Մալխաս. Իմ երազանքները նաև Երևանի երազանքներն են

DSC06368Քաղաքը պատմություն է. իր մայթերով քայլող մարդկանց յուրաքանչյուրի պատմությունն է, որ հավաքվում, ամբողջանում է ինչ-որ տեղ հեռվում և վերադառնում որպես քաղաքի պատմություն: Եվ այդ մայթերով քայլում են մարդիկ, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել քաղաքը, մարդիկ, որ մի օր դուրս են եկել տանից և չեն կարողանում հասնել տուն… որովհետև քաղաքում մայթերը շատ են… ու շատ են երկար: Երևանին Երևանը վերադարձնողներից է Լևոն Մալխասյանը` իր բոհեմիկ կերպարով, իր անվերջ քայլողի ներկայությամբ, իր շշմելու ջազով, իր հինգ երազանքով, որ նաև քաղաքի երազանքներն են: Ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, երևանցուն հարազատ ու սիրելի Ջազ Մալխասը:

 

 

Ամեն ինչ սկսվեց տասնհինգ տարեկանում

Տասնհինգ տարեկան էի, ռադիոընդունիչով պատահաբար որսացի մի կարճ ալիք, որը ամերիկյան էր, ընդհատումներով, մի կերպ էր լսվում: Եվ հանկարծ լսեցի աստվածային երաժշտություն ու չէի հասկանում` սա ինչ է: Այդ օրվանից ամեն օր նույն ժամին միացնում էի ռադիոն, նույն ալիքը ու լսում էի երաժշտական ծրագիրը, հետո պարզեցի, որ երաժշտական այդ ծրագիրը բացառապես ջազային է, որը վարում էր ջազի շատ հայտնի մեկնաբան և գիտակ Լուիզ Քանովերը: Նա տասնհինգ տարի վարում էր այդ հաղորդումը, իսկ ես միայն տասնհինգ տարեկանում առաջին անգամ լսեցի ու չէի հասկանում` ինչ է սա: Սկսեցի ռադիոընդունիչից ձայնագրել մեր հին ու ջարդուխուրդ ձայնագրիչին, որ հետո ավելի հանգիստ, հետուառաջ տալով լսեմ… և պարզվեց, որ 20-րդ դարի ֆանտաստիկ, լավագույն դաշնակահարներից մեկն է նվագում. ես լսում էի Օսկար Փիթերսոնի կատարումները: Այդպես սկսվեց իմ առնչությունը ջազի հետ: Այդ տարիներին ես շատ էի սիրում գրականություն, երաժշտական կրթություն չունեի և դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Բրյուսովի անվան ինստիտուտ: Բայց ջազն արդեն ինձ գերել էր, և քանի որ երաժշտական կրթություն էլ չունեի, սկսել էի ինքնակրթությամբ զբաղվել: Մոտ երկու տարվա իմ չարչարանքը արդյունք տվեց… և Օսկար Փիթերսոնը դարձավ իմ ուսուցիչը, այսօր` հիսուն տարի անց, Օսկար Փիթերսոնի ձայնասկավառակների ամենամեծ հավաքածուն ունեմ: Այսինքն` Օսկար Փիթերսոնը դարձավ ինձ համար Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան և Մոսկվայի Գնեսինը, այդ բոլորը ինձ համար այդ մի մարդն էր, որն ուներ ապշեցուցիչ, ընդգրկուն երաժշտական աշխարհ և թողարկել էր բազմաթիվ ձայնասկավառակներ:

Առաջին ջազ եռյակը

Էդ թվերին` 60-ականերին, 18-19 տարեկանում կազմավորեցի առաջին ջազային եռյակը` Արթուր Աբրահամյան, Արմեն Թութունջյան, Լևոն Մալխասյան. մեր եռյակը սկսեց համերգներ տալ: Ջազին շատ անտարբեր էին վերաբերվում, եթե չասեմ` վատ: Ճիշտ չի լինի, որ ասեմ` հալածում էին, պարզապես անտարբեր էին: Իհարկե, Մոսկվայում և Լենինգրադում վիճակը շատ ավելի վատ էր. դե, ջազը համարվում էր բուրժուական երաժշտություն: Մեր եռյակը շատ արագ դարձավ քառյակ, մեզ միացավ փայլուն սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, և քառյակը կոչվեց Լևոն Մալխասյանի ջազ քառյակ: Աշխարհում ջազային փոքր խմբերը անուն չունեն, քառյակները կոչվում են կամ դաշնակահարի, կամ լիդերի անունով, ասենք` Չիկ Կորեայի ջազ եռյակ և այլն: Եվ մենք սկսեցինք մասնակցել միջհանրապետական փառատոների: Երևանում այդ տարիներին սրճարաններ, ակումբներ գոյություն չունեին, մենք նվագում էինք ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, կոմպոզիտորների միության դահլիճում, անգամ ռեստորաններում: Ժամանակի ընթացքում մեր համերգավայրերը կամաց-կամաց շատացան, արդեն բացվեցին սրճարաններ, ակումբներ, ռեստորաներ, և մենք սկսեցինք նվագել տարբեր վայրերում: Այն ժամանակ մեր հոնորարը գիտե՞ք ինչն էր` այն, որ թույլ տան նվագենք:

Սա անպայման պիտի ասեմ. իմ մասին երբեմն սխալմամբ գրում են` հայկական ջազի հիմնադիր, հայր և այլն, բայց ինձանից առաջ եղել են Արտեմի Այվազյանը (38-ին նա կազմակերպել էր առաջին պետական էստրադային նվագախումբը), Կոստանդին Օրբելյանը, Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը, Մելիք Մավիսակալյանը, Առնո Բաբաջանյանը և այլք. դա մեր ավագ սերունդն է, որը ջազային ավանդույթները բերեց, հասցրեց մեզ: Իմ միակ նվաճումն այն է եղել, որ… բոլոր նրանց, ում թվեցի, բոլորն ունեին մեծ նվագախումբ, առաջին փոքր խումբը Հայաստանում ես եմ ստեղծել: Գուցե այդ պատճառով էլ սխալմամբ կարծում են, թե ես եմ Հայաստանում ջազի հիմնադիրը… Ոչ, ինձանից առաջ էդ մարդիկ ի՜նչ գործ են արել:

Քաղաքային առաջին ջազ փառատոնը

Մեր եռյակ, քառյակից հետո Երևանում սնկի պես սկսեցին աճել նման ջազային փոքր խմբերը` տաղանդավոր երաժիշտներով, և դա ինձ հնարավորություն տվեց 68-ին Երևանում առաջին անգամ կազմակերպել քաղաքային ջազ փառատոն: Առաջին անգամ, երբ քաղաքային փառատոնը կազմակերպելու համար շրջկոմի քարտուղարի մոտ մտա, ասացի` պարոն (չեմ հիշում ազգանունը), ուզում եմ ջազ փառատոն կազմակերպել, ասաց` իիի՞նչ… ջա՞զ… դուռը փակի էն կողմից, տղա ջան, փակի ու վերջ: Բայց, իհարկե, փառատոնը կայացավ: Այն ավանդույթը, որ ես դրեցի, փայտփորիկի նման կտցահարելով նույն կետը, չէր կարող անարդյունք մնալ, չէին կարող հետևորդներ առաջ չգալ: Այսօրվա մեր ջազային բանակը շատ լուրջ է ու մեծ և կարող է ցանկացած երկրի պատիվ բերել: Ես հիմա կարող եմ երիտասարդ ջազմենների անթիվ անուններ թվարկել: Հայաստանում ջազի սկզբնավորման 75-ամյակի կապակցությամբ կազմեցի հայկական ջազի երաժշտական անթոլոգիա, որի համար արժանացա պետական մրցանակի: 98 ջազմեն են նվագում այդ անթոլոգիայում, յուրաքանչյուրը` մի գործ, 38 թվականից ձայնագրություններ են մինչև մեր օրերը: Կից ֆոտոհանրագիտարան էլ կա` Արտեմի Այվազյանից մինչև Տիգրան Համասյան: Տաղանդավորները և արդեն ճանաչվածները շատ են, անուններ կարող եմ թվարկել` Վահագն Հայրապետյան, Տիգրան Համասյան, Արմեն Հյուսնունց, շատ-շատ են ջահելների մեջ տաղանդավորները: Աշխարհահռչակ ջազմենները, որոնք գալիս են Հայաստան, ապշում են… իսկ ես կարողացա գրեթե բոլորին բերել Հայաստան:

Ես մի քանի երազանք ունեի

…Իմ առաջին երազանքը Միացյալ Նահանգներ մեկնելն էր: Այն ամենով, ինչ ես զբաղվում էի, ուզում էի, այսպես ասած, մոտակա մարտում հասկանալ, թե ընդհանրապես ճիշտ եմ, թե ոչ: Եվ, բարեբախտաբար, այնպես ստացվեց, որ հայտնվեցի ոչ թե Լոսում մեր հայկական, այլ Նյու Յորքում, Վաշինգտոնում, որտեղ ջազ ակումբներից դուրս չէի գալիս: Էնտեղ ջազը իրենց առօրյայի մի մասն է, դե իրենցն է, էնտեղ է ջազը սկզբնավորվել 100 տարի առաջ: Որտեղ հնարավոր էր, նվագում էի, որտեղ հնարավոր չէր` պարզապես լսում էի: Շատերին կարողացա լսել, ջազի այն մեծերին, որոնց Հայաստանում ձայնասկավառակներով կամ ռադիոընդունիչով էի լսել միայն: Իհարկե, բոլորին չկարողացա լսել. տասը օրվա մեջ հնարավոր չէր բոլորին լսել. բայց շատ լսեցի: Հաստատեցի կապեր, ինչը հետագայում պարզվեց, որ շատ կարևոր էր և անհրաժեշտ. օրինակ` Նյու Յորքում գտա ամերիկյան ջազի կնքահորը` Ջորջ Ավագյանին. մեր հայն է էնտեղ ջազի կնքահայրը, հիմա նա իննսունն անց է, երկու տարեկանում են ջարդերից փրկել, հասցրել Ամերիկա: Նա դարձավ ձայնագրման ամենամեծ ստուդիայի` Կոլումբիա ընկերության նախագահը: Բոլոր ջազմենները առաջինը ձայնագրվում էին այս ստուդիայում, էդ գելուգազանները` Լուի Արմսթրոնգից սկսած: Ինչ պատմում եմ` 90-ականներին էր: Ջորջ Ավագյանն իմացավ, որ հայ տղա է եկել ու եկավ հյուրանոց, որտեղ ես իջևանել էի: Ծանոթացանք: Ես իրեն ասացի, որ երբ արցախյան պատերազմն ավարտվի ու մենք հաղթենք, ես իրեն անպայման կհրավիրեմ Հայաստան: Եվ 98-ին ես Հայաստան եմ հրավիրում New York Voices աշխարհահչակ խումբը, միջազգային առաջին ջազ փառատոնին, որը իմ երկրորդ երազանքն էր` Երևանում անցկացնել միջազգային ջազ փառատոն… Մինչ այդ 85-ին անցկացրել էի հանրապետական, համամիութենական, բայց 98-ին առաջին միջազգայինն էր: Եվ հրավիրեցի նաև Ջորջ Ավագյանին, և նա եկավ ու մեր հնգօրյա փառատոնին մասնակցեց: Շշմել էր, որ այսքան ջազմեններ կան Հայաստանում: Իմ այդ երազանքը ես կարողացա մոտ վեց անգամ իրականացնել: Ընդ որում, 85-ին փառատոնը առաջինը լուսաբանում էր «Գարուն» ամսագիրը` Մերուժան Տեր-Գուլանյանը, հայրդ, բալես: «Գարունի» այդ երկու համարները մինչև հիմա պահել եմ: Այդ տարիներին մենք ծանոթացանք ու մտերմացանք Մերուժանի հետ, ընդհանրապես այդ ժամանակ ջազի մասին տպագրելը խիզախություն էր, ես էլ էի զարմացել, մտածում էի` էս ի՞նչ ա անում էս տղան, ո՞ւր ես էդքան տպագրում. դեռ խորհրդային տարիներն էին:

 

DSC06465Հետևելով երազանքին

Եվ մի քանի անգամ մեգաաստղեր բերեցի Երևան` Ջորջ Բենսոն, Ալ Ջերո, Ջո Կոկեր, Չիկ Կորեա, Հերբի Հենքոք, ո՞ր մեկն ասեմ: Ամեն մեկին հրավիրելը լուրջ աշխատանք էր, Հայաստանը ո՞ւր էր իրենց համար, Չիկ Կորեան, որ եկավ, ասաց` Հայաստանը քարտեզում չգտա, տեղում Կովկաս էր գրված, երբ ինձ հարցնում էին` ո՞ւր ես գնում, մատով քարտեզի վրա ցույց էի տալիս` այստեղ: Դրանից հետո ավելի հեշտ էր հրավիրելը, ով լսում էր, թե ովքեր են եղել Հայաստանում, էլ այդքան հարցեր չէր տալիս… Առաջին հայտնի խումբը, որ բերեցի Հայաստան 98 թվին, New York Voices-ն էր, շատ զիլ խումբ էր, նրանց ձայնասկավառակները վաճառվում էին այստեղ, երկու երգչուհի, երկու երգիչ, ութ հոգանոց խումբ էր: Շատ հետաքրքիր պատմություն է էս խմբին Հայաստան բերելու պատմությունը. ձայնասկավառակներից մեկը բացում եմ ու նայում եմ երաժիշտների անունները` ովքեր են, ու տեսնում եմ, որ այդ երկու երգչուհիներից մեկը հայուհի է` Քիմ Նազարյան: Կանչեցի իմ թիմին ու ասացի, որ այս երգչուհու հետ կապ հաստատեն: 28-ամյա աղջիկ էր: Գտնում եմ ու զանգահարում այս աղջկան, ասացի, որ նման փառատոն եմ կազմակերպում, և շատ եմ ուզում, որ ձեր խումբն էլ գա Հայաստան` մասնացելու փառատոնին, ու սպասում եմ պատասխանին… լռություն ա մյուս կողմում, չի խոսում, քիչ անց լսում եմ, որ արտասվում ա, հուզվել ա, որ Հայաստանից զանգում են ու հրավիրում, իրեն հարցնում եմ` որքա՞ն է ձեր հոնորարը, ճշտեք` որքան է պետք, որ խումբը գա Հայաստան: Ասացի, որ զանգահարել ենք ձեր պրոդյուսերական կենտրոն` քառասունհինգ հազար դոլար են ուզում ձեր այցելության համար: Ասաց` ես կխոսեմ բոլորի հետ ու կպատասխանեմ ձեզ: Մի քանի օրից զանգում ու ասում է,- ի՞նչ ասի, որ լավ լինի,- մենք գալիս ենք, ինչքան կարող եք, այնքան էլ վճարեք: Փառատոնը հինգ օր շարունակվեց Օպերայի շենքում: Համերգների ժամանակ ջարդեցին դուռ ու լուսամուտ: Նյու Օռլեանի ջազմեն ծերուկներին էի հրավիրել, սրանք եկան, շշմել էին, ասում էին` էս ովքե՞ր եք դուք, էս ի՜նչ ջազ ունեք: Տիգրանին Համասյան առաջին անգամ էստեղ հանեցի բեմ, Օպերայի դալիճում: Տիգրանը այդ ժամանակ տասը տարեկան տղա էր: Ես բացեցի փառատոնը, դաշնամուրային գործը, որ կատարեցի, կիսատ թողեցի ու հետո Տիգրանի ձեռքից բռնած բերեցի դաշնամուրի մոտ, իմ գործը ինքը շարունակեց, բայց էդ օրը նաև բեմ բարձրացրեցի արվեստի վաստակավոր գործիչ, ջազի վետերան, ութսունհինգամյա  Ռոբերտ Յոլչյանին: Հյուրերը ուղղակի ապշած էին` տասը տարեկան երեխան է նվագում ջազ և ութսունհինգ տարեկան ծերունին:

Առաջիկայում` 2018 թվականին, պատրաստվում եմ հերթական միջազգային ջազ փառատոնին: Հայաստանում ջազի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Ափսոս, պետական հովանավորություն չկա: Եթե որևէ ընկերոջ կամ գործարարի կարողանում եմ տրամադրել` ֆինանսավորում են, բայց արժե, որ պետական հովանավորություն ունենա նման միջազգային փառատոնը: Օրինակ` Թիֆլիսը տարեկան երկու փառատոն է անցկացնում, Բաքուն` նույնպես, մենք երկու-երեք տարին մեկ անգամ մի կերպ ենք փառատոն անցկացնում: Այսօր Վրաստանն ունի տաղանդավոր ջազմեններ, Բաքվում, այսօր չգիտեմ, բայց 60-ականերին ջազը ուժեղ էր, այնքան լավ էր, որ Օրբելյանն այնտեղից էր բերում լավ երաժիշտներ, նաև հայեր կային: Հիմա չգիտեմ ով կա Բաքվում, բայց գիտեմ, որ տարվա մեջ ջազի երկու փառատոն են անցկացնում: Հիմա ուզում եմ մեր կառավարությանը` Կարենին Կարապետյանին դիմել, որ պետությունը փառատոնի ֆինանսավորման գոնե մի մասը իր վրա վերցնի, պետականորեն ֆինանսավորվի, ես էլի ֆինանսավորողներ գտնեմ, բայց պետությունը ծանրությունը հետս կիսի: Այդ աստղերը, որ բերում ենք Հայաստան, մեծ հոնորարներ են ուզում, մեծ ծախսերի հետ են կապված հրավերները: Ժամանակին Սերժ Սարգսյանն էլ է օգնել, իհարկե, շատ է աջակցել, բայց այդ ամենը միանգամյա օգտագործման կրակայրիչի է նման, պրծնում է` գցում ես, բայց հիմա ուզում եմ, որ պետական հիմնական նախագծերում տեղ գտնի: Արեն նշեցի, որ 2018-ին լրանում է Հայաստանում ջազի հիմնադրման 80 տարին, և ուզում եմ այդ կապակցությամբ թե՛ անթոլոգիան անել, թե՛ ջազ փառատոնը և ամբողջ տարվա ընթացքում երիտասարդ ջազմենների մրցույթ կազմակերպել: Նրանց էլ է պետք ճանապարհ տալ: Այս հարցում ինձ պետք է օգնեն իմ ընկերներ Արմեն Ամիրյանը և Կարեն Կարապետյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեր ընկերությունը երեսուն տարվա պատմություն ունի, սկավառակներ էինք հավաքում, լսում և այլն, շատ անգամներ աջակցել է, կողքիս է եղել:

Իմ` Մալխաս ջազ-ակումբում տասնմեկ տարվա ընթացքում 111 խումբ է փոխվել, հենց այս պահին ես 7 խումբ ունեմ, տարբեր տարիքային խմբեր են, ես էլ եմ նվագում, բայց ես որքա՞ն նվագեմ, երիտասարդները պիտի գան, որ շարունակեն այս ամենը: Մոռացա ասել երրորդ երազանքիս մասին. երեսուն տարի երազում էի սեփական ջազ-ակումբ ունենալ, դարձա 60 տարեկան, իրականացավ այդ երազանքս, 10 տարի է, որ գործում է Մալխաս ջազ-ակումբը: Չորրորդ երազանքս ջազի անթոլոգիա անելն էր, որը Հայաստանում ջազի հիմնադրման 75-ամյակին էր նվիրված, երկու տարի իմ կյանքից այդ անթոլոգիայի վրա գնաց, այստեղ բոլոր երաժիշտները մի գործ են նվագում, այդ անթոլոգիան տասը ձայնասկավառակից և կից ֆոտոհանրագիտարանից է բաղկացած:

Հինգերորդ երազանք էլ ունեմ, բայց այդ մասին ձեզ չեմ ասի. ձուկը ջրում առևտուր չեն անում: Ամենամեծ երազանքս է: Սա էլ որ իրականացնեմ` կարող եմ հանգիստ մեռնել… Լավ, ասեմ, քանի որ արդեն մի հոգու ասել եմ` վարչապետ Կարեն Կարապետյանին… Երազում եմ Մալխաս ջազ-ակումբին կից ջազ-ստուդիա հիմնել: Սա մեծ գումարների հետ է կապված, եթե իրականանա` առյուծի ցատկ կլինի: Բայց եթե ստուդիա-դպրոցը բանանք, կմնա այլևս` մնայուն բան կլինի, ավանդույթ կձևավորի, ուսման հնարավորություն կտա… Նույն Չիկ Կորեան, նույն Հերբի Հենքոքը, յուրաքանչյուրը իրենց դպրոցն ունեն, որտեղ և՛ սովորում են, և՛ սովորեցնում են, և՛ ձայնագրվում են… Այդ դպրոցում կարող են ուսանելու գալ հինգից մինչև յոթանասունհինգ տարեկանները: Բոլոր երազանքներից ամենամեծը և ամենադժվարը սա է:

Ես ինձ երջանիկ մարդ համարո՞ւմ եմ

Ծնվել, մեծացել եմ Երևանում, «քարթու» երևանցի եմ, ունեմ հետաքրքիր տուն, բացի դրանից էդ տուն-ակումբից էլ փող եմ աշխատում, բա երջանիկ չե՞մ, իհարկե երջանիկ եմ: Առաջ ջազի համար բռնում էին, հիմա պարգևատրում են: Մի դուստր ունեմ, երաժիշտ է, և այն, ինչ ես չեմ հասցրել սովորել-ավարտել, ինքը ավարտել է: Մի բան էլ պատմեմ. մութ ու ցուրտ տարիներն էին, մի երիտասարդ ժամը 10-ին ժամադրել էր կինո Մոսկվայի մոտ: Առավոտ արթնացա, անթրաշ, անլվա շտապում եմ ժամադրության, Աբովյան-Մոկովյան խաչմերուկի մոտ «Երազ» ավտոմեքենա էր կանգնած, անիվներն ու դուռը չկային, թափքին հատվածում կավիճով գրած էր` չենջ, մի հատ ճմռթված 20 դոլարանոց ունեի, մոտեցա բաց դռանն ու առանց մարդու երես տեսնելու ձեռքս մեկնեցի դատարկության մեջ, ասացի` տղեք, ջարդեք էս փողը: Մի րոպեից էդ դատարկությունից մի ձեռք տեսա մեկնած, փողը մանրած, վրան էլ հարյուր գրամ օղի, ու ներսից մի ձայն լսվեց` Մալխաս ջան, հանգիստ խմի, մեր քաշածն ա: Այսպիսի պատմություններ, սա էր Երևանը, իմ երազանքների քաղաքը, ուր ես իհարկե երջանիկ եմ, որովհետև իմ հողի վրա եմ, իմ քաղաքում, և իմ երազանքերը նաև Երևանի երազանքերն են:

Զրույցը` Անի Տեր-Գուլանյանի

 

Անդին 4, 2017

Share

Կարծիքներ

կարծիք