Երեք պատմվածք

Հեղինակ:

mbnmbՉափագրություն

Թղթիս տեղանքային քարտեզն է, կանաչ կետերով պետական աջակցությամբ կառուցված տներ են նշված: Գիշերելու եմ դրանցից մեկում, իսկ առավոտյան անցնելու եմ բուն աշխատանքին: Կիսամութ արահետով բարձրանում եմ նշված տան մոտ, դուռը կին է բացում, ես ցույց եմ տալիս պետական քարտը, նե դուռն ավելի է լայնացնում, ներս եմ անցնում, նստում ծանոթ աթոռին, քանի որ մյուս թղթապանակումս տան գույքագիրն է, այնպես որ տեղյակ եմ պատի տակի կահույքից, մահճակալներից ու աթոռներից, սրանց դիրքերի մազաչափ անգամ խախտման դեպքում բնակիչները տուգանվում են:

Մինչ գալս ինձ նախազգուշացրել են` միայն գործնական բաներից խոսել: Կինն անցնում է խոհանոց, ինձ թվում է` ներան նույնպես զգուշացրել են անտեղի հարցուպատասխան չստեղծել, մի երեխա է չոչ անելով գալիս, հասնելով ոտքերիս` հրում է կոշիկներս, ոտքերս օդ եմ բարձրացնում, նա ծնկներով շարունակում է դեպի հյուրասենյակի խորքը: Կինը սուրճ է բերում, խմում եմ, ասում է` երևի անկողնու տեղը գիտեք, ինձ տեղեկացրել են, որ նրանք սիրում են «երևի» ու նման հարցականներով խոսակցություն բանալ, այդ պատճառով գլխով համաձայնում եմ, երեխան վերադառնում է, նորից զարմանում կոշիկներից, ես կրկնում եմ վերև հանելու արարողությունը, նա անցնում է:

Մարմնումս ջղային դողեր են` զարթնում եմ, դրսում կիսամութ է, մինչ գործուղման ուղարկելը պետական ապարատն ինձ նման մանր աշխատակիցների մկաններում նյութ է սրսկում, որը հստակ ժամին սկսում է գործել` կծկելով մարմինն արթնացնում է, որպեսզի արթնացումն ու ծրագրին միանալը կատարվի արևի ճառագայթներից առաջ, ասում են` աշխատակիցներ են եղել, որոնց մարմինը կլանել է ծեգի արևն ու կամ դրանից, կամ ընտանեկան տաք անկյունից, կամ էլ դեռ քնատ մարմնի տաքությունից չորացել է ներարկված մկանային համակարգը, հետևանքը սարսափելի է, քանի որ նորակառույց տներում կենողներին անիմանալի բաներ են պատմել, համախմբվել և մինչև հիմա անասունների պես սարերում թաքնվում են, բայց սրանք բամբասանքներ են, ես հավատում եմ Պետ-Գլխին, կարծում եմ` շուտով տքնաջան աշխատանքս ուշադրության կարժանանա և հնարավորություն կընձեռվի հայրենասիրական ճառ կարդալու, սա ամենաառաջին քայլն է պաշտոնի բարձրացման համար, որին վաղուց եմ պատրաստվում, հուսով եմ` այս աշխատանքից հետո որոշակի կդառնան ելույթիս հիմնական եզրույթները:

Հանկարծ նորից եմ արթնանում ու տեսնում` դեղնալուծույթ մակերեսը փռվել է ոտքերիս և թույլ ցնցումներով վերև է բարձրանում` արև՛, ոտքի եմ թռչում, փողկապս ձգում պարանոցիս (ԱԳՆ-ի դասերին մեզ պատրաստել են նման իրավիճակների համար` փողկապը պրկել և գտնել հավասարակշռությունը, ՙսանձման 3-րդ աստիճան՚ է կոչվում, բայց մեզ չբացատրեցին դրա մյուս համարները):

Տնից հապճեպ դուրս եմ գալիս, քայլելու ընթացքում բացում քարտեզն ու… այսքան ժամանակ անմիտ, անկանոն մտքեր էին ինձ պատել, ամենից վատը, որ թվում է` որևէ մեկին էի ցանկանում պատմել, գուցե խոստացել եմ…

Ո՛չ, կապ եմ տալիս գլխավոր շտաբ, խնդրում միացնել ԱԳՆ և ցուցել երկրորդ աստիճանը, որպեսզի կարողանամ վերահսկել ինձ, նրանք պատասխանում են, ես, հետևելով նրանց խորհրդին, ավելի ուժեղ եմ ձգում փողկապս, շնչառությունս խզվում է, մարմնիցս քրտինք է հոսում, կարևորը` իսկապես արժանավայել պահեցի ինձ, սա կարելի է ներառել հայրենասիրական ճառիս ոսկյա կանոններում:

Այսպիսով անցնում եմ աշխատանքիս. նախ նշված տներն եմ այցելում, որտեղ ստուգում եմ գույքն ու հատկապես մահճակալների դիրքը, որոնք պարտադիր պետք է դեպի լեռանը նայող ուղղությամբ լինեն, միակառույց վեց տներում մետրով չափում եմ կահույքի տեղադրությունը, հաշվառում մարդկանց` սայլակով երիտասարդին, ոտքը կտրված պատանուն, գանգը ջնջխված մեկ այլ երիտասարդի, ովքեր փորձնական դասերին նախնադարյան կենսապատկեր ստանալու համար քար ու փայտով մասնակցել են պատերազմին, հակառակորդ երկրների դեմ նման վարժանքների մասնակցողների դասը Պետ-Գլխի ծորակներում համարվում է ամենաստորին ապարատը, նրանց կրծքին եմ փակցնում «Tom and Jerry» հայրենախրատ մուլտֆիլմից «Spike» անունով հայրենասերի կրծքանշանը, հանձնում պատվոգիրը, որտեղ երեք բառ է գրված` «Հանուն, Հանուն, Հանուն», ինձ ցուցել են` եթե հարցնեն` հանուն ինչի՞, պատասխանի՛ր` հայրենասիրական գաղտնիք է: Նկարվում եմ նրանց հետ, ուղարկում հայրենասոցիալական ցանց, որպեսզի հայրենասիրական ելույթին պատրաստվող մագիստրոսները առավելագույնս հավանություններ (like) տան և նկարի ներքո փորձնական ելույթներ հրապարակեն:

Ճանապարհին ուրախանում եմ, այսօր բազմիցս հայրենասեր բառն օգտագործեցի, հայրենասոցիոլոգներն ասում են` դա հայրենաոգով պայծառանալու նշան է, անմիջապես մտաբերում եմ հայրենամշակութային մարզումներն ու փորս մերկացնում եմ, պորտիս ռիթմային կծկումներ տալով ստանում եմ խրոխտ` դեպի ամբիոնը սլացող հայրենասերի երեսն ու նկարում, նորից ուղարկում եմ հայրենասոց ակումբներին:

Վերջապես ձորակը կտրելով ու լեռնային վերելքը հաղթահարելով հասնում եմ ձյան կուտակումներին, ամեն ինչ հստակ է, ըստ նախատեսվածի` քարտեզումս նշված ուղղությամբ ձյան շերտավորումներից արդեն առուներ են հոսում: Ինձ ուղարկել են համոզվելու, մնացածն իրենք գիտեն, քանի որ հեղեղատն իր ճանապարհը չի փոխում, տարիներով չորացած է մնում` լռում, բայց գալիս է մի ժամանակ, երբ թափվում է, պարտադիր տեղն արած իր հին ճանապարհն է բռնում ու փշրում` ամայացնում իր կերակրափողին հանդիպող ամեն ինչ, կապ եմ տալիս գլխավոր շտաբ և ներկայացնում ամփոփագիրը` «10-20 օրերի միջակայքում հեղեղը կաշխատի». Պետ-Գլխում հաշվի են առել այս ամենը, այդ պատճառով պետաջակցությամբ տները հենց հեղեղի ճանապարհին են կառուցվում, որպեսզի առանց որևէ լուրջ ծախսի և բնության օգնությամբ վերջացվի սկսածը, հետո նորից ենք կառուցում ու նվիրաբերում նորեկներին, սա ավելի էժան է նստում, և կառուցման սկզբնական փուլը ներքին օղակներում խթանում է ուժային հայրենասիրությանը,- ասում է հայրենատնտեսագետն ու երեք անգամ Հանուն, Հանուն, Հանուն-ն արտասանելով վերջացնում խոսքը: Հնչում է իմ անունը, ու փորս բացելով քայլում եմ դեպի բեմ. պորտս հրճվում է, մանավանդ որ հայրենասիրական գործուղմանս ընթացքում բանը չհասավ անվտանգութան «սանձման 1-ին աստիճանին»:

 

 

Երկրաչափական հուշ

Նա ծանրութեթև էր անում, մինչև բան ասելը ձեռքերով ծառի չոր էր կտրում կամ կախված թուփ էր ոտքով բարձրացնում` վերևից թողնում, որ լայն լեզվի պես ճոճվի, այնուհետև հազում, մուշտուկը խփում ծառին, ասում էր` որովհետև ծերացել եմ, հեռու տեղերից եմ բառերս կտրում, դու ջահել ես` դու քթիդ տակից էլ կարաս բռնես:

Ի՞նչ եմ հիշում առաջվանից. փոշոտ թաշկինակ, որ երկրաչափական դիրքերով քաշվում-գնում է նրա շուրջը` տակնուվրա ամայություն է, գուցե ֆիլմից է տպավորվել կամ փողոցից, ամեն 2017-07-18_13-17-52դեպքում ես չեմ դժվարանում արտասանելուց` «փոշոտ թաշկինակ», առանց այս ու այն կողմ ընկնելու: Ծերունին հասնում է լեռներին ու վերջինից այն կողմ, էստեղից էլ ճանապարհ կտրում դեպի ծովերը, ափերին` նավերի բեռնակրությամբ զբաղվում, որևէ ափի վերջնականապես իջնում, կանգնել անշարժանալ ու այդտեղից խոսք բերել ինձ մոտ չի ստացվում: Մարդն իր մանր շարժումներով (ոտքի թաթով փոքր քարեր շուռումուռ տալով, ձեռնափայտը շոյելով) յուրահատուկ միջոցով հեռանում է իր կյանքի խորքերը, նրա հին մտքերը նյութական աշխարհի են ձգտում և անցնում են առարկաներում արտացոլվելուն, այսինքն` հետընթաց գնալու մեխանիզմներ են` նավակի ձեռնափայտի առաջ ու հետ, որպես նավակի թիակների վերարտադրում, սայլանիվի վերուվարը-ճոճաթոռինը, կնոջ հոտը-ծառից քաղված թարմ դեղձինը. սրանք կերպարանափոխվել` այլ առարկաների տեսքով ծերունու ձեռքին հիշողության բանալիների խուրձ են դարձել:

Ինձ մոտ, հակառակը, մարմնիս յուրաքանչյուր շարժում միտքս ցրում է, գուցե մտքերս ծանծաղ են, իսկ զուգորդման հիշողություն-առարկան դեռ չի հանդիպել:

Իմ ներկան, ի տարբերություն մեծերի, հիշողություն չի դառնում, այլ անընդհատ իրեն վերցնում դնում է անորոշ տարածքներում (եթե պառկած եմ` ինձ նույն դիրքով փռում է Թաիլանդի Կո Սամուի ավազներին), հիշողությունս ձգտում է չճնշվել մամլիչով ու իրեն մլում է ներկայի մեջ, երևի սրանով փորձում է չծերանալ: Մեր տանը հին երկրագունդ ունեմ, սրա կլորությունից մի կտոր պոկված է, այդ մութ անցքից նայելով մտածում եմ, թե երկրի վրա այսպիսի կոտրված վայր կա, տիեզերք, որը չի ընդունում զուգորդվածին. այստեղ է ամայացած հավերժութունը, որտեղ ոչինչ չի ստեղծվում` հայացքում, մտքում, քանի որ յուրաքանչյուր ապրում ժամանակը կետերի է բաժանում: Օրինակ` ծովի ջրերին մեկնված կույրը հավերժությունն է, իսկ քայլելիս նրան շոշափելու ժամանակային դադարներ են հարկավոր: Ինձ հանդիպած մարդը հուշերը սպանելու սահմանին է հասել, եթե սուրբ գրքերին հավատամ, ուրեմն հավերժության մեջ լավ աչքով չեն նայում հետդ քարշ տված հուշերին, ամենաշատը մանկահասակներին է ներվում, որոնք ընդամենը տիրապետում են «մամ-ին, պապ-ին, շուն ու կատու» բառերին:

Մինչդեռ ես մոռացված հուշն եմ փնտրում, որը պահպանելու եմ, ու վերև լինի, թե ներքև` հետս գալու է, սակայն խուսանավում է ինձնից, եթե խորքում եմ փնտրում` անցնում է քթիս տակ, հենց վերադառնում եմ արտաքնային մտքերիս` չքվում է անզուգորդ մի վայր:

Կշռել բառերս, որպեսզի գտնեմ նրանցից ծանրերը, կերածներին, լափածներին, վերջապես հիշողություն համտեսածներին. կանուխ եմ զարթնում, որ խանութպանին բռնեցնեմ ցուցափեղկերը բացելիս, որպես քթի տակի ներկա բառ` «բարև», գրպանիցս հանում եմ թուղթը, դնում նրա էլեկտրական կշեռքին ու գրում եմ` «սայլակ», «ծառ», այլ բառեր, սրանցից ծառը 1020-1200 գրամում է տատանվում, մյուսներից ծանր է, ուրեմն ներսում որևէ ապրում ունի, նայում եմ ծառ բառին ու փորձում հետընթաց ապրել, միգուցե ինքս ինձ ներշնչելուց է, բայց ծառն ինձ հասցնում է լեռանը, ինչ-որ մի պահի տեսած փշատենուն…

Խանութպանը փնթփնթալով ապրանքների պիտակներն է դեսուդեն շրջում, հետն էլ նայում դռանն ու կրկին փոփոխում.

-Որպեսզի հաճախորդի աչքին խփեն,- ինքը բացատրում է, ես` գարեջրի շիշը ձեռքիս, մատներով շոյում եմ. հեռանալ, գնալ… բայց քթիս տակից հեռու չեմ անցնում, ասում են` ոչ մեկը չի հիշել իր դատարկած շշերը. ինձ հետաքրքում են խանութպանի քթատակի շշնջոցները, չեմ հարցնում, տեղից կշեռքային արարողությունս նրա առավոտը փչացնում է:

Այսօր քթի տակ ունեմ անկողին, կիսամերկ նստած մարդ, որը ես եմ, բայց ապագա նետելով ծերունի եմ պատկերացնում. վատ տրամադրության առաջին նշանը ինձ կողքից նայելն է. պատուհանին լուսնաշող, սրճելու ցանկություն, ոտքերիս մատները խաղացնելու մտադրություն, ներքև իջնելու առավելություն. բանալին կրծում` ուտում է փականի բացն ու խրթոցներ թողնում, նման բաներ են համեմվում քթիս տակ, բակում տեսնում եմ հարբած մարդուն, ով սկսել է մոտս հետընթացի ճանապարհ հարթել, քանի որ նորից փաթաթվել ծառին, քնել է. փոթորկից պաշտպանվելու համար պինդ բռնել է ծառարմատն ու ոտքերը մեկնել, նրա հարբած գլուխը տակնուվրա է լինում, ու միակ հենքը ծառն է, ինչն իրեն ու ինձ վերադարձնելու է դեպի արթնացում: Ոտքով բզում եմ նրան, նայում եմ շուրջս, մտքովս անցնում է սպանել մարդուն, որն իմ հետընթացում իր համար տեղ է բացում, եթե խելացի լինեի` կմանրատեի նաև այն ծառ բառը, որն ինձ բերեց լեռը` լեռան ստորոտին փշատենին ու ներա քայլվածքը…

Սպանել ներկան, որ չլցվի հիշողություն, քանի որ միևնույն է չեմ հասնի այն ծերունու ապրածին, իմ ներկան փուչերից է կազմվում, «հիշվող օրեր էին» արտահայտությունն ինձ հասնելով` իր զվարթությունը թողնում, մտնում է սին տարածություն:

Պապենական տան դռանը` ներսի կողմից, երևի մեկ դարվա կիսամերկ աղջիկ է փակցված` երեսը մազերով ծածկված, նե ուրիշ կողմ է նայում` նկարից դուրս, հեռու տեղ, ասես երիտասարդ տարիքում գտել է հետընթացի մեխանիզմներն ու միգուցե Ալյասկայում արջի մորթիների տակ սեր է անում, նկարում նե իջնում է դեպի հուշ, վարսերը կողքերից փռվել-ծածկել են սրունքները, իսկ կրծքերը բաց են. նե պպզած է դաշտում` ծաղիկների մեջ ու ափերով շոյում է սրանց (հեռանալու կերպ), չնայած վարսերով փակ է երեսը, սակայն, վստահ եմ, նե չի նայում լուսանկարչին: Բացի ներա ծածկված երեսից մնացածն ընկնում ու ցնդում են հիշողությանս փուչի մեջ:

Հասնում եմ խանութ, խանութպանը չկա, սպասում եմ, մի կին է մոտենում` պայուսակից թուղթ է հանում և ցանկանում փակցնել խանութի դռանը, ես քթիս տակի «բարև»-ով, որը միակ անկշիռ բառն է, հարցնում եմ խանութպանի մասին, կինն ասում է` գիշերը մահացել է, օգնում եմ ներան թուղթը պահելուն, վրան գրված է` «Խանութը կբացվի 7 օրից».- Ափսոս,- ասում է կինը,- ապրանքները կհոտեն: Պատկերացնում եմ խանութպանին վերևում, երևի նրան բռնել, թեքում են աջ ու ձախ, որ հարմար դիրք բռնի ու Երկնավորի աչքին զարնի:

Նայում եմ կողպեքին, շոշափում, հիշում թաշկինակի ֆիգուրներից մեկը, կցկտուր խոսքեր եմ կնոջն ասում` արդեն… երկու տարի… ներա դուռը փակ… հստակ ասելիք չունեմ, ծերունու հեռուներն եմ հասել. դռան հետևում լեռն է` ստորոտին ծառը, փշատենու մոտ ներա մագլցող քայլվածքը, ներա կանչը, ներան հիշելու ամենաանհնար մանրամասները. ուսիս ջրոտված ներա ննջող երեսը բարձրացնում, միլիմետրից թողնում եմ ցած, որ երեսին թույլ ժպիտ արթնանա, իսկ դիմացի երկու ատամները լեզու հանեն ինձ ու թաքնվեն: Փորձում եմ հեռավոր խոսքեր գտնել. նե կծոտել է դաստակիս երակները, որպեսզի քարտեզներին նշված կապույտ լճերի, ծովերի ու գետերի պատկերներ ստանա, սրանք ատամների արանքն է վերցնում, որ պատռվելուց առաջ առնեմ արյանս սարսափը: Նե հոտոտում է մաշկս` շունչը կտրվելու չափ քիթը սեղմում մարմնիս. նե իմ մաշկով խեղդում է իրեն: Մատներս փականին` հասկանում եմ, նե վաղուց էր ինձնից նշաններ վերցնում, որ ծերանա ու թոռների համար հեռավոր տեղերից պառաված խոսքեր փնտրի` մատների ծայրով մազերն է ականջների հետևը թեքելու, ժպտալու է և այտերին անբերրի հողակոշտեր են լինելու, որովհետև սկզբից ևեթ հասնելու է մինչև մարմնիս իր կծոտած գետերի հունին ու խոսքեր ասելիս դանդաղի…

Կարծում էի` այս կնոջն ամեն ինչ պատմեցի, բայց կինն ասում է` չգիտեմ ինչի մասին է խոսքը, եթե խանութի հետ է կապված` ավելի ուշ մոտեցեք:

Մանրաքարերի կարիք ունեմ` քարաբեկորների, որ ոտքերով խաղամ` կեսին հողից հանեմ, մի մասին ավազով թաղեմ, մնացածին հեռու հարվածեմ ու վերարտադրեմ ներա մարմնի քաշերը. պառկած, գլորվելիս, նույնիսկ կանգառում` ավտոբուսին սպասելիս: Նոր` փնտրելու համար գրված բառերով թուղթը ձեռքիս կանգնել եմ կողպված խանութի առջև, սրանք այլևս կշռելու բաներ չեն, ինձ պակասում էր խանութպանի մահը, որ դուռը փակվեր ու կողպեքին հպվելով բացվեր խորքս` դեպի ներա հուշը:

 

Երրորդ երես. ինձնից հեռու պատկերներ գոյացան

Երբ խավարը հպվեց ապակուն` սենյակը լուսավորեց, որ ներս չանցնի` նա մնաց դրսում, թափանցիկ նյութով իրենից բաժանված, դռան տակից մթագույն ստվերներ խաղացին` հագուստներ խցկեց, որ չտեսնի այն կողմից քայլողների սևերը, քանի որ յուրաքանչյուր բաժանող, վերև-ներքևից լսվող հնչյուն դարանամուտ սև է, բաժանարար դուռը այլանդակելով այնկողմային հարազատ շշնջոցը` վհուկի նենգություն է բերում ականջին: Այսպիսով, կոտրում է զգեստապահարանը, որն իր ստվերը նետել է պատին, աթոռը նետում է պատին, որն իր մութը թողել էր հատակին, հագուստները փռում է հատակին, որոնց սևերը ծալքերում էին թաքնվել (թաքնվել, սուզվել բառերը հանում` երեք անգամ արտասանելով` ճչալով ցրում է սենյակով մեկ, քանի որ ցանկացած պահված բան մութ է ու խավար), պատից պոկում է նկարները, որովհետև մարդիկ կան պատից քիչ հեռվացնում են բնապատկերային կտավներն ու աղոթում նրանից ընկած ստվերին, շարունակում է կոտրել. համակարգիչը, տպող մեքենան, պատռում գլխարկները, որոնք իրենց խորքում պահել են մթան` գրեթե վերջին փրթիկները, թևերից ու ոտքերից մանրատում անկողինը, վերջում մնում է չռված երկու ձեռք, դեպի դուռը երկարած քիթ ու պատ պատից էլ հատակ ոլորված ոտքեր, սրանք իմն են` սրանք ես եմ, սրանք իմ ես-երն են. փռվում եմ հատակին` էս բոլոր երրորդ դեմքերով պատկերները սեղմում ես-իս մեջ. ձեռքերս խաչում, բերանս փակում ու լեզվով խաղում սպիտակ ատամներիս հետ, որպեսզի սևը բույն չդնի այնտեղ, ու կրկին չբազմանամ, ոտքերս նետում իրար վրա, գլուխս թեքում, որպեսզի հպվի հատակին ու ջնջի իրենից ընկած երկրորդ կիսադեմը…

Երկրորդ երես, որն իջման փուլերից է, սկզբում բազմապատկվում է, այնուհետև նվազեցման ջանքեր է պահանջում:

Քանի որ երրորդվածները զսպված են, նույնիսկ ոտնաթաթը` անշարժացած, որը վերջին երրորդն է, ով կարող է պառավ թագուհու ողջույնը օրինակել. ես հավաքված եմ ինձ զգում, այլևս ոչ մի հնչյունի չեմ հասնում ու չեմ տեսնում հեռվում կատարվելիքը, ագռավս չի ձգում, որ բմբուլները մի կողմ տամ ու նրա աչքերով ինձ նայեմ, ինձ չի կարելի երրորդվել, չնայած չորս հարյուրից ավելի սևամորթներ թմբուկ են զարկում սրտիս, յուրաքանչյուրին ձուլվում` խփում եմ արյունոտված կենդանուն, այս ամենից զատ դեռ հարկավոր է ջնջել ակնթարթային կայծկլտումները. ֆիլմերից` Փղի երգի հերոսին, փիլիսոփաներից` Նիցշեին, որն իր բեղերով հրավիրում է իր հետ ցած վազելու` ձիու պարանոցից բռնած խելագարվելու, հարկավոր է ագռավիս վանդակում վայրկյաններ անցկացնել` ներս անցնել ու նրա պես սև գույնով լռել, հանկարծ դուռը ճռում, ներս է սողոսկում կատուն ու ապշած (հանկարծ-ի դեմ պայքարեցի, բայց վերջին բառը ցանկանում է երրորդել ինձ, չի° կարելի, մանավանդ հասել եմ 196-րդ սևամորթին) մոտենում է ինձ, ես-իս զսպում եմ իմ ու կատվի միջև ընկած հատվածում, ամենից հեշտը չնկատելու տալ նրան, ո՞ւմը, կատվին, կատուն ինչ է անում` մռռում է, կատվի հայացքը… չի° կարելի (201, 202 սևամորթ), ես-ն արդեն պոկվում է ինձնից, հանկարծ, ու նորից հանկարծ բառն ինձ բազմապատկում է, մտաբերում եմ, որ կատվին փակել եմ բաղնիքում. նրան երրորդվող հայացքս է գտել, մտել մեջը` բերել ու նայում եմ ինքս ինձ, այսինքն` մի կատվի բերել եմ ու հետն էլ չորրորդվելով լոգարանի մռռոցի մոտ եմ ընկնում, որպեսզի էնտեղի կատվի հայացքով նայեմ կողպված դռանը. վերջ, չստացվեց, ոտքի եմ կանգնում, հինգերորդվում դռանը կից պատի ստվերիս, քիչ մը ագռավիս հայացքով ոտուգլուխ անում ինձ, ըհը, դրսից հաչող շանն եմ հասնում` «sorry» ասում ու երկու րոպե կլանչում լուսնի վրա, անգլերենով, որովհետև շան տերը ամերիկացի է, գուցե երազում Թրամփի ուսին է թփթփացնում, ընկնում եմ աթոռին, ափերով գլուխս ծածկում, որովհետև ուզած-չուզած օվկիանոս եմ կտրելու:

Առաջին երես, բացօթյա համերգներում խռնված մարդկանց միջև փոքր անցումներ` բացվածքներ կան առաջանալու կամ հակառակը, վերադառնալու, սրանք կանգնածներին աննկատ են մնում, իսկ փնտրողը կարող է բազմանգամ միևնույն շրջանագծում պտտվել մինչև գտնելը. ես նման հոգեվիճակում եմ, կուտակված ես-երը ուսերով հպվում են ինձ:

Նստում եմ խաղաղ փողոցի նստարանին ու սպասում անցորդի. նրա կոշիկների կտկտոցը լսում, բայց չեմ նայում այդ կողմ, նա մոտենում` հավասարվում է ինձ (հազում կամ ոսկորներս եմ կրթկրթում), երեսն աննայել եմ թողնում, անցնում է` նոր միայն դիտում եմ, այն պահն է, որ կարող եմ զգալ` իմ մասին է վայրկենական նրա մտորումը, հետզհետե հեռվանում է, աչքերս չեմ կտրում նրանց-ներանց քայլվածքից` շտապող, դանդաղաշարժ, կծկված թիկունքով կամ բետոնած կզակով. կարիք ունեմ իմ տեսողությամբ անցորդին ուղևորելու մինչ փողոցի վերջը. լռությունը, ընկած նրանց հետևից, պապանձեցնելով շուրջը` ինձնից արագ է ճանապարհում, քանի որ նույնիսկ կոշկաձայնը կարող է ընկնել որևէ շարժվող բանի էություն ու ծնել իր համար անտանելի հնչյունային ռիթմերը, դեռ արձագանքվում է վերջին կտկտոցը` սրան էլ լռեցնում` ծորում է փողոցի անկյուններում որևէ շարժ բռնեցնելու և քարացնելու, ինձ չի էլ նկատում, ես իր համար գոյություն չունեմ, հենց թույլ շարժում եմ կատարում` վարտիքի շրշյուն կամ քթային սուլոց` նա անմիջապես խեղդում է, կրակայրիչս չխկում է` նկատում եմ` ոնց է նրան քարացնում` շուրջը հավաքելով ճզմում, նույնիսկ սիգարետս կեսից հանգցնում է, որ թութունի մեղմ խռթխռթոցը դադարի, ոտքս թմրեց` ցանկանում եմ ուղղել` ոսկորս կրթաց, բայց ակնթարթորեն լռեց, կծկվեց, գլուխը թաքցրեց նստարանի տակ, քանի որ գազանը եկել, չորս կողմից հետևում է նրան, եթե մի ձայն` հոշոտվելու է… խղճում եմ մարմնիս, որը վախենում է նրանից, փորձում եմ աչքերս փակ պահել, որպեսզի չլցվի ներս, հանկարծ, ու հայտնվի գլխիս մեջ. հերթով սպանելու է մտքերս, պնդացնելու պատկերներս, սրտիս աշխատանքը, կհասնի թոքերիս խզզոցին ու կլռեցնի ինձ ամբողջովին… չնայել նրա քարացրած աշխարհին. ինձ անցորդ է հարկավոր, ես դրա կարիքն ունեմ, անցորդը ճեղքելով անցնում է ծանրացած ծովը, ու մի պահ կարողանում եմ ընդդիմանալ:

Վերջապես նա գալիս է. վերջին սևամորթն անհետանում է, լռությունը դարանամուտ չի լինում: Նստում է կողքիս, ես ոտքի եմ կանգնում, նա վեր է թռչում: Քաղաքում նրան «խփնված հայելի» են կանչում, ասում են` ժամանակին ռեժիսորի օգնական է եղել, նա ծեգից ուշ գիշեր շրջում է փողոցներով ու նմանակում մարդկանց. նրա սիրած խաղն է հայելին, իսկ ինձ համար` երրորդվելուց ազատվելու միջոց. շարժվում եմ` նա արտացոլում է ինձ, մեկ արագությամբ, մեկ այտիս քորելը վերածում է դանդաղկոտ, գրեթե մահացած միլիմետրային ժամանակամիջոցի (իր ասելով` time-lapse ֆիլմային կադրի), որ կարողանա ցուցադրել աննկատ միկրոօրգանիզմներիս թռթռոցը: Անբառ զբոսնում ենք, հետզհետե խաղաղվում եմ, քանի որ նա կլանում է երրորդվածներիս:

 

Անդին 3, 2017

 

 

Share

Կարծիքներ

կարծիք