Դժոխքից հիսուն մետր հեռու

 

Eliza-Mkhitaryan

Առավոտ շուտ Նենեմ տատի դուռը թակում էին:

-Ի՞նչ է եղել:

-Բանալիներն են պետք, ուզում եմ աղոթել,- ասաց դեռատի աղջնակը, ում գյուղում Արև էին կոչում:

Նենեմը մթնած հայացքով դուրս եկավ տանից, բացեց եկեղեցու դուռը (թեև Աստծո դուռը կողպեք չպիտի ունենա…):

Արևը ներս մտավ երկու մոմ ձեռքին: Նենեմը քթի տակ մի երկու բան ասաց, ու Արևը գլուխը շրջեց.

-Նենեմ տատ, բա՞ն պատահեց:

-Էլ հետդ մոմ չբերե՛ս, եկեղեցու բյուջեն մեռել է, սրանից հետո մոմ ինձնից կառնես,- ասաց ու կրկին քթի տակ մռթմռթալով դուրս եկավ եկեղեցուց: Գմբեթի պատուհանից շողք ընկավ Արևի գլխին… Մենակ էին… Ինքն ու…

Թորիա գյուղի միակ եկեղեցին կիսաքանդ էր, բակ չուներ, տների արանքում էր` լանջին մոտիկ ու քիչ թեք: Թորիայում կաթոլիկներ են ապրում: 20-ականներին թուրքերը անցել են գյուղով, բայց Հռոմից հրահանգ է եղել ոչ ոքի ձեռք չտալու: Ասում են` մի խումբ առաքելականներ մազապուրծ փախել ու պատսպարվել են Թորիայի եկեղեցում: Եկեղեցին կոչվում էր Ամենափրկիչ:

Թորիան այնքան էլ մեծ գյուղ չէ: Լանջաբերանին է, ու միջով էլ աղբյուր է անցնում: Սառն է աղբյուրի ջուրը, հաճելի սառը, հյուրընկալ ժողովրդով այս գյուղի բնակիչներից ոչ ոք չի զլանում ամեն անցորդի մի բաժակ սառը ջուր առաջարկել…

Գյուղում մի հետաքրքիր սովորույթ կար. մարդիկ իրար հաճախ կոչում էին կենդանիների անուններով: Գյուղում ապրեիր` կարող էիր ծանոթանալ աղվեսների, արջերի, գայլերի, կատուների հետ, բայց այս բոլորի մեջ ամենահետաքրքիրը Մուկն էր: Մուկը տարեց մի պապիկ էր, ում կոչել էին այդպես, որովհետև համաձայնել էր եկեղեցու զանգը կախել… Պատվավո՞ր Մուկ է, չէ՞, ստից սատկել ու նազ անել չունի: Ինչևէ:

Քսան տարուց ավել էր, ինչ եկեղեցու բանալին Նենեմի սև ժիլետի գրպանում էր: Դա մի ժանգոտած բանալի էր, որ նման էր հեքիաթներում նկարագրվող սնդուկ բացող բանալիների: Նենեմը,սակայն, հեռու էր հեքիաթներից, նա միշտ կրկնում էր, որ հեքիաթները հիմար երեխաների համար են…

Նենեմը մենակ չէր ապրում, կիսաքանդ տանիքով հյուղակում ապրում էր նաև նրա ամուսինը` Հերոն, ով արդեն այնքան ժամանակ էր սայլակին գամված, որ ոչ ոք չէր կարող հստակ ասել, թե երբվանից: Հերո պապի մասին շատ բան ասել չի լինում, կլոր տարի նա տանից դուրս չի գալիս… Երևի ինքն իր անունը մոռացել է, մարդ է՞լ չլսի, չհոգնի իր անունից… Այ քեզ Հերո պապ…

Արևը աղոթեց: Աստծուց խնդրեց այն ամենը, ինչ բարիք կբերի մարդկանց, ու, սովորության համաձայն, շնորհակալություն հայտնեց Աստծուց իր անունի համար: Արևը սիրում էր խոսել իր անվան մասին, չէ՞ որ հաճելի է խոսել ջերմ բաների մասին, սովորաբար մարդիկ մանր հաճույքների մասին հորինվածքով են խոսում, որովհետև չեն հավատում դրանց գոյությանը, իսկ Արևը կարծում էր, որ իր անունը յուրահատուկ է…

Աղջիկը եկեղեցուց դուրս եկավ, փակեց դուռն ու բանալին տարավ Նենեմենց տուն: Ճռռացող փայտե հատակի ձայներ հնչեցին: Գոմի դռան նմանվող մի դուռ բացվեց, տան պատուհաններին օր-ցերեկով վարագույր էր գցած, կարծես Դժոխքի ինը պարունակներից որևէ մեկի դուռն է բացվել… Պատկերացնո՞ւմ եք, որքան այլերկրային կերպար էր ստացել այդ պահին Հերո պապը, որ հիշեցի անգամ Դանթեի՜ն… Այո՛, Դուռը բացեց Հերոն.

— Հերո պապ, սա` բանալին, Նենեմը մոտակայքում չէր, որոշեցի տուն բերել,- քիչ կմկմալով ասաց Արևը:

-Հա, տուր, Նենեմը ջրի է գնացել…

Արևն արագ տվեց բանալին Հերոյին, տալուց այնքան էր կռացել, որ թվաց, թե հիմա կընկնի: Հերոն այնքան փոքրամարմին էր, որ գրկեիր` բարուրի պես կտեղավորվեր ափերիդ մեջ:

-Չե՞ս գա խոսենք, վաղո՜ւց է մարդու հետ չեմ շփվել, Նենեմն էլ ջուրը գոմ պիտի տանի, հետո արտ է գնալու, ցորեն ունենք ծեծելու,- առանց գլուխը վեր բարձրացնելու ասաց Հերոն:

-Իսկ Նենեմը չի՞ բարկանա, եթե իմանա, որ էստեղ մարդ ա եղել, ախր ինքը օտար մարդկանց չի սիրում տուն թողնել, ես տեսել եմ, էս տուն մարդ չի մտնում:

-Արի, Արև ջան, արի, մի օր պիտի մտնի՞, թե՞ չէ…

Արևը ներս մտավ: Հերոն մի բաժակ ջրով բացած մուրաբա բերեց, ցերեկվա ժամ էր, տան պատուհանները փակ էին, վարագույրներով ծածկված: «Գիշերները երևի ավելի լուսավոր է էս տանը»,- մտածեց Արևը:

-Խմի՛ր, համով է, քարջին է, անտառից Նենեմն էր բերել:

-Հերո պապ, նանը բղիկով փակում էր քարջին, շատ եմ սիրո՜ւմ…

-Ախ, Արև ջան, խմի՛ր, կակալ էլ ունեմ, թե կուզես` ասա, ասա, բալա ջան, ասա, թե չէ կմնա` կփչանա, ուտողն ո՞վ է… ե՞ս, թե՞ էն պառավը… Կգա, մի շաղգամ է` կբերի, սուպ խառչո կսարքի, էդ է… Կյանքներիս իմաստը դրա մեջն է… Բայց քոնը չէ, գիտե՞ս, բալա, մի բան պարզ է երևում, անվանդ նման պայծառ ես…

Արևին դա շատ դուր եկավ, իրոք, նա շատ էր սիրում, երբ պատեհ ու անպատեհ առիթով մարդիկ իր անունն էին տալիս ու գովում: Արևը մի տեսակ լարվածություն ամեն դեպքում զգում էր, ու գլխի մեջ չափահաս դառնալուց հետո միշտ մի հարց էր պտտվել` ո՞վ է ասել, որ եկեղեցու դռները պիտի փակվեն, այն էլ բանալիով, և աղոթելու համար գնայիր ու ուրիշից խնդրեիր, որ Աստված ընդունի քեզ իր տուն: Մտքերով տարված` ինքն էլ չհասկացավ, թե ինչպես հարցրեց… Կարծես թե բարձր մտածեց.

-Հերո պապ, եկեղեցու բանալին Նենեմից առաջ ո՞ւմ մոտ է եղել:

-Մորս…,- այսչափ հոգնածությամբ ասել այդ անունը անկարելի՜ է…

-Երևի մահացավ ու անցավ Նենեմին, հա՞:

-Էհ, ինչ եմ բերել, որ ինչ էլ տանեմ էս կյանքից, Արև ջան…

-Հերո պապ, մորդ անունը փնչալով տվիր, բան կա՞:

Հերոն մոտեցավ պատից կախված գորգին, ճոթը վերև հանեց ու տակից մի ոսկեդրամ հանեց, բերեց դրաց Արևի ափի մեջ:

— Տեսնո՞ւմ ես, սա ես ու Նենեմը գողացել ենք, սա ուրիշի ցավն է, որ մենք ձևացնում էինք, ու հետաքրքրին այն է, որ մարդիկ հավատում էին այդ ցավին:

Արևը չէր հասկանում, թե Հերո պապն ինչ է խոսում, նույնիսկ մի պահ մտածեց, թե ծերուկը խելքը թռցրել է…

-Պապ, բայց ես սա ի՞նչ անեմ, ինչո՞ւ տվիր:

-Արև՜, այս ոսկիներից շատ կար, երբ երիտասարդ էինք, օրը դեռ աչքներիս պայծառ էր թվում, ու այդպիսի մի պայծառ օր գնացինք եկեղեցի, փող չունեինք, ասացինք` եկեղեցիների մոտ միշտ մարդկանց օգնում են, գուցե մեզ էլ բախտը ժպտա…

-Ժպտա՞ց…

-Էն էլ ո՜նց… եկեղեցու դուռը կիսաբաց էր, հետևից դրամի շխկշխկոց էր գալիս, ի՞նչ էր, սկզբից չհհասկացանք, հետո տեսանք, որ մայրս…

— Ձե՞ր… Ձե՞ր մայրը… ի՞նչ…

-Սարի գլուխ ելնող թունելի մասին լսե՞լ ես… Հորոյի Մաղազա կասեն…

-Հա, նանը պատմել ա, ասում է` Սուրբ Դոմինիկոսի տակով սարի գլուխն ա հասնում, թուրքից էդտեղ էլ են հայ պահել, ասում են` առևտրական են եղել:

-Ճիշտ են ասում, մերս հորս մեռնելուց հետո գյուղի ձիավոր Սարոյի հետ էր կապվել, թունելից գիշերով հանել էին առևտրականների թողած դրամները, պարկով, է… պարկով… խեղճերը կաշիներն են փրկել, փողը չեն տարել:

-Հետո՞:

-Պի՜ղծ կին, խորանի մոտ դրամ էին հաշվում սիրեկանի հետ, դրամը գլխին գա… Նենեմը կատաղեց, ասաց` այ մարդ, մեզ ուզում են խաբեն, թողնեն էս գոմում, արի խլենք սրանցից… Նենեմը հարձակվեց, ինձ էլ հետը քաշեց, պարանո՜վ խեղդեցինք իրանց, պարանո՜վ… Զանգից մնացած պարանո՜վ (այն զանգի, որ Մուկն էր կախել…):

Արևը վեր թռավ: Կայծակնային արագությամբ վազեց դեպի դուռը, սիրտը կանգնում էր.

-Մարդասպան եք, դուք մարդասպան եք…

-Մե՞նք, Նենեմն ինձ ասել է, որ դա թաքո՜ւն ենք արել, հա՛, հա՛, մենք նրանց թաքուն ենք սպանել. Աստված դա չի՛ տեսել, նա մեզ դրա՜խտ կուղեկցի… Նենեմն ասել է…

-Չի՞ տեսել… Սայլակը վկա՛ :

Արևը դուրս վազեց տանից: Առաց շուրջը նայելու, երդիկների վրայով, արա՜գ… միայն թե հեռո՜ւ… Հասավ աղբյուրին: Վախից այս ու այն կող էր նայում: Մի անցվոր մոտեցավ.

-Ներեցեք, եկեղեցին շա՞տ է հեռու:

-Հիսուն մետր… Հիսուն մետր էլ գնացեք…

-Շնորհակալ եմ:

Արևը նստեց աղբյուրի մոտ դարեր ի վեր հաստատված քարին.

-Աստված իմ, մի՞թե Աստծո տան և դժոխքի միջև ընդամենը հիսուն մետր է…

 

Անդին 4, 2017

Share

Կարծիքներ

կարծիք