Մենախուց

20141011130635176

Ժանգ Աբոն դժվարությամբ բացեց աչքերը, բայց այդպես էլ չհասկացավ, թե որտեղ է հայտնվել, ինչ է կատարվել իր հետ կամ ով է ինքը:

Նա ընկած էր սառը սալաքարերին, որոնք մենախցի հատակը ծածկում էին այնպես, որ չէր մնում ոչ մի ճեղք, դեպի հող տանող ոչ մի սողանցք, որտեղից կարողանար ներթափանցել որևէ կենդանի արարած` մրջյուն կամ թեկուզ տիզ, և կամ ծլարձակելով դուրս գար որևէ պատահական սերմնահատիկ:

Մենախուցը նախատեսված էր միայն մեկ հոգու համար. նախապայմանը դրված էր վերուստ, ի սկզբանե, պահպանվում էր գերագույն բծախնդրությամբ, և չնայած բանտը նորոգվել ու ժամանակին համահունչ փոփոխվել էր բազմիցս, հիմա էլ` ինչ-ինչ դրամաշնորհների հաշվին, շարունակում էր հավերժական տեղապտույտի նմանվող գործընթացը, սակայն այդ ամենը երբեք չէր վերաբերել ու հիմա էլ չէր վերաբերում մենախցին: Նրա վրա տաբու էր դրված: Այն ստեղծված էր Բոլոր Ժամանակների Ոճրագործի համար և հավանաբար գոյություն ուներ ոչ թե ստալինյան կամ ցարական, թուրքական, թաթարական, բյուզանդական, արաբական, պարսկական, Արշակունյաց կամ Արտաշեսյան ժամանակներից, այլ ավելի վաղ` անհիշելի ժամանակներից, և իր հաստաբեստ պատերի մեջ խեղդել էր ոչ միայն անուղղելի հանցագործների մոլեգին բացականչություններ ու աստվածանարգ հայհոյանքներ, այլև առաջին քրիստոնյաների հեծեծանքներն ու օրհներգերը, առաջին բանտարկյալի նախնադարյան, անհոդաբաշխ մղկտոցն ու մարդ արարածի առաջին արտասուքը:

Մենախուցն անհամեմատ հին էր, քան բանտն ինքը, և, ամենայն հավանականությամբ, ի սկզբանե եղել էր մի վիրապ, մի փոս, մի արտաքնոց, ուր նետել էին որսի փորոտիքն ու կրծած ոսկորները, իրենց բնակավայրերի աղտեղությունները և դրանց հետ գահավեժ վայր գլորել նաև մարդկային աղտեղություններին` հանցագործներին, դավաճաններին, նաև` անցանկալիներին, նաև` ժամանակի սահմաններից այն կողմ ապրողներին:

Բանտը որպես յուրահատուկ պաշտամունքային շինություն այդ փոսի վրա էր բարձրացել, ինչպես նորօրյա դավանանքի տաճարներն են բարձրանում հնամյա հավատի տների հիմքերի վրա:

Մենախուցը քարե, անպատուհան, մետաղե ծանր, նեղլիկ մի դուռ ունեցող վանդակ էր, որի պատերի կիկլոպյան քարերը միմյանց ագուցված էին կապարե սեպերով, ճեղքերը, ճաքերն ու խորշերը լցոնված էին հատուկ այդ նպատակով ստեղծված հզոր պոմպերի ներմղած հրակավի թանձրուքով, առաստաղը ծածկված էր հավերժական բորբոսի անթափանց շերտով, իսկ հատակը անթիվ, անհամար ոտնահետքերից մաշվել, դարձել էր ողորկ ու հարթ, սայթաքուն, ինչպես պալատական մարմարը:

Աբոյի մթագնած գիտակցության մեջ աղոտ ծագած մտքի առաջին նշույլն այն էր, թե ինքը սայթաքել ու վայր է ընկել: Սակայն նրա հետ բոլորովին այլ բան էր կատարվում: Մարմինն ընդարմացել էր, թմրել, չէր ենթարկվում: Քունքերում կապարե ծանրություն էր: Աչքերի առջև` համատարած խավար: Ականջներից այն կողմ` մեկ այլ լռություն:

Ամենաանտանելին, սակայն, որովայնի կապանքները քանդող, ստամոքսի պարունակությունը փսխուքի, միզածորանները` ջրհորդանի վերածող թուլությունն էր, որին գարշահոտություն հաջորդեց: Սակայն Աբոն նույնիսկ այդ հոտը չառավ: Նրա զգայարանները բթացել էին: Մարմինը մեռել էր, և նա պարզապես չզգաց, թե իր մեզը ինչպես է լվանում իր կղանքը: Այնուամենայնիվ փորձեց ոտքի կանգնել: Սակայն դա ուղեղի հեռավոր ծալքերում մարմրող տարտամ, անիրագործելի ցանկություն էր սոսկ: Չկարողացավ շարժել ոչ ձեռք, ոչ ոտք: Մատի ծայրն անգամ չկարողացավ շարժել: Նույն ճակատագրին արժանացավ բացականչելու, օգնություն կանչելու նույնատիպ վհատ ցանկությունը: Նրա շուրթերին կապանք էր դրված: Լեզուն գելոց էր դարձել: Ասենք, եթե աղաղակեր անգամ` ձայնը չէր հասնի որևէ մեկին: Մենախցի պատերը անթափանց էին ոչ միայն լույսի, այլև ձայնի առջև, և այնտեղից երբևէ հնչած աղաղակ դեռ չէր հասել որևէ արձագանքող ականջի: Եթե անգամ կարողանար` դարձյալ չէր կարողանալու:

Եվ սա էր ամենասարսափելին. ուզում էր` չէր կարողանում: Կյանքում մի անգամ, կենտ մի անգամ մարդու և օգնության կարիք զգաց, օգնության դիմելու պահանջ և ցանկություն: Բայց չկարողացավ: Պատնեշը դրսից էր և ներսից:

Սակայն վիճակից ահավորը գիտակցության փշուրի առաջացրած զգացողությունն էր, որ հանկարծ շարժվեց ընդարմացած ուղեղում: Բանտային ակադեմիայի դասերից մեկը դեռ մնացել էր հիշողության մեջ: Այստեղ հնարավոր էր սովորել ամեն ինչ: Թերևս մի բան էր բացառություն հանդիսանում: Բայց այն բացառություն էր ամենուր, այն չէին սովորեցնում, չէին ուսուցանում, չէին մատուցում: Այն տրվում էր կամ չէր տրվում, հայտնատեսվում էր կամ մնում անտեսանելի հավերժ, գալիս էր պայծառացման կենտ մի ակնթարթի կամ անհասանելի մնում դարավոր փորձառությանն անգամ:

Թանձր, անշարժ զանգվածի վերածված ուղեղի կենդանի մնացած չգիտես որ բջիջում տրոփող միտքը զարհուրելի էր. հավանաբար իրեն պատուհասել է ապոպլեկտիկ հարված` ինսուլտ` հիվանդություններից ամենանենգը, չարագուշակն ու նվաստացուցիչը, որի դեպքում մահը ցանկալի է, քան կենդանությունը: Դաժան, անողոք հիվանդություն, որի մեխանիզմը բժշկական տեսանկյունից չափազանց պարզ է ու վիրավորանքի աստիճան պարզունակ. ուղեղի արյունաշրջանառության խաթարում. կամ արյան զեղում, կամ արյան կանգ, կամ արյան հարված, կամ արյան սով: Զարհուրելի հարված, մեռուկացնող սով: Լավագույն դեպքում` մահ, վատագույն դեպքում` անկելացում: Կամ կաթված ու անդամալուծություն: Դեռ փառք է, եթե ավարտվում է սոսկ մարմնի անդամալուծությամբ: Վատթարը, վատթարագույնը մտքի և հոգու անդամալուծությունն է, բանականության և զգացողության կորուստը, կենդանի դիակի վերածվելը:

Ուղեղի հատուկենտ բջիջները, որոնք դեռ պահպանել էին իրենց դերը կատարելու որոշ ունակություն, Աբոյի չտեսնող աչքերի առջև ուրվագծեցին այն ահավոր հեռանկարը, որ սպասում էր նրան. ինքը` հաղթահասակ, ահարկու, հզոր, դաժան, անողոք` բանտի սարսափն ու նողկանքը: Ինքը` միշտ տիրակալ այն տարածքում, ուր հայտնվել էր ճակատագրի բերումով կամ իր կամքով: Իր նենգ հոգու անպարագիծ ստահակությամբ, կամքի ամորձատող զորությամբ, խորամանկ մտքի անսահման հնարամտությամբ, ընչաքաղց բնույթով, գիշատիչ բարքով, անգութ սրտով, պողպատե մկաններով, անհնազանդ վարքով, խռովարար էությամբ, ինքնահաստատման մոլեգին կրքով իրեն պաշտպանող, պահպանող, պարտադրող… Բութ, թույլ ու անճարակ, անդամալույծ` անկողնուն գամված. կհոշոտեն: Բոլորը: Մեկ առ մեկ ու միասին: Կանարգեն ու կնվաստացնեն: Վրեժխնդիր կլինեն:

Աբոն պառկել էր սալահատակին, որի ոչ սառնությունն էր զգում, ոչ խոնավությունը: Ոչինչ չէր զգում: Զգում էր միայն, որ զարհուրելիից զարհուրելին կա և անտանելիից անտանելին: Անկամ, անկենդան հետևում էր մտքի թանձր ընթացքին, և պատկերացրածը անխուսափելի էր:

Սակայն այդպես էր և այդպես չէր: Աբոն տեսնում էր և՛ այն, ինչ իրական էր ու տեսանելի բոլորի համար, բայց և՛ այն, ինչն անիրական էր ու անտեսանելի այլոց համար:

Ուղեղ խուժած արյան հզոր հորձանքը ախտահարել էր բոլոր կարևորագույն կենտրոնները, նրան զրկել մտածելու, զգալու, գործելու կարողությունից: Սակայն հարվածն անհամեմատ ուժեղ էր, քան պետք էր սպանելու կամ անդամալույծ դարձնելու համար: Այն անցել էր կյանքի ու մահվան սահմանը և հասել ուղեղի այն հանգույցներին, որոնք մատնված են հավերժական քնի, տեղաշարժել էր դարպասները բանականության այն ուղիների, որոնք բացվում են միայն եզակի ընտրյալների առջև և գորշագույն նյութը վերածում բոցավառ ջահի:

Հաճախ, շատ հաճախ, գրեթե մեծ մասամբ չի գիտակցվում, թե որն է ճշմարիտ պարգևը և որը` պատիժ: Շատ բաներ, որ թվում են սատանայի դիվային զորությամբ ուղարկված պատուհաս, Աստծո ուղեցույց ձեռքի սաստող ապտակի կապտուկներ են սոսկ, իսկ այլ բաներ, որոնք ընկալվում են որպես աստվածային նախախնամությամբ ընձեռված եզակի ու բացառիկ, միայն իրեն տրված հնարավորություն, սատանայի կամքով կերպափոխված մոլորություններ են լոկ:

Արյան հարվածը մոգական բանալու նման բացել էր փականքները Աբոյի ուղեղում բանտարկված այն գաղտնագիր կենտրոնների, որոնց մասին նա պատկերացում անգամ չուներ, որոնց զորությունը չէր ընդունում պարզապես, որոնց գոյությանը չէր հավատում առհասարակ:

Բայց անհավատալին իրական էր: Ոչ մտացածին խաբկանք էր, ոչ թանձրամիտ անհավատության որոգայթ: Նրա գիտակցության մեջ զարմանահրաշ բաներ էին կատարվում: Լեռնային անապակ ջրերով բեղմնավորվող անապատի նման ծլարձակում էին այնպիսի սերմնահատիկներ, որոնք, թվում է, խորշակների բերանն ընկած, սպանվել էին վաղուց: Ծաղկում էին այնպիսի տարածքներ, որոնք, թվում է, դատապարտված էին հավերժական անպտղության ու ամլության: Գառների մրմունջ էր լսվում այնտեղ, ուր, թվում է, մշտապես հնչելու էր բորենու կաղկանձն ու շեկ ավազների մեջ իր գալարուն հետքը գծագրող թունավոր սողունի հրճվագին շառաչը:

Աբոյի անշարժ, անկենդան բիբերի անտեսանելի խորքերում ժպիտ էր հայտնվել: Մտքի համատարած խավարի մեջ դողդոջ պսպղում էր մի կենտ լույս: Արթնացել ու գործում էր նրա ուղեղի միայն մի կենտրոնը, որը, վիճակին ու ամեն ինչին հակառակ, ստիպում էր զարմանալի, անհավատալի, անսահման սեր զգալ ամենքի ու ամեն ինչի նկատմամբ, սիրել սառն ու կոշտ քարերը, որոնց ոչ սառնությունն էր զգում այլևս, ոչ կոշտությունը, սիրել անլույս կացարանը, թեև մենախուց էր այն: Սիրել նրանց, ովքեր պատրաստ էին հոշոտել իրեն: Սիրել նրանց, ում ինքն էր հոշոտել… Անհավատալի էր, բայց իրական. հզորազոր հարվածը ոչնչացրել էր այն, ինչ մակերեսին էր, և բացել այն, ինչ թաքնված է անտեսանելի խորքերում:

Վերակացուները, որ գաղտնի դիտանցքից մշտապես հետևում էին մենախցի բնակչին, նկատեցին, թե նա ինչպես ցնցվեց ողջ մարմնով, ասես էլեկտրական աթոռի հարվածից շանթահար` տապալվեց հատակին ու հոգեվարքի չարչարանք հիշեցնող ջղաձգումներից հետո անշարժացավ:

Սկզբում նրանց թվաց, թե նենգապատիր բնույթի պատճառով ժանգ մականվան արժանացած բանտարկյալը հերթական ստորությունն է որոճում, և եթե իրենցից մեկն ու մեկը, որևէ մեկը կուլ տա խայծն ու պարտականությանը, հետաքրքրասիրությանը կամ գթասրտությանը տուրք տալով` մի կողմ տանի հազվադեպ, խիստ հազվադեպ բացվելուց ժանգոտած ծղխնիների վրա դժվարությամբ պտտվող դռան ծանր, տեղաշարժելու համար գերագույն ջանք պահանջող փեղկն ու ներս մտնի, կհայտնվի նրա որոգայթների գրկում և կանիծի այն օրը, երբ լույս աշխարհ եկավ և այս շեն աշխարհում բնակության այլ վայր չգտավ, հանապազօրյա հաց վաստակելու այլ միջոց չգտավ ու վերակացու կարգվեց հենց այն բանտում, ուր հավերժական ազատազրկման էր դատապարտված Բոլոր Ժամանակների Ոճրագործը:

Սակայն բանտարկյալի անկենդանության մեջ ինչ-որ տարօրինակ բան կար նաև, ձգողական մի զորություն, որ ասես փոխարինում էր նրա կոկորդում խցանված կանչին, և որը անհավատալիորեն, անիրական ու ոչ երկրային խոստումներ էր տարածում իր շուրջը: Եվ այդ զորությունն այնքան անդիմադրելի էր, որ վերակացուներից ամենահամարձակը, որը նաև ամենափորձառուն ու հեռատեսն էր, ի վերջո չդիմացավ և, թերահավատությունը փարատելու համար խաչակնքելով, մեկը մյուսի ետևից բացեց թվով անհամարին հավակնող փականներն ու պահանջված ջանքը գործադրելով` մի կողմ տարավ դռան փեղկը:

Կասկածները փարատվեցին անմիջապես, երբ ապահով հեռավորությունից ուղղորդված լապտերի ճառագայթն ընկավ հատակին կոճղի պես անշարժացած բանտարկյալի վրա: Ուղեղի կատարյալ մթագնումը, ողջ մարմնի բացարձակ անդամալուծությունը ակնհայտ էր: Նույնքան ակնհայտ էր նաև վերակացուների մեջ կատարված վայրկենական փոփոխությունը: Եվ այդ ժամանակ, և հետագայում ոչ ոք չկարողացավ հստակ պատասխան տալ այն հարցին, թե ինչն էր այդ փոփոխությունների պատճառը: Գուցե դիտանցքից մինչ այդ ելնող մեզի ու կղանքի անտանելի հոտին դռան բացվելուց հետո փոխարինած անհավատալի, մանկան բույր հիշեցնող բուրմունքն էր պատճառը: Կամ Աբոյից ճառագայթի նման տարածվող սիրո անսահման զորությունը: Կամ այլ անբացատրելի մի բան, որ անհավատալիորեն անհիմն ծնվում է մարդու մեջ ու ստիպում գթալ թշնամուն կամ ներել ինքն իրեն ու թողություն տալ այլոց: Գուցե ներքին ու արտաքին ազդակների բացառիկ համադրությունն էր պատճառը, որը գործում է աստղերի եզակի համադրության նման: Գուցե այլ բան: Սակայն ինչ էլ լիներ այդ անանունը, դրա ազդեցությամբ կամ այլ բանով առաջնորդվելով` վերակացուները կայացրին չափազանց տարօրինակ որոշում: Նրանք կատարվածի մասին չզեկուցեցին բանտի ղեկավարությանը, անտեսեցին պարտականությունը, թաքուն պահեցին միջադեպը և դարձրեցին այնպիսի գաղտնիք, որի մասին խոսում են ոչ թե կենդանության օրոք, այլ հոգեվարքի ժամին միայն, որպես վերջին ժառանգություն հաղորդում հետնորդներին` փոխանցելով ցնծագին երանությունը այն ընտրյալների, ում գեթ մեկ անգամ վիճակվել է ճաշակել դա: Վերակացուները որոշեցին Աբոյին պահել խցում և խնամել նրան: Նույնիսկ հատուկ հերթապահություն սահմանեցին, սակայն դրա կարիքը չկար, որովհետև այդ խուցը մտնելու պահանջն այնքան զորավոր էր, ցանկությունը` այնքան ուժեղ, որ վերածվել էր ուխտագնացության նմանվող ծիսակատարության, և ամեն անգամ աշխատանքի գալիս վերակացուները առաջինը Աբոյի խուց էին այցելում և հաղորդակցվում նրա հետ, իսկ նրա մեզն ու կղանքը մաքրելը համարվում էր գերագույն շնորհ, վայելք, որը կարող է ընկալել միայն ու միայն կոյուղու բանվորը սառնորակ, մաքրամքուր ջրի մեջ սուզվելիս: Այդ կերպ այցելում էին նրան նաև օրվա վերջում: Եվ այդպես վարվեցին այնքան, մինչև այն ամենը, ինչ մոգական զորությամբ ձգում էր վերակացուներին դեպի մենախուց, նրանց հետ աննկատ ելավ ու տարածվեց բանտով մեկ: Հավանաբար իրենք էլ չգիտակցելով, թե ինչ են անում, վերակացուները հաղորդակցության միջոց դարձան մենախցի և բանտի միջև, որը, ինչպես հայտնի է, առաջացել էր մենախցի հիմքի վրա:

Վերակացուների մեջ սակայն կային նաև այնպիսիք, որոնց մեջ բանտը ներարկել էր թերահավատության հզորազոր լիցքեր, բանտի դաժանությունը կամ ի բնե նրանց մեջ դրված ինչ-որ բացասական նախասկիզբ նրանց ստիպում էր չհավատալ, կասկածի ենթարկել ու նույնիսկ ծաղրել Աբոյի կերպափոխման գաղափարն անգամ:

Նրանցից մեկը, որը չէր հավատում ոչ մի բանի և ոչնչի, մանավանդ ժանգի մաքրագործմանը (այն էլ` ազնիվ մետաղի փայլով ինչ-որ բանի), մի օր խիստ որոշակի նպատակով Աբոյի խուց բերեց նրա ոխերիմ թշնամուն, որը նույնպես բանտարկված էր մեկ այլ մենախցում: Դա ճիշտ այնպիսի մենախուց էր, ինչպես Աբոյինը, կառուցված նույն կավածեփ ժայռաքարերով, հատակված նույն սլլկուն սալաքարերով, փակված նույն անթիվ կողպեքներով: Բանտարկյալին խուց թողնելով` վերակացուն սկսեց դիտանցքից թաքուն հետևել նրան` ակնկալելով, որ նա անմիջապես կնետվի ոխերիմ թշնամու վրա և նրա անզորությունից օգտվելով` ուղղակի կհոշոտի նրան կամ կսկսի ծաղրել, անարգել ու նվաստացնել, և այդժամ ինքը ներս կխուժի, խեղճ ողորմելիին կխլի մահաբեր ճիրաններից և իր տեսության ճշմարտացիության մեջ համոզվածի աներկբա, խրատական տոնով կապացուցի, որ բոլոր ոճրագործներին, բոլոր մեղսագործներին ահա այդ ճակատագիրն է սպասում, ապա կփորձի պատժի անբեկանելի հեռանկարով դարձի բերել նրան և վերջապես արժանանալ բանտապետի վաղուց երազած պաշտոնին:

Բայց վերակացուի ակնկալիքները չարդարացան: Ճիշտ է, Աբոյին հատակին ընկած տեսնելու առաջին պահին եկվորը կարծես իրոք պատրաստվում էր հարձակվել նրա վրա, բայց ինչ-որ բան կասեցրեց նրան: Վերակացուն գիտեր, որ նրա և Աբոյի հաղորդակցության միակ միջոցը Աբոյի հայացքն է, այնտեղից հորդացող լույսի ճառագայթը, ու թեև բանտարկյալը թիկունքով էր կանգնած նրան և մարմնով փակել էր Աբոյին, և նա դիտանցքից չէր տեսնում նրանց դեմքերը, սակայն արդեն կռահում էր, որ ինքն իր հաշվարկներում չարաչար սխալվել է:

Սակայն նա այնուամենայնիվ ինչ-որ բանում իրավացի դուրս եկավ: Բանտարկյալը նույն օրն իսկ անհայտ պատճառներով ինքնասպան եղավ, վերակացուների բառապաշարով` «ինքնաոչնչացման» դիմեց գլուխն իր խցի խուլ պատուհանի ճաղերին զարկելով: Եվ այդ «անհայտ պատճառները» այնքան ակնհայտ էին, որ այդ մասին ոչ ոք չխոսեց նույնիսկ:

Նրա «ինքնաոչնչացման» մասին լուրը բանտից դուրս տարածեցին կանայք, այն ժամանակ, երբ Աբոն արդեն մահացել էր, և վերակացուները, որոնք որոշել էին այլևս երբեք չբաժանվել նրանից, գաղտագողի հանեցին խցի հատակի երկու սալաքարերը և Աբոյի մարմինն ամփոփեցին բացված փոսում, սալաքարերը կրկին դրեցին իրենց տեղն այնպես, որ ոչ մի գերատեսչական ստուգում չէր կարող ի հայտ բերել նրանց տարբերությունը մյուսներից, իսկ փոսից հանած հողը, փախստական բանտարկյալների օրինակով, լցրեցին գրպաններն ու այդպես դուրս բերեցին բանտից: Ահա այդ ժամանակ էր, որ նրանց կանայք սկսեցին հետաքրքրվել, թե ինչո±ւ են իրենց ամուսինների համազգեստները հանքափորի շորերի նման փոշոտ, և իմացան ճշմարտությունը:

Դա այնպես ցնցեց ոմանց, որ նրանք սկսեցին առասպել մոգոնել մենախցի ու նրա կենվորի մասին, անգամ հասան այնպիսի զառանցագին հետևության, թե բանտը աշխարհի մոդելն է, ուր մարդիկ բնակեցվում են իրենց մեղքերը քավելու համար, իսկ մենախուցը մարդու մարմինն է, մի տեսակ քավարան, որի մեջ բանտարկված հոգին այլևայլ մոլորություններից, կրքերից ու արատներից կարող է ազատվել և ի վերջո ճառագել թերևս միայն ու միայն գերհզոր հարվածի շնորհիվ, որը փակում է մյուս բոլոր զգացողությունների աղբյուրը և թողնում միայն ամենակարևորն ու կենսականը:

Ի տարբերություն կանանց, վերակացուները շարունակում էին խուսափել կատարվածի մասին խոսելուց, նրանց լռությունն այնքան տևական էր, որ ժամանակի ընթացքում Աբոյի իրական պատմությունը մոռացվեց և մնաց միայն առասպելի աղոտ հիշողությունը, մոռացվեց նաև թե՛ մենախուցը, թե՛ այնտեղ ամփոփված գերեզմանը, և եղավ այնպես, որ հերթական վերանորոգումներից մեկի ժամանակ ճարտարապետները փոխեցին բանտի հատակագիծն ու մուտք դարձրին մենախուցը, որը վաղուց այլևս չէր օգտագործվում, իսկ գերեզմանը, որի գոյության մասին սոսկ հեռավոր շշուկներ էին մնացել, ինքնըստինքյան վերածվեց շեմի: Բանտ մուտք գործողներն ու բանտից ելնողներն այդուհետ այդ շեմով էին անցնում:

 

 

 

Անդին 3, 2017

 

 

 

 

 

 

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք