Անսահմանն ու սահմանափակը

Հեղինակ:

 

jaccottet-grignanՈղջ բանաստեղծական գործունեությունը կոչված է հաշտեցնելու կամ առնվազն մերձեցնելու սահմանափակն ու անսահմանը, լույսն ու մութը, շունչն ու ձևը: Ահա թե ինչու բանաստեղծությունը վերադարձնում է մեզ դեպի մեր կենտրոնը, մեր կենտրոնական մտահոգությունը, դեպի կյանքի ու մահվան մետաֆիզիկական հարցը… Հնարավոր է, որ գեղեցկությունը ծնվում է, երբ սահմանափակն ու անսահմանը տեսանելի են դառնում միաժամանակ, ասել է թե երբ մենք տեսնում ենք ձևերը` հայտնագործելով, որ նրանք ամբողջը չեն ասում, որ նրանք չեն նվազել ինքնին, և որ նրանք անըմբռնելիին են թողնում մի մասը:                                                                                               

 

Անգետը ժողովածուից

 

Այգաբացին

I

Գիշերն այն չէ, ինչ թվում է. կրակի վախճան, օրվա կործանում և ժխտումը լույսի,

փախուստը սակայն բացել է տալիս մեր աչքերն առ այն, ինչն անհայտ է մնում, որքան էլ լուսավորես:

Հավատարիմ սպասավորներ տեսանելի հեռացածների, խավարի սաղարթի ներքո

կացարանն է գցված մանուշակի, վերջին ապաստանը նրա, ով ծերանում է անհայրենիք…

II

Ինչպես նավթավառի մեջ քնած յուղն է շուտով ամբողջովին վերափոխվում լույսի ու

շնչում է լուսնի ներքո` տարված թռչունների ճախրով, դու մրմնջում ես ու այրվում (Բայց

ինչպե՞ս ասել այդ բանը, որ չափազանց մաքուր է ձայնի համար)

Դու ծնվող կրակ ես ցուրտ գետերի վրա, արտույտ ես դաշտում ժայթքող…

Ես տեսնում եմ քո մեջ բացվող ու համառորեն ընդդիմացող գեղեցկությունը երկրի:

III

Ես խոսում եմ քեզ հետ, իմ բացվող այգ:

Բայց այս ամենն արդյոք նույնական չէ՞ օդում ճախրող բառերին:

Քոչվորը լույսն է:

Նա, ում համբուրում ենք, համբուրվածն է դառնում ու չքվում է:

Մի վերջին անգամ իրեն ողբակցող ձայնի մեջ համբառնում է նա ու ճառագում, այգը:

 

Անգետը

Որքան ավելի եմ ծերանում, այնքան ավելի եմ սերտաճում անգիտությանը,

որքան ավելի եմ ապրում, այնքան ավելի քիչ ունեմ և ավելի քչին եմ տիրապետում:

Ողջն ինչ ունեմ, մի տարածք է հետզհետե

ձյունծածկ կամ պսպղուն, բայց ոչ երբեք բնակեցված:

 

Որտե՞ղ է տվիչը, ուղեկցորդը, խնամակալը:

Սեղմված իմ սենյակում` սսկվել եմ ես

(լռությունը մտնում է ծառայի նման` սենյակը մի քիչ կարգի բերելու)

և ես սպասում եմ, որ ստերը կցրվեն մեկ առ մեկ.

ի՞նչ է մնում ինձ, ի՞նչն է խանգարում ինձ` մահացողիս, որ մահանամ:

 

Ի՞նչ ուժ է դեռ

խոսեցնում նրան իր չորս պատերի մեջ:

Կզորե՞մ ես դա իմանալ, ես` անգետս խռովյալ:

Սակայն ես իրոք լսում եմ նրան, նա, ով խոսում է, և խոսքը նրա իմ մեջ է

 

թափանցում օրվա հետ, դեռևս շատ մշուշոտ.

 

«Ինչպես կրակը, այդպես էլ սերը

կորուստներով է իր լոկ լուսավառվում և գեղեցկությամբ մոխրափոշու…»

 

 

Տարածություններ

Արմեն Լյուբենին (Շահան Շահնուրին)

 

Սև չղջիկներն են պտույտներ գործում բարձրում օդեղեն.

Ավելի բարձրում  աստղերն են ճախրում անտեսանելի:

Երբ օրն է ծածկվում ծայրեզերքում երկրի,

կրակներն են հայտնվում լայնություններում խավար ավազին…

 

Այսպես ապրում ենք մենք ոլորտում շարժումերի

ու տարածությունների: Այսպես էլ սիրտն է

ճախրում ծառից թռչունը դեպի, թռչունից դեպի աստղերն հեռավոր,

աստղից դեպի իր սերը: Այսպես սերն է

աճում տնակում ներփակ, ճախրում է ու բանում

սպասավորը բազմազբաղ` մի ձեռքում ճրագը բռնած:

 

 

Եղանակներ ժողովածուից                                                                                                                                

 

Ձմռան վերջ

 

Շատ քիչ բան կա, որսալու` ոչինչ, տարածությունը կորցնելու վախը թողնված է հոգուն թափառական

Բայց գուցե, ավելի թեթև, իր տևումից շատ ավելի անորոշ է նա՛, ով երգում է ձայնով մաքրամաքուր

հեռաստանները երկրի…

 

Արցունքների ցանքս փոփոխական դեմքին, հուրհրատող եղանակ խոխոջացող գետերի.

վիշտ` երկիրը հորատող

 

Տարիքը զննում է ձյունը լեռներում հալչող

 

Ստվերներն այս` ձմռան խոտերում վերապրող, նվազ ծանր քան խոտը,

վախվորած ծառեր համբերատար, գաղտնածածուկ, հավատարիմ,

և դեռևս անզգայելի մահը

 

Մշտապես օրվա մեջ թափառող` քամու թռիչքն այս

մեր մարմինների շուրջ

Մշտապես օրվա դաշտերում` գերեզմաններն այս թերթաքարե կապույտ

Ճշմարտություն, ոչ ճշմարտություն տարրալուծվում են ծխագոլորշում

 

Աշխարհի բարիքները կանցնեն ինչպես որ գեղեցկությունն է սիրելի մտնում

քո մեջ` տոնելու մոխրափոշին կրակված

Ճշմարտություն, ոչ ճշմարտություն հուրհրատում են,

ցնծա՛ մոխիր զգլխիչ…

 

 

Լուսին ամռան այգաբացին

 

Օդում ավելի ու ավելի պարզկա առկայծում է դեռ արցունքն այս կամ

մարմրող կրակը ապակեփայլ, մինչ լեռների նիրհից ոսկե գոլորշի է բարձրանում

 

Մնա՛ այսպես առկախված կշիռքներից արշալույսի` ածխակրակի մեջ

խոստումնալից և այս կորուսյալ մարգարտացողի միջև

 

 

Թռչուններ, ծաղիկներ և մրգեր

 

Ծղոտ բարձրուղեշ այգաբացում

այս թեթև շունչը հողահարթակին.

արդ ի՞նչն է անցնում մի մարմնից մյուսը:

 

Աղբյուր փախ տված օրրանից լեռների,

մրո՞ւր:

 

Ձայները թռչունների լսելի չեն քարերի մեջ այս,

միայն շատ հեռվում մուրճեր

 

Ամեն ծաղիկ գիշեր է լոկ

ձևացնելով, թե մոտեցել է այն արդեն

 

Բայց այնտեղ, ուր նրա բույրն է վեր հառնում,

ես չեմ կարող, հույս չկա, թե կմտնեմ

ուստի նա ինձ տանջահար է անում շատ

և սպասեցնում այնքան երկար

դռան առաջ այդ մշտափակ

 

Ամենայն գույն, ամենայն կյանք

ծնվում է այնտեղ, ուր հայացքն է գամվում-մնում

 

Այս աշխարհը այլ բան չէ, քան ցցակատար

հրդեհումի աներևույթ:

 

Ես քայլում եմ

պարտեզում թարմ ածուխների

նրանց թաքստոցի ներքո սաղարթախիտ

վառվող ածուխը բերանիս

 

Այն, ինչն այրում է` պատառոտելով օդը

վարդագույն կամ բաժանումով հանկարծահաս

կամ հեռացումով մշտնջենական

 

Ուռճացնելով գիշերը

 

Լեռն է իր զույգ լանջերին փռված

սնուցանում զույգ աղբյուրները արցունքների

 

Գիշերվա ամենավերջում, բարձրանալուն պես

այս քամու մոմը նախ մարմրաց

 

Առաջին թռչուններից կանուխ

այդ ո՞վ կարող է արթնացած լինել:

 

Քամին դա գիտի, նա, որ գետերն է կտրում-անցնում,

 

Բոցն այս կամ արցունքը շրջված դեպի վեր. մի քանի գրոշ` լաստավարին ի վարձ

 

մի վարդագույն ցցված մազափունջ հորիզոնում, տեղախախտված կրակ

և հոպոպը կաղնուտում` իր անունը թակող

 

Կրակներ անհագ, ձայներ ծպտյալ, վազք ու հառաչանք

 

Աչք:

Աղբյուր լիառատ

Բայց որտեղի՞ց է այն բխում:

Ավելի հեռվից, քան հեռաստանն է

ավելի խորքից, քան խորաստանը

Կարծում եմ ես այլ աշխարհից եմ խմել

 

Ի՞նչ է հայացքը.

խայթոց` ավելի սուրուլիկ, քան երկարուկ,

անկշտում վազք` մի ծայրահեղությունից դեպի

հաջորդը, խորխորատներից` հեռաստանները,

խավարամածից` մաքրամաքուրը,

գիշատչաթռչուն

 

Ա՜խ… հովվերգություն մեկ անգամ ևս, որ սկիզբ է

առնում խորքից մարգագետինների` հովիվների հետ

իր պարզմիտ

 

ոչ այլ ինչի համար, բայց լոկ բաժակի

քրտնաթորած, որից անկարող է բերանը խմել,

ոչ այլ ինչի համար, բայց լոկ ողկույզի

թարմաշունչ, որ հուրհրատում է շատ ավելի

բարձր, քան

Վեներան…

 

Ես այլևս չեմ ցանկանում ինձ ճախրանքին

տալ արագությամբ ժամանակի

 

հավատալով ընդսմին մի պահ միայն

անշարժությանն իմ սպասումի

 

 

Ֆրանսերենից թարգմանությունը` Աշոտ Ալեքսանյանի

 

Անդին 4, 2017

Share

Կարծիքներ

կարծիք