Ձուկը ձկանը կերավ, ձկնակերը` երկուսին*

Նկարազարդումը` Վաչագ Տեր–ՍարգսյանիՁուկը միշտ առկա է եղել իրանցիների և՛ կենցաղում, և՛ ծիսական արարողություններում։ Իրանական հին ճարտարապետության անբաժան մասնիկ է բակի կենտրոնում տեղադրվող փոքրիկ ավազանը` «հոուզ»-ը , որն ապահովում է տարածքի զովությունը։ Հոուզի մեջ հաճախ պահվում են փոքրիկ ձկներ` խայտաբղետ։ Իրանական նոր տարուն` Նոուռուզին, անոթի մեջ, փոքրիկ ձկներ են դրվում տոնական սեղանին։

Զարմանալի չէ, որ ձուկը իրանական պոեզիայի մեջ նույնպես ունի իր ուրույն տեղը՝ երբեմն հայտնվելով անձնուրաց սիրահարի դերում, երբեմն` լուռ զրուցակցի, ջանասեր մարդու, դրախտային արարածի, և ավելի ուշ շրջանում` ուղղակի ուտելիքի։

* Իրանական ասացվածք

— Ֆորուղ Ֆառոխզադ

ՀԱՐՑ

Բարև, ձկներ… Բարև, ձկներ։
Ողջույն, կարմիրներ, կանաչներ, ոսկիներ։
Ասեք` այն ապակե սենյակում,
որ սառն է մեռյալի բիբի պես
և ուշ գիշերվա պես` հանգած ու ամայի,
լսե՞լ եք, արդյոք, սրինգի ձայնը,
որ ահի ու մենության փերիների երկրից մոտենում է դեպի
հավատի աղյուսե հանրակացարանները,
դեպի օրորը լարովի ժամացույցների,
դեպի ապակե առանցքը լույսի,
և մոտենալիս
փայլփլուն աստղերն են թափվում,
ու խաղացկուն սրտերը փոքրիկ,
զգալով լացը, պայթում են։

 

— Սոհրաբ Սեփեհրի

ՁԿՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ

Գնացել էի հոուզի* մոտ`
մենությանս պատկերը տեսնեմ ջրի մեջ, գուցե.
ջուր չկար մեջը։

Ձկներն ասում էին.
«Բնավ ծառերը չեն մեղավոր։
Տոթ միջօրե էր ամռան,
ջրի լուսավոր տղան նստեց ավազանի եզրին,
ու արև–արծիվը եկավ, տարավ նրան, տարավ։

Գրողի ծոցը, ջրի թթվածինը բաց թողեցինք։
Մեր թեփուկներից գնաց փայլը, գնաց,
բայց դաշտի այն լույսը,
ջրի վրայի պատկերն այն ալ մեխակի,
որ, եթե քամին փչեր, սիրտը կզարկեր
անհոգության ծալքերից անդին,
մեր աչքն էր.
անցք էր դրախտը գիտակցելու։

Եթե այգու տրոփյունի մեջ
տեսնես Աստծուն,
մեծահոգի եղիր՝,
ասա` անջուր է ավազանը ձկների»։

Քամին գնում էր՝ սոսիին հանդիպեր,
ես դեպի Աստված էի գնում։

*փոքրիկ ավազան

 

— Մոհամմադ Ղոլինասաբ

***
Պատուհանից
հոուզին եմ նայում.
կրկին խաղով են տարված
լուսինն ու ձկները:

 

— Բիժան Նաջդի

***
Ծովը` ջրով լի,
գետը` ջրով լի,
նույնիսկ անոթը`
ջրով լի…
Ջրով լի այս ամենը
չի թողնում տեսնել`
ինչպես են լալիս ձկները։

 

— Ռեզա Քազեմի

***
Ի՜նչ տխուր է ձկնիկի ճակատագիրը,
երբ զույգի երազանքով
օվկիանոս է հասնում,
ուր կետերն են սիրահարվում նրան։

 

— Ռասուլ Յունան

ԽՈՐՔԵՐՈՒՄ

Խորքերում ապրելն ապահով է,
բայց տգեղ:
Խորքերում ապրող ձկները
չեն բռնվում,
բայց ոչ արևածագն են տեսնում,
ոչ էլ նավերը:
Հիմա մի սիրուն ձի է
մտնում ծով.
նրան էլ չեն տեսնի:
Այո, խորքերում ապրելը տխուր է:

 

— Շամս Լանգեռուդի

***
«Շնաձուկ».
չեմ լսել առավել տարօրինակ անուն:
Ինչպե՞ս չեն հարձակվում շները
իրենց ձկնային հատվածի վրա
քաղցի ժամանակ:

 

— Աբբաս Քիառոսթամի

***
Երկու կարմրախայտ՝
կողք-կողքի ննջած
ափսեի ճերմակ հատակին:

 

— Սառա Մոհամմադի Առդեհալի

ՁԿՆԵՐԸ

Արհեստական բեղմնավորմամբ
աճեցված ձկները
ծնվում են ջրավազաններում:
Սարքերը թթվածին են սրսկում
փոքրիկ ավազաններին,
փարթամանում են ձկները
ու ժամանակին, փաթեթավորված,
պահպանման ժամկետը վրան,
շուկա են հասնում:

Ազատ ձկները
շնաձկների ահի մեջ
լողում են,
սիրահարվում,
բազմանում,
բայց դրանցից շատերը
երբեք ազատ ծով չեն հասնում:

 

— Գյառուս Աբդոլմալեքյան

***
Ջրից հոգնած ձուկ եմ ես.
տրվում եմ քեզ,
ո՜վ հարսանեկան տխուր ցանց,
տրվում եմ
վիթխարի հարցական նշանին,
որ բերանիս մեջ է խրված:

 

— Մեհդիյե Լաթիֆի

***
Երեք վայրկյանի
հիշողություն ունեցող
ձկան համար
անոթն ու ծովը նույն բանն են։
Ապրա՛ծ կենանք.
անոթի մեջ ենք խցկում
մարդու սիրտը թանկ,
իսկ ձկների համար ենք սիրտ ցավեցնում։

 

 

Թարգմանությունը բնագրից`
Էդիկ Պօղոսեանի

 

Նկարազարդումը` Վաչագ Տեր–Սարգսյանի

 

 

Share

Կարծիքներ

կարծիք