Շարունակ Դէպի Հայաստան

Հեղինակ:

17796804_1340405626018326_4694779086053199394_n

Եթէ դիցաբանութեան համաշխարհային պատմութիւնը վերաշարադրելու լինէի, ապա հայի ոգին կը դարձնէի Յարատեւութեան խորհրդանշան, որին ձգտում են աստուածներն ու չաստուածները եւ հասարակ մարդիկ: Հիմա դիցաբանական բոլոր աստուածներն ու աստուածուհիները դարձել են հէքիաթ: Ոչ ոք գործ չունի նրանց հետ: Երբեմն միայն բանաստեղծներն են, որ ոգեկոչում են նրանց:

Սակայն հարցը այդ չէ, այլ այն, որ ամէն մի հայի ներսում սուսիկ-փուսիկ նստել է Արամազդը եւ տակն ու վրայ անում նրա հոգին, յաւերժ կռիւը չարի ու բարու միջեւ: Ինքը` Հայը չգիտէ թէ Արամազդ ունի իր մէջ: Նա կարծում է, թէ դիւահար է եւ դիւահար քայլում է մարդկանց մէջ: Նա ոտաբոպիկ քայլում է մարդկանց ցերեկից գիշեր, գիշերից ցերեկ` մերթ առաջ, մերթ յետ նայելով, սակայն նա միշտ գիտէ, որ մի մեծ բան պիտի պատահի: Թե ի՞նչ, ինքն էլ չգիտէ:

Այդպէս է եղել դարերի ընթացքում: Կուչ է եկել իր մէջ, կարծրացել, դարձել գրանիտ: Նրան չեն հասկանում: Ուրիշներ նրան չեն հասկանում, կարծում են նա խենթ է, կամ էլ շատ խելօք, երբ փաստօրէն նա ամէն բանից առաջ Ոգի է, մերթ ինքնամփոփ, մերթ մրրկածին, իսկ յաճախ` անառիկ:

Ոգին այն կերոնն է, որ հայը իր հետ տանում է հովտից հովիտ, սարից սար, քաղաքից քաղաք, երկրից երկիր, այս աշխարհից միւս աշխարհ` միշտ վառ պահելով իր ներքին կրակը: Երբ մարում է կրակը, մեռնում է հայը: Սակայն մինչ այդ լուսաւորում է իր գնացած ճամբան: Ինչ ուզես նա կ’անի: Այդ Ոգուն ապաւինած մէկ էլ տեսար նա կերտեց Աւարայր, գիտենալով հանդերձ որ անկարելի է: Եթէ կայսրութիւն է պէտք, նա ծնունդ կը տայ Մեծն Տիգրանին կայսր կը տայ Բիւզանդիոնին, յետոյ կը գնայ Կիլիկեան թագաւորութիւն կը ստեղծի, իսկ երբ թւում է, թէ արիւնաքամ է եղել, մահուան բիբերին կը նայի` Սարդարապատ, Բաշ Ապարան ու Ղարաքիլիսէ կը կերտի: Այդպիսի բաներ կ’անի:

Եւ որովհետեւ լեռների մէջ է ապրել, ապա լեռների պէս անկախ է Հայի Ոգին: Նա նստել անկախ լեզու է ստեղծել, որ ոչ ոք չհասկանայ: Նա նստել անկախ գրեր է ստեղծել, որ ոչ ոք չկարողանայ կարդալ: Նա կառչել է իր հոգեկան ակունքներին եւ անկախ մշակոյթ ստեղծել` մտածելով, որ ինքը աշխարհի կենտրոնն է, որ ինքը եզակի է, լաւագոյնը: Այդ կարող է այդպէս լինել, կարող է այդպէս չլինել: Ահա թէ ինչու նա կարծում է, թէ հայութիւնը պատմուճան է կամ խարազան` նայած թէ ո՞ր անկիւնից է առաւօտուայ լոյսը ծագում նրա աչքին: Իսկ երբ կանգնում է մարդկանց մէջ, նա անմիջապէս ինքնութեան բոլորակ է գծում իր շուրջ, մասամբ հպարտ իր հայութեամբ, մասամբ էլ թաքցնելով իր հայութիւնը: Հենց այն պահին վրայ է հասնում հակասականութեան ալիքը եւ քանդում նրա ներաշխարհը: Իսկ նա կարծում է, թէ եղածը ինչ-որ դաւադրութիւն է, երբ ի՛նքն է գլխաւոր դաւադիրը իր դէմ:

Հակասութիւնների անյատակ տոպրակ է Հայ Ոգին: Այն ընդունակ է սխրանքի եւ միաժամանակ` քծնանքի: Եթէ ուզի, համաշխարհային գագաթներ կը նուաճի, գրեթէ բոլոր ասպարէզներում: Եթէ ուզի, ստորաքարշ սողուն կը դառնայ` պատրաստ կեղծիքի ու դաւաճանութեան: Հայը օտարի դէմ չի դաւում: Հայը միայն հայու դեմ է դաւում: Ոմանք ատում են օտարին, սակայն միեւնոյն ժամանակ քծնում օտարի առջեւ, երբ այդ երկուսի պէտքը չկայ: Այո են ասում օտարին, սակայն իրենց մտքում ապուշի տեղ դնում օտարին: Օտարատեաց ու օտարահմայ միաժամանակ: Ինքը մեծ կարծիք ունի իր մասին, սակայն օտարի կարծիքը աւելի կարեւոր է գտնում: Ահա թէ ինչու մեր մամուլն ու գրքերը լեցուն են օտարների վկայութիւններով, թէկուզ ինչպիսի միջակութիւն էլ լինի օտարը:

Այնուհանդերձ, երբ նա ծուռ-ծուռ քայլում է ընտանի ու խորթ փողոցներում, Հայի Ոգին բռնում է աստղերի լոյսը, ծոցը դնում եւ գործին գնում` համոզուած, որ այսօր կամ վաղը ինքն իրեն պիտի գերազանցի, նոր տուն պիտի շինի, նոր միգամած յայտնաբերի կամ մի նոր բան ստեղծի, որ մինչ ստեղծուած չլինի: Եւ այս բոլորը` գերակայութեան եւ ստորակայութեան խօլ զգացումների իրարամերժ գուպարի արանքում: Նա գերին է իր Ոգու, որի արձագանքը գալիս է Նոյեան տապանից, Արարատից, Վասպուրականի կամ Սասունի ահռելի գիշերներից: Հայ Ոգին ասում է` իմ խառնաշփոթ հագուստներին մի՛ նայէք, իմ ներսի ինքնամփոփ քարտէսին մի՛ նայէք, իմ հլու-հնազանդ խոնարհութեանը մի՛ նայէք, մի՛ նայէք նաեւ իմ օտարոտի հնչիւններին ու գլխիվայր տրամաբանութեանը: Եթէ ուզեմ` կարող եմ ընդվզել ու քանդել շղթայութեան կապանքները, կարող եմ ծառ ելնել ու հռչակել իմ անկախութիւնը, եթէ ուզեմ` կարող եմ արեւները վայր բերել ու ստեղծել նոր արեւներ: Այդպիսի բաներ կ’ասի:

Ասելուց յետոյ շուռ կը գայ կը կռուի իր դրացիների հետ, իր ազգականների հետ, իր հայրենակիցների հետ: Շուռ կգայ առանձին կուսակցութիւն կը ստեղծի, առանձին եկեղեցի կը շինի, նոր ակումբ կը հիմնի, որպէսզի ոտք չդնի միւսի տուն: Աւատապետական շրջանի ինքնագլուխ իշխանների բնազդներին ապաւինած` նա կը հռչակի իր իշխանութիւնը, ոչ ոքի չի հաւանի, տեղի-անտեղի կը քննադատի դիմացինին, եթէ նոյնիսկ համաքաղաքացիներ են:

Հայ Ոգին թռչուն չէ, որ վանդակը դնես, հրապարակից կախես, որպէսզի գնացող-գացողը տեսնի ու հիանայ: Այն մի հանելուկ է թնջուկի մէջ կաղապարուած, բանալին էլ ծովը նետուծ: Ինքը` Հայը չգիտէ իր Ոգին, այնքան մօտ է, որ չգիտէ իր Ոգին, որովհետեւ ինքն արդէն Ոգին է, ուզի թե չուզի: Մէկ էլ տեսար նա իր Ոգին ուսած սար ու հանդ է ընկել` յեղափոխութիւն է դարբնում: Մէկ էլ տեսար արեան վերջին կաթիլը զոհելով Հանրապետութիւն է կերտում: Մէկ էլ տեսար Արագածի բարձունքին նստած` ծիրկաթիններ է պեղում: Մէկ էլ տեսար աշխարհի մեծագոյն ոստաններում լոյս ու իմաստ է սփռում, լաւագոյն գիրքը գրում, լաւագոյն շարժանկարը բեմադրում, լաւագոյն երաժշտութիւնը յօրինում, արդիւնաբերական եւ ելեւմտական կայսրութիւններ ստեղծում: Այդ բոլորն անում է. յետոյ զարմանում, թե ինչո՞ւ աւելին չի արել:

Վերջին հաշուով, Հայի Ոգին գալիս է դարերի խորքից` իր հետ բերելով պատմութեան երեքհազարամյա ծանրութիւնը: Այն կոփուել է ռազմաճակատներում, յաղթանակներից առաւել` պարտութիւններով: Այն կերպարանք է ստացել հեթանոսական բագիններում եւ կորած մենաստաններում, Հայոց Արեւի տակ, վանքերի շուքի տակ, արիւն-քրտինքի կաթիլների տակ, գրիչների տենդահար ճիչի տակ: Բազմազան յափշտակիչների եաթաղանի տակ: Հայոց լեզուի ինքնատիպ հնչիւնների տակ: Այն անմեկնաբանելի է, անլուծելի, անհասկանալի: Ու նաեւ աննախատեսելի:

Թէեւ կրկնուած խօսք է, սակայն ճշմարտութիւն է, որ Հայի Ոգին առասպելական Փիւնիկն է, որ իր իսկ մոխիրներից կեանք է ստանում, վերածնւում և ճախրում:

Այն կեանքն է խորհրդանշում, լինելու հրաշքը եւ յարատեւութեան հրեղէն պսակը: Եթե չէք հաւատում, հայոց լեռների հետ խօսեք, նրանց հարցրէք, հայի աչքերին նայէք, մեր հողերի տնքոցը լսէք, բանաստեղծներին մտիկ արէք եւ կը տեսնէք, որ Հայի Ոգին, ուր էլ լինի նա, իր ներքին կողմանցույցի սլաքին ապաւինած` շարունակ սաւառնում է դեպի Հայաստան:

 

 

«Հորիզոն»

28 Դեկտեմբեր, 1988

 

Անդին 4, 2017

Share

Կարծիքներ

կարծիք