներ: Որովհետև տիկինը դա էլ էր արդեն արարել սև ու սպիտակով, հաստատակամորեն: Մնացել էր, որ գույներ սփռեր, որ ակնահաճո ու հմայիչ այն դարձներ: Կտեսներ իր տան կողքի երեք բարդիները, այդ նույն բարդիների գլխին բույն հյուսած արագիլներին` իրենց փոքրիկ ձագուկներով: Կտեսներ, որ իր Դինգո շունը հանգիստ թափառում է բակում` մեծացած, առնականացած:

Տիկնոջ շորը աստիճանաբար վերածվում էր կարմիրի: Այդ ժամանակ եթե նայեր կտավին, կտեսներ, որ նա կերտում է իր ընտանիքը… Մի մեծ ու լուսավոր սենյակ կտեսներ` մանկական բազում իրերով, խաղալիքներով և երկու փոքրիկ աղջնակ ոսկեծամ և սիրուն մի տղա… Կտեսներ իրեն, կտեսներ, որ սիրով զարդարված, մերթ աշխույժ ու կայտառ, մերթ գորովանքով, մերթ բարկացած, մերթ փայլելով, աղավնու նման թևերը բացած շրջում էր իր ձագուկների կողքերով: Եվ հինգ րոպեն մեկ տրվող «մա՛մ, ինձ ինչքա՞ն ես սիրում» բազմաչարչար հարցին ի պատասխան ասելով ՙամպի, արևի, աշխարհի չափ՚:

Կտեսներ, որ տիկինը հեռանալուց առանց կարմիրի գնաց` միայն իր հետ ներկապնակը վերցնելով: Վրձինն էլ թողել էր իրեն, որ նոր գույներ ստեղծելիս նկարել կարողանա: Ու կտեսներ, որ կտավում ինքը կարմիր էր:

 

 

Անդին 5, 2017

Share

Կարծիքներ

կարծիք